ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Օրեր առաջ Սիրիայում գտնուող ռուսական կործանիչների կողմից Թուրքիայի օդային սահմանն անցնելու խնդրին Անգարան եւ ՕԹԱՆ-ն այնպիսի հնչեղութիւն են տուել, կարծես խօսքը ոչ թէ սահմանը հատելուն է վերաբերում, այլ` ռուսական ռազմաօդային ուժերի կողմից յարձակման կամ ռմբակոծման ենթարկուելուն: Անգարայում Ռուսաստանի դեսպանը բացատրութիւններ տալու համար երկու անգամ կանչուեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւն, վարչապետ Ահմետ Տաւութօղլուն անվտանգութեան խորհրդի նիստ հրաւիրեց, Անգարայի նախաձեռնութեամբ հրաւիրուեց ՕԹԱՆ-ի խորհրդի արտակարգ նիստ, որից յետոյ Հիւսիսատլանտեան դաշինքը հանդէս եկաւ Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի գործողութիւնները քննադատող յայտարարութեամբ: Հիւսիսատլանտեան դաշինքի գլխաւոր քարտուղար Իենս Սթոլթենպերկը յայտարարեց, որ ՕԹԱՆ-ն պատրաստ է զօրք ուղարկել Թուրքիա` անհրաժեշտութեան դէպքում նրան «հարաւային ուղղութիւնից եկող սպառնալիքից» պաշտպանելու համար: Թուրքիայի նախագահ Ռեճեփ Էրտողանը, ով աւելի վաղ յայտարարել էր, թէ Թուրքիայի հետ խնդիրներ ունենալը նոյնն է, թէ խնդիրներ ունենալ ՕԹԱՆ-ի հետ, Ճափոն մեկնելիս սպառնացել է վերանայել Ռուսաստանից կազ գնելու որոշումը, ինչպէս նաեւ հրաժարուել «Աքքույու» հիւլէական կայանի շինարարութիւնը ռուսական ընկերութիւնների միջոցով իրականացնելու նախագծից:
Անգարան եւ Հիւսիսատլանտեան դաշինքը միջադէպերի խնդիրը շարունակում են սրել անգամ այն բանից յետոյ, երբ Ռուսաստանը պատրաստակամութիւն յայտնեց հետագայում նման դէպքերից խուսափելու համար խորհրդակցութիւններ սկսել թուրքական կողմի հետ` փաստացի հասկացնելով, որ ցանկութիւն չունի փչացնելու Անգարայի հետ յարաբերութիւնները: Չնայած նրան, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փեսքովը յայտարարել էր, թէ այդ միջադէպերը, ինչպէս նաեւ Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբաւորումների դէմ Ռուսական ռազմաօդային ուժերի գործողութիւնները չեն փչացնի Մոսկուայի եւ Անգարայի` բաւական խոր հիմքեր ունեցող յարաբերութիւնները, Էրտողանն «անլուրջ» է որակել Թուրքիայի սահմանը խախտելու վերաբերեալ Մոսկուայից հնչող բացատրութիւնները:
Ակնյայտ է, որ Ռուսաստանը Թուրքիայի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը որեւէ սպառնալիք չի ներկայացնում, եւ Անգարայի ու ՕԹԱՆ-ի բարձրացրած աղմուկը չափազանցուած է ու անհիմն: Ռուսական ինքնաթիռների սահմանախախտման խնդիրը Անգարայի սրելուց յետոյ Ռուսաստանը Կասպից ծովի իր նաւատորմի 4 հրթիռակիր նաւերից արձակուած հեռահար խոցման թեւաւոր հրթիռներով հոկտեմբերի 6-ին հարուածներ հասցրեց «իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման ենթակառուցուածքներին: Դրա նպատակներից մէկը Անգարային հասկացնել էր, որ ռազմական ինքնաթիռների կողմից սահմանի խախտումը ոչինչ չի նշանակում, եւ ցանկութեան դէպքում Մոսկուան կարող է Սիրիայում իր խնդիրները լուծելու համար նաեւ այլ զինատեսակներ օգտագործել:
Ներգրաւուելով սիրիական ճգնաժամում` Ռուսաստանը սպառնում է Թուրքիայի կենսական շահերին մերձաւորարեւելեան տարածաշրջանում: Հէնց այս սպառնալիքն է, որ ստիպում է գլուխը կորցրած Անգարային դիմել յուսահատ այնպիսի քայլերի, ինչպիսին տեղի ունեցածը Ռուսաստանի կողմից իր տարածքի նկատմամբ իբրեւ յարձակողապաշտութեան դրսեւորում ներկայացնելն է: Խնդիրն այն է, որ Սիրիա Ռուսաստանի «ներխուժման» եւ Պաշշար Ասատի վարչակարգին ռազմական աջակցութեան ցուցաբերման յաջողութեան դէպքում Թուրքիան կանգնում է սկսած սիրիական խաղը բոլոր ճակատներում տանուլ տալու վտանգի առջեւ: Զարգացումների նման ընթացքի դէպքում Անգարան կարող է կորցնել վերահսկողութիւնը Սիրիայի հիւսիսային շրջանների եւ դրանցով անցնող հաղորդակցութեան հանգոյցների նկատմամբ, զրկուել բաւական շահաւէտ պայմաններով Ի. Պ.-ի հետ քարիւղային ստուերային գործարքների հնարաւորութիւնից, ահաբեկչական խմբաւորումների նահանջի դէպքում մենակ մնալ Իրաքի, Սիրիայի եւ իր իսկ ներսում քրտական զինեալ խմբաւորումների ահռելի ուժի դէմ, կանգնել իր հարաւային սահմանին ռուսական նոր ռազմական խարիսխի ստեղծման փաստի առջեւ:
Դրանցից խուսափելու միակ քաղաքական միջոցը ՕԹԱՆ-ի միջամտութեանն ապաւինելն է եւ նրա ճնշման ներքոյ Ռուսաստանին Սիրիայից դուրս մղելը: Դժուար է հաւատալ, որ նման իրավիճակում Թուրքիան իրեն թոյլ կը տայ մտնել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական առճակատման մէջ: Վարչապետ Տաւութօղլուն օրերս յայտարարեց, որ նպատակն ամենեւին դա չէ: Առարկայականօրէն նման առճակատումը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ այն տեղի ունենայ Ռուսաստան-Միացեալ Նահանգների տիրոյթում: Իսկ այստեղ կողմերից ոեւէ մէկն առայժմ Ռուպիքոնն անցնել չի ցանկանում:
Եւ, այնուամենայնիւ, թուրքական այս ջղագարութիւնը, ինչպէս նաեւ ՕԹԱՆ-ի նեարդային արձագանգը բացայայտում են մի քանի հետաքրքրական շերտեր: Առաջին` երբ Թուրքիան համարում է, որ Մոսկուան իր շահերի ու հետաքրքրութիւնների գօտի է ներխուժել, որի իրաւունքը չունէր, ապա ակամայ խոստովանում է, որ Սիրիան Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների միջեւ բաժանուած է եղել ազդեցութեան գօտիների, եւ Սիրիայի հիւսիսային շրջանները յանձնուած են եղել Թուրքիայի ամբողջական հայեցողութեանը: Այս նախատեսուող զուգութիւնն է, փաստօրէն, իր «ներխուժմամբ» խախտում Ռուսաստանը:
Երկրորդ` եթէ իսկապէս այդպէս է, ապա բացայայտւում է դարի` գուցէ ամենանողկալի գործարքներից մէկը` յանուն նոր մերձաւորարեւելեան սթաթիւս քոյի` քրտական հարցի լուծումն ամբողջութեամբ Թուրքիայի հայեցողութեանը թողնելը: Թերեւս հէնց այդ պայմանով Անգարան ամռանը համաձայնեց ամերիկեան ռազմական օդուժի առջեւ բացել Ինճիրլիքի, Պաթմանի (Սասուն), Տիգրանակերտի ռազմաօդային խարիսխները: Պատահական չէ, որ Իրաքի եւ Սիրիայի հիւսիսային շրջաններում տեղակայուած քրտական զինեալների ճամբարներին հարուածները թուրքական ռազմաօդային ուժերն սկսեցին դրա շուրջ համաձայնութիւնների ձեռք բերումից յետոյ: Այլ կերպ ասած` Թուրքիային հետ համաձայնութեան գինը եղել է քրտական տարրի դէմ Թուրքիայի սանձազերծելիք պատերազմի եւ այդ հարցն արեան մէջ խեղդելու նկատմամբ աչք փակելը: Իրավիճակ, որ այնքան շատ է յիշեցնում Ի. դարասկզբի հայկական ողբերգութիւնը:
Երրորդ` Ռուսաստանի անակնկալ ներխուժումը խառնում է Սիրիան կիսելու եւ Իրաքի ու Սիրիայի տարածքներում նոր, քաոսային սթաթուս քոյ հաստատելու` թուրք-ամերիկեան ծրագրերը: Հիմա վերջիններս ստիպուած են լինելու տարածաշրջանի նոր քարտէզագրման մէջ տեղ գտնել Ռուսաստանի համար, որը եկել է պաշտպանելու իր ռազմական յենակէտերը Թարթուսում եւ Լաթաքիայում, վերադարձնելու կորցրած դիրքերը Մերձաւոր Արեւելքում եւ ճեղքելու իր նկատմամբ կիրառուող քաղաքական շրջափակումը: Ի դէպ, բոլորովին չի կարելի բացառել, որ թուրքական այս աճող ջղագարութեան նպատակը, նաեւ` իբրեւ նուազագոյն ձեռքբերում, Ռուսաստանից Սիրիայի հիւսիսային շրջանների նկատմամբ վերահսկողութեան «մանտաթ» լիազօրութիւն ստանալն է: