Աստուածաշունչը Եւ Հայութիւնը. Աստուածաշունչը` Որպէս Ճշմարտութիւն Եւ Ուղեցոյց

ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ

bible1_10-24-15

Մտորելով միայն երկու անպատասխան հարցերի շուրջ, թէ մարդ որտեղ էր նախքան ծնուելը եւ ինչ է լինելու նրա հետ, երբ կեանքից հեռանայ, կարելի է յանգել Աստծու լինելութեան գաղափարին: Արարուածներս պէտք է ընդունենք, որ Արարչի գոյութիւնն անառարկելի է, եւ Նրան ունկնդիր լինելու այլընտրանք չունեցող եզակի միջոցն էլ Աստուածաշունչն է. այն պէտք է համարել ի վերուստ տրուած, իսկ ամբողջ շարադրուածը` ճշմարտութիւն: Աստուածաշունչը մարդկութեան կեանքում ունի հսկայական դերակատարութիւն. նրա ազդեցութեամբ են հազարամեակների ընթացքում ձեւաւորուել մարդու իրաւունքների պաշտպանութեան օրէնսդրական դրոյթները, մարդկային վարքագծի ու փոխյարաբերութիւնների կանոնները: Նրա ազդեցութեան պակասով կամ գուցէ բացակայութեամբ է պայմանաւորուած մարդկութեան գոյատեւմանը սպառնացող Արեւմուտքի ներկայիս բարոյական ճգնաժամը: Աստուածաշնչում մեր Տէր Յիսուս Քրիստոսը մեզ ցոյց է տալիս նաեւ դէպի իրական երջանկութիւն տանող միանգամայն իրատեսական ուղին, ինչին կ՛անդրադառնանք աւելի ուշ:

Փորձենք հասկանալ, թէ որքանով է Սուրբ Գիրքն առնչւում հայ ժողովրդի հետ:

Մարդկութեան ստեղծման բնօրրանը

Աստուածաշունչն ասում է, որ Երկրի արարումից յետոյ Իր ստեղծած առաջին մարդուն Աստուած բնակեցնում է Եդեմում հիմնած դրախտում, ուր կային 4 գետեր: Նկարագրւում է, որ գետերց մէկի անուն էր Փիսոն, որը «պատում է Եւիլայի ամբողջ երկիրը», միւսինը` Գեհոն, որը «պատում է Քուշի երկիրը», երրորդինը` Տիգրիս, որը «հոսում է դէպի Ասորեստան» եւ վերջինինն էլ` Եփրատ:

Փիսոն եւ Գեհոն գետերի աշխարհագրութեան վերաբերեալ հետազօտողների կարծիքները տարբեր են (հնարաւոր վարկածներ են համարւում Արաքս, Գանգէս, Նեղոս գետերը…), Եւիլա կամ Քուշ երկրների մասին նոյնպէս չկայ միակարծութիւն: Աստուածաշնչի ուսումնասիրողները, որպէս կանոն, Եդեմական դրախտը տեղակայում են Տիգրիս եւ Եփրատ յայտնի գետերի աւազանում` կամ ստորին հատուածներում կամ էլ վերին` արեւելեան Անատոլիայում, որտեղից սկիզբ են առնում այդ գետերը: Ճշմարիտ տարբերակը պէտք է համարել վերջինը, քանի որ Տիգրիս գետը (ինչպէս նաեւ` Եփրատը) միայն Հայկական Լեռնաշխարհի հատուածում գտնուելու դէպքում, ինչպէս գրուած է Սուրբ Գրքում, կարող էր «հոսել դէպի Ասորեստան» իսկ գետերի ստորին հատուածներում դրախտի տեղակայման դէպքերում կը գրուէր «հոսում է Ասորեստանում» կամ «հոսում է Ասորեստանից»:

Այսպիսով, պէտք է եզրակացնել, որ եդեմական դրախտը` մարդկութեան ստեղծման բնօրրանը տեղակայուած է եղել Հայաստանի տարածքում:

