ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու
Վերջին 100 տարուայ ընթացքում 60-ից աւել լրագրող է սպանութեան միջոցով լռեցուել Թուրքիայում: Ուշագրաւ է, որ եթէ առաջին 70 տարում նրանցից սպաննուել են միայն 15-ը, ապա վերջին 30 տարում այդ թիւը մեծ աճ է գրանցել. Թուրքիայում սպաննուել է 46 լրագրող: Այս թւում ընդգրկուած չեն ազատազրկման միջոցով լռեցուածները, ինչպէս նաեւ` Հայոց ցեղասպանութեան ժամանակ նահատակուած արեւմտահայ մամուլի ներկայացուցիչները: Իսկ ի՞նչ նախապատմութիւն ունի լրագրողների սպանութեան միջոցով լռեցումը Թուրքիայում: Բերենք մի քանի ուշագրաւ օրինակներ, որոնց դէպքում լրագրողների սպանութիւնը կազմակերպուած է եղել Թուրքիայի խորքային պետութեան[1] կողմից, եւ որոնցից գրեթէ ոչ մէկը մինչ այժմ չի բացայայտուել:
Հասան Ֆեհմին` առաջին նահատակ լրագրողը թուրքական մամուլի պատմութեան մէջ
Թուրքիայում Նահատակ լրագրողների յիշատակի ոգեկոչման օր է համարւում ապրիլի 6-ը: 1909 թուականի հէնց այդ օրն է սպաննուել «Սերպեսթի» պարբերականի յօդուածագիր եւ խմբագիր Հասան Ֆեհմին: Նա Թուրքիայում համալսարանն աւարտելուց յետոյ իր գաղափարներն ազատ կերպով արտայայտել կարողանալու նպատակով ուղեւորուել էր Փարիզ, որտեղ մօտիկից ծանօթացել էր Միութիւն եւ Յառաջադիմութիւն կուսակցութեան անդամների եւ արքայազն Սապահաթթինի շրջապատի հետ: Փարիզից Եգիպտոս ուղեւորուած Ֆեհմին Օսմանեան կայսրութիւնում սահմանադրութեան հռչակումից յետոյ վերադարձել էր Պոլիս, որտեղ ստանձնել էր Մեւլանզատէ Ռըֆաթին պատկանող «Սերպեսթի» թերթի պատասխանատու խմբագրի պաշտօնը: «Սերպեսթի» պարբերականը ժամանակաշրջանի ամենահամարձակ թերթն էր, որի էջերում հրապարակւում էին այն ազատամիտ լրագրողների յօդուածները, որոնց տպագրումն արգելուած էր այլ մամլոյ օրկաններում: Հասան Ֆեհմին եւ նրա խմբագրած «Սերպեսթի» պարբերականն ուշադրութիւն էին գրաւում իթթիհատականներին ուղղուած խիստ քննադատութիւններով: Ուշագրաւ է, որ թէեւ Ֆեհմիի յօդուածների պատճառով թերթի խմբագրութիւնը մահուան սպառնալիքներ էր ստանում, սակայն նա անվեհեր շարունակում էր քննադատել երիտթուրքերին: 1909 թ. ապրիլի 6-ին Հասան Ֆեհմին իր մտերիմ ընկեր Էրթուղրուլ Շաքիրի հետ Գալաթայի կամուրջն անցնելիս սպաննուել է մի վարձու մարդասպանի կողմից…Հասան Ֆեհմին երիտթուրքերի կողմից դեռ նոր ձեւաւորուող խորքային պետութեան զոհն էր:
Ապտի Իփեքչին` 1970-ականների վերջի Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամի զոհը
Միջնակարգ կրթութիւնը Գալաթասարայի լիսէյում աւարտած Ապտի Իփեքչին բարձրագոյն կրթութիւնը ստացել է իրաւագիտութեան բաժանմունքում: Նա 1961 թուականից մինչեւ իր սպանութեան օրը` 1979 թ. փետրուարի 1-ը, «Միլլիյէթ» օրաթերթի գլխաւոր խմբագիրն էր: Թուրքիայի ներքաղաքական կեանքում բաւականին բարդ մի ժամանակաշրջանում` 1970-ականների վերջին, նա փորձում էր հանդիպում կազմակերպել վարչապետ ու Ժողովրդահանրապետական կուսակցութեան առաջնորդ Պիւլենթ Էճեւիթի եւ գլխաւոր ընդդիմադիր կուսակցութեան առաջնորդ Սուլէյման Տեմիրելի միջեւ, որպէսզի հնարաւոր լինէր յաղթահարել ներքաղաքական ճգնաժամը: Ապտի Իփեքչին յոյս ունէր, որ Էճեւիթի եւ Տեմիրելի միջեւ կամուրջ հանդիսանալով` կը կարողանար վերջ տալ այն քաոսին, որն այդ տարիներին տիրում էր Թուրքիայում: Նա նաեւ փորձում էր իր խմբագրութեամբ լոյս տեսնող «Միլլիյէթ»-ի էջերում հաւասարապէս ներկայացնել թէ՛ իշխանութեան եւ թէ՛ ընդդիմութեան տեսակէտները: 1979 թ. փետրուարի 1-ին Անգարայում Պիւլենթ Էճեւիթի հետ հանդիպած Իփեքչին նոյն օրը վերադարձաւ Պոլիս եւ օդակայանից անմիջապէս ուղեւորուեց դէպի «Միլլիյէթ» օրաթերթի` Ֆաթիհ շրջանում գտնուող խմբագրատուն: Այնտեղից տունդարձի ճանապարհին նա վիրաւորուեց իր վրայ յարձակուած մարդասպանի արձակած գնդակներից: Նրան վիրաւոր վիճակում տեղափոխեցին հիւանդանոց, սակայն չկարողացան կեանքը փրկել: Մինչ այսօր դեռեւս վերջնականապէս չբացայայտուած Իփեքչիի սպանութեան գործի վերաբերեալ ենթադրւում է, թէ մահափորձը ծրագրուել է այդ ժամանակաշրջանում Թուրքիայի հետախուզութեան կազմակերպութիւնում (MIT) աշխատած Ապուզեր Ուղուրլուի գրասենեակում, եւ որ սպանութեան ծրագրման պահին այնտեղ է գտնուել նաեւ ՄԻԹ-ի աշխատակիցներից մէկը: Թէեւ դատավարութեան ժամանակ այդ փաստը հաստատուել է առնուազն 3 մեղադրեալների կողմից, սակայն Թուրքիայի Ազգային հետախուզութեան կազմակերպութիւնն այդպէս էլ որեւէ պատասխան չի տուել այդ պնդմանը:
Օճալանի եւ Թուրքիայի Ազգային հետախուզութեան կազմակերպութեան համագործակցութեան մասին պնդումը` Ուղուր Մումճուի սպանութեան պատճառ
Թուրք լրագրող, գիտնական, մի շարք գրքերի հեղինակ Ուղուր Մումճուն 1965 թ. աւարտել էր Անգարայի համալսարանի իրաւագիտութեան բաժանմունքը: Լրագրողական գործունէութիւնը «Ենի օրթամ» պարբերականում սկսած Մումճուն 1975 թուականից աշխատանքի էր անցել «Ճումհուրիէթ» օրաթերթում: 1992 թ. փետրուարի 1-ից մինչեւ մայիսի 3-ն էլ աշխատակցել էր «Միլլիյէթ» պարբերականին: Լրագրողական կեանքում մեծ նուաճումներ գրանցած Մումճուն զոհուել է 1993 թ. յունուարի 24-ին` իր վրայ ռումբերով կատարուած յարձակման միջոցով: Որոշ ենթադրութիւնների համաձայն, նրա սպանութեանը տեղիք էր տուել իր կողմից արտայայտուած այն պնդումը, թէ Ապտուլլա Օճալանը որոշ ժամանակ աշխատել էր Թուրքիայի Ազգային հետախուզութեան կազմակերպութեան համար: Ուշագրաւ է «Էրկենեքոն»-ի գործով կազմուած երկրորդ մեղադրական աքթում մէջբերուած գաղտնի վկաներից մէկի` Կալիփի հետեւեալ ցուցմունքը. «Լրագրող Ուղուր Մումճուն սպաննուել է ահաբեկչական կազմակերպութեան առաջնորդ Ապտուլլա Օճալանի հրահանգով` ՔԱԿ-ի եւ ՄԻԹ-ի միջեւ եղած կապը բացայայտելու պատճառով…»: Փաստօրէն նա եւս թուրքական խորքային պետութեան զոհն էր:
Ահմեթ Թաներ Քըշլալըն` խորքային պետութեան հերթական զոհ
Թուրք քաղաքագէտ, քաղաքական գործիչ, լրագրող ու դասախօս Ահմեթ Թաներ Քըշլալըն աւարտել էր Անգարայի համալսարանի քաղաքական գիտութիւնների բաժանմունքը: 1962-63 թթ. եղել էր «Ենի Կիւն» պարբերականի խմբագիրը, ապա` «Քաղաքական ուժերը ժամանակակից Թուրքիայում» թեմայով ատենախօսութիւն պաշտպանել Փարիզի համալսարանում: 1971-77 թթ. «Եանքը» հանդէսում նրա հեղինակութեամբ տպագրուած յօդուածները գրաւել էին Ժողովրդահանրապետական կուսակցութեան այն ժամանակուայ առաջնորդ Պիւլենթ Էճեւիթի ուշադրութիւնը, որի աջակցութեամբ էլ 1977 թ. յիշեալ կուսակցութեան ներկայացրած ցուցակով նա պատգամաւոր էր ընտրուել Զմիւռնիայից: Քըշլալըն 1978 թ. վարչապետ Էճեւիթի կազմած կառավարութեան մէջ ընդգրկուել էր որպէս մշակոյթի նախարար: Ահմեթ Թաներ Քըշլալըն միաժամանակ ստանձնել էր մշակոյթի նախարարութեան պաշտօնական հանդէսի` «Ուլուսալ քիւլթիւր» ամսագրի խմբագրման գործը: 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինուորական յեղաշրջումից յետոյ Քըշլալըն սկսել էր քաղաքական գիտութիւններ դասաւանդել Անգարայի համալսարանում, 1988-ին ստացել փրոֆեսէօր կոչում: 1999 թ. հոկտեմբերի 21-ին Ահմեթ Թաներ Քըշլալըն զոհուել է Անգարայում գտնուող սեփական տան առջեւ` ենթարկուելով ռումբերով յարձակման: Կայ վարկած, ըստ որի, նա սպաննուել է իսլամական շրջանակների կողմից: Այս մահափորձը եւս մինչ օրս չբացայայտուած սպանութիւններից մէկն է: Քըշլալըի սպանութեան պատճառների մասին շրջանառուող մի քանի վարկածներից մէկի համաձայն, սոյն մահափորձը եւս կազմակերպուել էր խորքային պետութեան շրջանակների կողմից: Այսպէս, օրինակ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի` Սուսուրլուքի հարցով յանձնաժողովի նախագահ Մեհմեթ Էլքաթմըշի կարծիքով, ինչպէս Ուղուր Մումճուի, այնպէս էլ Ահմեթ Թաներ Քըշլալըի սպանութեան մէջ խառն է խորքային պետութեան մատը:
Եւ Հրանդ Տինք…
Մեծագոյն հայերից մէկի` Հրանդ Տինքի կենսագրութիւնը, սպանութեան պատճառների վերաբերեալ ենթադրութիւնները եւ սպանութեան մանրամասները յայտնի են բոլորիս: Այնուամենայնիւ, յիշեցնենք, որ Հրանդ Տինքին թիրախաւորել էր «Հիւրրիյէթ» օրաթերթը: 2012 թ. փետրուարի 22-ին հրապարակուած «Տէր կանգնել մի հայի» վերնագրով իր յօդուածում «Սթար» օրաթերթի լրագրողներից Էրկուն Բապահանը իրաւամբ նկատում է. «Հրանդ Տինքի սպանութիւնը խորքային պետութիւն-զանգուածային լրատուամիջոցներ փոխառնչութեան ամենաակնառու օրինակներից մէկն է»:
Ուշագրաւ է, որ Հրանդ Տինքի սպանութիւնը թուրքական խորքային պետութեան կողմից կազմակերպուած լինելու փաստի մասին 2015 թ. բարձրաձայնել է նաեւ Տինքի մարդասպան Օկիւն Սամասթի հայրը` Ահմեթ Սամասթը` մասնաւորապէս նշելով. «Խորքային պետութիւնն է որդուս սպաննել տուել Հրանդ Տինքին»:
Վերջում մի հատուած մէջբերենք թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Թալէաթ փաշայի վրէժը լուծուած է…» յօդուածից, որում դարձեալ ընդգծւում է խորքային պետութեան դերը սոյն սպանութեան գործում. «Հրանդ Տինքի գործով դատավճիռը մեծ զարմանք յարուցեց… Իրականում պէտք չէ այդքան զարմանայինք. եթէ կարողանայինք իմանալ Հրանդին սպաննողների տեղը, եթէ հնարաւորութիւն ունենայինք տեսնել, թէ ինչպէ՛ս եւ որտեղի՛ց են նրանք նայում մեզ, եւ ամենակարեւորը` եթէ կարողանայինք կապ ստեղծել Հրանդ Տինքի սպանութեան ու 1915 թ. Ցեղասպանութեան միջեւ, այնժամ չէինք զարմանայ: Եւ կը լսէինք, թէ ինչպէ՛ս են նրանք, մեզ նայելով, մեղմ ժպիտով ասում. «Խելագարուե՞լ են, ի՛նչ է, խելքները հացի հե՞տ են կերել. մի՞թէ մենք կը քաշենք աղիւսը այս պետութեան հիմքերի տակից…»:
Այսպիսով, ահաբեկումների, ազատազրկումների եւ, յատկապէս, սպանութիւնների միջոցով լրագրողների լռեցման աւանդոյթը Թուրքիայում ձեւաւորուել է դեռեւս երիտթուրքերի իշխանութեան տարիներին եւ բազմիցս կիրառումներ ունեցել Թուրքիայի Հանրապետութեան ամբողջ պատմութեան ընթացքում:
[1] Թուրքիայի խորքային պետութեան ձեւաւորման ժամանակաշրջանի վերաբերեալ կան 2 հիմնական վարկածներ, որոնցից մէկի համաձայն, թուրքական խորքային պետութիւնն առաջացել է դեռեւս երիտթուրքերի ժամանակաշրջանում, երբ իթթիհատականների կողմից ստեղծուեց գաղտնի հետախուզական եւ ռազմական կազմակերպութիւն եղող Թեշքիլեաթը մահսուսան (յատուկ կազմակերպութիւնը): Ի դէպ, այս տեսակէտն ընդունում է նաեւ Թուրքիայի Հանրապետութեան ներկայիս նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Միւս վարկածի համաձայն, խորքային պետութիւնը Թուրքիայում ձեւաւորուել է Սառը պատերազմի տարիներին: Հիմնականում Թուրքիայի ռազմական, դիւանակալական եւ արդարադատութեան համակարգի ներկայացուցիչներից բաղկացած խորքային պետութեան հիմնական ուղենիշներն են քեմալականութիւնը, աշխարհիկութեան սկզբունքը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը: Խորքային պետութիւնը յատկապէս մեծ ազդեցութիւն է ունենում այն ժամանակաշրջանում, երբ Թուրքիայում իշխանութեան գլխին կանգնած են լինում ոչ թէ միակուսակցական համակարգի ներկայացուցիչները, այլ` քոալիսիոն կառավարութեան անդամները:
«Ակունք»