ԿԷՕԶՏԷ ՔԱԶԱԶ
Հայկական մշակութային ժառանգութեան ամենաէական նմուշներից մէկը եղող «1001 եկեղեցիների քաղաք» Անին այլեւս ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում է: Մասնագէտների կարծիքով, ցանկում ընդգրկուելը կարող է դիւրացնել Անիում ընթացող աշխատանքների համար նիւթական աղբիւրների հայթայթումը: Իսկ դա նշանակում է` հնարաւորութիւն ունենալ մի փոքր աւելի մեծ քայլ անել` մեր թուարկութիւնից առաջ եւս գոյութիւն ունեցած Անիում եղած կեանքը յայտնագործելու ուղղութեամբ:
2016 թ. յուլիսի 10-17 Պոլսում կազմակերպուած ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան կենտրոնի 40-րդ նստաշրջանում ուսումնասիրուեցին աշխարհի 14 մշակութային, 4 խառը եւ 9 բնական ժառանգութիւն Համաշխարհային ժառանգութեան ցանկում ներառելու յայտերը: Զանազան երկրների ներկայացուցիչների տուած գնահատականների արդիւնքում մինչեւ մ.թ.ա. 1200-ականների անցեալ ունեցող Անիի հնագիտական տարածքը գրանցուեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում: Անին Թուրքիայի տարածքներում գտնուող հայկական մշակութային ժառանգութեան նմուշներից առաջինն է, որ ընդգրկուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի ցանկում:
Յոյս` Ապագայ Սերունդներին
Յուլիսի 15-ին` ուրբաթ, կայացած նիստում հինաւուրց Անի քաղաքը ցանկում ներառելուց յետոյ Թուրքիայի անունից ելոյթ ունեցած ԵՈՒՆԵՍՔՕ-ում մշտական ներկայացուցիչ Հիւսէյն Աւնի Պոթսալըն նշեց, թէ Անին Թուրքիայի սահմաններում գտնուող 16-րդ արժէքն է, որ ընդգրկուել է Համաշխարհային ժառանգութեան ցանկում: Պոթսալըն ընդգծելով, որ ԵՈՒՆԵՍՔՕ-ի որոշումը կարեւոր քայլ է` «համերաշխութեան, բազմազանութեան եւ երկխօսութեան» ուղղութեամբ, նաեւ յայտնեց. «Անատոլիան ոչ թէ մշակոյթների եւ քաղաքակրթութիւնների գերեզմանն է, այլ` թանգարանը: Մենք հպարտանում ենք այդ որոշման համար: Այսօր էական որոշում ենք կայացրել, որը յոյս է ներշնչում ապագայի հանդէպ»: Ներկայացուցիչն անդրադառնալով նաեւ Վրաստանի, Իրանի եւ Հայաստանի` սոյն հարցի վերաբերեալ ունեցած դրական կարծիքներին` նշեց, թէ այս որոշումը յուսադրող է նաեւ տարածաշրջանային յարաբերութիւնների բարելաւման առումով. «Մենք յոյս ներշնչեցինք ապագայ սերունդներին: Հայաստանի դեսպանը շնորհաւորեց մեզ: Դա շատ գեղեցիկ վերաբերմունք էր: Այլեւս պէտք է այդ տեսլականով եւ վճռակամութեամբ նայենք աշխարհին: Քաղաքակրթութիւնն ու մշակոյթը պէտք է գերազանցեն բռնութեանն ու գռեհկութեանը»:
Թուրքիայի ներկայացուցչից յետոյ ելոյթ ունեցած ԵՈՒՆԵՍՔՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյեանը, իր հերթին նշելով, որ իրենց մշակութային ժառանգութեան 70 տոկոսը գտնւում է հարեւան երկրներում, ասաց. «Մեզ երջանկացնում է այն փաստը, որ հարեւան երկրները տէր են կանգնում այդ արժէքներին»: Ներկայացուցիչը շեշտելով, որ միջնադարեան Հայաստանի մայրաքաղաքը եղած Անին մի գոհար է Հայաստանի համար, նաեւ յայտնեց. «Անին պատկանում է ոչ միայն մի ազգի, այլեւ` համայն մարդկութեանը»: Կաժոյեանը յիշեցնելով, որ հինաւուրց Անի քաղաքը Թուրքիայում մշակութային ժառանգութեան ցանկում ներառուած առաջին հայկական նմուշն է, ասաց. «Վստահ ենք, որ թէեւ առաջինն է, բայց` ոչ վերջինը»:
Միջազգային Մասնագիտական Խումբը Վերահսկելու Է
Լա՛ւ, իսկ Անիի ապագայի համար ի՞նչ է նշանակում համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկուելը: Այդ հարցն ուղղեցինք ԵՈՒՆԵՍՔՕ-ում Թուրքիայի ազգային յանձնաժողովի մշակութային ժառանգութեան կոմիտէի անդամ, Զմիւռնիայի Բարձր արհեստագիտութիւնների համալսարանի ճարտարապետութեան բաժանմունքի դոցենտ, դոկտոր Զէյնեփ Աքթիւրէին: Վերջինս նշեց, որ Անիի` ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում ներառուելու հետ մէկտեղ, կայացուել են նաեւ Անին պահպանելու ուղղութեամբ որոշ խորհրդատուական որոշումներ, եւ 1972 թ. Համաշխարհային ժառանգութեան պայմանագրի կողմ հանդիսացող պետութիւններից Թուրքիան ստանձնել է այդ որոշումները գործադրելու պարտականութիւն: Զեկոյցում, որը Թուրքիան պարտաւոր է պատրաստել մինչեւ 2017 թ. դեկտեմբերի 1-ը եւ ներկայացնել Համաշխարհային ժառանգութեան կենտրոնին, գրանցուելու է այն առաջընթացը, որ արձանագրուել է Անին պահպանելու ուղղութեամբ, եւ այնուհետեւ այդ աշխատանքները վերահսկուելու են մի միջազգային մասնագիտական խմբի կողմից: Աքթիւրէի խօսքով, Անիի` ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկուելու հիմնական օգուտը ներկայում ընթացող աշխատանքներին մղում հաղորդելն է. «Անիի` ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում որպէս թեկնածու յայտնուելը ազգային եւ միջազգային աղբիւրներից էական նիւթական աջակցութիւն էր ապահովել` այստեղի յուշարձանները պահպանելու եւ վերանորոգելու համար: Եթէ Անին չընդգրկուէր մշտական ցուցակում, ապա հաւանականութիւն կար, որ այդ աղբիւրներից ստացուող նիւթական միջոցները կը կրճատուէին»:
Դեռ Սպասում Է Յայտնագործուելուն
Թէեւ յայտնի է, որ հինաւուրց Անի քաղաքի անցեալը հասնում է վաղ երկաթի դարաշրջան, այնուամենայնիւ, գիտական առումով այն դեռ սպասում է իրեն յայտնագործողներին: Աքթիւրէն նշում է, որ տուեալ տարածքում ընթացող հնագիտական պեղումների նպատակը ոչ այնքան նոր նմուշներ գտնելն է, որքան` կանգուն մնացած կառոյցները պահպանելը. «Հնագիտական խումբը յետաձգելով Անին տարածաշրջանում առանձնայատուկ դարձնող ամրոց-քաղաքից բաց առեւտրային քաղաք վերածուելու հնագիտական հետքերի ուսումնասիրութիւնը` առաջնահերթութիւն է տալիս կանգուն մնացած կառոյցներն ամրապնդելու նախագծերին աջակցելուն: 2006 թ. մասնագէտներից բաղկացած մի գիտական խորհրդի ուղղորդմամբ, սկսեցին «շտապ» միջոցներ ձեռնարկել` հաշուի առնելով Անիի` շարժային գօտում գտնուելու հանգամանքը, որից յետոյ կը սկսի քաղաքը յայտնագործելուն ուղղուած աշխատանքը: Որոշ յուշարձանային կառոյցների վրայ անցեալում պեղումների փորձեր են կատարուել, բայց յատկապէս կացարանային եւ արդիւնաբերական շինութիւններն առայժմ առանձնապէս ուսումնասիրուած չեն: Հնագիտական խմբի նիւթական միջոցները խիստ սահմանափակ են, բայց այդ բացն առկայ է լինում բազմաթիւ պեղումների դէպքում: Թերեւս Անիի` ցանկում ներառուելու շնորհիւ հնարաւոր կը լինի ֆինանսական աղբիւրները մեծացնել»:
Առաջնահերթ Է Ոչ Թէ Յայտնագործելը, Այլ` Պահպանելը
Հինաւուրց Անի քաղաքի առաջին վերականգնողական աշխատանքները կատարուել են 20-րդ դարի սկզբներին, տուեալ ժամանակաշրջանի Ռուսական կայսրութեան հովանու ներքոյ: Այդ պեղումների ժամանակ յայտնագործուել են հայկական մշակութային ժառանգութեան էական նմուշներ: Սակայն տարիներ պէտք եղան, որպէսզի մասնագէտների հայեացքները դարձեալ ուղղուեն դէպի Անի: 1940-ականներին ամրոցում եւ շրջակայքում կատարուած ուսումնասիրութիւններից եւ 1965 թ. բաղնիքի պեղումներից յետոյ 1989-2005 թթ. Հաճեթթեփէի համալսարանի դասախօս, դոկտոր Պէյհան Քարամաղրալըի ղեկավարութեամբ մերկնարկած Անիի կանոնաւոր պեղումները կենտրոնացան սելճուքեան շրջանի վրայ: Տուեալ տարածքում 3-րդ շրջանի պեղումնային աշխատանքները շարունակւում են 2012 թ. սկսած: Պեղումներ կատարող խմբի ղեկավարն է Փամուքքալէ համալսարանի հնագիտական բաժնի դասախօս, դոկտոր Ֆահրիյէ Պայրամը: Վերջինս լիայոյս է, որ այլեւս համաշխարհային ժառանգութեան մշտական ցուցակում ընդգրկուած Անիի հանդէպ կը մեծանայ թէ՛ տեղական իշխանութեան եւ թէ՛ տեղի բնակչութեան հետաքրքրութիւնը: Ֆահրիյէ Պայրամը նշեց. «Մի քիչ աւելի կը փոխուի մարդկանց մօտեցումը: Աւելի մեծ կը լինի շրջակայքի բնակչութեան, տեղական իշխանութեան հետաքրքրութիւնը: Դիւրին կը դառնայ յատկապէս հովանաւոր գտնելու հարցի լուծումը»: Արդէն 5-րդ անգամ Անիում աշխատող Պայրամը յայտնելով, որ իրենք առաջնահերթ են համարում եղածը պահպանելու խնդիրը, նաեւ ասաց, թէ շարունակւում են մայր տաճարը վերականգնելու նախագծի աշխատանքները. «Վերականգնուելիք կառոյցների շուրջն աշխատելով` կատարում ենք նախապատրաստական աշխատանքները: Տաճարի աշխատանքները մեծամասամբ աւարտին են հասցուած: Այնուհետեւ սկսելու ենք Առաքելոց եկեղեցու վերականգնումը, քանի որ այն կարեւոր շինութիւն է եւ վտանգի տակ է գտնւում»:
Պայրամը, ի պատասխան մեր այն հարցին, թէ որքան լաւ ենք մենք ճանաչում Անին, ասաց. «Շա՛տ քիչ: Տեսնում ենք կանգուն մնացած 23 հատ կառոյց, բայց Անիի մեծ մասը 20-60 սմ հողի տակ է»:
Այդ հատուածը յայտնագործելու շնորհիւ` Անի քաղաքին վերաբերող բազմաթիւ հարցականներ կը գտնեն իրենց պատասխանը, սակայն նիւթական միջոցների սահմանափակ լինելը դանդաղեցնում է այդ գործընթացը: Պայրամը նշում է, որ իրենք դեռեւս գտածոների պահեստարան եւ գիտաշխատանոց չունեն. «Եթէ կարողանանք դրանք ստեղծել, մեր աշխատանքները կ՛ընդարձակենք մի միջազգային խմբի հետ միասին»:
http://www.agos.com.tr/tr/yazi/16083/aninin-sirlarini-kesfetmeye-bir-adim-daha
Թարգմանեց
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
Akunq.net