«ԱՆԿԱԽ»
Երկու տարի առաջ Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը (ՔԱԿ) եւ Թուրքիայի կառավարութիւնը հրադադարի մասին համաձայնագիր էին ստորագրել, սակայն 2015 թ. յուլիսին, երբ թուրքական օդուժը սկսեց հարուածներ հասցնել Քրտական աշխատաւորական կուսակցութեան` ՔԱԿ-ի եւ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դիրքերին` գործողութիւններն անուանելով «ահաբեկչութեան դէմ միաժամանակեայ պատերազմ», թուրք-քրտական բախումները վերսկսուեցին:
Այսպիսով խախտուեց քրտերի եւ Թուրքիայի միջեւ զինադադարը, որը տեւեց երկու տարի, եւ որի նպատակն էր վերջ դնել երեք տասնամեակ տեւող հակամարտութեանը: Սեպտեմբերի 6-ին Հաքքարիում 16 թուրք զինծառայող սպաննուեց, սեպտեմբերի 7-ին Իգտիրում ՔԱԿ-ը իրականացրեց հուժկու պայթիւն, որի պատճառով սպաննուեց 14 թուրք ոստիկան, եւս 2-ը վիրաւորուեցին: Իգտիրում պայթիւնից յետոյ Տաւութօղլուն խոստացաւ «մաքրել լեռները ահաբեկիչներից»:
Երկրում ստեղծուած իրադրութեան շուրջ յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը` կոչ անելով Թուրքիայի հարաւարեւելեան շրջանների ժողովրդին դուրս գալ ՔԱԿ-ի դէմ: Սրանից յետոյ Թուրքիայում սկսուեցին զանգուածային բողոքի ցոյցեր, թուրքական մամուլի բնորոշմամբ, «ՔԱԿ-ի ահաբեկչական արշաւի դէմ»: Հազարաւոր մարդիկ դուրս եկան փողոց:
Բողոքի երթերի ժամանակ քրտական կուսակցութեանը պատկանող կենտրոնական գրասենեակները, շէնքերը, քիւրտ գործարարներին պատկանող խանութները դարձան թուրք ամբոխի թիրախ: Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի քրտամէտ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան Անգարայի եւ կենտրոնական Անատոլիայի գրասենեակները ենթարկուեցին թուրք ազգայնականների յարձակման: Նմանատիպ յարձակումների են ենթարկուել նաեւ կուսակցութեան այլ գրասենեակներ: Ըստ տարածուած լուրերի, սեպտեմբերի 7-8-ի ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում յարձակումներ տեղի ունեցան կուսակցութեան պատկանող 128 շէնքերի վրայ:
Սեպտեմբերի 8-ի անկարգութիւնների ընթացքում յարձակման թիրախ դարձան նաեւ թուրքական «Հիւրրիյէթ» եւ «Տէյլի Սապահ» թերթերի խմբագրութիւնները: «Հիւրրիյէթ»-ի խմբագրութեան վրայ յարձակման պատճառն այն էր, որ թերթը հրապարակել է նախագահ Էրտողանի հակասական յայտարարութիւնները թուրք զինծառայողների մահուան եւ ընտրութիւնների մասին, ինչի կապակցութեամբ Էրտողանը պնդում էր, թէ իր յայտարարութիւնը պարունակից դուրս է ներկայացուել ու աղաւաղուել:
Քրտական կուսակցութեան համանախագահ Ֆիկեն Եուքսեքտաղը սեպտեմբերի 8-ին հրաւիրեց մամուլի ասուլիս եւ նախազգուշացրեց, որ վերջին բռնութիւնները «վտանգաւոր քայլ են քաղաքացիական պատերազմի սկսման ուղղութեամբ»:
Թուրքիայում քրտերի եւ թուրքերի միջեւ պայքարի աշխարհագրութիւնն օր-օրի ընդլայնւում է, եւ քաղաքացիական պատերազմի նախադրեալներն արդէն իսկ ակնառու են: Այս զարգացումները շատ վտանգաւոր միտում ունեն մեզ` հայերիս համար, քանի որ եղան նաեւ դէպքեր, երբ քրտերի վրայ յարձակումների ժամանակ ամբոխը նրանց անուանեց «հայ»` թիրախ դարձնելով նաեւ հայութեանը:
Այսպէս թէ այնպէս, վերլուծաբաններն այս ամէնը պայմանաւորում են նաեւ նոյեմբերին Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ ընտրութիւններով: Յունիսին կայացած ընտրութիւնների ժամանակ որեւէ կուսակցութիւն չէր ստացել ձայների մեծամասնութիւն, եւ քոալիսիոն ձեւաւորելու հարցը մնացել էր առկախ: Հասկանալու համար, թէ ի՛նչ իրավիճակ է այսօր տիրում Թուրքիայում, ի՞նչ գործընթացներ են զարգանում, ո՞ւր կարող են հասցնել դրանք եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու համար «Անկախը» զրուցել է թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Պետրոսեան, ներկայացրէք ձեր դիտարկումները այսօր Թուրքիայում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Թուրքիայում ստեղծուած մերօրեայ իրավիճակն ինքնին նոր ու աննախադէպ չէ: 80-ական կամ 90-ականներին թուրքական ուժայինների եւ քիւրտ զինեալների միջեւ բախումները շատ աւելի արիւնալի եւ լայնածաւալ էին, նաեւ աւելի խոշոր ծաւալներով էին ընդգրկում քաղաքացիական անձանց: Այս դէպքում իրավիճակին իւրայատկութիւն է հաղորդում այն, որ կողմերի միջեւ բախումները սկսուեցին 2 տարուայ դադարից յետոյ եւ թուրքական իշխանութիւնների «Քրտական նախաձեռնութեան» ընթացքում: Իրավիճակը կարեւորւում է նաեւ տարածաշրջանային գործընթացներով, նաեւ նրանով, որ Թուրքիան սեփական տարածքից դուրս եւս թիրախում է պահում քրտերին` փորձելով ամէն կերպ խանգարել երկրի սահմանների մօտ քրտական ինքնավարութիւնների կամ պետականութեան ստեղծմանը: Այսպիսով, մեր օրերում քրտական հարցն առաւել սուր է դրուած ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին ճակատում:
Հ.- Ո՛վ ի՞նչ է շահում նման իրավիճակում եւ ո՛վ ի՞նչ կորցնում:
Պ.- Որոշակի կրաւորականութիւնից եւ երկամեայ զինադադարից յետոյ Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը կրկին թատերաբեմ է վերադառնում` ցոյց տալով, որ շարունակում է աշխուժ դերակատար մնալ եւ պահպանում է «թուրքական պետութիւնից քրտերի պաշտպանի» կարգավիճակը: Թուրքիայում ստեղծուած իրավիճակից կարող են օգտուել նաեւ նախագահ Էրտողանը եւ տէ ֆաքթօ նրա կողմից ղեկավարուող իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը, քանի որ առկայ պայմանները կարող են հող նախապատրաստել քրտական քաղաքական ուժերը, տուեալ դէպքում` Ժողովուրդների ժողովրդավարութիւն կուսակցութիւնը շարքից հանելու համար: Թուրքական պետութիւնը քրտական կուսակցութիւններն արգելելու զգալի փորձ ունի: Միւս կողմից` առկայ իրավիճակում Էրտողանը կարող է աւելի շատ յոյս դնել ազգայնական կողմնորոշում ունեցող ընտրողների ձայների վրայ, թէեւ աւանդաբար Էրտողանին ձայն տուող քիւրտ ընտրողների կորուստ եւս կը լինի: Ամէն դէպքում, Էրտողանը, վերջին տարիներին քրտական հարցում վարելով փափուկ քաղաքականութիւն, կրկին վերադառնում է ուժային միջոցների: Իսկ Էրտողանի փափուկ քաղաքականութեան հետեւանք է նաեւ այն, որ Ժողովուրդների ժողովրդավարութիւն կուսակցութիւնը ոչ միայն անցաւ Թուրքիայի Ազգային մեծ ժողով, այլ դարձաւ գլխաւոր պատճառը, որպէսզի թուրքական խորհրդարանում ԱԲԿ-ն մեծամասնութիւն չկազմի եւ միակուսակցական կառավարութիւն չձեւաւորի:
Հ.- Թուրքիայում ծաւալուող իրադարձութիւնները դիտարկենք մեզ` հայերիս վրայ հնարաւոր անդրադարձի տեսանկիւնից. այդ ամէնը հայերիս վրայ ինչպէ՞ս կ՛անդրադառնայ:
Պ.- Թուրքիայում ներկայիս գործընթացները ոչ միայն մեծագոյն հետաքրքրութիւն եւ կարեւորութիւն են ներկայացնում մեզ համար, այլեւ ուղղակի ու անուղղակի առնչւում են մեզ եւ մեր շահերին: Առաջ է գալիս նաեւ պատմական տողատակ: Մասնաւորապէս պահանջատիրութեան տեսանկիւնից պէտք է հասկանանք, որ բախման երկու բեւեռներում պահանջատիրութեան երկու հասցէատէրերն են` թուրքերն ու քրտերը, իսկ զարգացումներն էլ մեր պատմական հայրենիքի տարածքում են` իրենց բոլոր հետեւանքներով հանդերձ:
Հ.- Թէեւ Թուրքիայում ներքին խմորումները դեռ շարունակւում են, փորձենք հասկանալ` ի՞նչ հնարաւոր զարգացումներ կարելի է սպասել:
Պ.- Կարծում եմ` պէտք է սպասել նոյեմբերին կայանալիք ընտրութիւններին, որից յետոյ արդէն որոշակի պատկերացում կազմելը հնարաւոր կը լինի: Նախկին դէպքերը հնարաւորութիւն են տալիս կանխատեսելու, որ ընտրութիւններին ընդառաջ` թուրքական բանակի եւ քիւրտ զինեալների միջեւ բախումները կը նուազեն: Ընտրութիւնների ընթացքն ու արդիւնքները կարող են առանցքային դեր ունենալ: Էրտողանի խնդիրն է լինելու փակել քրտական քաղաքական ուժի մուտքը խորհրդարան, եւ դա կարող է յանգեցնել պայթիւնավտանգ իրավիճակի, քանի որ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը ցոյց է տուել` կարողանում է միաւորել քրտերին եւ քաղաքական ինքնագիտակցութեան տեսանկիւնից առաջքայլ է ապահովել: Իսկ ՔԱԿ-ի գործողութիւնների հետ արդէն կազմակերպուած քաղաքական ուժի համադրումը կարող է լրջագոյն խնդիրներ ստեղծել Անգարայի համար: Այնպէս որ, ամէն ինչ դեռ առջեւում է: