ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ
Ազրպէյճանում բնակուող այլ ազգերի եւ ազգութիւնների նկատմամբ աւելի քան մի ամբողջ հարիւրամեակ իրագործուող քաղաքականութիւնը, իրօք, հնարաւոր չէ այլ կերպ բնորոշել, քան` այլատեացութեան եւ ցեղասպանութեան ազգային-պետական քաղաքականութիւն: Ազգային-պետական, քանզի ձեւաւորուելով ազգային մտածողութեան եւ գաղափարախօսութեան հենքի վրայ` որպէս խաւարամիտ զանգուածների կրօնական մոլեռանդութեան եւ անհանդուրժողականութեան հետեւանք, այն հետագայում` 20-րդ դարի երկրորդ տասնամեակի վերջերին, ազրպէյճանական պետականութեան կազմաւորմանը համընթաց, դարձել է պետական ծրագրային քաղաքականութեան առաջնային համադրոյթ: Արեւմտեան մերձկասպեան այդ տարածաշրջանում պետական կարգերի փոփոխութիւններից անկախ` բոլոր փուլերում էլ այն բացայայտ կամ քօղարկուած տեսքով մնացել է որպէս գաղափարաբանական կոնստանտ (հաստատուն մեծութիւն փոփոխականների շարքում), աւելի քան մի ամբողջ հարիւրամեակ կեանքի կոչուելով ազգային հանրութեան եւ պետութեան դաւադիր փոխհամաձայնութեամբ, համատեղ ջանքերով:
Թող կանխակալ չթուայ այս բնորոշումը, բայց պատմական եւ ընթացիկ իրողութիւնը` ողջ փաստական նիւթով հանդերձ, աւելի քան յամառ ու յագեցած է ասուածի բազմաթիւ ապացոյցներով, որոնք վերաբերում են թէ՛ անցեալ դարասկզբին, երբ դեռեւս աշխարհի քաղաքական քարտէզի վրայ գոյութիւն չունէր Ազրպէյճան անունով որեւէ պետութիւն, թէ՛ հետագայ ողջ ժամանակաշրջանին, ներառեալ` ներկայ ժամանակները, երբ այլեւս միջազգային շրջանառութեան մէջ է այդ արհեստածին պետական կազմաւորման գոյութիւնը:
Յիշենք 1905թ. ծայր առած արիւնալի հայկական ջարդերը Ռուսական կայսրութեան Պաքուի եւ Ելիզավետպոլի նահանգներում: Հրահրուած լինելով ցարական իշխանութիւնների կողմից` թափ առնող յեղափոխական շարժումը դէպի ազգամիջեան երկպառակութեան վերածելու ու նաեւ այդ իսկ միջոցով այն կասեցնելու նպատակով, այնուամենայնիւ, այդ նահանգների հայ բնակչութեան ջարդերն իրագործուեցին տարածաշրջանի անհամեմատ յետամնաց, տգէտ ու խաւար ազգային զանգուածի, այն ժամանակուայ ռուսական ընդունուած բնորոշմամբ ասած` կովկասեան թաթարների ձեռքով: Այդ չարագործ նախաձեռնութեան գաղափարական հիմքում` նոյն այդ ցեղային հաւաքականութեան ազգային գիտակցութեան մէջ դարերէ ի վեր արմատացած ատելութիւնն ու թշնամանքն էր տարածաշրջանի բնիկ հայ եւ, առհասարակ, այլադաւան ազգաբնակչութեան նկատմամբ:
Յիշենք ցարականութեան անկումից յետոյ տեղի ունեցած ոչ պակաս արիւնալի իրադարձութիւնները նոյն այդ տարածաշրջանում, երբ 1918թ. սեպտեմբերի 15-ին Պաքուի կոմունայի անկումից յետոյ, բացարձակապէս թուրքական սուինների աջակցութեամբ, Ելիզավետպոլից` հայոց պատմական Գանձակ քաղաքից, այդտեղ տեղափոխուեց դեռեւս 1911թ. ստեղծուած Մուսուլմանական դեմոկրատական մուսաւաթ կուսակցութիւնը, որի ծրագրի հիմքում ընկած Էր փանթուրականութիւնը եւ փանիսլամութիւնը: Մուսաւաթականները տակաւին նոյն թուականի մայիսի սկզբներին Թիֆլիսում կազմել էին իրենց կառավարութիւնը, իսկ մայիսի 27-ին Ազրպէյճանը հռչակել «անկախ» այդպիսով իսկ առաջին անգամ` հեռագնայ նպատակներով քաղաքական շրջանառութեան դնելով այդ անուանումը: Կուսակցութեան ծրագիրը նախատեսում Էր ստեղծել թուրք-մուսուլմանական միասնական պետութիւն թուրքիայի գլխաւորութեամբ, ընդգրկելով նաեւ Ազրպէյճանը: Իշխանութիւնը Պաքւում ձեւականօրէն անցաւ մուսաւաթականներին, սակայն փաստօրէն հաստատուեց թուրքական ռազմական բռնատիրութիւն` Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութիւն (ԱԴՀ) անուանմամբ: Հանրայայտ է, որ միջազգային հանրութիւնը, առանձնապէս` Ազգերի լիկան այդպէս էլ իրաւական ճանաչում չշնորհեց Ադհ-ին` նրա փաստացի գոյատեւման շուրջ երկու տարուայ ընթացքում: Ընդ որում` նորահռչակ իշխանութիւնների վարած քաղաքականութեան օրակարգում ի սկզբանէ դարձեալ հայ բնակչութեան բնաջնջումն ու բռնատեղահանումն էր իր պատմական բնօրրանից: Ինչպէս յայտնի է, Պաքւում մուսաւաթական իշխանութիւնը հաստատուելու առաջին իսկ պահերից, թուրքական զօրքերի անմիջական մասնակցութեամբ, սկիզբ առան տարածաշրջանի այդ խոշոր արդիւնաբերական կեդրոնի հայ բնակչութեան արիւնալի ջարդերը: Նաեւ ծաւալուելով Անտանտի առջեւ Թուրքիայի անձնատուր լինելուց յետոյ, երբ հազիւ երկու ամիս անց անգլիական զօրախմբերը նորից մտան Պաքու, հայ բնակչութեան ջարդերն ու կոտորածները, արդէն անգլիական հովանու ներքոյ, շարունակուեցին` Արցախի, Գանձակի, Նուխիի, Խաչմազի, Շամախու, Աղդաշի, Շամխորի եւ միւս այլ հայկական կամ հայաշատ գաւառներում:
Մուսաւաթական իշխանութիւնների իրագործած ցեղասպան քաղաքականութեան ակնյայտ դրսեւորում դարձաւ առանձնապէս Շուշիի հայ բնակչութեան կոտորածը 1920թ. մարտի 23-ին, որի ընթացքում ոչնչացուեցին 20-30 հազար հայ խաղաղ բնակիչներ, իսկ ծաղկուն այդ քաղաքի հայկական թաղամասերը, հրի մատնուելով, վերածուեցին աւերակոյտերի: Միեւնոյն ժամանակ հողին հաւասարուեցին բազմաթիւ հայկական գիւղեր, իսկ բնակչութիւնը ոչնչացուեց:
Ուշագրաւ է, որ հայ ազգաբնակչութեան հետ մէկտեղ սպանդի էին ենթարկւում նաեւ տարածաշրջանի միւս այլադաւան ցեղային հանրութիւնները` ռուսներ, հրեաներ, լեհեր, ուտիններ: Այս առումով յատկանշական են թուրքական ռազմաճակատից ռուսական զօրախմբերից մէկին հայրենիք փոխադրող երկաթուղային շարժակազմերի ջարդերը 1918թ. յունուարի 9-12-ին` Շամխոր կայարանում, որ իրագործեցին կովկասեան թաթարների հրոսակախմբերը` օսմանեան թուրքերի ուղղորդմամբ, դաշնակցաց լինելով իրենց վրաց-մենշեւիկեան համախոհների (մենշեւիզմի պարագլուխներ ժորտանիա, Կեկեչկորի, Չխենկելի եւ ուրիշներ) հետ: Փաստօրէն, այդ արիւնալի նախճիրի զոհ դարձան շրջափակուած եւ խաբէութեամբ զինաթափ արուած, ապա եւ նուաստացումների ենթարկուած, վերջապէս եղեռնուած աւելի քան 2000 ռուս զինուորներ ու սպաներ, ինչպէս նաեւ` սպայական ընտանիքների անդամները: Շամխորի ողբերգութեանը յաջորդեց ռուս զինուորների ջարդը ելիզաւէտպոլում: Ի դէպ, անցած դարասկզբին, ապա եւ դարավերջին ռուս ժողովրդի նկատմամբ իրականացուած այդ եւ միւս եղեռնագործութիւնների մասին, առ այսօր յամառօրէն քար լռութիւն է պահպանում ռուսական պատմագրութիւնը:
1920-ի ապրիլին` 11-րդ Կարմիր բանակի պարտադրմամբ խորհրդային քղամիդն ընդունելուց յետոյ անգամ պաշտօնական Պաքուն շարունակում էր այլատեացութեան եւ այդ հիման վրայ` ազգային խտրականութեան իր քաղաքականութիւնը: Յիշենք թուրք-մուսաւաթական միացեալ ուժերով կոտորածների ենթարկուած եւ կամ բռնատեղահանուած նախիջեւանահայութեան ճակատագիրը: Այլեւս մուսաւաթականից համայնավարականի անցած Ազրպէյճանի ղեկավարութիւնը, որն ի սկզբանէ որդեգրել էր հայ փախստականների հետ վարուելաձեւի թուրք-ազրպէյճանական քաղաքականութիւնը, ոչ մի պարագայում թոյլ չտալ նախիջեւանահայութեան վերադարձը հայրենիք, պետական մակարդակով կտրականապէս արգելեց երկրամասի գաղթական հայութեանը վերադառնալ ակամայ լքած գիւղերն ու քաղաքները:
Արդեօ՞ք դարձեալ ցեղասպանութեան արտայայտութիւն չէին այն իրողութիւնները, որ Ազրպէյճանում 30-ական թուականներին ստալինեան հալածանքների ենթարկուեցին այդ հանրապետութեան առաւելապէս հայազգի բնակիչները, իսկ Բ. Աշխարհամարտի ողջ ընթացքում Ազրպէյճանից ռազմաճակատ էին ուղարկւում գլխաւորապէս հայ տղամարդիկ եւ կանայք, քան ազրպէյճանցիները: Ընդ որում, ինչպէս Պաքուից, նոյնպէս եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից ու հիւսիսային Արցախից, այդ հանրապետութեան այլ հայաշատ շրջաններից: Օգտուելով պատերազմի ընձեռած հնարաւորութիւնից, Ազրպէյճանի կառավարութիւնը 1941-45թթ. զօրակոչի անուան տակ ռազմաճակատ ուղարկեց այդ տարածաշրջանում վերաբնակուած ազրպէյճանցիներից մի քանի անգամ աւելի շատ բնիկ հայերի: Ինչպէս վկայում են վիճակագրական տուեալները, 1939թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում (ԼՂԻՄ) բնակւում էր 150.800 մարդ, որից հայեր` 132.800: Այսինքն` հայերը կազմում էին մարզի բնակչութեան 88,1%-ը, մնացածը ազրպէյճանցիներ եւ ռուսներ էին: Պատերազմի տարիներին գործող բանակ զօրակոչուեց մարզի հայ բնակչութեան մէկ երրորդը` 45.000 մարդ, ինչը կազմում էր բնակչութեան 1/3-ը: Նրանցից 22 հազարը զոհուել է: Նոյն իրավիճակն էր նաեւ հիւսիսային Արցախի հայաշատ շրջաններում, որոնք ԼՂԻՄ կազմաւորման ժամանակ հեռանկարային ծրագրաւորմամբ չէին ներառուել ինքնավար մարզի մէջ: Պատերազմի նախօրեակին այնտեղ ապրող հայ բնակչութեան թիւը կազմել է աւելի քան 140.000 մարդ: Ռազմաճակատ է զօրակոչուել 43.640 հայ, որը կազմել է բնակչութեան 31,2%-ը: Նրանցից աւելի քան 18.000-ը զոհուել է մարտերում (41%)20: Այսպիսով, Լղիմ-ից եւ Հիւսիսային Արցախից ընդհանուր առմամբ ռազմաճակատ է զօրակոչուել շուրջ 90.000 հայ, որոնցից մօտ 40.000-ը զոհուել է մարտերում, ինչը կազմում է զօրակոչուածների 44,4%-ը: Համեմատութեան համար նշեմ, որ պատերազմի տարիներին 19 ազրպէյճանցուց զօրակոչուել է ընդամէնը մէկը:
Անշուշտ, նոյն քաղաքականութեան արտայայտութիւն էին նաեւ պատերազմի աւարտից յետոյ ինքնավար մարզից եւ միւս շրջաններից բազմաթիւ հայ արհեստաւոր տղամարդկանց եւ նրանց ընտանիքների, անգամ պատանիների եւ աղջիկների տեղափոխումը հանրապետութեան նոր կառուցուող արդիւնաբերական կեդրոններ` Սումկայիթ, Մինկեչաուր, Ալի Պայրամլի: Իսկ նրանց փոխարէն` հայկական բնակավայրեր էին բերւում ազրպէյճանցի վերաբնակիչների ընտանիքներ` էապէս փոխելով ժողովրդագրական վիճակն այդ տարածքներում:
Ազրպէյճանի ցեղային զտման այդ քաղաքականութիւնը, որ դարձեալ ուղեկցուեցին այդ հանրապետութեան պետականակիր ազգաբնակչութեան` հայ ժողովրդի զանգուածային կոտորածներով ու բռնատեղահանումներով կամ, մէկ արտայայտութեամբ ասած` ցեղասպանութեամբ, իր վերջնակէտին հասաւ անցեալ դարի 80-ական թուականների վերջերին: Եթէ կորպաչովեան, այսպէս կոչուած, բացախօսութեան եւ հրապարակայնութեան քաղաքականութիւնը ԼՂԻՄ հայ բնակչութեան համար եւս մէկ նպաստաւոր առիթ էր ազրպէյճանական ԽՍՀ իրաւաենթակայութիւնից դուրս գալու եւ մայր հայրենիքի` Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիաւորուելու մասին իր պահանջը հերթական անգամ քաղաքական հրապարակ հանելու համար, ապա նոյն այդ քաղաքականութիւնն Ազրպէյճանի իշխանութիւնների համար առաւել քան յարմար առիթ էր, որպէսզի վերջնականապէս կեանքի կոչեն սերնդե-սերունդ փոխանցուող իրենց ծրագրային մտադրութիւնը` հայ բնակչութեան ի սպառ արտամղումը հանրապետութեան տարածքից: Ընդ որում` առանց միջոցների խտրականութեան, առաջնորդուելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով:
Ինչպէս յայտնի է, նոյն այդ տխրահռչակ սկզբունքով իրականացուեցին Սումկայիթի աւելի քան 18 հազար հայ բնակիչների ջարդերը 1988-ի փետրուարի վերջերին, այն բնակիչների, ում ջանքերով կառուցապատուեց այդ քաղաքը, գործարկուեցին եւ տասնամեակներ ի վեր արտադրանք էին տալիս այդտեղ վեր յառնած արդիւնաբերական հսկայ ձեռնարկութիւնները: Եւ քանի որ այդ զանգուածային ոճրագործութիւնն իրականացւում էր միութենական կեդրոնի թողտուութեամբ եւ, հետեւապէս, անպատիժ էր մնում, ուստի նոյն տարում, առանձնապէս` նոյեմբերին, իրար յաջորդեցին ԼՂԻՄ-ից դուրս գտնուող շրջանների հայ բնակչութեան բռնատեղահանումներն ու սպանութիւնները:
Տարաբնոյթ բռնութիւններով ուղեկցուող զտման այդ քաղաքականութիւնը նորագոյն պատմութեան շրջանում սկիզբ առաւ շուրջ 30 տարի առաջ` դեռեւս 1987-ի նոյեմբերից, երբ Ազրպէյճանի պետական մեքենան, օգտագործելով հանրապետութեան ներքին գործերի նախարարութեան ստորաբաժանումները, հայերին սարսափեցնելու եւ Ղարաբաղում ծագող ազատագրական շարժումը կանխելու նպատակով ջարդեր կազմակերպեց հիւսիսային Արցախի Շամխորի շրջանի Չարդախլու խոշոր հայկական գիւղում` յայտնի խորհրդային մարաջախտներ Յովհաննէս Բաղրամեանի, Համազասպ Բաբաջանեանի, մի շարք այլ նշանաւոր զօրավարների հայրենիքում: Գիւղի բռնատեղահանումը, ինչպէս յայտնի է, շարունակուեց մի ամբողջ տարի, եւ վերջին հայը 88-ի նոյեմբերին լքեց շէն ու բարգաւաճ Չարդախլուն:
Հիւսիսային, ինչպէս նաեւ դաշտային Արցախի այդ տարածքներում, որոնք ընդգրկում էին նախկին Ազրպէյճանական ԽՍՀ Խանլարի, Կասում-իսմայլովի, Տաշքեսանի (Քարհատի), Շամխորի, Գետաբեկի, Միր-Պաշիրի շրջանները եւ Գանձակ քաղաքը, մինչեւ 1988թ. հայերն առաջուայ պէս բնակչութեան մեծամասնութիւնն էին կազմում: Չնայած Ազրպէյճանի ղեկավարութեան նպատակամիտուած ու շարունակական ճնշումների պատճառով առաջացած տարագրութեանը, այդ տարածաշրջանում տակաւին ապրում էր 83 հազար հայ: Այդ տարածքների բռնի զանգուածային հայաթափումն իրականացուել է 1988-91թթ.` աւարտուելով ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան արդէն բացայայտ ռազմական փուլը սկսուելուց յետոյ: Տարածաշրջանի վերջին հայկական բնակավայրերը` Գետաշէնը, Մարտունաշենը, Կամօն եւ Ազատը, միւս գիւղերը դատարկուել են 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին:
Ազրպէյճանի այդ եւ միւս այլ` Շամախու, Աղսուի, Իսմայիլլիի, Խաչմազի, Ղուպայի, Շաքիի, Վարդաշենի, Կուտկաշենի, Թովուզի, Ժտանովի շրջանների բնիկ հայկական գիւղերի, Մինկեչաուր, Ալի Պայրամլի եւ այլ քաղաքների հայաթափումը, որն ազրպէյճանական ամբոխն իրականացնում էր պետական կառավարման մարմինների քաջալերմամբ եւ ամենայն աջակցութեամբ, 88-ին այդ հանրապետութեան քաղաքական հրապարակ եկած` մուսաւաթական ուղղուածութեան Ազրպէյճանի Ժողովրդական ճակատ կուսակցութեան կազմակերպական ջանքերով, շարունակուեց մինչեւ 89-ի վերջերը:
Փաստօրէն ողջ հանրապետութիւնում, բացի Պաքուից, հայ բնակիչներ չէին մնացել: Բայց, ինչպէս ցոյց էր տալիս արիւնալի իրադարձութիւնների այդ սրընթաց զարգացումը, անկասելի մօտենում էր նաեւ տակաւին հայահոծ Պաքուի հերթը: Աղէտը վերահաս էր, եւ այն նոր ու վճռական թափով սկիզբ առաւ 1990-ի յունուարի 13-ին ու շարունակուեց մինչեւ նոյն ամսուայ վերջերը: Քաղաքի աւելի քան 250 հազար հայ բնակչութիւնից, տարբեր տուեալներով, այդ ժամանակ մնացել էր ընդամէնը 10-12 հազար մարդ` հիմնականում անօգնական ծերեր, կանայք ու երեխաներ: Թէ գազազած ազրպէյճանական ամբոխն ինչ խժդժութիւններ կատարեց նրանց նկատմամբ` չմանրամասնեմ: Նշեմ միայն, որ ինչպէս Սումկայիթում էր, Գանձակում, միւս շրջաններում, Բաքուի հայկական ջարդերը նոյնպէս կրում էին 1915-1923թթ. օսմանեան Թուրքիայում իրագործուած Հայոց ցեղասպանութեան արիւնալի ձեռագիրը: Ի լրումն հարկ է ընդգծել, որ այդ գազանութիւննները կատարւում էին միութենական կեդրոնի` Մոսկուայի աչքի առաջ եւ յանցաւոր թողտուութեամբ: Անգամ այն հանգամանքը, որ յունուարի 19-ի լոյս 20-ի գիշերը խորհրդային զօրքերը մտան Պաքու` փորձելով զսպել արիւնախում ազրպէյճանական ամբոխին, ամենեւին չի մեղմում Մոսկուայի յանցակցութիւնն այդ ոճրագործութեանը: Գաղտնիք չէ, որ միութենական կեդրոնին սոսկ պէտք էր փրկել ու պահպանել խորհրդային իշխանութիւնն Ազրպէյճանում, եւ դա նրան ժամանակաւորապէս յաջողուեց: Ինչ վերաբերում է քաղաքի հայ բնակչութեան ճակատագրին, ապա այն բառիս բուն իմաստով չէր հետաքրքրում նրան, ինչպէս որ չէր հետաքրքրում եղեռնագործութեան նախորդ տարիներին` 88-ին եւ 89-ին: Չէր հետաքրքրում անգամ այն հանգամանքը, որ ազրպէյճանական ամբոխի վայրագութիւնների զոհ են դառնում նաեւ ռուս, հրեայ, վրացի, ուտի եւ այլ ազգութիւնների բազմաթիւ բնակիչներ:
Մոսկուայի նոյն այդ անմիջական յանցակցութեան հերթական ցայտուն դրսեւորում դարձաւ «Օղակ» ռազմագործողութիւնը Լեռնային Ղարաբաղում, որն իրականացուեց 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին` ԽՍՀՄ Զինուած ուժերի 4-րդ բանակի` Կիրովապատում (Գանձակում) տեղակայուած 23-րդ մոթոհրաձգային տիվիզիայի եւ Ազրպէյճանի ներքին գործերի նախարարութեան (ՆԳՆ) յատուկ նշանակութեան ջոկատների համատեղ ջանքերով: Այդ առումով ուշագրաւ, այսպէս ասած` առաջին ձեռքից ստացուած վկայութիւն է Ազրպէյճանի առաջին նախագահ Այազ Մութալիպովի պարծենկոտ յայտարարութիւնը խորհրդարանի 1991թ. օգոստոսի 30-ի նիստում առ այն, թէ իր նախաձեռնութեամբ եւ կազմակերպական ջանքերով, մոսկովեան ամենաբարձր մակարդակով ձեռք բերուած համաձայնութեա՜մբ իրականացուած «Օղակ» գործողութեան արդիւնքում Լեռնային Ղարաբաղում դատարկուել են ընդհանուր առմամբ 23 հայկական գիւղեր:
Հայ ժողովրդի նկատմամբ Ազրպէյճանի ցեղասպան քաղաքականութեան ողբերգալի արտայայտութիւն դարձաւ Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղայ խոշոր գիւղի խաղաղ բնակչութեան կոտորածը 1992թ. ապրիլի 10-ին, որ Ազրպէյճանի երրորդ հանրապետութեան սպառազէն եւ անհամեմատ մեծաքանակ զօրքերն իրագործեցին նորահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումից յետոյ արցախահայութեան դէմ ձեռնարկած լայնածաւալ պատերազմի ընթացքում: Մեծն Բրիտանիայի Լորտերի պալատի փոխխօսնակ, պարոնուհի Քերոլայն Քօքսի գնահատմամբ, ով այդ ոճրագործութիւնից օրեր անց եղել է այնտեղ, լուսանկարել ու ցոյց տուել աշխարհին, Մարաղայի իրադարձութիւնը նորագոյն Գողգոթա է` ցեղասպանական, ֆաշական դրսեւորում: Այդ օրը տեւական հրետանային արկակոծութիւնից յետոյ ազրպէյճանական զինուժի ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գիւղ եւ դաժան հաշուեյարդար տեսել նրա անպաշտպան բնակչութեան նկատմամբ, ինչը հետագայում հաստատուել է տարբեր իրաւապաշտպան կազմակերպութիւնների, մասնաւորապէս, Հիումն րայթց ուոչ եւ Էմնըսթի Ինթըրնաշընըլ կազմակերպութիւնների կողմից: Ըստ տարբեր տուեալների, Մարաղայում սպաննուել է 53-100 մարդ եւ աւելի քան 60-ը գերի է վերցուել, որոնցից 9 երեխայ եւ 29 կին: Երկու շաբաթ անց, երբ գիւղն ազատագրուած էր Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի հակագրոհի արդիւնքում, այն կրկին յարձակման ենթարկուեց եւ այս անգամ ազրպէյճանական բանակի նոր վայրագութիւնների զոհ դարձան գիւղի այն բնակիչները, ովքեր վերադարձել էին հարազատներին յուղարկաւորելու նպատակով: Մարաղայի արիւնահեղ դէպքերը, անկասկած, ռազմական յանցագործութիւն են, քանի որ գիւղի վրայ յարձակումը պայմանաւորուած չէր ռազմական անհրաժեշտութեամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչութիւնը:
Շուրջ քառորդ դար առաջ` 1992թ. յունիսի 13-ին, Շուշիի ազատագրումից աւելի քան մէկ ամիս անց, երբ այլեւս Խորհրդային Միութիւն չկար եւ Մոսկուայում ելցինեան Ռուսաստանի իշխանութիւններն էին, ռուսական զօրքերը, ազրպէյճանական ուժերի աջակցութեամբ, ռազմական գործողութիւններ ձեռնարկեցին ինքնիշխան ԼՂՀ Շահումեանի շրջանի բնակավայրերը հայաթափելու համար: Գործողութիւնն իրականացնում էր Կիրովապատում (Գանձակում) տեղակայուած ռուսական բանակի 23-րդ տիվիզիան` աւելի քան 100 միաւոր զրահապատներով, ներառեալ հրասայլեր, ուղղաթիռներ, մարտական ինքնաթիռներ: Մի քանի օր տեւած գործողութեան հետեւանք` շրջանի շուրջ 17 հազար հայ խաղաղ բնակիչներ բռնի տեղահանուեցին, եւս 700-ը սպաննուեց կամ անհետ կորաւ, աւելի քան մէկ տասնեակ հայկական բնակավայրեր անցան Ազրպէյճանի վերահսկողութեան տակ: Ողջ մնացած փախստականների վկայութեամբ, ազրպէյճանական ՆԳՆ յատուկ նշանակութեան ջոկատները, հայկական բնակավայրեր ներխուժելով ռուսական զօրքերի հետեւից` անմիջականօրէն գնդակահարում եւ կամ սուինահարում էին բոլոր այն ծերերին, կանանց ու երեխաներին, ովքեր չէին հասցրել լքել հայրենի օճախները: Իսկ ազրպէյճանական բազմահազար խաժամուժը, բարբարոս նախնեաց օրինակով, կողոպտում էր գրաւեալ գիւղերում անտիրական մնացած ամենայն ինչքը, չխորշելով անգամ դիակապտութիւնից:
Ինքնիշխան Արցախի դէմ սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում ազրպէյճանական զօրքերն առաւելապէս հրետակոծութեան եւ օդային ռմբակոծութեան էին ենթարկում հայկական բնակավայրերը` սկսած ծայրամասային գիւղերից մինչեւ մայրաքաղաք Ստեփանակերտ` աւերելով դրանք եւ նահատակութեան դատապարտելով բազմաթիւ բնակիչների: Առաջին հայեացքից` պատերազմը մղւում էր կարծես ոչ այնքան Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի դէմ` մարտադաշտերում, որտեղ ազրպէյճանական գերակշիռ զօրքերն արժանուոյնս պատժւում էին` պարտութիւն պարտութեան ետեւից կրելով, որքան թիկունքային բնակավայրերի խաղաղ բնակչութեան դէմ` փորձելով ահ ու սարսափի մատնել արցախահայութեանը եւ պարտադրել լքելու հայրենի բնօրրանը, ինչը Պաքուին այդպէս էլ չյաջողուեց: Ամէնօրեայ հրետանային արկակոծութիւնից եւ օդային ռմբահարումներից պատսպարուելով բնակելի շէնքերի եւ առանձնատների նկուղներում, մարդիկ դրանց կարճատեւ դադարներին դարձեալ, այսպէս ասած, լոյս աշխարհ էին ելնում` լուծելով ակամայ կիսատ թողած առտնին հոգսերը, բայց երբեք հայեացք չյառելով երկրից դուրս տանող ճամբաներին: Այս առումով ուշագրաւ է 1993թ. Ազրպէյճանի պետական քարտուղար Լալա Շովքեթ Հաճիեւայի ամօթանքն իր ազգակիցներին, ովքեր Արցախի Պաշտպանութեան բանակի հարուածներից անկանոն նահանջող ազրպէյճանական զօրքերից առաջ ընկնելով` խառնամբոխ, խուճապահար փախչում էին երկրի խորքերը, ապա եւ` երկրից դուրս: «Ամաչէ՛ք հայերից, ասել էր նա, ովքեր չնայած մեր թնդանօթները Շուշիից օրական հարիւր եւ աւելի անգամ խփում էին Ստեփանակերտին, բայց այդպէս էլ ձեզ նման վախկոտ չգտնուեցին ու չփախան` պահուելով շէնքերի նկուղներում»:
Ազրպէյճանական ազգային վայրագութեան վերջին դրսեւորումներին արցախահայութիւնն ականատես եղաւ անցեալ տարուայ ապրիլի, այսպէս կոչուած, ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ, երբ ազրպէյճանական հարուածային խումբը, որը բաղկացած էր «Իսլամական պետութիւն» կոչեցեալ ահաբեկչական կազմակերպութեան հրոսակախմբերից հաւաքագրուած եւ Թուրքիայից ուղարկուած սպաների կողմից յատուկ մարզուած` ազգութեամբ թուրք եւ ազրպէյճանցի գրոհայիններից, ապրիլի լոյս 2-ի խաւարտչին գիշերը ներթափանցելով Մարտակերտի շրջանի Թալիշ սահմանամերձ գիւղ, մորթեց ծայրամասային տանը մնացած զառամեալ ամուսիններին, իսկ շփման գծի հարաւարեւելեան հատուածում ազրպէյճանցի զինուորները գազանաբար գլխատեցին մինչեւ վերջին փամփուշտը հերոսաբար կռուած, մարտի ընթացքում ստացած վէրքերից արիւնաքամ վիճակում գերեվարուած դիրքապահ հայ զինուորներին: Եւ եթէ Թալիշ ներխուժած բարբարոսները սատակուեցին արցախեան ստորաբաժանումների հակագրոհի արդիւնքում, ապա դիրքապահներին մորթած զինուորական գիշատիչները հանդիսաւոր պայմաններում արժանացան նախագահ Իլհամ Ալիեւի բարձր գնահատանքին ու պարգեւատրութեանը: Աւելի՛ն. անպատիժ մնացած այդ նողկալի ոճիրը եւ դահիճների նախագահական մեծարման արարողութիւնը պատկերող տեսաժապաւանները տեղադրուեցին համացանցի ընկերային կայքէջերում` ի ցոյց քաղաքակիրթ աշխարհի:
Թուարկուած բոլոր այդ ողբերգական իրադարձութիւնները, որպէս ազգային-պետական ցեղասպան քաղաքականութեան ակնյայտ արտայայտութիւն, անշուշտ, սեւ խարան են մի կողմից 1991-ի վերջերին փլուզուած Խորհրդային Միութեան ղեկավարութեան, միւս կողմից` Ազրպէյճանի նախախորհրդային, խորհրդային եւ հետխորհրդային շրջանների իշխանութիւնների, նաեւ, ինչո՞ւ չէ, նրանց ձեռքին կոյր գործիք դարձած ազրպէյճանական հանրութեան ճակատին: Վեր հանելով այս ամէնը` յուսանք ու հաւատանք, որ այն ի վերջոյ կը ստանայ քաղաքակիրթ միջազգային հանրութեան արդարացի իրաւական գնահատականը:
Ստեփանակերտ
Յատուկ «Ազդակ»-ի համար