«Մենք Պարտաւոր Ենք Պաշտպանել Մեր Ազգային
Տեղեկատուական Հոսքերը, Հարթակները»
ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ
«Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագիրը կրող Հայաստանի սփիւռքի նախարարութեան կազմակերպած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը մէկ անգամ եւս փաստեց, որ համահայկական լրատուականն դաշտում համատեղ քննարկման խնդիրներ շատ կան, որոնց լուծումը կարելի է գտնել փոխհամագործակցութեան շրջանակներում, եւ այս համաժողովն այդ առումով լաւագոյն հարթակն է: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ «Հայերն այսօր»-ի համար ծաւալուեց իմ զրոյցը Հայաստանի հանրային ռատիոյի գործադիր տնօրէն Արման Սաղաթելեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Սաղաթելեան, լինելով Հանրային ռատիոյի տնօրէն, ղեկավարելով լրատուական այդպիսի մեծ կառոյց` կարծում եմ, որ այսօրուայ համաժողովն, անշուշտ, կարեւորում էք եւ ունէք ձեր նկատառումները:
ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Սա առաջին համաժողովը չէ, որին ես մասնակցում եմ. շատ ողջունելի եւ անհրաժեշտ նախաձեռնութիւն է, քանի որ հայութեան զգալի մասն ապրում է սփիւռքում եւ, անշուշտ, մեր ազգի ու պետութեան առջեւ դրուած մարտահրաւէրները մեզ պարտադրում են, որ մենք ունենանք ցանցային որոշակի կառուցուածքային եւ պարբերաբար հաւաքուող այսպիսի հանրութիւն: Ուղղակի մենք կարծես թէ ժամանակակից համակարգային լուծումների չենք գալիս, սակայն այսպիսի համաժողովներն, այնուամենայնիւ, բերում են գոնէ միջանձնային կապերի շրջանակի ընդլայնմանը: Մետիա դաշտի ղեկավարները, ներկայացուցիչները հնարաւորութիւն են ունենում անմիջապէս հաղորդակցուելու միմեանց հետ, կարծիքներ փոխանակելու, ընդհանուր հարթակների միջոցով լսելու եւ խօսելու կարեւոր հարցերի ու մարտահրաւէրների շուրջ: Սա հնարաւորութիւն է` յայտարարարի բերելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ քննարկելու այդ ամէնը: Որպէս մետիա ղեկավար` առայժմ համակարգային լուծումների սպասելիքն ունեմ, որովհետեւ մեր կազմակերպչական ներուժն աւելի բարձր է, քան` այն արդիւնքը, որը տեսնում ենք: Աշխարհի փորձ գոյութիւն ունի, կարելի է այդ փորձը եւս ուսումնասիրել եւ որոշ տարրեր այնտեղից վերցնել: Նորից ասեմ, որ այսպիսի համաժողովները շատ կարեւոր են:
Հ.- Պարո՛ն Սաղաթելեան, ձեր կարծիքով, լրատուական դաշտում ի՞նչն է այսօր պակասում ամէնից շատ` նորարական արհեստագիտութիւնները, թէ՞ արհեստավարժ մարդկային պաշարները:
Ա. Ս.- Կարծում եմ` նորարարական արհեստագիտութիւնների առումով մենք լուրջ խնդիրներ չունենք: Մենք արդէն հասել ենք այն վիճակին, որ նորարարական արհեստագիտութիւնը զարգացումն ու տիրապետումը այդ արհեստագիտութիւններին, եւ այդ ոլորտի մասնագէտների առկայութիւնն առաւել է այդ փաթեթաւորման մէջ ներդրուած պարունակութիւնից ու դրա որակից եւ կազմակերպչական միջոցից: Ժամանակին հակառակն էր` մենք ունէինք մեծ ներուժ, սակայն չունէինք ծրագրաւորողներ, համացանցային մասնագէտներ, սարքաւորումներ համապատասխան արհեստագիտութիւն: Հիմա պատկերը քիչ փոխուել է, եւ ես կ՛ասէի ճիշդ հակառակը` մենք չունենք բաւարար քանակով արհեստավարժ մարդուժ եւ դեռ թերանում ենք կազմակերպչական հարցերում: Դա է պատճառը, որ երբեմն հանդիպում ենք անհեթեթ իրավիճակների, այսինքն` ակնյայտ թշնամական քարոզչութիւնը մեր լրատուամիջոցների մի մասը քիչ ոչ միայն թարգմանում են հայերէն, դեռ մի բան էլ` բերում են դաշտից ներս. ինչո՞ւ են դա անում, հասկանալի չէ. ի՞նչն է պակաս… գուցէ` գիտելիքները, գուցէ թերընկալումների խնդի՞ր ունենք: Բազմաթիւ հարցեր կան, որոնք ներգործօն մեքանիզմներով կարգաւորման ենթակայ չեն, որովհետեւ մենք ապրում ենք բաց հասարակութեան մէջ եւ որդեգրել ենք ժողովրդավարական զարգացման ուղին, սակայն դա չի նշանակում, որ դրա հետ մէկտեղ մենք պէտք է նման անհեթեթ դրսեւորումների ականատես լինենք, այսինքն սրան լուծում է պէտք. անհրաժեշտ է գտնել լուծման մեքանիզմներ, որովհետեւ մենք պարտաւոր ենք պաշտպանել մեր ազգային տեղեկատուական հոսքերը, դաշտերը, հարթակները եւ զերծ պահենք մեր հասարակութեանը` իր գիտակցութեան վրայ գործող տարաբնոյթ այլ ուժերից, այդ թւում` թշնամական քարոզչութիւնից:
Հ.- Պարո՛ն Սաղաթելեան, չէ՞ք կարծում, որ նման մի համաժողով կարելի է կազմակերպել միայն հեռուստառադիոլրագրողների համար:
Ա. Ս.- Ի հարկէ, կարելի՛ է, սական դա պէտք չէ ինքնանպատակ լինի: Այսինքն նախաձեռնող կառոյցը միգուցէ պէտք է շրջանառութեան մէջ դնի որոշակի ծրագիր, որոշակի համագործակցութեան իրական մեքանիզմներով համալրուած ծրագիր, կամ` այլ օրակարգ: Ձեր բարձրացրած հարցի առաջնահերթութիւնն, անշուշտ, կա՛յ, սակայն դրա կազմակերպումն ինքնանպատակ չլինելու համար մենք պէտք է իմանանք, թէ ի՛նչ ենք ակնկալում հայկական աշխարհի հեռարձակուող մետիաներից: Օրինակ` ես գիտեմ, թէ ի՛նչ եմ ակնկալում հայկական ռատիոաշխարհից, եւ մենք փորձում ենք ստեղծել, սարքել հայկական ռատիոընկերութիւնների, ռատիոժամերի այսպէս կոչուած` հայկական ցանցը: Մենք ունենք նաեւ այդպիսի խմբագրութիւն. այս վերջերս մենք նախաձեռնել ենք ունենալ նաեւ ընդհանրական հարթակ, որպէսզի Հանրային ռատիոյի ծրագրերը ոչ թէ եթերից վերցնեն եւ հեռարձակեն, այլ ընտրութիւն անելու հնարաւորութիւն ունենան եւ 70 ծրագրերից ընտրեն իրենց համար ամենահետաքրքիրները: Աշխատանքներ տարւում են, սակայն դա երեւի բաւարար չէ, եւ ցանկալի կը լինի հաւաքուել, տեսնել, լսել իրար, խորհրդակցել, ընդհանուր յայտարարի գալ:
Հ.- Շնորհակալութի՛ւն, պարո՛ն Սաղաթելեան, յուսանք, որ մօտ ապագայում կը հանդիպենք եւ կը զրուցենք նաեւ նման համաժողովի շրջանակներում:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