ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Իր Բաժինը…

«Ընտանիքում չէի ասել, որ գնում եմ Արցախ, յետոյ իմացան: Իրենց համար շատ ծանր էր միտքը, որ հնարաւոր է` այլեւս չտեսնեն ինձ: Ի՞նչ պէտք է անէին: Համակերպուեցին որոշմանս հետ»: «Ազդակ»-ի հետ զրոյցում պատմեց ազատամարտիկ Արտեոմ Մարգարեանը, ով 1992 թուականին ընդամէնը 19 տարեկան էր, երբ գաղտնի հեռացաւ տնից. հայրենիքն էր կանչում: «Հայ լինելս էր, որ պարտաւորուած էի զգում` պէտք է անպայման գնայի, պէտք էր մասնակցէի պատերազմին: Չէի ուզում, որ իմ բաժին կռիւը մէկ ուրիշն անէր», աւելացրեց նա:
Արտեոմը ծնունդով Մեղրիից է, սակայն մեծացել է Երեւանում: Ղարաբաղեան կռիւների ընթացքում Շուշիի առանձնակի հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Սրխաւենդ, Կիչան, Մանիքլու, Փափրաւենդ, Ջանեաթաղ, Կուսապատ, Հորատաղ գիւղերի ազատագրման մարտական գործողութիւններին: Մարտի դաշտում, ինչպէս այդ օրերին շատերին, այնպէս էլ նրան պատերազմը «կնքել» է իր դաժան դրոշմով. կռիւներից մէկի ժամանակ ականի պայթիւնից ազատամարտիկը ծանր վիրաւորում է ստացել` ստիպուած լինելով լքել ռազմաճակատը:
Խլուած Պատանեկութիւն
Սակայն կեանքը առաջ է ընթանում, վէրքերը որոշակիօրէն բուժւում են, բայց այդ նոյն կեանքին այսուհետ այլ աչքերով է նայում նա. «Փոխուեց մտածելակերպս, սկսեցի առաւել զգալ մեր հողի ամէն մի հատիկի անսահման թանկ լինելը: Հող, որի մէջ կայ մեր ընկերների արիւնը», նշեց նա` յաւելելով, որ պատերազմը թէ՛ խլեց եւ թէ՛ շատ բան պարգեւեց իրեն. «Խլեց շատ թանկ մարդկանց, խլեց պատանեկութիւնս, որը կ՛ուզէի լինէր առանց պատերազմի: Ի՞նչ տուեց. մեզ երեխաներ ունենալու հնարաւորութիւնը տուեց, քանի որ այդ իրաւունքը կռիւ տալու միջոցով շահեցինք, ազատ Հայաստան ունենալու իրաւունքը շահեցինք», նշեց նա:
Անդրադառնալով վերջին օրերի պատերազմական գործողութիւններին` Արտեոմը կարծիք յայտնեց, որ 90-ականների նոյն կռիւն է` նոյն թշնամին. մի քիչ արհեստագիտութիւնն է զարգացել միայն: «Նմանութիւնն այն է, որ նոյն մեծամիտ ու նենգ թուրքն է, տարբերութիւնը` որ այլեւս կանոնաւոր բանակ ունենք, աւելի հզօր ենք», ասաց նա` յաւելելով, որ թէեւ պատերազմական վիրաւորումի հետեւանքները դեռ զգալի են, այդուհանդերձ, նա պատրաստ է լինել զինուորի կողքին, քանի որ իրեն ուժ տուողը, ինչպէս որ այն ժամանակ, այնպէս էլ հիմա, հայրենիքն է, տունն ու ընտանիքն է:
Նրա Բարի Հայեացքը
Արտեոմ Մարգարեանն այն ազատամարտիկներից է, որ հրաշքով փրկուեց պատերազմի ճանկերից եւ հնարաւորութիւն ունեցաւ ընտանիք կազմել. մինչ դեռ իր մարտական ընկերներից մէկը, ով արդէն իսկ ունէր ընտանիք, ցաւօք ողջ չմնաց. այդ նոյն ականն էր, երբ պայթեց, Արտեոմի հետ միասին մէկ այլ մարտիկի արիւն եւս թափուեց, սակայն վերջինս, ցաւօք, զրկուեց կեանքից: Նահատակուածը Աւետիս Օհանեանն էր: Նրա որդու` Սիրակ Օհանեանի հետ նոյնպէս զրուցելու առիթ ունեցանք: Ինչպէս նա պատմեց, հայրը` ծնունդով մեղրեցի, ամուսնանալուց յետոյ բնակութիւն էր հաստատել Ղրիմի Կերչ քաղաքում, բայց երբ լսել է Արցախում սկիզբ առնող ազատագրական պայքարի մասին, ընտանիքով անմիջապէս վերադարձել է ծննդավայր:
«Եղբօր` Արայիկ Օհանեանի հետ ընդգրկւում է «Արեւիկ» ջոկատի կազմում, երկուսով մարտնչում են Զանգեզուրի սահմանների տարբեր հատուածներում` Կապանից մինչեւ Մեղրի ու Ծիրանաձոր: Այդ ժամանակ շատ դաժան ու անհաւասար մարտեր էին ընթանում նաեւ Արցախում` Մարտակերտի շրջանում: Ընկերների հետ որոշում են մեկնել Արցախ: Մայրս փորձել է նրան յետ պահել, բայց… Չլսեց` պատճառաբանելով, որ այնտեղ աւելի շատ է զգացւում զինուորի կարիք ու մօրս այսպէս է ասել` «Ես գնում եմ, որ իմ ընտանիքը խաղաղ եւ ազատ ապրի»: Մեկնեց պատերազմի դաշտ` մօրս յոյսին թողնելով երեք փոքրիկ որդիների խնամքը», պատմեց Աւետիս Օհանեանի որդին: Երբ հայրը 30 տարեկանը դեռ չլրացած` նահատակուել է, տղան եղել է 6 տարեկան եւ գրեթէ չի յիշում նրան: Բայց, այսուհանդերձ, հայրիկին յիշեցնող մի գեղեցիկ դրուագ կայ, որը Սիրակը փոխանցեց մեզ.
«Այդ ժամանակ շատ փոքր էի, բացի բարի հայեացքից, իրենից այլ բան չեմ յիշում: Սակայն կան խօսքեր, որ մայրս է պատմել ու երբեք չեմ մոռանայ. 1993 թուականի մայիսի 9-ն է եղել` պապայի տարեդարձի օրը: Ղարաբաղից զանգահարել է: Բոլորը` մայրս, Լուսիկ տատիկս, Ալբերտ պապիկս շնորհաւորել են նրան: Յետոյ մայրս հարցրել է. «Ե՞րբ պիտի գաս, ախր դժուար է երեք տղայ երեխայ մեծացնելը», պապաս պատասխանել է. «Կը գա՛մ, անպայման կը գամ… Ու այս խօսքերից յետոյ երկար լռել եւ նորից շարունակել է. «Այստեղ չես պատկերացնի, թէ ինչ դժուար է բնակիչների` յատկապէս երեխաների վիճակը… Բա նրանց ո՞վ պահի, նրանց անվտանգութիւնը ո՞վ ապահովի…»: Այս խօսակցութիւնը նրանց վերջին խօսակցութիւնն է եղել: Մայիսի 25-ին հայրս զոհուեց Մարտակերտի Կուսապատ գիւղում»:
«Պա՛պ…»
Երբ Աւետիս Օհանեանը նահատակւում է, ընտանիքի ողջ հոգսը ծանրանում է նրա 25-ամեայ կնոջ ուսերին, բայց այդուհանդերձ էլ երիտասարդ մայրիկը որոշում է անպայման շարունակել ամուսնու գործը.
«Մայրս ծառայութեան անցաւ հայկական բանակում ու ծառայում է մինչեւ այսօր: Իր հետագայ ամբողջ կեանքը նուիրաբերել է մեզ` իր երեք տղաներին: Ամէն բան արել է, որ լինենք կիրթ, հայրենասէր, գործին նուիրուած: Ես եւ իմ եղբայրները կորստեան կսկիծի հետ մէկտեղ ուրախ ենք, որ հօրս եւ նրա մարտական ընկերների շնորհիւ Արցախն այսօր ազատ է, որ ամէնուր մանկապարտէզներ, դպրոցներ կան ու լսւում են մանկան քաղցր ճիչեր, եւ վերջապէս, որ մենք ամուր կանգնած ենք մեր սուրբ հողին», նշեց տղան:
«Եթէ կողքիդ լինէր, ի՞նչ կ՛ասէիր իրեն այսօր», հարցրեցինք: «Կը գրկէի ու կ՛ասէի` հպարտ եմ, ՊԱ՛Պ», եղաւ պատասխանը:
Յաւերժ Փայլող
Երբեք չեն մահանայ: Քանի դեռ յիշում ենք նրանց, նրանք ողջ են եւ` մեր կողքին: Ինչպէս որ մէկ առ մէկ փայլել են մարտի դաշտում, այդպէս էլ եւ առաւելով փայլում են հիմա երկնքում: Ի՞նչ են աստղերը, եթէ ոչ` մեր նահատակների ոգիները: Նրանց հաշիւ չկայ: Չենք կարող նրանց կողքին լինել, չենք կարող նրանց փայլով չհիանալ: Երկինք ենք հառում մեր հայեացքները, նրանք նայում են մեզ` իրենց փայլ ու լոյսով յիշեցնելով, որ մեզ հետ են, հետեւում են ու նոյնիսկ երկնքից փաստում են, որ իրենցով խաւարը նահանջում է… յաւերժ են աստղերը, յաւերժ են մեր սուրբ նահատակները, ինչպէս որ յաւերժ են հրաշքով ողջ մնացած մեր մարտիկների սխրանքները:
Պէյրութ