
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանը «Թերթ»-ի հետ զրոյցում անդրադառնալով ապրիլեան պատերազմին` ասում է, որ անկախ ներքաղաքական օրակարգի, գաղափարական, գաղափարախօսական տարաձայնութիւններից, մենք արձանագրեցինք բացառիկ համախմբուածութիւն: Այլ կերպ լինել չէր կարող: Խօսելով միջազգային աջակցութեան մասին` նա նշում է, որ` «մեզ չեն կարող բաւարարել Ռուսաստանի ամենաբարձր մակարդակից հնչող շնական պատասխանները», եթէ Ազրպէյճանը զէնքը մեզանից չգնի, ապա ուրիշ պետութիւնից կը գնի: Ըստ Լիլիթ Գալստեանի, իրաւունք ունենք հիասթափութիւն ապրելու թէ՛ Հայաստանի դաշնակիցներից, թէ՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հանգուցալուծմամբ լիազօրուած միջազգային կառոյցներից:
ՀԱՐՑՈՒՄ.- Հայաստանում հպարտօրէն արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղում ծաւալուած քառօրեայ պատերազմը համախմբեց ողջ ժողովրդին, քաղաքական ուժերին: Ընդդիմութիւնը մի կողմ թողեց իր տարակարծութիւնները իշխանութիւնների հետ: Ընդհուպ հանդիպեցին Սերժ Սարգսեանն ու Լեւոն Տէր Պետրոսեանը: Ի՞նչ փոփոխութիւնների յանգեցրեց քառօրեայ պատերազմը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ճիշդ նկատեցիք: Քառօրեայ այս պատերազմը, իսկ ես հակուած եմ մտածելու, որ այն դեռ շարունակւում է, շատ բան փոխեց Հայաստանում. մենք արժեւորուելու, վերաարժեւորելու լուրջ առիթ ունենք: Աներկբայ է` ունեցանք ազգային համախոհութեան, ազգային միասնութեան բաղձալի մի մակարդակ, որակապէս նոր պատկերի առաջ կանգնեցինք` խիստ փափաքելի, խիստ գնահատելի: Կարծում եմ, որ այդ օրերին ցանկացած պետութեան նախագահ պիտի նախանձէր մեր երկրի նախագահին` նման քաղաքացիական, ազգային համախմբուածութեան որակների համար: Ցանկացած մարդ պիտի նախանձէր մեզ ու ցանկութիւն ունենար լինելու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, որովհետեւ ոգեղէնականութեան, համոզուածութեան, աննահանջութեան ապշեցուցիչ որակ գրանցուեց: Հէնց սա է մեր իսկական տեսակը: Ժամանակին շատ ենք մեզ թերագնահատել, բարոյական, հոգեբանական պարտութիւններ ենք ունեցել, բայց մեր իսկական «մենք»-ը ճիշդ այդպիսին է:
ՀԱՐՑՈՒՄ.- Քաղաքական ընկալումների առումով ի՞նչ դասեր պէտք է քաղենք:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Անկախ ներքաղաքական օրակարգի, գաղափարական, գաղափարախօսական տարաձայնութիւններից, մենք արձանագրեցինք բացառիկ համախմբուածութիւն: Այլ կերպ լինել չէր կարող: Երբ լուրջ սպառնալիք կայ մեր զոյգ պետականութիւնների` Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային անվտանգութեանը, քաղաքական բոլոր ուժերը մի կողմ պիտի թողնէին իրենց ներքին անհամաձայնութիւնները, դառնային միակամ արտաքին մարտահրաւէրի շուրջ, որովհետեւ ի վերջոյ մեր ազգային անվտանգութեան խնդիրն է: Այս պատերազմը բոլորովին էլ Լեռնային Ղարաբաղի սահմաններում չէր սկսւում եւ աւարտւում: Ճիշտ էր մեր հաւաքական գիտակցումը` իւրաքանչիւրիս տունն իսկապէս սկսւում է Լեռնային Ղարաբաղի առաջնագծի խրամատից:
Մենք պէտք է ամէն ինչ անենք, մասնաւորապէս` քաղաքական պատասխանատուութիւն կրող բոլոր ուժերը, յատկապէս` իշխանութիւնները, գնահատելու այս դրական ներուժը եւ այն ուղղելու յատկապէս Հայաստանի ներքաղաքական օրակարգին: Իսկ որ մենք Հայաստանում բազմաթիւ խնդիրներ ունենք, որոնք էլ աւելի ջրի երես դուրս եկան վերջին տասը օրերի ընթացքում, աներկբայ է: Պէտք է կարողանալ քաղաքական, քաղաքացիական իմաստնութիւն դրսեւորել` առաջնահերթութիւնների գնահատման իմաստով: Այսօր առաջնահերթութիւնը մեր սահմանի զինուորն է: 18-ամեայ հայ զինուորն ապացուցեց, որ ինքն է պետութիւն պահողը, նա կարողացաւ անթարթ նայել թուրքի աչքերին ու չնահանջել: Մենք իրենց պարտք ենք եւ այդ պարտքը պէտք է դրդի բոլորիս լաւ Հայաստան ունենալու: Անկեղծ եմ ասում` ինձ երբեք չի մխիթարում մեր մէկ զոհի դիմաց իրենց տասը կամ հազար զոհը, որովհետեւ ինձ համար մեր տղաների արեան ամէն կաթիլն է թանկ: Թուրքը ներում չունի… Մենք կարճատեւ յաղթանակ արձանագրեցինք, բայց պատերազմը շարունակւում է: Մենակ ուժեղների հետ են խօսում: Իսկ ուժեղների հետ խօսելու մեծ դիւանագիտական, քաղաքական դաշտ է բացուել: Մեր երկրի նախագահն, աւելի ուժեղ պիտի լինի, շատ աւելի համոզիչ պիտի լինի, երբ ունենայ հանրային յենարան: Բացառութեամբ վերջին տասը օրերի, հանրային յենարանը, ցաւօք, ընկերային, տնտեսական եւ համատարած անարդարութեան պատճառով երերուն է, սա խոցելի է դարձնում բանակցային գործընթացներում մեր դիրքերը: Այս տասը օրերի արժեւորման մէջ ի թիւս կարեւոր այն ձեռքբերումների, որի անունն է ազգային համախոհութիւն, ինչը բացառիկ հարստութիւն է պետութեան համար, մենք նաեւ քաղաքական վարքագիծը սրբագրելու մարտահրաւէրի առջեւ ենք: Մեր իշխանութիւնները պիտի ապացուցեն, որ արժանի են մեր քաղաքացուն: Այսպիսի թիկունք չեն պահում…
Հ.- Խօսեցիք այն մասին, որ ներքին աննախադէպ համախմբուածութիւն կայ, բայց միւս կողմից արտաքին համախմբուածութիւնը, կարծես, բացակայում է: Իր ելոյթում Սերժ Սարգսեանն էլ նշեց, որ մենք համախոհներ արտաքին դաշտում չունենք ու երբեք էլ չենք ունեցել: Արդեօ՞ք հնարաւոր է պայքարել արտաքին մարտահրաւէրի դէմ, երբ չկայ արտաքին աջակցութիւն, բայց կայ ներքին միասնականութիւն:
