Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Քիւրտ Պատմաբանը Քիւրտ-Հայկական Յարաբերութիւնների Բարդ Հանգոյցի Ընկերային-Տնտեսական, Ազգային Եւ Կրօնական Բաղադրատարրերի Մասին

Հոկտեմբեր 16, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՓՐՈՖ. ՆԻԿՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Քիւրտ-հայկական յարաբերութիւնները ներկայացնում են մի  վերին աստիճանի  բարդ հանգոյց, որը պահանջում է համակողմանի քննարկում` հաշուի առնելով  բոլոր հանգամանքները: Դա խիստ անհրաժեշտ է  Օսմանեան կայսրութիւնում իրականացուած  Հայոց ցեղասպանութեան  բոլոր գործօնների, այդ թուում եւ քրտական, հաշուի առնելու  եւ պարզաբանելու տեսանկիւնից: Մանաւանդ այժմ, երբ համաշխարհային մակարդակով նշւում է քսաներորդ դարի առաջին ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցը:

Այդ առումով գիտական մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում հէնց իրենց`  քրտերի, յատկապէս քիւրտ մտաւորականութեան, քիւրտ պատմաբանների դիրքորոշումը եւ նրանց տեսակէտների  պարզաբանումը Հայոց ցեղասպանութեան հարցում` նկատի ունենալով քրտական գործօնի բացասական դերակատարումը երիտթուրքերի կողմից ծրագրաւորուած հայոց ցեղասպանութեան իրականացման  մէջ: Ճիշդ է, նման  քիւրտ հեղինակները սակաւաթիւ են, ուղղակի կարելի է նրանց մատների վրայ հաշուել, բայց , այդուհանդերձ, կան նման պատմաբաններ, որոնք հայ-քրտական յարաբերութիւնների եւ Հայոց ցեղասպանութեան հարցերը քննարկելիս ձգտում են մնալ գիտականութեան  հողի վրայ եւ խնդիրը լուսաբանել առարկայականօրէն: Դրանց մէջ առաջին հերթին ուշադրութեան է արժանի փրոֆէսէօր Քամալ Մազհար Ահմատը եւ նրա հեղինակած «Քրտստանն Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին» հետաքրքիր աշխատութիւնը, որը արաբերէն լեզուով լոյս է տեսել Պաղտատում դեռեւս  1977 թուականին: Նա երկար տարիներ եղել է Պաղտատի համալսարանի փրոֆեսէօր, ի տարբերութիւն բազմաթիւ քիւրտ հեղինակների, ինչպէս նաեւ` քաղաքական, կուսակցական եւ հասարակական գործիչների, որոնք շրջանցում են այդ սուր հարցը,  չի խուսափում  ճշմարտացիօրէն լուսաբանել  քիւրտ-հայկական յարաբերութիւնների բնոյթը, այդ բարդ հանգոյցի  բոլոր բաղադրամասերը, հիմնաւորում իր մօտեցումները, խստօրէն դատապարտում  քիւրտ աւատապետ-շէյխերի  ու ցեղապետների  գործողութիւնները,  որոնք մասնակցել են  հայկական կոտորածներին, ապա նաեւ` Հայոց ցեղասպանութեանը:

Քամալ Ահմատի վերոնշեալ  ուսումնասիրութիւնը պարունակում է յատուկ ենթաբաժիններ` նուիրուած քրտերի մասնակցութեանը 1894-1896թթ. հայկական կոտորածներին եւ  1915թ. Հայոց ցեղասպանութեանը: Նա քրտական գործօնը, նրա ազդեցութիւնը բաժանում է երկու կարգի քրտերին եւ հայերին բաժանող  եւ նրանց մերձեցնող  գործօնների, հանգամանօրէն քննարկելով  դրանցից իւրաքանչիւրը:

Քրտերին եւ հայերին բաժանող գործօններից  քիւրտ պատմաբանն առաջին հերթին  նշում է կրօնական գործօնը: «Կրօնը,- գրում է նա,- այն գործօններից մէկն էր, որը բաժանում էր նրանց»: Նա  այն կարծիքն է յայտնում,  որ կրօնական գործօնն իրեն չէր դրսեւորել, քանի դեռ չէր  դրսեւորուել մէկ այլ գործօն, որը, ինչպէս նշում է նա, դարձաւ քիւրտ-հայկական հակասութիւնների յարաբերութիւնների  իսկական պատճառը: «Այստեղ  կար ուրիշ գործօն,- գրում է Քամալ Ահմատը,- որը երկու ժողովուրդներին բաժանում էր միմեանցից հայերը,  համեմատած քրտերի հետ, աւելի զարգացած էին»: Բարձր գնահատելով հայերի ստեղծած քաղաքակրթութիւնը` քիւրտ պատմաբանն ընդգծում է, որ` բազմաթիւ պատճառների իբրեւ հետեւանք` Հայաստանը Քրտստանից շատ աւելի վաղ ներգրաւուեց դրամատիրական շուկայի մէջ եւ այդ պատճառով  նոր յարաբերութիւնները հայկական հասարակութեան մէջ  առաջացան աւելի վաղ, քան` քրտականում»: Ի յաւելումն, նա  նշում է, որ արհեստագործական-տնայնագործական  արտադրութիւնը եւ առեւտուրը  Քրտստանում  գտնւում էր հայերի ձեռքում, որոնց դիմում էին քրտերն անհրաժեշտութեան դէպքում: Հայերը դառնում են  դրամական վարկերի եւ  փոխատուութիւնների գլխաւոր աղբիւրը, իսկ քրտական արհեստագործական արտադրութիւնը չէր կարող  մրցել հայերի հետ; Եւ այդ կապակցութեամբ, Քամալ Ահմատն ըդգծում է, որ  քիւրտ աւատապետները  բռնութիւններ էին կիրառում  եւ հալածում հայ  առեւտրականներին , որպէսզի  նրանց չվերադարձնեն նրանցից վերցրած պարտքը:  Քամալ Ահմատի կարծիքով, դրա պատճառով, տարբեր ժամանակներում, հայ ժողովրդի արդարացի  ազատագրական շարժումը  պատճառ հանդիսացաւ, որ քրտերի մօտ որոշ վախ առաջանայ  նրա (հայերի ազատագրական  շարժման-Ն.Հ.)  ապագայ հետեւանքների  նկատմամբ»:

Այսպիսով, ըստ քիւրտ պատմաբանի, քրտերին եւ հայերին բաժանող  գործօնը բաղկացած էր երեք տարրերից` ա) կրօնական, բ) զարգացման բարձր  (հայեր )  եւ  ցածր  (քրտեր ) մակարդակներ եւ գ)   քրտական աւատապետական աւագանու եւ երիտասարդ  հայկական քաղքենիութեան  միջեւ առաջացած հակասութիւններ:

Ինչ վերաբերում է քրտերին եւ հայերին մերձեցնող գործօններին, ապա Քամալ Ահմատն առաջին հերթին  մատնանշում է այն պատմական իրողութիւնը, որ  երկու ժողովուրդները դարեր շարունակ  ենթարկուել են  ճնշումների` սեֆեան  իրանական շահերի եւ  օսմանեան թուրքական սուլթանների տիրապետութեան տակ,  եւ ընդգծում, որ` «կասկած չկայ, որ  այդ իրավիճակը  միաւորում էր հայերի եւ քրտերի զարգացմունքները»:

Նա որպէս մերձեցնող գործօն է  համարում  նաեւ այն պարագան, որ ե՛ւ հայ, ե՛ւ քիւրտ  գիւղացին հարկ էին մուծում  միեւնոյն օսմանական գանձարանը, ինչն  ամէն օր դառնում էր աւելի ու աւելի ծանր:  Բայց հէնց այստեղ էլ նա  արդարացիօրէն աւելացնում է,  որ օսմանեան սուլթանների թողտուութեամբ, յատկապէս սուլթան Ապտուլ Համիտ II-ի կառավարման շրջանում, քիւրտ աւատապետները սաստիկ ճնշում էին հայ գիւղացիներին: Նա խօսում է այն ծանր հարկերի, այդ թւում եւ  «անհաւատների վրայ հարկերի»  մասին, որ քիւրտ աւատապետները եւ աղաները գանձում էին կեաւուր հայերից, նրանց դաժանութիւնների եւ կամայականութիւնների մասին: Այդ կապակցութեամբ Քամալ Ահմատը կատարում է երկու կարեւոր  դիտարկում:

