Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Չինաստանի Մասին

Մարտ 8, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ

China_030816

Ներածութիւն

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ միանգամայն հասկանալի է սպասուածից աւելի մեծ թուով յօդուածների առկայութիւնը Միացեալ Նահանգներ-Չինաստան մրցակցութեան կամ ակնկալուող բախման մասին: Նման մօտեցումն ակնյայտ է Միացեալ Նահանգների նոր հանրապետականների ներկայացուցիչների շրջանում, եւ Չինաստանը շարունակաբար պատասխանում է, որ այն զարգացող երկիր է, որի կարգախօսն է. «Ապրել ներդաշնակօրէն եւ բարգաւաճել»: Մի խօսքով, չիները խնդրում էին իրենց հեռու պահել միջազգային վէճերից, քանի որ Չինաստանի ուշադրութեան կենտրոնում այն է, թէ ինչպէս միջին խաւը դարձնել մեծամասնութիւն Չինաստանում:

Դիտարկելով պատմութիւնը` մենք կարող ենք եզրակացնել, որ Չինաստանը երբեք չի երազել մայրցամաքների եւ երկրների գաղութացման մասին, նոյնիսկ կայսրերը հարաւարեւելեան Ասիայի կղզիները գրաւելու նկրտումներ չեն ունեցել:

Ինչպէս արդէն նշուեց, չիներն այլ կերպ են ընկալում հսկողութիւնը եւ գերիշխանութիւնը, եւ կարելի է եզրակացնել, որ Չինաստանը բաւարարուած է ՀԱԱՊԱ-ում ունեցած իր դիրքով` մեծագոյն դերակատարութիւն ունենալով տնտեսական միտումների շրջանառութեան մէջ եւ հնարաւորութիւն տալով չինական սփիւռքին զբաղուել պիզնեսով եւ բարգաւաճել` դրանով իսկ ազդեցութիւն հաստատելով տարածաշրջանում: Ես անձամբ ականատես եմ եղել չինական սփիւռքի կարգավիճակին Մալեզիայում, Սինկափուրում եւ Ինտոնեզիայում: Նշուած երկրներում չիները հիմնականում զբաղւում են պիզնեսով: Ըստ էութեան, Մալեզիայում ֆինանսական միջոցները բաժանւում են չիների, մալեզիացիների եւ հնդիկների միջեւ: Չիները հիմնականում ներկայացուած են պիզնեսի եւ առեւտրի ոլորտում եւ ամենապահովուածն են, մալեզիացիները գործում են կառավարութեան ոլորտում եւ բանակում, հնդիկները զբաղւում են բժշկութեամբ եւ բուժակութեամբ: Նոյնը կարելի է ասել նաեւ Ինտոնեզիայի մասին, որտեղ թէեւ չիները փոքրամասնութիւն են կազմում, եթէ համեմատենք Մալեզիայի եւ Սինկափուրի հետ, բայց դարձեալ զբաղեցնում են համապատասխան դիրքեր պիզնեսի ոլորտում:

Մենք այստեղ չենք անդրադառնայ Սինկափուրին, քանի որ այն հիմնականում բնակեցուած է չիներով: Մալեզիայում գտնուող միակ արտօնագրուած խաղատունը եւ ժամանցի վայրը, որը կոչւում է «Կենթինկ հայլենտ» («The Genting highland»), պատկանում է չին ընտանիքի, եւ նրանում աշխատողների մեծամասնութիւնը Մալեզիայի եւ Չինաստանի չիներ են: Այն համարւում է 4-րդ խոշորագոյն ընկերութիւնը երկրում: Այսպիսով, գաղտնիք չէ, որ Չինաստանը մեծ ազդեցութիւն ունի խաղաղովկիանոսեան տարածաշրջանում` կապուած վերոնշեալ երկրի հետ ոչ միայն պիզնեսի, այլեւ նաեւ մշակոյթի ոլորտում` խրախուսելով չինական սփիւռքին մօտ լինել իրենց արմատներին երաժշտութեան, իրավիճակային կատակերգութեան (սիթքոմ) եւ խոհանոցի միջոցով: Սոյն յօդուածի նպատակը Չինաստանին քննադատելը չէ եւ ոչ էլ այս երկրի նկատմամբ գերագոյն հիացմունքի ցուցադրումը` խորհրդաւոր կամ առեղծուածային բացայայտումներով, ինչպէս որ անում են շատ արեւմտեան գրողներ Ասիայի մասին գրելիս: Աւելի՛ն. մենք չենք կարող անտեսել այն մեծ նուաճումները, որոնց հասել են չիները իրենց երկրում, հազիւ թէ որեւէ այլ զարգացող երկիր երբեւէ նման ձեռքբերումներ է ունեցել նախկինում` դառնալով աշխարհում թիւ մէկ պետութիւնը բազմաթիւ ոլորտներում` սկսած Մետաքսի ճանապարհից մինչեւ մեր օրերը:

Մինչդեռ արեւմտեան գրողներից ոմանք շեշտը դնում են միայն ժողովրդավարութեան բացակայութեան վրայ, ինչն իստ իս, մեծ սխալ է, քանի որ ազատական ըմբռնումը հեռու է Չինաստանի մշակոյթից, եւ ես վստահ եմ, որ մօտ ապագայում մենք չենք տեսնի արեւմտեան արժէքների իւրացում այս հասարակութեան կողմից:

Չինաստանն ասիական երկիր է, եւ չիներն ունեն իրենց սեփական մշակոյթը եւ ընկալումները: Չինաստանը չի պարտադրում իր մտածելակերպը տարածաշրջանի երկրներին, եւ Միացեալ Նահանգները, մասնաւորապէս, պէտք է յարգի Չինաստանին եւ նրա ժողովրդին: Բացի այդ, ընթերցողը կարող է առաջ քաշել այն փաստարկը, որ շրջակայ երկրները կրել են բրիտանական գաղութացման ազդեցութիւնը, եւ դրանցում կեանքն այս կամ այն չափով աւելի արեւմտականացուած է, քան Չինաստանում: Դա ընդունելի է, սակայն` որոշ վերապահումներով: Օրինակ` Մալեզիայում աւելի քան չորս տասնամեակ իշխում է մէկ կուսակցութիւն: Չնայած այն հանգամանքին, որ Սինկափուրը մեծ յաջողութիւնների է հասել, այն ստեղծուել եւ ղեկավարւում է ինքնիշխանական նախագահի կողմից: Ինտոնեզիան յայտնի է փտածութեան եւ ինքնիշխանական առկայութեամբ:

Վերջապէս, ես կը ցանկանայի ընդգծել, որ իմ յօդուածները Չինաստանի մասին չեն լինի ակադեմական գրուածքներ, ինչպիսիք են Մերձաւոր Արեւելքի քաղաքականութեանը վերաբերող նախորդ աշխատանքները, այլ կը լինեն աւելի պատմողական ժանրի` ներկայացնելով այն, ինչն ըստ իս կարող է հետաքրքրել հայ ընթերցողին: Միեւնոյն ժամանակ, դրանք կը ներառեն իմ` որպէս ականատեսի սեփական վերլուծութիւնը:

Վերադառնալով մեր խնդրին, նշեմ, որ ես չեմ կարող հիանալ արհեստագիտութիւններով եւ ժամանակակից ճարտարապետութեամբ` կառուցուած վերջին տասնամեակներում, քանի որ, ըստ էութեան, ելեկտրոնիկան դառնում է անիմաստ, երբ ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք օգտագործել, արգելափակուած են կառավարութեան կողմից:

Պէտք է ընդունել, որ որոշ չին ուսումնասիրողներ տարածում են ազգայնական եւ նաեւ յանդուգն կարգախօսներ, ինչպէս, օրինակ` «Մենք բաւականին հզօր ենք Միացեալ Նահանգների դէմ դուրս գալու համար»: Նրանք դա բացատրում են այն հանգամանքով, որ Սառը պատերազմի աւարտից յետոյ աշխարհը պէտք չէ լինի միաբեւեռ, եւ Չինաստանը կարող է լրացնել դատարկութիւնը որպէս արեւմտեան համախմբման դէմ առաջատար երկիր: Ես համաձայն չեմ այս փաստարկի հետ, քանի որ «Չինաստանը բաւականին ուժեղ է եւ բաւական թոյլ»` հակաամերիկեան համախմբումը գլխաւորելու համար ոչ թէ դրան պարտադրուող պատժամիջոցների պատճառով. Չինաստանը երկար ժամանակ կարող է գոյատեւել ինքնաապահովմամբ, բայց չի կարող հանդուրժել երկրի պառակտումը, որը կարող է իրականացուել միւս ճամբարի մրցակիցների կողմից: Ներկայումս կարծել, թէ Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների դաշինքը կարող է ծնկի բերել Չինաստանին, անմտութիւն է, քանի որ Ռուսաստանը եւ Չինաստանը որոշակիօրէն աջակցում են միմեանց ՊՐԻՔՍ-ի միջոցով, որը դեռեւս մեծ վտանգ չէ Միացեալ Նահանգների համար: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ ի՛նչն է վատ Չինաստանի համար, ապա դա թուրքական ծագում ունեցող մուսուլման ույղուրներն են Սինցզեան նահանգում:

Մենք անընդհատ տեսնում ենք լուրերի թողարկումներում, որ նրանք դիմադրութիւն են ցոյց տալիս Չինաստանի իշխանութեանը, սա օրհասական վտանգ է Չինաստանում, յատկապէս` իսլամական արմատականութեան եւ ժիհատականութեան տարածման այս փուլում: Չինաստանը պարզապէս ընկրկում է վերջերս Ֆրանսայում տեղի ունեցած ահաբեկչութեան նման արարքներից` մարզադաշտերի, ճաշարանների կամ մեթրոյի ռմբահարումներից: Միւս վիճելի հակամարտութիւնները կապուած են Թայուանի եւ Թիպեթի հետ, բայց ինչպէս նշուել է, ըստ իս, մեր օրերում վտանգի աղբիւրը իսլամական արմատականութիւն է: Ներկայացնենք մի կարճ միջադէպ, որը թերեւս յայտնի է նրանց, ովքեր հետեւում են Թուրքիայի արտաքին քաղաքականութեանը: Երբ Չինաստանը 2008 թ. հիւրընկալեց միջազգային ամառային Ողիմպիական խաղերը, Սինցզեանը հանդէս եկաւ նախապատրաստուած ցոյցերով` արտայայտելով անկախանալու իր ցանկութիւնը: Էրտողանը միւս կողմից (Էրտողանը բաց չի թողնում որեւէ հնարաւորութիւն` հանդէս գալու որպէս ույղուրների եւ պաղեստինցիների մեծ եղբայր) թոյլ տուեց մեծաքանակ ցոյցեր չինական իշխանութիւնների դէմ, որոնց ժամանակ այրում էին չինական դրօշները` միեւնոյն ժամանակ Թուրքիայի դրօշի կողքին ծածանելով դրանից միայն կապոյտ գոյնով տարբերուող դրօշը:

Փեքինի միջազգային օդակայանի սպասասրահում Հարպին քաղաք մեկնելիս մենք սպասում էինք մեր թռիչքին, այդ պահին մեկնում էր Ուրումչի (Սինցզեան նահանգի մայրաքաղաք) ուղեւորուող օդանաւը: Դա լաւ հնարաւորութիւն էր հանդիպել այդ մարդկանց, նոյնիսկ մի վայրկեանով: Այսպէս, ես գնացի դէպի ելքը եւ նստեցի երկու մարդկանց կողքին, որոնք զրուցում էին միմեանց հետ: Ուզում էի տեսնել, թէ արդեօք նրանց լեզուն որեւէ նմանութիւն ունի՞ թուրքերէնի հետ եւ նրանց արտաքինը աւելի մօտ է չիների՞ն, թէ՞ մոնկոլներին: Ի զարմանս ինձ` ես հասկացայ նրանց խօսակցութեան մօտ 40 առ հարիւրը: Ի հարկէ չի կարելի պնդել, որ Սինցզեան մեկնող ցանկացած թուրք կարող է հասկանալ նրանց բարբառը, բայց վստահ եմ, որ նա կը հասկանայ բազմաթիւ բառեր, ինչպէս որ ես: Ես դիմեցի նրան, եւ ասացի. «Ալ սալամու ալէյքոմ»` ամբողջ աշխարհում ընդունուած մուսուլմանական ողջոյնով, նա ժպտաց եւ հարցրեց ինձ, թէ արդեօք ես թուրքմե՞ն եմ (թիւրքական ծագման ցեղախումբ, որն ապրում է այժմեան Սիրիայի հիւսիսարեւմտեան շրջանում եւ Թուրքիայի աջակցութեամբ պատերազմում է սիրիական բանակի դէմ): Ես պատասխանեցի նրան, որ Թուրքիայից եմ` տեսնելու համար նրա արձագանգը:

Ի զարմանս ինձ` նա կանգնեց, գրկեց ինձ եւ համբուրեց գլուխս: Այդ պահին ես համոզուեցի, որ ույղուրները պատրաստ են ծնկի բերել Չինաստանին, ինչպէս որ դա տեղ է ունենում Մերձաւոր Արեւելքում, նրանք այնքան յաւակնոտ են եւ համարում են Թուրքիային իրենց մեծ եղբայրը, նրանց մեծամասնութիւնը լաւագոյն տարբերակը համարում է Չինաստանից անկախացումը եւ շարիաթի օրէնքի հաստատումը: Ոչ ոք չէր հաւատում, որ Սիրիան կարող է ամբողջովին ոչնչացուել. մենք հասկանում էինք, որ իսլամականացումն աճում էր, սակայն դա հասարակական մտահոգութիւն էր: Հիժապ կրելը պարտադիր չէր, իւրաքանչիւրը վարւում էր ըստ իր հայեցողութեան: Մի խօսքով, ույղուրները դանակներն իրենց գրպաններում պատրաստ կանգնած են, այս պահին նրանք այնքան յաջողակ չեն եւ Սիրիայի ժիհատականների նման չունեն արհեստավարժ զէնք, բայց նրանք էլ հանդարտ չեն: Գրեթէ ամէն օր չինական հեռուստատեսութիւնը ցուցադրում է Սինցզեան նահանգում պատահած միջադէպերի մասին` անջատողականների եւ նոյնիսկ չինական բանակի միջեւ: Ըստ իս, բեմագրութիւնը հետեւեալը կը լինի. «Մի իսլամական պետութիւն ազատագրելու համար հոգեբանական աջակցութիւնը կ՛ապահովուի Էրտողանի, իսկ զէնքը` Սէուտական Արաբիայի, իսկ ոճրագործութիւնից առաջ նախապատրաստումը Սի.Այ.Էյ.-ի կողմից, գումարած այն, որ Միացեալ Նահանգներն ամենայն հաւանականութեամբ դրանց կ՛անուանի ազատութեան մարտիկներ: Ոչ ոք չի կարող ասել յստակօրէն, թէ ի՛նչ տեղի կ՛ունենայ Չինաստանում, այս կանխատեսումները կարող են լիովին ճիշդ չլինել, սակայն ես գրում եմ` հիմնուելով փաստերի վրայ, վտանգն ակնյայտ է, սակայն, թէ որքան հեռու այն կը գնայ, ժամանակը ցոյց կը տայ:

Միւս կարեւոր խնդիրը վերաբերում է ժողովրդավարութեանը, որով Միացեալ Նահանգների պաշտօնեաները շարունակում են չիներին յանդիմանել 70-ական թուականներից մինչ օրս: Մենք բոլորս տեսել ենք, թէ ինչի է Միացեալ Նահանգները հասել է իր արտաքին քաղաքականութեան ասպարէզում այս հարցի առնչութեամբ: Այս հարցում Պուշի հայեցակարգը ոչ ժողովրդավարական հասարակութիւններում ժողովրդավարութիւն տարածելն էր: Այսպէս, մենք չգիտենք, թէ ինչու Միացեալ Նահանգների վարչակազմը ընտրեց զէնքով դիւանագիտութիւնը` հասարակութիւնների հետ աշխատելու փոխարէն, որպէսզի դրանք հասնեն զարգացման իրենց  կամքով, ոչ թէ բռնի ուժով: Ցաւօք, Միացեալ Նահանգների պաշտօնեաները կարծում են, որ ոչ ժողովրդավարական երկրներին պատերազմ պարտադրելը օրինական է, քանի որ դրանք կարծես թէ վտանգ են ներկայացնում ամերիկեան ժողովրդի համար: Ինչ վերաբերում է Չինաստանին, չիները տասնամեակներ շարունակ առաւելագոյնն են արել` փորձելով բացատրել Միացեալ Նահանգների պաշտօնեաներին, որ չինական մշակոյթը եւ կեանքի նկատմամբ մօտեցումը համեմատելի չէ նորաստեղծ ամերիկեան պետութեան հետ:

Չիներն ունեն ազատականացուած տնտեսութիւն եւ ներմուծման-արտահանման առեւտուրը համապատասխանեցրել են համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, չիները կարծում են, որ զարգացումն անհրաժեշտ է իրենց հասարակութեանը` նոր գաղափարների հասնելու համար, որպէսզի բարելաւեն իրենց կենսամակարդակը: Նրանք կտրականապէս դէմ են վերեւից պարտադրուած կանոններին, որոնք կարող են յանգեցնել քաոսի: Ի դէպ, Չինաստանի բնակչութիւնն ընդհանուր առմամբ զգալիօրէն տարբերւում է ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Մերձաւոր Արեւելքի կամ Արեւելեան Եւրոպայի երկրների բնակչութիւնից:

Պէտք է նշել, որ նրանք մեծ յարգանք ու հաւատ ունեն իշխանութիւնների նկատմամբ, եւ չնայած Արեւմուտքի բարձրաձայնած փտածութեան մեղադրանքներին, չիները դեռ մօտ են կանգնած միակ իշխող կուսակցութեանը: Դա նշանակում է, որ բացի ժողովրդից` ոչ ոք ի վիճակի չէ փոխել կենտրոնամէտ քաղաքական ասպարէզը Չինաստանում, մինչդեռ Հայաստանում վերջին շրջանում սահմանադրութիւնը փոխուեց բնակչութեան կամքին հակառակ, եւ դա առաջացնելու է նուաստացման զգացում ու անվստահութիւն իշխանութեան նկատմամբ` վտանգաւոր լարուածութեամբ:

Մինչդեռ այս ամէնը չի նշանակում, որ Չինաստանը պատասխանատու ուժ է` անկախ ընդհանրական հարցերում իր ներգրաւուածութիւնից, ինչպիսիք են` «ահաբեկչութեան դէմ պատերազմը», հսկայական ներդրումները Ափրիկէում` աղքատութեան դէմ պայքարելու եւ ՀԱԱՊԱ-ի հետ համագործակցութեան համար եւ այլն: Այդուհանդերձ, Չինաստանը հեռու է այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են` անհատական արժէքները, մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքը. ստեղծարարութիւնը եւ խնդիրների վերլուծութիւնը բացակայում են պետական, ինչպէս նաեւ մասնաւոր ընկերութիւններում: Եթէ Չինաստանն այսօր ներկայանում է որպէս լաւագոյն եւ միակ երկիր` ապրանքներ մատակարարելով աշխարհին, չիները ներկայացուած չեն բազմաթիւ այլ ոլորտներում, ինչպէս, օրինակ` միջազգային շոու պիզնեսը, որը կապուած է իմ ընտանեկան պիզնեսի հետ: Պէտք է ընդունել, որ Չինաստանն ունի լուրջ խնդիրներ օտարերկրացիների հետ պիզնեսով զբաղուելու առումով: Նկատի ունեմ այն, որ նրանց համար ոչ մի տարբերութիւն չկայ օտարերկրացի եւ տեղացի  արուեստագէտների միջեւ վերաբերմունքի առումով, դա առաջացնում է թիւրիմացութիւն եւ երբեմն նոյնիսկ կարող է յանգեցնել հակամարտութեան: Օրինակ, մի քանի տարի առաջ ես Չինաստանի հիւսիսարեւելեան շրջանում էի, նրանք այն անուանում են «Տոնկ պէյ» (Dong bei)` պարի մեծ խմբի հետ, որի կազմում հիմնականում սլաւոնական երկրներից էին: Ձմեռ էր, եւ կեցութեան համար տրամադրուած շէնքում, որտեղ մենք պէտք էր մնայինք, չկար տաք ջուր: Երբ մենք բողոքեցինք, նրանք զարմացան եւ կարծեցին, որ ոչ մի սխալ բան չկայ, քանի որ չին արուեստագէտները մնացել էին նոյն շէնքում եւ երբեք չէին բողոքել այդ խնդրից: Այսպիսով, դա նշանակում է, որ չին արուեստագէտները սառը ցնցուղ էին ընդունել` առանց բողոքելու պարզապէս այն պատճառով, որ մարդու իրաւունքների հարց գոյութիւն չունի Չինաստանում: Նրանք մտավախութիւն են ունեցել, որ բողոքելու դէպքում կը մնան ընդհանրապէս առանց ջրի: Իմ հայրը վճռական էր տրամադրուած. «Կա՛մ դուք լուծում էք այս խնդիրն այսօր, կա՛մ մենք հեռանում ենք»: Սա մէկն է այն խնդիրներից, որոնց շատ արտասահմանցիներ հանդիպում են Չինաստանում, եւ իւրաքանչիւր ոք ունի իր սեփական պատմութիւնը:

Գրողները կարող են վէպեր գրել Չինաստանում օտարականի կեանքի մասին, սակայն առանցքային հարցը, որ մենք բոլորս պէտք է հասկանանք, այն է, որ չիները կարող են յարմարուել անյարմարաւէտ ու նուաստացուցիչ վիճակին այն պատճառով, որ առկայ է դաժան մրցակցութիւն` աշխատանքը պահելու հարցում. պարզ է, եթէ նրանք չեն յարմարւում, կան հազարաւոր մարդիկ, որոնք սպասում են այդ աշխատանքին: Այսպիսով, սա է բացատրութիւնը, թէ ինչո՛ւ են չիներն այդքան աշխատասէր եւ շատ յաճախ նրանք նոյնիսկ աշխատում են աւելի քան 10 ժամ` առանց յաւելավճարի, ինչպէս որ ընդունուած է արեւմտեան զարգացած երկրներում: Զաւեշտալի է, երբ ամերիկացիները բարձրացնում են մարդու իրաւունքների հետ կապուած հարցեր Չինաստանում, մինչդեռ «Էփըլ» ընկերութեանը («Apple Co.) (ելեկտրոնիկայի ոլորտի Միացեալ Նահանգների հսկան) մեղադրանք էր ներկայացուել` Չինաստանում գտնուող գործարանի չին աշխատողներին շահագործելու համար:

Մէկ այլ հետաքրքիր խնդիր, որին մենք բախուեցինք այս տարի, անլար համացանցի խնդիրն էր: Մենք ապրում ենք մի հիւրանոցում, որտեղ համացանցի կապը շատ թոյլ է. երբեմն չենք կարող բացել նոյնիսկ սովորական էջ կամ յաւելուած:

Համացանցը մեր պիզնեսի ամենակարեւոր միջոցներից է (մենք պէտք է ուղարկենք շատ լուսանկարներ, տեսանիւթեր, պայմանագրեր, կրաֆիքա եւ այլն): Սա է իմ գործը որպէս մենէյճըր: Ինչ վերաբերում է արուեստագէտներին, աշխատանքից յետոյ բոլորն ուզում են սքայփով խօսել իրենց ընտանիքների հետ եւ այլն: Ըստ իս, դա շատ կարեւոր հարց է, քանի որ արուեստագէտների ժամանակացոյցը շատ յագեցած է, քանի որ նրանք պէտք է ներկայացնեն չորս շոու մէկ օրում, եւ դրանից յետոյ իրաւունք ունեն զրուցել իրենց մտերիմ մարդկանց հետ: Դա արուեստագէտներից բացի, որոնց նրանք տեսնում են ամէն օր, այլ մարդկանց հետ շփուելու միակ տարբերակն է: Այսպէս, անլար համացանցը բացակայում է արդէն 10-րդ օրը: Նրանք գալիս են ամբողջ օրը վերանորոգելու, բայց ոչինչ չի փոխւում: Ես հասկացայ մի բան, որ Չինաստանից գնուած հեռախօսները աշխատում էին, ի տարբերութիւն մեր հեռախօսների: Ես կասկածեցի, որ դրանք արգելափակուած են, եւ դա կարող է անել միայն կառավարութիւնը, մասնաւորապէս, իշխող կուսակցութեան հետախուզական ծառայութիւնը: Ես չեմ կարող պնդել, որ խնդիրը կապուած է կառավարութեան հետ, բայց կարող եմ կասկածել, որ եթէ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` Google-ը, Facebook-ը, Youtube-ը, արգելուած են, ապա ինչո՞ւ չարգելափակել նաեւ օտարերկրեայ սարքերի համացանցը:

Ինչեւէ, երեք օր յամառելուց յետոյ մենք իմացանք, թէ ինչո՛ւ մեր սարքերը չեն միանում համացանցին: Պարզապէս այն պատճառով, որ մենք արդէն տեղադրել էինք VPN յաւելուած, որը կոտրում է արգելափակուած սըրվըրը եւ ներխուժում համակարգ` հնարաւորութիւն տալով մուտք գործել Չինաստանում արգելափակուած կայքեր: Հետախուզական ծառայութիւնները արգելափակում են ձեր հեռախօսը եւ վերաբեռնում: Դուք չէք կարող ոչինչ անել, ձեզ մնում է միայն ջնջել VPN յաւելուածները: Ես վստահ չէի դրանում, բայց զգում էի, որ չինական կառավարութիւնը պէտք է ներգրաւուած լինի այս հարցում: Իրականում տեսնում եմ, որ քիչ մարդիկ են մտահոգուած այս իրավիճակով, երբ շատ արտասահմանեան էջեր արգելափակուած են, ժողովուրդը չի կարող հետեւել օտարերկրեայ նորութիւններին` իմանալու համար, թէ ի՛նչ է մտածում միւս կողմը որեւէ հարցի շուրջ: Գրաքննութիւնը շատ պարզ է, ուղղակի աներեւակայելի:

Մենք չենք խօսում Խորհրդային Հայաստանում վերահսկողութեան մասին: Այստեղ համակարգը` Չինաստանը կամ միակ համայնավարական կառավարութիւնը, պարզապէս արգելափակում է որոնման ցանկացած համակարգ: Աւելի ուշ ես կը հիւրընկալուեմ խորհրդարանի մի պատգամաւորի մօտ` ստանալու համար այն հարցերի պատասխանները, որոնց մասին մենք խօսել ենք այս յօդուածներում եւ դրա միջոցով հնարաւորութիւն կ՛ունենանք իմանալու, թէ ի՛նչ են մտածում չին քաղաքական գործիչները:

Մի քանի անգամ ծրագիրը տեղադրելուց յետոյ ես գտայ մի վճարովի VPN ծրագիր, որը բացում է բոլոր արգելափակուած կայքերը, սակայն պէտք է ունենալ միջազգային դրամատան քարտային հաշիւ: Սա նշանակում է, որ չիները չեն կարող գնել նման ծրագիր իրենց տեղի դրամատնային քարտերով: Ես պէտք է շնորհակալութիւն յայտնեմ իշխանութիւններին, որ արտասահմանցիներին ընձեռում են հնարաւորութիւն աշխատելու ինչպէս տանը: Չիների համար թերեւս դա երբեք չի լինի:

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (8 Մարտ 1966)

Յաջորդը

Սարգիս Սաղըրեանի Վկայութիւնը. Ինչպէ՞ս Փրկուեցաւ Սուրիոյ Սետնայայի Վանքը Ճեմալ Փաշայի Ճիրաններէն

RelatedPosts

Մկրտիչ Եւ Լիանա Միքայէլեաններու Համերգը
Անդրադարձ

Մկրտիչ Եւ Լիանա Միքայէլեաններու Համերգը

Հոկտեմբեր 30, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Հոկտեմբեր 29, 2025
Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?