Մարդկութեան ֆիզիքական վերածնութեան բնօրրանը

Աստուածաշունչը տեղեկացնում է, որ հազարաւոր տարիներ առաջ համաշխարհային կործանարար ջրհեղեղից յետոյ մարդկութեան վերջին բեկորների պարունակութեամբ Նոյ նահապետի տապանը հանգրուանում է «Արարատի լեռների վրայ» (գրաբար բնօրինակներում` «ի լերինս Արարատայ»): Արարատն այստեղ նկատի առնւում է իբրեւ երկիր, որը եւս երկու անգամ յիշատակւում է Սուրբ Գրքում: Արարատը, Ուրարտուն կամ Արմենիան տարբեր պատմական ժամանակահատուածներում տարբեր լեզուներով արտայայտուած միեւնոյն երկրի` Հայաստանի անուանումն է, որտեղ եւ ձեւաւորուել է հայ ժողովուրդը:

Այսպիսով, Աստուածաշունչը մարդկային ցեղի փրկութեան ու ֆիզիքական վերածննդի բնօրրանը համարում է Հայաստանի տարածքը:

Աբրահամ նախահայրն ու իր սերունդները

Միաստուածական կրօնները` յուդայականութիւնը, քրիստոնէութիւնը եւ իսլամը կոչւում են աբրահամական կրօններ, քանի որ Աբրահամ նահապետը համարւում է բոլոր հաւատացեալների հայրը: Նա առաջին մարդն էր, ով հաւատաց Աստծուն: Իր բարեպաշտութեան ու հաւատարմութեան համար Աստուածաշնչում Տէրը Աբրահամին է դիմում հետեւեալ խօսքերով. «Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես: Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ: Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»: Հին Կտակարանի շարադրանքն էլ գրեթէ ամբողջութեամբ առնչւում է Աբրահամ նախահօր սերնդին` իսրայէլացիներին (կամ ինչպէս ընդունուած է ասել` հրեաներին): Իրադարձութիւնները զարգանում են հէնց նրանց շուրջ եւ Աստուած ուղղակիօրէն կամ մարգարէների միջոցով հաղորդակցւում է նրանց, յորդորում հաւատարիմ լինել Իրեն ու Իր օրէնքին:  Նոր Կտակարանում եւս մեր Տէր Յիսուսը քարոզչութիւն ու գործունէութիւն է իրականացնում Իսրայէլի զաւակների միջավայրում:

Հիմա հասկանանք, թէ ինչո՛վ են Աբրահամ նահապետն ու նրա սերունդը առնչւում հայ ժողովրդին:

Նախ` Աբրահամի ծննդավայրի մասին: Ուրի գտնուելու վայրի վերաբերեալ մասնագէտների տեսակէտները տարբեր են, սակայն հիմնական վարկածների թւում են` Եդեսիան (Ուրֆան) եւ Ուրարտուն: Ուստի, նախահայր Աբրահամի առնչութիւնը հայութեան արմատներին բացառել չի կարելի:

Արժէ նաեւ յիշել, որ ըստ պատմահայր Մովսէս Խորենացու, Աբրահամ նախահօրից, նրա կին Քետուրայի զաւակներից էին ծագում Հայաստանում բնակուող պարթեւները` Սուրբ Գրիգորը, Հայոց Արշակունիները… ովքեր կարեւորագոյն դերակատարութիւն ունեցան հայոց պատմութեան թատերաբեմում, եւ ում իշխանութեան աւարտով էլ պատմիչը սգում էր հայոց թագաւորութեան աւարտը:

Համաձայն Սուրբ Գրքի, Աբրահամի թոռ Յակոբի 12 որդիների ցեղերը կազմաւորւում են Իսրայէլի թագաւորութիւնը, որը հետագայում բաժանւում է Իսրայէլի հիւսիսային թագաւորութեան` հանդիսանալով Յակոբի 10 որդիների ժառանգութիւնը եւ Յուդայի թագաւորութեան` հանդիսանալով նրա միւս 2 որդիների ժառանգութիւնը: Իսրայէլի հիւսիսային թագաւորութիւնը նուաճւում է Ասորեստանի կողմից (մ.թ.ա. 722 թ.), իսկ Յուդայի թագաւորութիւնը` Բաբելոնի կողմից (մ.թ.ա. 586):

Ասորեստանի կողմից իրականացուած իսրայէլացիների արտագաղթի կապակցութեամբ Աստուածաշունչն ասում է, որ հիւսիսային թագաւորութեան բնակիչները անվերադարձ բնակեցուեցին Ասորեստանում: Սակայն, հաշուի առնելով այն հանգամանքները, որ Ուրարտուի թագաւորութիւնը այդ ժամանակ շարունակ դիմակայելով հզօր Ասորեստանի յարձակումները երբեմն հակառակորդին էր յանձնում իր հարաւային շրջանները, ինչպէս նաեւ այն, որ երկու հարեւան երկրների միջեւ չէին կարող լինել մարդկանց տեղաշարժերն արգելող սահմանագծեր, պէտք է եզրակացնել, որ Հայաստանի տարածքում իսրայէլացի գաղթականներ աւել կամ պակաս չափով բնակեցուել կամ բնակուել են: Այս առիթով կարելի է աւելացնել, որ որոշ օտար կարծիքներ Իսրայէլի կորած 10 ցեղերի հանգրուանը դիտարկում են մեր երկրի տարածքը:

Բաբելոնի կողմից իրականացրած Յուդայի թագաւորութեան տարհանուած իսրայէլացիները սուրբգրային տեղեկութեամբ տեղափոխուել են Բաբելոնի տարածքներ: Սակայն Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւն»-ից իմանում ենք, որ բաբելոնեան արշաւանքին մասնակցած հայոց Հրաչեայ թագաւորը, իր գերդաստանով հանդերձ, Հայաստանում է բնակեցնում Բագրատունեաց տոհմի հիմնադիր հրեայ Շամբատին` նուիրելով նրան ընդարձակ կալուածքներ: Տրամաբանական չի լինի կարծել, թէ նկարագրուածը այդ ժամանակաշրջանում իսրայէլացիներին Հայաստանում բնակեցման եզակի մի դէպք էր: Կարելի է ենթադրել, որ Հայաստանը չունենալով լիարժէք անկախութիւն` Սուրբ Գրքում դիտուած է իբրեւ Բաբելոնի բաղկացուցիչ մաս, իսկ այնտեղ նախկինում բնակուող իսրայէլացիների առկայութիւնը բարենպաստ պայմաններ են ստեղծել գերեվարուած հայրենակիցների` դէպի նաեւ մեր երկիր տեղաշարժերի համար: Պէտք է նաեւ եզրակացնել, որ պարսից Կիւրոս կայսրի կողմից Բաբելոնի նուաճման (մ.թ.ա. 539թ.) եւ իսրայէլացիների ազատագրման արդիւնքում հայրենիք վերադառնալուց հրաժարուած եւ սուրբգրային աղբիւրով Պարսկաստանում բնակութիւն հաստատած իսրայէլացիները նոյնպէս աւել կամ պակաս չափով հաստատուել են Հայաստանում, քանի որ այդ ժամանակաշրջանում էլ Հայաստանը համարւում էր Պարսկաստանի բաղկացուցիչ մաս:

Արդէն հայ պատմիչներից է մեզ յայտնի դառնում, որ Տիգրան Մեծի արշաւանքների արդիւնքում մեծաթիւ իսրայէլացիներ են բնակեցուել Հայաստանի տարբեր քաղաքներում:

Ստորեւ թուարկուած հանգամանքները մեզ յուշում են, որ հին Հայաստանի տարածքում, իրօք, ապրել են իսրայէլացիներ, եւ որ նրանց թիւը եղել է նշանակալի.

1.- Եթէ Իսրայէլին հալածող Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի որդիները Հին Կտակարանի վկայութեամբ իրենց հօրը սպաննում եւ մ.թ.ա. 7-րդ դարում ապաստանում են Հայաստանում, ապա միանգամայն տրամաբանական է կարծել, որ հետապնդումից փախչողները իրենց ամենապաշտպանուած կարող էին զգալ յատկապէս իսրայէլացիների մէջ:

2.- Եթէ դեռեւս մ.թ.ա. 6-րդ դարում Աստուածաշնչում իսրայէլացի Երեմիա մարգարէն Արարատի թագաւորութեանն ու Ասքանազի գնդին կոչ էր անում մարտնչել իսրայէլացիներին հալածող Բաբելոնի դէմ («Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ…»), ապա ակնյայտ է, որ մարգարէն մեր երկրի բնակիչների մէջ տեսնում էր իւրայինների կարող մի ուժ:

3.- Եթէ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Թադէոս ու Բարդուղիմէոս առաքեալները զրադաշտական Հայաստան են եկել քարոզելու քրիստոնէութիւն եւ արդէն 301թ. պետականօրէն ընդունուել է այդ կրօնը, ապա դրանց մեծապէս նպաստող հանգամանքը պէտք է համարել իսրայէլացիների համայնքների առկայութիւնը մեր երկրում:

4.- Փաւստոս Բիւզանդի վկայութեամբ, պարսից Շապուհ արքան 4-րդ դարում Հայաստանի միայն 5 քաղաքներից 83 հազար իսրայէլացիների է տեղահանել Պարսկաստանում բնակեցնելու համար:

5.- Մեր պատմիչների մօտ` Բագրատունիների` հայոց արքայից յետոյ երկրորդ դէմքը հանդիսանալու դարերով փոխանցուող հանգամանքը, Ամատունիների կամ Գնթունիների զբաղեցրած բարձր դիրքերը եւ միւս իսրայէլացիների ներկայութիւնը որեւէ զարմանք չառաջացնելու հանգամանքը տպաւորութիւն է ստեղծում, որ իբրեւ իւրայիններ, նրանք միշտ են ներկայ գտնուել Հայաստանում: Հայոց թագաւորութեան աւարտի մասին իր ողբում Խորենացին հէնց Երեմիա մարգարէին է դիմում արթնանալ «մեզ ճառակից լինելու» ու «մեր տրտմութեանը մասնակցելու» համար:

Սակայն, եթէ իսրայէլացիները այդպէս հաստատուն ներկայութիւն են ունեցել մեր երկրում,  որտե՞ղ են նրանք այժմ, մի՞թէ ամբողջութեամբ լքեցին Հայաստանը:

Ի հարկէ նրանց որոշ մասը կարող էր հեռանալ մեր երկրից եւ հաւանաբար այդպէս էլ վարուել է: Ներկայումս աշխարհի հրեաների մեծամասնութիւնն իրենց անուանում են ասքանազի (աշքենազի) հրեաներ, եւ քանի որ Ասքանազը Նոյ նահապետի որդի Յաբեթի թոռն էր եւ Երեմիայի մարգարէութիւնում յիշատակուած Բաբելոնին յարակից այն երկրի (ազգի) անուանումը, որը սովորաբար հայ պատմիչները նոյնացնում են Հայաստանի (հայ ազգի) հետ, ապա կարելի է ենթադրել, որ նրանց նախահայրերը հեռացել են հէնց մեր երկրից:

Սակայն նախաքրիստոնէական շրջանի իսրայէլացիներին բնորոշ աւանդոյթների մեզանում պահպանումը, ինչպիսիք են կենդանիների զոհաբերութիւնը, պտուղների (բերքի) օրհնութիւնը… կարող են հիմք հանդիսանալ եզրակացնելու, որ իսրայէլացիների մի մասը ձուլուել է Հայաստանի բնակչութիւնը: Մեզանում Աբրահամեան, Սահակեան, Յակոբեան, Մովսիսեան, … նոյնիսկ` Իսրայէլեան իսրայէլական ծագմամբ ազգանունների այսչափ առատութիւնը եւ այն մեզանում տարակուսանք չառաջացնելու հանգամանքը մեզ ստիպում է մտածել, որ իսրայէլացիները Հայաստանում հայացել են: Զրադաշտական միջավայրում նրանց հոգեհարազատ քրիստոնէական աբրահամական կրօնի գոյութիւնը մեզ լիովին իրաւունք է տալիս եզրայանգելու, որ իսրայէլացիները քրիստոնէութիւն են ընդունել զանգուածաբար` ազգովի, համայնքներով եւ ապա` հայացել: Հայաստանում իսրայէլացիների քրիստոնէացման մասին գրում է նաեւ Րաֆֆին իր «Սամուէլ» պատմավէպում, ուր Արտաշատի հրեաների երէցը խօսում է «հայոց հիւրընկալութեան արդիւնքում իրենց հայրենիքը, կրօնն ու լեզուն մոռանալու, Տրդատի օրերում, Լուսաւորչի ձեռքով քրիստոնէութիւն ընդունելու ու հայերին միանալու» մասին: Իսրայէլացիների զանգուածային քրիստոնէացման հանգամանքը աւելի լաւ հասկանալու համար արժէ մէջբերել երէցի հետեւեալ միտքը. «Եթէ հրեան հաւատափոխ է լինում եւ քրիստոնէութիւն է ընդունում, դա շատ բնական է. որովհետեւ նա միշտ սպասում է Քրիստոսին` իւր սիրելի Մեսիային: Բայց արեգակ պաշտել եւ կրակին երկրպագութիւն տալ` նա երբեք յանձն չի առնի»:

Իսրայէլացիները դարերի ընթացքում երկրագնդի տարբեր ուղղութիւններով են գաղթել, կազմաւորել են գաղութներ զանազան երկրներում, սակայն արեւմտեան եւ բազմամշակոյթ այլ երկրներում երկհազարամեայ խառն ամուսնութիւնների պայմաններում նրանց ազգային ինքնութեան պահպանման գլխաւոր գործօնը հանդիսացել է կրօնը` յուդայականութիւնը:

Մինչդեռ, փաստօրէն, Հայկական Լեռնաշխարհում քրիստոնէական կրօնը, մշակոյթը, աւանդոյթներն ու արեւելեան միջավայրը նպաստել են, որպէսզի ի դէմս հայ ժողովրդի` Աբրահամի սերունդների, հին իսրայէլացիների ցեղային ինքնութիւնը պահպանուի լաւագոյնս:

Քրիստոնէութեան բնօրրանը

Քրիստոնէութիւնը եւ Հայաստանեայց եկեղեցին, այնտեղ ստեղծուած գիրն ու գրուած հայոց պատմութիւնը զտեցին հայութիւնը այն ժամանակ գոյութիւն ունեցող պարսկական գերիշխող քաղաքակրթութիւնից եւ արդիւնքում վերջնականօրէն ձեւաւորուեց հնագոյն արմատներ ունեցող հայ ժողովրդի դիմագիծը, հիմնուեց մեր սեփական հայկական քաղաքակրթութիւնը: Քրիստոնէական կրօնի ազդեցութիւնը այնքան մեծ էր մեր հայրենիքում, որ հայաստանցի լինելը օտարների կողմից նոյնացուեց քրիստոնեայ հասկացութեանը:

Միջազգայնօրէն ընդունուած պատմական փաստ է, որ Հայաստանն աշխարհում հանդիսացաւ առաջին երկիրը, ուր պետականօրէն, ազգովի ընդունուեց քրիստոնէական կրօնը:

Այսպիսով, քրիստոնէութեան բնօրրանը հանդիսացաւ մեր երկիր Հայաստանը:

Հայութիւնն իբրեւ ազգային-կրօնական ցեղային խումբ

Այսօր էլ մենք աշխարհին առաւել չափով ներկայանում ենք քրիստոնէութեան պատմութեան կերտմանը մեր աշխուժ մասնակցութեամբ, մեր եկեղեցական հաստատութիւններով, հայկական Երուսաղէմով, ազգային ինքնութեան հիմնական ներուժ հանդիսացող աշխարհասփիւռ մեր հարիւրաւոր եկեղեցիներով…

Մեր մշակոյթը ամբողջովին ներծծուած է քրիստոնէութեամբ. մեր գրքերն ու կտաւները` նկարազարդ Աստուածաշնչերն ու Նարեկներն են, մեր ճարտարապետութիւնը վանքերն են, երաժշտութիւնը` շարականները…

Թերեւս, որեւէ ազգի վրայ քրիստոնէութիւնն այնքան մեծ ներգործութիւն չի ունեցել, որքան հայ ժողովրդի պարագայում է: Զուր չէ, որ մեր ազգութիւնն անուանել են հայ-քրիստոնեայ:

Հետեւաբար հայութիւնը ազգային-կրօնական ցեղային խումբ է, իսկ հայ ժողովուրդն ու քրիստոնէութիւնը միմեանցից անտրոհելի եւ միմեանց փոխլրացնող բաղկացուցիչներ:

Մարդկութեան հոգեւոր վերածնութեան բնօրրանը              

Մոռանալով այն, որ «մարդը, ինչպէս եւ հասարակութիւնը, կարիք ունի կարգաւորիչ կանոնների» (հայր Իվ Քոնկար), այսօր աշխարհում տեղի են ունենում վտանգաւոր զարգացումներ: Տիրում է լիակատար նիւթապաշտութիւն եւ սպառողական մտածողութիւն: Արեւմուտքում մարդիկ իրենց վարքագծի ամենաթողութեան մէջ են տեսնում առաջընթացի եւ ազատութեան դրսեւորումները: Սեռական ցանկասիրութիւններից ձանձրանալուց յետոյ, հիմա էլ անցել են նոյնասեռ յարաբերութիւններին, ամուսնութիւններին, կազմում են «ընտանիքներ», «որդեգրում» անմեղ երեխաների: Եթէ այսպէս շարունակուի, նորանոր փնտռտուքների արդիւնքում, վաղն էլ կարող են կենդանիների հետ «ամուսնութիւններն» օրինականացնել ու «որդեգրել» մանուկների կամ հորթուկների… կամ էլ` երկուսը միաժամանակ: Մէկ ուրիշ արհաւիրք է կախուած Արեւելքում յանձինս Աստծու անունով հանդէս եկող եւ աներեւակայելի դաժանութիւններ իրագործող մոլագարների հետզհետէ ստուարացող խմբերի: Ակնյայտ է, որ այս ամէնը կարող է տանել դէպի մարդկային ցեղի կործանում, ակնյայտ է նաեւ, որ սրանք անվերջ շարունակուել չեն կարող. գալու է պահը, երբ մարդկութիւնն իր գիտակցական կամ ինքնապահպանութեան բնազդով կը փորձի վերջ դնել նման հակաստուածութիւններին:

Սակայն, առանց Աստծու օգնութեան, մարդն այս գործում յաջողութեան հասնել չի կարող:

Աշխարհում ամենամեծ ազդեցութիւն եւ հետեւորդներ ունեցող կրօնը քրիստոնէութիւնն է: Շատ շատերը թիւրիմացաբար կարծում են, թէ այն ստեղծուել է ծառայելու միայն ծիսական եւ այնաշխարհային նպատակներին: Բայց դա ամենեւին էլ այդպէս չէ, եւ ինչպէս մեր Տէր Յիսուսն է Աւետարանում ասում` «Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ` ողջերի»: Քրիստոնէութիւնը ստեղծուել է ի վերուստ եւ ունի իր կարեւորագոյն բովանդակութիւնը, իր առաքելութիւնը. այն մեզանում երջանիկ հասարակութեան կառուցումն է: Աստուածաշնչում տրուած է այդ ճանապարհը. դա` Աստծու պատուիրանների կատարումն է, Քրիստոսի ուսմունքի կիրառումը մեր կեանքում: Եթէ բոլոր մարդիկ իրագործեն չսպաննելու, չգողանալու, ուրիշի կնոջը, աղջկան, հարեւանի ունեցածին աչք չդնելու աստուածաշնչական օրէնքի պահանջները եւ իրականացնեն ճնշուածին ու կարիքաւորին ձեռք մեկնելու, մերձաւորի հետ կիսուելու, միմեանց սիրելու ու զիջելու մեր Տէր Յիսուս Քրիստոսի յորդորները, ապա, համաձայնուենք, կեանքը բոլորովին այլ երանգներ կը ստանայ:

Ինչո՞ւ չապրել հոգեւոր ներդաշնակութեան մէջ: Մի՞թէ անընդհատ մրցավազքի մէջ գտնուելը, կուտակածը ցուցադրելը, այդ կուտակածը աւելացնելու եւ չկորցնելու համար գիշեր ու ցերեկ տագնապելը, դիմացինին ճնշելը, շահագործելը, վիրաւորելը, արհամարհելը, նուաստացնելը եւ միաժամանակ, կամ էլ մի որոշ ժամանակ անց մէկ ուրիշի կողմից իր կամ իր զաւակների ճնշուելը, շահագործուելը, վիրաւորուելը, առհամարհուելը, նուաստացուելը այդքան հաճելի է, դուրեկան…

Սուրբ Գրքում բազմիցս յիշատակուող երկնքի կամ Աստծու արքայութեան մասին մեր Տէր Յիսուսն ասում է, որ այնտեղ յայտնուելու համար մարդիկ պէտք է նմանուեն մանուկների, եւ մի ուրիշ առիթով էլ` բացատրում, որ այդ արքայութիւնը այստեղ կամ այնտեղ չէ, այլ` մեր իսկ մէջ: Այսինքն երկնքի արքայութիւն մտնելու համար պէտք է ձգտել լինել երեխաների պէս անմեղ` լցուելով ուրիշների հանդէպ պարզութեամբ, սիրով, խոնարհութեամբ եւ այդպիսով հասնել ներդաշնակ ու կատարեալ հոգեվիճակի: Եւ այս հոգեվիճակում, ենթադրւում է, որ պէտք է գտնուել համայնական եղանակով` տեսնելով փոխադարձ հոգատարութեան ու սիրոյ նշանաբանով ապրող համայն մարդկային հասարակութեան ձեւաւորման հեռանկարը: Ազատուելով հոգսերից, տագնապներից, վախից, ատելութիւնից, նախանձից, լարուածութիւնից` մարդ արարածը մարմնով եւս կը լինի առողջ, իսկ այդպիսի խոչընդոտների իսպառ բացակայութիւնը պէտք է որ մեզ հասցնի անմահութեան:

Թերեւս հէնց այսպէս պէտք է պատկերացնել մարդկութեան հոգեւոր փրկութեան կամ վերածննդի, երջանիկ հասարակութեան կամ երկնքի արքայութեան հաստատման մարդկութեան ապագան:

Ի հարկէ սրանք բոլորը աստուածաշնչական, աստուածային գործեր են, բայց չմոռանանք, որ Աստուած երկրի վրայ գործում է մարդկանց ու ազգերի համագործակցութեամբ:

Եւ եթէ որպէս մարդկութեան ստեղծման բնօրրան` Աստուած ընտրեց մեր երկրի տարածքը, եթէ մեղքերի մէջ թաթախուած մարդկային ցեղը կործանելուց յետոյ, նոր կեանքի հնարաւորութեան ընձեռնմամբ, որպէս մարդկութեան ֆիզիքական վերածնութեան բնօրրան` Արարիչը դարձեալ ընտրեց մեր երկրի տարածքը, եթէ որպէս Իր ստեղծած քրիստոնէական երջանկաբեր կրօնի բնօրրան Բարձրեալը կրկին ընտրեց մեր երկիրը, ապա պէտք է հաւատալ, որ որպէս երկրագնդի վրայ երկնքի արքայութեան հաստատման ճանապարհով մարդկութեան հոգեւոր վերածնութեան բնօրրան` Տէրը նորից պիտի ընտրի մեր իսկ ժառանգութիւնը հանդիսացող Արարատի երկիրն ու Իր ուշադրութեանն արժանացած հայութիւնը:

Արժանի լինենք Տիրոջ ուշադրութեանը, որպէսզի մօտենան այդ ժամանակները:

 

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )