Հարցազրոյց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Անդամ Հրաչ Թադեւոսեանի Հետ
Վարեց` ՍԻՒԶԱՆՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ
ՀՅԴ Գերագոյն մարմինի նախաձեռնած պահեստային գումարտակը գրեթէ կազմաւորուած է եւ առաջիկայում պաշտպանութեան նախարարութեան համապատասխան մասնագէտների աջակցութեամբ ուսումնավարժական հաւաքներ կը սկսի` անհրաժեշտ պահին բանակի կազմում մեր երկրի տարածքը պաշտպանելու համար:
Այդ մասին մեզ հետ զրոյցում յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Հրաչ Թադեւոսեանը:
ՍԻՒԶԱՆՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պարո՛ն Թադեւոսեան, հոկտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի յանձնախումբը յայտարարեց, որ կազմաւորում է կամաւորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսւում է միայն լայնածաւալ մարտական գործողութիւնների վերսկսման դէպքում: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:
ՀՐԱՉ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Այս պահին կազմաւորումը ընթացքի մէջ է, բայց շատ շուտով գործընթացը կ՛ամբողջանայ, կ՛աւարտուի: Բնականաբար արդէն կան անհրաժեշտ թուով կամաւորներ, բայց դեռ շարունակւում է հերթագրումը:
Ս. Պ.- Երբ հերթագրումն աւարտուի, ի՞նչ է լինելու դրանից յետոյ:
Հ. Թ.- Զօրամաս է ձեւաւորւում եւ, Աստուած մի՛ արասցէ, պատերազմի դէպքում` մեր բանակի կողքին է կանգնում հակառակորդի դէմ մարտնչելու համար:
Ս. Պ.- Կամաւորները ուսումնավարժական պարապմունքներ անցկացնո՞ւմ են:
Հ. Թ.- Հիմա հաւաքագրումները աւարտւում են արդէն, դրա հետ կապուած որեւէ խնդիր չունենք: Գումարտակի կազմաւորումն աւարտուելուց յետոյ պաշտպանութեան նախարարութեան համապատասխան մասնագէտների աջակցութեամբ պէտք է սկսուեն ուսումնավարժական հաւաքներ, որտեղ հերթագրուած անձինք պէտք է անհրաժեշտ պատրաստութիւն ստանան եւ կազմ ու պատրաստ լինեն` անհրաժեշտ պահին իրենց պարտականութիւնները կատարելու համար:
Ս. Պ.- Դուք նշեցիք, որ կան անհրաժեշտ թուով կամաւորներ: Ի՞նչ է այդ թիւը:
Հ. Թ.- Այս պահի դրութեամբ 500 կամաւորներ արդէն գրանցուել են, բայց մենք դեռ ստուգում ենք բոլորի առողջական վիճակը, այլ հանգամանքներ, որպէսզի ընտրութիւն կատարուի: Այսինքն այնպէս չէ, որ պէտք է անպայման բոլորը լինեն գումարտակի կազմում:
Ս. Պ.- Հաւաքագրուած բոլոր մարդիկ դաշնակցակա՞ն են, թէ՞ դա պարտադիր չէր:
Հ. Թ.- Դա պարտադիր չէր, մենք երբեք որեւէ գործ մեզանով չենք արել:
Ս. Պ.- Հաւաքները, ուսումնավարժական պարապմունքները որտե՞ղ են անցկացուելու:
Հ. Թ.- Այդ բոլոր հարցերը պաշտպանութեան նախարարութիւնից ճշդէք, որովհետեւ այդ զօրամասը լինելու է պաշտպանութեան նախարարութեան պահեստային զօրամասը, նախարարութեան տրամադրութեան տակ է լինելու: Պաշտպանութեան նախարարութիւնը պէտք է որոշի, թէ ո՛ր զօրամասում պէտք է հաւաքուեն, հաւաքները որտե՞ղ պէտք է անցկացնեն:
Ս. Պ.- Պարո՛ն Թադեւոսեան, 8 նոյեմբերին Պահեստազօրի սպաների համահայկական միութեան նախագահ, պահեստազօրի զօրավար-հազարապետ Վարդան Աւետիսեանը հանդէս եկաւ յայտարարութեամբ` աշխարհազօրային ջոկատների հրամանատարներին խնդրելով զօրաշարժի ենթարկել կամաւորական բոլոր ուժերը: Կապ ունե՞ն ձեր եւ Աւետիսեանի յայտարարութիւններն իրար հետ: Ձեր տեղեկութիւններով առաջիկայում հնարաւո՞ր է ռազմական գործողութիւն:
Հ. Թ.- Մենք Վարդան Աւետիսեանի Հասարակական կազմակերպութեան յայտարարութեան հետ ոչ մի առնչութիւն չունենք: Որեւէ այլ տեղեկութեան ես չեմ տիրապետում:
Յիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ տարածած հաղորդագրութիւնում մասնաւորապէս նշւում էր. «2016 թուականի ապրիլի 2-ից սկսուած լայնածաւալ մարտական գործողութիւններին յանպատրաստից կամաւորականների մասնակցութիւնը վեր հանեց կազմակերպչական եւ պատրաստուածութեան մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ են իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան հետ համաձայնեցուած, ՀՅԴ Գերագոյն մարմինը որոշում է կայացրել` կազմաւորել կամաւորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսւում է միայն լայնածաւալ մարտական գործողութիւնների վերսկսման դէպքում»: