ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Սիրիայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողութիւնների պատճառով ռուս-թուրքական յարաբերութիւնների ներկայի անկումն ուղղակիօրէն առնչւում է Հայաստանին: Որքան էլ անիմաստ ու անհեթեթ թուայ, անկախ զարգացումներից` Հայաստանին ձեռնտու չէ ո՛չ ռուս-թուրքական առճակատման խորացումը, ո՛չ էլ ջերմացումը:
Առճակատման խորացումը յանգեցնելու է ՕԹԱՆ-Ռուսաստան յարաբերութիւնների վատթարացման, ինչը, բացի այն, որ առհասարակ յղի է համաշխարհային փխրուն կայունութեանը վերջ դնելու հեռանկարով, նաեւ կարող է յանգեցնել ԼՂ հակամարտութեան գօտում հաստատուած սթաթիւս քոյի փոփոխութեան փորձերի, ընդ որում` ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ռուսաստանի շահագրգռութեամբ: Թուրքիան, մասնաւորապէս, կարող է դրդել Ազրպէյճանին` մեծացնել լարուածութիւնը հայ-ազրպէյճանական սահմանագծին` ընդհուպ տեղական պատերազմների մակարդակի` փորձելով Ռուսաստանի համար ստեղծել Ուքրանիայից, Սիրիայից յետոյ արդէն երրորդ ճգնաժամային գօտին:
Պէտք է նշել, որ Ազրպէյճանին սա ինչ-որ տեղ նոյնիսկ ձեռնտու է` հաշուի առնելով ոչ միայն սթաթիւս քոն փոխելու ընձեռուող հնարաւորութիւնը, այլ նաեւ` հանգամանքը, թէ որքան խորանում է ռուս-թուրքական առճակատումը, այնքան մեծանում է ռուսական կազից Անգարայի հրաժարուելու եւ հայեացքով դէպի Ապշերոնեան թերակղզու քարիւղակազային պահեստները շրջուելու հեռանկարը: Այդ առճակատումը մեծացնում է նաեւ Մոսկուայի հետ շահաւէտ գործարքների գնալու` Պաքուի հնարաւորութիւնը:
Ռուսաստանն, իր հերթին, կարող է շահագրգռուած լինել Հարաւային Կովկասը սիրիական ռազմարշաւի սպասարկման հաղորդակցութեան- փոխադրամիջոցներու միջանցք դարձնելու հարցում: Օրեր առաջ Ազրպէյճան այցելեց Թուրքիայի զինեալ ուժերի գլխաւոր սպայակոյտի պետ, բանակի զօրավար Հուլուսի Աքարը: Այցը տեղի ունեցաւ այն տեղեկատուութեան խորապատկերին, թէ ռուսական կործանիչները հէնց Ազրպէյճանի օդային տարածքով են հասել Սիրիա: Ամենայն հաւանականութեամբ, Թուրքիայի զինեալ ուժերի գլխաւոր պետի այցի նպատակներից մէկը եղել է Պաքուի օգնութեամբ այդ միջանցքը փակելուն հասնելը:
Դրան ի պատասխան, Ռուսաստանը Սիրիայում ահաբեկչական խմբաւորումների ռազմական թիրախներին հարուածներ հասցրեց Կասպից ծովի իր հրթիռակիր նաւատորմից արձակուած թեւաւոր հրթիռներով` փորձելով հասկացնել, որ նման սահմանափակումներն անիմաստ են: Ռուս վերլուծաբան Սթանիսլաւ Թարասովը «Ռեկնում»-ում տեսակէտ է հնչեցրել, թէ չի բացառւում, որ Սիրիայում իր գործողութիւններն արդիւնաւէտ շարունակելու համար Ռուսաստանը Ստեփանակերտի օդակայանն օգտագործելու անհրաժեշտութիւնն ունենայ: Դժուար է ասել` որքանով է Թարասովն արտայայտում Մոսկուայի ցանկութիւնը: Բայց եթէ Մոսկուայում նման հեռանկար տեսնում են, ապա դա չի կարող այլ բան նշանակել, քան` առնուազն օդուժի մասով ԼՂ-ում ռուսական ներկայութեան ապահովման նախատեսում: Քայլ, որը Պաքուի, Անգարայի եւ Ուաշինկթընի թիկունքում անելիս կարող է Հարաւային Կովկասը վերածել ինչպէս ռուս-թուրքական, այնպէս էլ ռուս-արեւմտեան առճակատման նոր թատերաբեմի:
Մինչդեռ Հարաւային Կովկասը սիրիական գործողութեան սպասարկող յենակէտ դարձնելու համար նման արկածախնդրութեան գնալու կարիք Ռուսաստանը չունի: Նրան փաստացի ոչինչ չի խանգարում ցանկութեան դէպքում Ստեփանակերտի օդակայանի փոխարէն` օգտագործել Երեւանի «Էրեբունի» օդուժի խարիսխը, որը, ինչպէս յայտնի է, 2013թ. յանձնուեց Հայաստանում ռուսական ռազմական ուժերին: Այսինքն փոքր չէ հաւանականութիւնը, որ Հայաստանը միջնորդաւորուած կերպով դառնայ սիրիական հակամարտութեան ակամայ մասնակից: Դա գուցէ որոշակիօրէն բարձրացնէր Հայաստանի քաղաքական կշիռը, եթէ տեղի ունենար ամերիկեան հակաահաբեկչական քոալիսիոնի հետ Ռուսաստանի համագործակցութեան, ոչ թէ դիմակայութեան ներքոյ:
Չնայած այս ամէնին` շատ աւելի հաւանական է թւում, որ ռուս-թուրքական յարաբերութիւններն սկսեն բարելաւուել: Յատկապէս` Միացեալ Նահանգներից համապատասխան օժանդակութիւն չստանալու պարագայում եւ Սիրիայի կառավարական զօրքերի հակայարձակման յաջող ընթացքի դէպքում Անգարան, վաղ, թէ ուշ, ստիպուած է լինելու համակերպուել իր քթի տակ, իր շահերի գօտում Մոսկուայի հանգրուանելու փաստի հետ եւ փորձելու է իրավիճակից դուրս գալ նուազագոյն կորուստներով` Ռուսաստանի հետ շահերի գօտիների նոր վերաձեւումների շուրջ պայմանաւորուածութիւնների հասնելով: Մանաւանդ որ, ի դէմս Ռուսաստանի, Թուրքիան մի կողմից կարող է կորցնել երկիր, որի հետ յարաբերութիւնների խորացումը պարբերաբար օգտագործում է Արեւմուտքում իր կշիռը բարձրացնելու, այնտեղից քաղաքական ու տնտեսական շահեր ու զիջումներ պոկելու համար, իսկ միւս կողմից` ձեռք բերել երկիր, որը սիրիական խաղում կարող է վերջնական սնանկացման յանգեցնել Թուրքիային եւ ամենատարբեր միջոցներով խթանել քրտական տարրի դիմադրութիւնը հէնց Թուրքիայի ներսում ու նրա շուրջը:
Իր հերթին, Ռուսաստանը չի ցանկանում, ի դէմս Թուրքիայի, կորցնել մի երկիր, որը ոչ միայն այս պահին իր արտահանուող կազի սպառող, այլեւ Եւրոպական Միութեան գործընթացի պարագայում հաւանական տարանցիկ երկիր է: Այսինքն չի բացառւում, որ այս լարումը մարզավարական է, ժամանակաւոր բնոյթ ունի, ինչին յաջորդելու է ջերմացման փուլը:
Իսկ նման ջերմացումները, ինչպէս յայտնի է, Հայաստանի համար շատ թանկ են արժենում: Այս իմաստով, թերեւս, լաւագոյն տարբերակը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, այսպէս կոչուած, կառավարելի լարուածութեամբ ուղեկցուող կամ չափաւոր սառը յարաբերութիւններն են` փոխադարձ անվստահութեան` որքան հնարաւոր է երկարատեւ պահպանմամբ: Դա անորոշ ժամանակով ի չիք կը դարձնի ռուս-թուրք-ազրպէյճանական լծակցութեան ստեղծումը, կը դառնայ հարաւկովկասեան տարածաշրջանում յարաբերական կայունութեան եւ սթաթիւս քոյի պահպանման երաշխիքը, Ռուսաստանի համար կը նուազեցնի այս կամ այն կերպ Հայաստանին սիրիական մղձաւանջի մէջ ներքաշելու կարիքը եւ Երեւանի կողմից արտաքին նպատակային քաղաքականութիւն վարելու դէպքում կը մեծացնի Հայաստանի` իբրեւ իրապէս գործընկերոջ ռազմավարական նշանակութիւնը ռուսական վերնախաւի ընկալումներում: