Ելք Կայ
Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայութիւնը նոր փորձութեան առաջ են: Զէնքի ուժով քաղաքական փոփոխութիւններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոտներն ու ձեւերը չեն ընդունում: Առկայ է փակուղային իրավիճակ, առկայ է մտածողութեան ճգնաժամ: Ո՛ր մտածողութիւնը կը յաղթի, ի՛նչ հանգուցալուծում կ՛ունենանք, սրանից է կախուած երկրի հետագայ ընթացքը: Այս իրադրութեան մէջ իւրաքանչիւրը` անհատ, թէ հասարակական-քաղաքական խմբաւորում պարտաւոր է յստակ դիրքորոշում ունենալ:
Ոստիկանական զօրամասի գրաւումից ժամեր անց, երբ դեռ յայտնի չէր, որ գնդապետ է զոհուել, ՀՅ Դաշնակցութիւնը արտայայտել է իր դիրքորոշումը` այո՛, անհրաժեշտ են որակական փոփոխութիւններ, բայց ծայրայեղական մտածողութիւնը ոչ թէ մօտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխութիւնները: Զէնքով, բռնութեամբ, պատանդներով եւ ահաբեկչութեամբ հարցեր չեն լուծուելու: Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները:
Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպէս մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպուած, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք ստեղծելով, թէ պայքարում են լաւ իշխանութեան, լաւ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը:
Այն պնդումները, թէ մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել, կեղծ են ու մտացածին:
Ելք կայ: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպուածութիւն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւոյթների դէմ, ինչի հիմքերը դժուարութեամբ, բայց ստեղծւում են:
Հայհոյանքը, թշնամանքը, ատելութիւնը, բռնութիւնը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհութիւնը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայութեան հաւաքական ներուժը: Արդիւնքում քառօրեայ պատերազմից յետոյ ստեղծուած մեր աներեւակայելի համազգային համախմբումը այսօր լրջօրէն վտանգուած է:
Ճշմարտութիւնը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատուութիւն է ու անողնաշարութիւն:
Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից յետոյ երրորդ հարուածն է հասցուել մեր պետականութեանը: Վտանգ կայ, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը յղի է ներքին ու արտաքին կեանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարուածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:
ՀՅ Դաշնակցութիւնը ձգտում է իրավիճակի բացառապէս խաղաղ հանգուցալուծման, անթոյլատրելի է համարում նոր արիւնահեղութիւնը, իրաւապահ մարմիններից պահանջում է արհեստավարժութիւն, պահանջում է յարգել օրինապահ քաղաքացիների իրաւունքներն ու արժանապատուութիւնը, վճռականօրէն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոտներն ու ծայրայեղական մտածողութիւնը:
Մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտաւոր ենք ձեւաւորել եւ նոր որակի իշխանութիւն: Այդ ճանապարհը մենք անցնելու ենք այս արժէքներով ու գիտակցութեամբ առաջնորդուող հասարակութեան լայն շրջանակների հետ:
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
22 յուլիս 2016