Պ.- Ճիշդ է` ապացուցուեց, որ մեր հիմնական դաշնակիցը մենք ենք, բայց ես ամբողջութեամբ չէի հերքի, որ դաշնակիցներ չունենք: Երէկուայ Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստում տասնեակ պատգամաւորների հայանպաստ ելոյթները վկայ: Պարզապէս եկել է պահը մեր արտաքին քաղաքականութիւնը գնահատելու, արժեւորելու, հարցեր տալու: Ինչպէ՞ս է լինում, որ մենք մեզ շարունակ խոցուած ենք զգում, մենակ ենք զգում, մեր դաշնակիցների խոստումները դրժուած ենք տեսնում, մեր համաձայնագրերը` չաշխատող, մեր զինուորին մենակ ենք թողնում … Սիրտս մեղաւորութիւնից ցաւում է, խրամատների այն պատկերները, որ մենք տեսնում ենք` պահածոների տուփերով անվտանգութեան միջոցառումները կամ հանգստի ժամին պեթոնի վրայ պառկած զինուորին… Մեղաւորութեամբ եմ ասում, բայց այդ ինչպէ՞ս է լինում, որ առաջին գծում յայտնուած տղերքը, որ երկիր պահող են, մեզ պահողներն են, նիւթապէս անապահով ընտանիքներից են, ինչպէ՞ս է լինում, որ յայտնւում ենք ժամկէտանց զինամթերքի յոյսին, ինչպէ՞ս է լինում, որ բարձրաստիճան սպաները փողոցներում շքեղ մեքենաներով են պտտւում, երբ զինուորի զէնքը… Սրանք լուրջ հարցեր են, սրանց պատասխանները պիտի պահանջենք, մեր քաղաքացին պիտի ներքին հարցերում պահանջատէր դառնայ: Այդ հոգեփոխութիւնը, որ մենք ունեցանք այս տասը օրերին, քաղաքացու նոր որակներ էլ կը կերտի: Ամէն դէպքում ուզում եմ շեշտել, որ մենք ենք մեր հիմնական դաշնակիցը:
Հ.- Հայաստանի իշխանութիւնները պահանջում են Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպէս բանակցային կողմ: Շատերն այս հարցի մեղաւորութիւնը կապում են երկրորդ նախագահի պաշտօնավարման հետ, երբ համախմբական կառավարութեան մէջ էր նաեւ Դաշնակցութիւնը, որովհետեւ հէնց այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղն դուրս մնաց բանակցային գործընթացից: Հնարաւոր կը լինի՞ ուղղել սխալը, Լեռնային Ղարաբաղն վերադարձնել բանակցութիւնների սեղանին:
Պ.- Այո՛, Լեռնային Ղարաբաղը պիտի դառնայ բանակցութիւնների մաս: Դժուար է Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում գտնել մէկին, ով այս կարծիքին չէ: Օրեր առաջ երկրի նախագահը ԵԱՀԿ անդամ պետութիւնների դեսպանների հետ այս մասին խօսեց, խօսեց նաեւ ԼՂ նախագահ Բակօ Սահակեանը` ասելով, որ հակամարտութեան լուծման ճանապարհին բանակցային գործընթացը շատ աւելի խոցելի կը լինի, եթէ այնտեղ ԼՂ-ն մասնակից չլինի:
Վերջին պատերազմը մեր դիւանագիտական գործիքակազմում մարտավարական ընթացքներում լուրջ խմբագրումների դուռ է բացել: Մենք պէտք է մեր հանդէպ շատ աւելի պահանջկոտ, շատ աւելի խիստ ու յամառ լինենք, որ հնարաւորինս շահեկան դուրս գանք:
Սերժ Սարգսեանի վերահաստատումը, որ Հայաստանը ԼՂ անվտանգութեան երաշխաւորն է ու կնքելու է ռազմական փոխօգնութեան մասին համաձայնագիր, կարծում եմ, կարեւոր քայլերից մէկն էր` ԼՂ-ն բանակցային գործընթաց վերադարձնելու: Սա Հայաստանի կողմից, ԼՂՀ-ն ճանաչելու ճանապարհին կարեւոր քայլ է: Այս պահին ԼՂ-ն չճանաչելու մէկ քայլ ետ պահելը բանակցային գործընթացը չխոչընդոտելու մարտավարութեան շարքից է:
