ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Սիրիայի տարածք, թուրքական բանակի ներխուժման արդիւնքում, կրկին անգամ, մեր դէմ վեր յառնեց այսպէս կոչուած «Ռէալփոլիթիք»-ի դառը իրականութիւնը, որը, որոշակի, Թուրքիայի գործողութիւնների հետ կապուած ի յայտ բերեց երկու իրականութիւն.
1.- Պարզ տրամաբանութիւնը յուշում է այն մասին, որ Սիրիայում թուրքական բանակի գործողութիւնները կտրուկ հակասում են միջազգային իրաւունքի ամենահիմնարար սկզբունքներին եւ օրէնքներին: Դա դատապարտելի արարք է, որը միանշանակօրէն պէտք է արժանանայ համարժէք եւ համաչափ արձագանգի` միջազգային հանրութեան կողմից:
Սա անշուշտ տեղի կ՛ունենար, եթէ ի հարկէ չլինէին Սիրիայի հետ կապուած որոշակի շահեր ու նախագծեր, որոնք թոյլ են տալիս անտեսել Անգարայի ակնյայտ յարձակումը` ընդդէմ Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան:
Փաստօրէն, Իսրայէլից յետոյ, Թուրքիան թերեւս Մերձաւոր Արեւելքի այն եզակի պետութիւնն է, որն իր անմիջական շահերից ելնելով` յաճախակի կոպտօրէն խախտում է միջազգային ընդունուած կանոնները եւ օրէնքներն ու երբեւէ չի պատժւում դրա համար:
2.- Դա հիմնականում պայմանաւորուած է պահի ճիշդ ընկալմամբ, քաղաքական գրեթէ կատարելագործուած գործնապաշտութեամբ, եւ սեփական հնարաւորութիւնները ճիշդ գնահատելու, գերտէրութիւնների շահերի տիրոյթում խաղալու, խուսանաւելու Թուրքիայի կարողականութեամբ:
Իսկ ինչի՞ կարողացաւ հասնել Անգարան այս անգամ:
Գաղտնիք չէ, որ պատմութեան ընթացքում քրտերը երբեւէ այսքան մօտ կանգնած չեն եղել անկախ պետական միաւորի ստեղծմանը:
իրաքում քրտական ինքնավարութիւնը տէ ֆաքթօ` ինչ-որ տեղ անկախ պետական միաւորում է, իսկ սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր Սիրիայի հիւսիսում քրտերը փորձում էին ստեղծել իրաքեան Քիւրտիստանի սիրիական տարբերակը:
Դրա համար, ինչպէս փորձագէտներն են յուշում, անհրաժեշտ էր, որ միաւորուեն Ճեզիրէի, Քոպանիի եւ Աֆրինիի շրջանները` ձեւաւորելու համար Ռոճաւան` Սիրիայի քրտերի պետական միաւորումը: Նրանց ջանքերն ուղղուած էին հէնց դրան:
«Եփրատի վահան» աւանումը կրող թուրքական բանակի գործողութիւնը կոչուած էր վիժեցնելու հէնց այդ միաւորումի ձեւաւորումը:
Ճարապլուսի գրաւումով, Անգարային յաջողուեց տեւական ժամանակով արգելակել Սիրիայի հիւսիսային շրջանում քրտական ինքնավար` ապագայում նաեւ ինքնիշխան պետական միաւորումի ստեղծումը: Դեռ աւելի՛ն, քիչ չեն այն փորձագէտները, որոնց կարծիքով, Թուրքիան Սիրիայի տարածքում հիմնովին տեղակայուելու ծրագրեր ունի:
Նրանցից ոմանք չեն զարմանայ անգամ, եթէ Անգարան Ճարապլուսը բռնակցի իր տարածքին, ինչը վերջնականապէս ու հիմնաւոր սեպ կը մտցնի Սիրիայի քրտաբնակ շրջանների աշխարհագրական քարտէզում` այդ տարածքների վրայ քրտական միացեալ պետական միաւորի ստեղծումը փաստացի դարձնելով անհնար (անուղղակի մէջբերում` քաղաքագիտութեան դոկտ. Հայկ Մարտիրոսեանի վերջին հարցազրոյցից – Ա.Շ.):
Ներկայ դրութեամբ, Անգարայի դիրքային առաւելութիւնը հիմնականում պայմանաւորւած է ռուս-ամերիկեան տարածաշրջանային շահերի հակասութիւնը սեփական շահերի օգտին շահագործելու Անգարայի նուրբ ու բարդ մարտավարութեամբ, ինչը քրտական շահերը մղեց երրորդական-չորրորդական դիրք:
Պետական անկախ միաւորում ունենալու քրտերի տասնամեակների երազանքի փաստացի բռնաբարումն այն գինն էր, որը վճարեցին ռուսները, եւ յատկապէս ամերիկացիները (որոնց ամենավստահելի դաշնակիցը Սիրիայում համարւում էին հէնց քրտերը)` Անգարայի համընթացութիւնը շահելու համար:
Ի հարկէ սա ամենեւին էլ չի նշանակում, որ խաղը վերջնականապէս աւարտուած է: Ընդհակառակը, սա ընդամէնը որակական նոր հարթութիւն տեղափոխուած ռազմավարական նուրբ ու չափազանց բարդ շախմատային խաղի մեկնարկն է, որի ելքը ոչ ոք չի կարող կանխատեսել:
Չի կարելի չհամաձայնուել փորձագիտական այն մտքի հետ, որ քրտերը համարւում են Արեւմուտքի` ընդհանրապէս, իսկ Միացեալ Նահանգների` յատկապէս տարածաշրջանային նոր ու հեռանկարային դաշնակիցները, որոնց վրայ է որոշակիօրէն կառուցւում Մերձաւոր Արեւելքի հետ կապուած Արեւմուտքի ամենահեռահար նախագծերը:
Սակայն նախագիծ բառի իմաստն արդէն իսկ յուշում է, որ այն ցանկացած պահի կարող է փոփոխութեան ենթարկուել կամ չեղարկուել, եթէ, իհարկէ, այդպէս թելադրի «Ռէալփոլիթիք»-ի պայմանները:
Եւս մէկ կարեւոր հանգամանք. տեսանելի ապագայի կտրուածքով Թուրքիան շարունակում է մնալ ռազմավարական նշանակութեան Արեւմուտքի տարածաշրջանային հիմնական դաշնակիցը (իհարկէ Իսրայէլից յետոյ), որին դեռեւս չեն կարող փոխարինել թէկուզ ամենայուսալի նորակոչիկ դաշնակիցները:
Այնպէս, որ քրտերը ստիպուած են լինելու դեռեւս սպասողական վիճակի մէջ մնալ Եփրատի ափերից դէպի արեւելք ընկած շրջաններում` սպասելով իրենց ժամանակներին:
Իսկ այդ ժամանակները վրայ կը հասնեն ուշ թէ շուտ: Դա միանշանակ է:
Ընդունենք, որ առջեւում անկանխատեսելի զարգացումներով հետաքրքիր խաղ է: Այդպէ՞ս չէ…