Առաջին, Օսմանեան կայսրութիւնում «գոյութիւն ունեցող  պայմանները մեծապէս նպաստում էին  քրտական աւատապետականների վերոնշեալ գործողութիւններին, իսկ սուլթան Ապտուլ Համիտը  ոչ միայն հրահրում էր նրանց, այլեւ ցոյց տալիս ֆինանսական եւ իրաւական  օգնութիւն, որպէսզի քրտերը գրաւէին հայերի հողերը»:

Երկրորդ, կրօնական տարբերութիւնը եւ հայերին անհաւատներ`«կեաւուրներ» համարուելու հանգամանքը , քրտական աւատապետականների,  աղաների տեսանկիւնից թոյլատրելի էր  դարձնում  բռնութիւնների կիրառումը հայերի  նկատմամբ: Դրա հետ միասին Քամալ Ահմատը կիսում է ռուս ականաւոր թուրքագէտ Վ. Կորտլեւսքու տեսակէտը, որ թուրքերը քրտերին հրահրում էին  ընդդէմ հայերի,  քանի որ` «թշնամութիւնը  հայերի եւ քրտերի միջեւ յօգուտ նրանց շահերի էր, որովհետեւ  թուրքական կառավարութիւնը վարում էր  «բաժանիր, որ տիրես»-ի քաղաքականութիւնը»:

Այդ բոլորից յետոյ Քամալ Ահմատը եզրակացնում է, որ` «հայկական  ջարդերի մէջ քրտերի դերն ուսումնասիրելու համար հարկ է նկատի ունենալ  այդ բոլոր գործօնները, այդ բոլոր պատճառները միասին  վերցրած», որի հետ դժուար է չհամաձայնուել:

Անդրադառնալով քրտերի մասնակցութեանը 1915թ.  Հայոց ցեղասպանութեանը` Քամալ Ահմատն առանց դոյզն իսկ կասկածելու  հաստատում է, որ` «Մեծ ցաւով  պէտք է նշել, որ քրտերն այս կամ այն չափով, գիտակցաբար,  թէ անգիտակցաբար, ուրիշների կողմից հրահրուած,  թէ կանխամտածուած,  մասնակցել են այդ սպանդին»: Կատարելով այդ կարեւոր եզրակացութիւնը` նա  միաժամանակ արդարացիօրէն  բողոքում է  ընդդէմ այն բանի, որ թուրք  գործիչները  ջանում են  հայկական   ջարդերի համար  ամբողջ պատասխանատուութիւնը գցել քրտերի վրայ եւ դա կապել քրտերի յետամնացութեան եւ  ծայրայեղականութեան հետ, թէեւ նա էլ չի ժխտում, որ քրտերը յետամնաց էին եւ  ինչ-որ տեղ եւ ինչ-որ չափով նաեւ մոլեռանդ են եղել: Նա ուղղակի գրում է. «Հէնց սկզբից պէտք է խոստովանել, որ կոյր կրօնական մոլեռանդութիւնը եւ քաղաքակրթական յետամնացութիւնն այն երկու գլխաւոր  պատճառներն էին, որոնք քրտերի մեծամասնութեանը մղում էին կեաւուրների (իմա` հայերի – Ն.Հ.) սպանութեանը»:

Քիւրտ հեղինակը կատարում է եւս մէկ կարեւոր դիտարկում, առ այն, որ հարիւրաւոր տարիների ընթացքում  հայերի եւ քրտերի միջեւ, քրտերի եւ ասորիների միջեւ չեն եղել արիւնալի տրամաներ»:

Այդ դէպքում, ո՞րն է դրա պատճառը:

Քամալ Ահմատն անդրադառնալով այդ հարցին` նկատում է, որ տարիների ընթացքում  հանդէս էին եկել  նոր, կամ,  ինչպէս ինքն է բնութագրում,  «հրահրիչ գործօններ», որոնք  վարպետօրէն քօղարկւում էին ,հայերի նկատմաբ  քրտերի կոյր  կրօնական մոլեռանդութեան է շղարշով: Դրանում նա առաջին հերթին մեղադրում է թուրքական կառավարութեանը: Նա նշում է, որ օսմանեան ղեկավարները կեղծ լուրեր էին տարածում  հայերի անկախութեան մասին եւ դրանով «քրտերի մէջ  վախ էին հրահրում  եւ փչացնում հայ-քրտական յարաբերութիւնները: Դա ի նպաստ պետութեան  (օսմանեան – Ն.Հ. ) էր»: Նա շեշտում է, որ  թուրքական կառավարութիւնն ամէն ինչ անում էր  մի կողմից հայերի եւ քրտերի միջեւ   հակասութիւնները բորբոքելու  համար, իսկ միւս կողմից` պատնէշ կանգնեցնելու բոլոր այն ուժերի  առջեւ, որոնք կը փորձէին  նպաստել հայերի եւ քրտերի մերձեցմանը: Դրանով  քիւրտ պատմաբանը  քրտերի պատասխանտուութեան հարցը չի վերացնում  եւ չի ձգտում որեւէ կերպ արդարացնել քրտերի մասնակցութիւնը Հայոց  ցեղասպանութեանը: Մենք արդէն վկայակոչել ենք նրա տեսակէտն այդ հարցում եւ մատնանշել, որ նա մեղադրում է  քրտերին այդ սպանդին մասնակցելու համար: Սակայն գտնում ենք, որ  արժէ մէկ անգամ եւս բերել նրա մէկ այլ դիտարկումը: Քամալ Ահմատը  գտնում է, որ` «Քրտերի մեծամասնութիւնը, որ մասնակցել է հայերի ոչնչացմանը, համիտիէ հեծելազօրից էր: Այդ ռազմական կազմակերպութիւնը ստեղծուել էր նման գործեր կատարելու համար  եւ այն վստահուել է քրտերին»:

Հայերի ցեղասպանութեանը քրտերի մասնակցութեան  միւս դրդապատճառը Քամալ Ահմատը համարում է քրտական ցեղերի աւագանու ընչաքաղցութիւնը, որը ձգտում էր հարստանալ հայերի հաշուին: Նա նշում է, որ  համիտիէի զօրքերը եւ քիւրտ որոշ աւատապետներ, աղաներ, ցեղապետներ, շէյխեր գտնում էին, որ հայերի սպանութիւնը ամենայարմար հնարաւորութիւնն էր  իրենց ձեռքը գցելու  հայերին պատկանող հողատարածքները, արօտավայրերը, անասունները, գոյքն ու ունեցուածքը եւ այդ պատճառով էլ  մասնակցում էին հայերի ցեղասպանութեանը: Քամալ Ահմատի այս վկայութիւնը, անշուշտ,  օգնում է ճիշդ հասկանալու  հայերի անկախութեանը դէմ լինելու նրանց մղումին: Քրտական աւագանին, աւատապետները, շէյխերը, ցեղապետները վախենում էին , որ Հայաստանի անկախութեան դէպքում  իրենք կը զրկուեն  հայերին կողոպտելու ու թալանելու, հայերի հաշուին հարստանալու եւ նրանց հողերին տիրանալու հնարաւորութիւնից:

Եւ, վերջապէս, Քամալա Ահմատը  գտնում է, որ  շատ քրտեր, քրտական զանգուածը, «հայերի սպանութիւնը  դիտում էին  որպէս սրբազան պատերազմ` ճիհատ, յանուն Ալլահի»:

Քիւրտ պատմաբան, փրոֆեսէօր Ահմատ Քամալի ուսումնասիրութեան մէջ  բերուած  են օրինակները հայ-քրտական բարեկամութեան պատմութիւնից, այդ թւում եւ 1915թ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ, երբ քրտերը, վտանգի ենթարկելով իրենց կեանքը, յաճախ   փորձել են փրկել կամ օգնել հայ բռնագաղթուածներին:

Ահա այսպիսին է ընդհանուր գծերով  քիւրտ պատմաբան Քամալ Ահմատի հայեցակարգային մօտեցումը հայ-քրտական  յարաբերութիւնների  եւ  հայերի ջարդերին  ու ցեղասպանութեանը քրտերի մասնակցութեան կնճռոտ խնդրին: Նրա հայեցակարգում անհրաժեշտ է առանձնացնել  երեք սկզբունքային մօտեցում:

Առաջին,  քրտական հասարակութեան  ներսում կային որոշակի ազդեցիկ եւ տիրապետող ընկերային խաւեր ու ուժեր` ցեղային աւագանին,  կալուածատէրերը, ցեղապետները,  աշիրաթների եւ ցեղային զանազան խմբաւորումների  առաջնորդները, աղաները, զինուորականները,  օսմանեան  պետութեան շահերին սպասարկող պաշտօնեաները, հոգեւորական առաջնորդները եւ այլն,  բաժանում էին արիւնարբու սուլթան Ապտուլ Համիտ II-ի ,հայկական հարցը հայերին ոչնչացնելու ուղիով լուծելու է տեսակէտը եւ գործուն մասնակցութիւն ունեցան այդ քաղաքականութեան իրագործման մէջ` նրանում ներգրաւելով նաեւ քրտական անասնապահ-քոչուորական զանգուածներին եւ հողագործներին:

Երկրորդ, ըստ  Քամալ Ահմատի,  հայ- քրտական յարաբերութիւններում առկայ հակասութիւններն արդիւնք էին իւրայատուկ  իրողութիւնների, առաջին հերթին զարգացման տարբեր մակարդակների` զարգացման բարձր  մակարդակի վրայ  գտնուող եւ դրամատիրական յարաբերութիւնների ոլորտը ոտք դրած  հայերի, եւ զարգացման ցածր մակարդակի վրայ գտնուող եւ  դեռեւս աւատապետական-ցեղային յարաբերութիւնների թաւուտներում խարխափող  քրտերի: Հաշուից դուրս պէտք չէ նետել նաեւ նրանց պատկանելութիւնը տարբեր կրօնների` քրիստոնեայ հայեր եւ իսլամին պատկանող ու իրենց մոլեռանդութեամբ յայտնի քրտերը, որոնց կրօնն ընդունում  եւ խրախուսում է ճիհատը` քրիստոնեաների դէմ ուղղուած սրբազան պատերազմը:

Երրորդ, օսմանեան կառավարութիւնը  եւ վերնախաւը, խաղալով քրտական վերնախաւի ընչաքաղցութեան, ագահութեան, հայերին կողոպտելու եւ թալանելու, նրանց հաշուին հարստանալու զգացմունքների վրայ եւ նրանց վախեցնելով հայկական անկախ պետութեան ստեղծման հեռանկարով, որը կարող էր առաջանալ միայն այն տարածքներում, որոնք գտնւում էին քրտերի տիրապետութեան տակ, քրտերին դարձրեց իր ձեռքին հլու հնազանդ գործիք` Հայոց ցեղասպանութեան իրականացման ճանապարհին:

Կարծում ենք, որ քիւրտ պատմաբան Քամալ Ահմատի ուսումնասիրութիւնը եւ նրանում տեղ գտած հեղինակի մօտեցումները եւ հիմնադրոյթները կ՛օգնեն ճիշդ ըմբռնելու  հայ-քրտական յարաբերութիւնների բնոյթը, քրտական վերնախաւի հակահայկական նկրտումները, որը կ՛օգնի  ամբողջական եւ ճշգրիտ պատկերացում կազմել արդի քրտական գիտական եւ քաղաքագիտական մտքի միտումների վերաբերեալ, ինչն ուղղակի առնչւում եւ հակասում է հայոց ազգային-քաղաքական կենսական շահերին եւ հայոց անմեռ երազանքներին:

Միաժամանակ գտնում ենք, որ դա կ՛օգնի ճիշդ մեկնաբանելու քրտերի` որպէս ժողովրդի կատարած պատմական խոշոր սխալի`օսմանեան դահիճների կողմն անցնելու, նրանց ձեռքին գործիք դառնալու, Հայոց ցեղասպանութեանն աշխուժօրէն մասնակցելու քաղաքական, տնտեսական եւ ազգային-մշակութային դրդապատճառները , հետագայում  շատ թանկ նստեցին  նաեւ քուրդ ժողովրդի եւ նրա քաղաքական ճակատագրի վրայ, երբ քեմալականները մէկ անգամ չէ, որ արեան մէջ խեղդեցին քրտական ընդվզումները: Դա պատմութեան ամենամեծ ծաղրն էր, երբ օսմանեան դահիճների դաշնակից քիւրտը   դարձաւ այդ նոյն դաշնակից դահճի զոհը:

 

 

Նախորդը

Հայկազեան Բառարան

Յաջորդը

Անն Քուլթըր. Կին Մը, Որ Կը Փորձէ Ամերիկայի Ամէնէն Ատելի Կինը Ըլլալ

RelatedPosts

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
Մեծապէս Կը Սխալին
Անդրադարձ

Մեծապէս Կը Սխալին

Հոկտեմբեր 21, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Տոմս. «Մեր Ժողովուրդը Ո՞ւր Է…»

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?