
Ֆրանսայի մէջ տեղի ունեցող Եուրօ-2016-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ գիշեր միեւնոյն ժամուն կատարուեցան երկու ճակատումներ, որոնցմով աւարտեցան Բ. խմբակին մրցումները:
Կալես 3-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով Ռուսիան, անցաւ յաջորդ հանգրուան` գրաւելով խմբակի պարագլուխի դիրքը:

Մրցումին 11-րդ վայրկեանին, Աարոն Ռեմսի նշանակեց Կալեսի առաջին կոլը, որուն յաջորդեցին Նիլ Թէյլըրի (20-րդ) եւ Կերըթ Պէյլի (67-րդ) կոլերը:
Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ, Կալես, որ ունեցաւ 6 կէտ, յաջողեցաւ իր ետին ձգել Անգլիան, որ երէկ գիշեր 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելով Սլովաքիոյ հետ, ունեցաւ 5 կէտ:
Անգլիա, որ իր կարգին ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը, երէկուան այս ճակատումին բաւական տպաւորիչ մրցում մը կատարեց եւ կրնար նոյնիսկ յաղթական դուրս գալ այս ճակատումէն, եթէ մրցակից կազմին բերդապահը իր տիրական ներկայութիւնը չունենար դաշտին վրայ:
Ռուսիա – Կալես մրցումին իրաւարարն էր Եոնաս Էրիքսըն (Շուէտ), իսկ մրցումին ներկայ էր շուրջ 29 հազար հանդիսատես:
Իսկ Անգլիա – Սլովաքիա մրցումին ներկայ էր 40 հազար հանդիսատես, մինչ օրուան իրաւարարն էր Քարլոս Վերտասքօ (Սպանիա):
Ստորեւ` Բ. խմբակին վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Կալես | 2 | 0 | 1 | 6 | 3 | 6 |
| 2.- Անգլիա | 1 | 2 | 0 | 3 | 2 | 5 |
| 3.- Սլովաքիա | 1 | 1 | 1 | 3 | 3 | 4 |
| 4.- Ռուսիա | 0 | 1 | 2 | 2 | 6 | 1 |
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Հիւսիսային Իրլանտա – Գերմանիա (Գ. խմբակ) | 19:00 |
| Ուքրանիա – Լեհաստան (Գ. խմբակ) | 19:00 |
| Խրուաթիա – Սպանիա (Դ. խմբակ) | 22:00 |
| Չեխիա – Թուրքիա (Դ. խմբակ) | 22:00 |