Այո՛, Դաշնակցութիւնը Մատրիտեան սկզբունքների քննարկման ժամանակ համախմբական կառավարութեան մաս էր, բայց առաջին իսկ օրուանից ՀՅԴ-ն պնդել է, փորձել ենք բոլոր հնարաւոր տարբերակները, խողովակները օգտագործել` թէ՛ ներսում, թէ՛ դրսում, որ ԼՂ-ն վերադարձնեն բանակցային գործընթաց: Այնպէս որ, մենք երբեք հաշտ չենք եղել, երբեք չենք համակերպուել դրա հետ:
Ցաւօք, մեր արտաքին քաղաքականութիւնը կը դժուարանամ արդիւնաւէտ գնահատել: Ի զուր չէ, որ այս օրերին շատ շատերն են դիւանագիտական ճիգերը ոչ դրական գնահատւում:
Հ.- Համաձա՞յն էք, որ պէտք չէ ամէն ինչ արդարացնել միջազգային հանրութեան անգործութեամբ: Նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսքի խմբի ոչ հասցէական յայտարարութիւնները նաեւ Ռուսաստանի Դաշնութեան վարքագիծը` որպէս ռազմավարական գործընկերոջ:
Պ.- Մեզ վաղուց չի բաւարարում երկակի չափանիշների քաղաքականութիւնը: Մեզ չի կարող բաւարարել Ռուսաստանի ամենաբարձր մակարդակից հնչող շնական պատասխանները, եթէ Ազրպէյճանը զէնքը մեզանից չգնի, ապա ուրիշ պետութիւնից կը գնի: Սա մեղմ ասած` ոչ բարոյական է:
Այդ նոյն Ռուսաստանը, երբ Իրանի դէմ պատժամիջոցներ էին կիրառում, հարկադրուած էր դադարեցնել զինամթերքի մատակարարումը, թէեւ Իրանը դաշնակից պետութիւն էր: Դաշնակցի անվտանգութեան պահին պիզնեսը մղել առաջին գիծ` իսկապէս շնական է, եթէ ոչ` անբարոյական: Մեր պէս նուիրուած դաշնակից Ռուսաստանը չունի, մենք այդ մասին ապացուցելու կարիք էլ չունենք, բայց բարեկամութիւնը փոխադարձ պիտի լինի: Ցաւօք, վերջին օրերի անհասկացողութիւնը, երկակի չափանիշների վարքագիծը, ԵՏՄ համաժողովը Հայաստանում չանցկացնելը, ես բարեկամական երկրների քայլ չեմ համարում: Շատ միջազգային կառոյցների լիազօրութիւններ ու գործառոյթներ, ինչպէս ՀԱՊԿ, ԵՏՄ, պէտք է գնահատենք, մեր անդամակցութիւնը պէտք է արժեւորենք: Եթէ պէտք չէ աշխատի ՀԱՊԿ-ը, էլ ինչո՞ւ ենք մենք այնտեղ, ինչու՞ ենք մենք ստորագրել այդ համաձայնագրերը: Յետոյ ո՞վ ասաց, որ դաշնակիցները լինում են ամբողջ կեանքի համար ու միայն մէկն են լինում: «Կամ-կամ»-ի ընտրութիւնը, որ դրուեց Հայաստանի առաջ, փաստեց, որ այդքան էլ արդիւնաւէտ չէ: Ռուսաստանը ինքը պէտք է շահագրգռուած լինի համագործակցութեամբ, որովհետեւ իր միջազգային դերակատարութիւնը բարձրացնելու խնդիր ունի:
Ինձ համար տարօրինակ է, խորը հարցականի տակ է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի դիրքորոշումը: Մենք այդքան պնդում ենք, որ միակ միջազգային լիազօրութիւնը ունեցողը Մինսկի միջնորդական խմբինն է, բայց պարզւում է, որ յայտարարում են, որ լիազօրուած չեն ճշտելու, թէ ով է նախայարձակ եղել: Սա ծիծաղելի է: Ինչպէ՞ս պէտք է միջնորդական առաքելութիւն իրականացնես, երբ պատճառների, առիթների ամբողջ փաթեթին չես տիրապետում:
Այնպէս որ, մենք ունենք իրաւունք խորը հիասթափութիւն ապրելու թէ՛ մեր դաշնակիցներից, թէ՛ միջազգային կառոյցներից, որոնք լիազօրուած են զբաղուել խնդրի հանգուցալուծմամբ:


