
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին Ղազիրի դաշտին վրայ տեղի ունեցաւ Սաժես-ՀՄԸՄ մրցումը:
Նախորդ հանգրուանին պարտութիւն մը կրած ՀՄԸՄ, երէկ վերագտնելով ինքզինք պարտութեան մատնեց Սաժեսը` արձանագրելով 97-94 արդիւնքով յաղթանակ մը (20-25, 41-41 64-70 եւ 94-97)

Մրցումը շատ արագ սկսելով` ՀՄԸՄ իրերայաջորդ կողովներով, յաջողեցաւ առաջին հինգ վայրկեանը 15 կէտով գերազանցել իր մրցակիցը: Այդ տարբերութիւնը թէեւ պահ մը հասաւ աւելի քան 16 կէտի, բայց Սաժես հետզհետէ ինքզինք վերագտնելով Ա. կիսախաղը աւարտեց հաւասար արդիւնքով:
Բ. կիսախաղին երկու կազմերն ալ ամէն ճիգ ի գործ դրին կէտեր նշանակելու` բնականաբար ըլլալու համար օրուան յաղթանակը:
Սակայն, ի վերջոյ յաղթական եղաւ ՀՄԸՄ, որ մրցումը աւարտեց ի նպաստ իրեն` 3 կէտի առաւելութեամբ:
Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ, ՀՄԸՄ պահեց պարագլուխի իր դիրքը, որ Ռիատի մնացած էր 24 ժամ:

Սաժես 31 թրի փոյնթերէն 10-ին յաջողեցաւ մինչեւ ՀՄԸՄ` 29-էն 13-ին: ՀՄԸՄ կատարեց 41 ռիպաունտ եւ 21 էսիսթ մինչ Սաժես` 44 ռիպաունտ եւ 14 էսիսթ:
Ինչ կը վերաբերի թու փոյնթերուն Սաժես նշանակեց 57-էն 24-ը, իսկ ՀՄԸՄ` 43-էն 22-ը:
Ցարդ 3 յաղթանակ արձանագրած եւ 3 պարտութիւն կրած Սաժես (այժմ` 3-րդ), 7-րդ հանգրուանին հիւրը կ՛ըլլայ Մութթահետի, մինչ ՀՄԸՄ այս հանգրուանին մրցում չունի կատարելիք:
Երէկուան այս մրցումին, ՀՄԸՄ-ի մարզիկները դաշտ ներկայացան հետեւեալ ժամերուն եւ նշանակեցին հետեւեալ արդիւնքները.
Նորվել Փել (37′ 37”, 19 կէտ, 14 ռիպաունտ), Նետիմ Սուէյտ (28′ 36”, 4 կէտ, 4 ռիպաունտ), Ճասթին Թապզ (36’41”, 17 կէտ, 5 ռիպաունտ, 3 թրի փոյնթ), Ահմետ Իպրահիմ (34′ 41”, 29 կէտ, 4 ռիպաունտ, 7 թրի փոյնթ), Սեւակ Քեթենճեան (14′ 42″, 3 կէտ 2 ռիպաունտ 1 թրի փոյնթ), Պիլալ Թապպարա (5’18”, 2 կէտ, 1 ռիպաունտ), Պատիհ Սուէյտ (7′ 35”4 2 կէտ), Ռապիհ Իսքանտար (2′ 22”) եւ Տուայն Ճեքսըն (32′ 24” 21 կէտ 9 ռիպաունտ, 2 թրի փոյնթ):
Սաժեսի կէտերը նշանակեցին Տիոն Տիքսըն (27), Մայք Էֆերպերհա (13), Ռոտրիք Աքըլ (17), Ճերըտ Ֆէյմս (32) եւ Սապահ Խուրի (5):
Օրուան իրաւարարներն էին` Ռապպահ Նըժէյմ, Ատել Խուէյրի եւ Փոլ Սըքայեմ:
Ստորեւ` դասաւորումը:
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- ՀՄԸՄ | 5 | 1 |
2.- Ռիատի | 5 | 0 |
3.- Սաժես | 3 | 3 |
4.- Մութթահետ | 3 | 3 |
5.- Թատամոն | 2 | 2 |
6.- Հուփս | 2 | 2 |
7.- Շանվիլ | 1 | 3 |
8.- Պիպլոս | 1 | 3 |
9.- Լուէյզի | 0 | 5 |