«ՍԻՎԻԼՆԵԹ»
«Ալ մոնիթըր» կայքում լոյս է տեսել թուրք յայտնի լրագրող, սիւնակագիր Ճենկիզ Չանտարի սիւնակը` «Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւն»-ը շարժւում է դէպի բաժանո՞ւմ» վերնագրով: Չանտարը հանգամանալից ներկայացնում է Թուրքիայում այսօր տիրող քաոսային խառնաշփոթ իրադրութեանը յանգեցրած հանգամանքները: Նա կարծում է, որ Թուրքիայում ներկայիս արիւնահեղութեան ու անկայունութեան պատճառը այս տարուայ յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններում իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) ձախողումն էր. վերջինիս չյաջողուեց ստանալ ձայների մեծամասնութիւնն ու միակուսակցական կառավարութիւն ձեւաւորել: «Չցանկանալով հաշտուել արդիւնքների հետ` Էրտողանը երկիրը տարաւ դէպի նոր ընտրութիւններ, որոնք կը կայանան նոյեմբերի 1-ին,- գրում է սիւնակագիրը: – Սրանք են պայմանները նոյեմբերի 1-ի ընտրութիւններից առաջ, որոնց արդիւնքում Էրտողանն ակնկալում է հասնել նրան, ինչին չի յաջողուել հասնել յունիսին»:
«Թուրքիայի Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը երկրում միանձնեայ կառավարել է մէկ տասնամեակից աւելի` 2002, 2007 եւ 2011 թուականների իրար յաջորդող ընտրութիւններում ձեռք բերելով ձայների կայուն մեծամասնութիւն», գրում է Չանտարը` յաւելելով, որ այն ոչ միայն յաղթել է իւրաքանչիւր ընտրութիւնում, այլ ամէն անգամ աւելացրել է իր ձայները:
Ինչպէս նշում է սիւնակագիրը, 2011թ. ընտրութիւններում ձեռք բերուած 50 տոկոս ձայները գօտեպնդեցին կուսակցութեան առաջնորդ եւ այն ժամանակուայ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի` քաղաքական համակարգը նախագահականի փոխելու ցանկութիւնն ու ձգտումը:
«Էրտողանի յաւակնութիւնն ուժեղացաւ 2014թ. օգոստոսի ընտրութիւններից յետոյ, երբ նա առաջին անգամ ուղիղ ընտրութիւնների արդիւնքում նախագահ ընտրուեց` առաջին փուլում հաւաքելով ձայների 52 տոկոսը»,- նշում է սիւնակագիրն ու եզրակացնում, որ այսպիսով` Էրտողանն ակնկալում էր, որ այս տարուայ յունիսի 7-ին խորհրդարանական ընտրութիւնների միջոցով ստանալով բաւականաչափ տեղեր` կը կարողանայ կեանքի կոչել սահմանադրական անհրաժեշտ փոփոխութիւնն ու անցում կատարել նախագահական համակարգի:
«Էրտողանն ու նրա աշխատակազմը ձգտում էին օսմանեան սուլթանի փառահեղ օրերի մասին յիշեցնող նախագահութեան: ԱԲԿ-ն կը դառնար «Նոր Թուրքիայի» կուսակցութիւնը,- գրում է Չանտարը:- «Նոր Թուրքիա» գաղափարը կերտել է անձամբ Էրտողանը: Վերջինիս մտայղացմամբ` «Նորը» պէտք է փոխարինի Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի «Հինը», իսլամականութիւնն էլ կը դառնայ պետական չգրուած գաղափարախօսութիւն` փոխարինելով քեմալականութիւնը»:
«Սակայն հեքիաթն աւարտուեց յունիսի 7-ին»,- գրում է Չանտարը. Աբկ-ն ստացաւ 550 տեղերից 258-ը` կորցնելով միակուսակցական կառավարութիւն ձեւաւորելու հնարաւորութիւնը:
Սիւնակագիրը վստահ է` ընտրութիւնների արդիւնքները իշխանական լծակների կիսումն անհրաժեշտութիւն դարձրին, սակայն Էրտողանը` «Չցանկանալով հաշտուել արդիւնքների հետ` երկիրը տարաւ դէպի նոր ընտրութիւններ, որոնք կը կայանան նոյեմբերի 1-ին»:
«Թուրքիայում վտանգաւոր բեւեռացում է. խախտուել է քրտերի հետ զինադադարը, երկիրը թեւակոխել է բռնութեան փուլ, որը խլում է բազմաթիւ կեանքեր` անվտանգութեան ուժերից մինչեւ քաղաքացիական բնակչութիւն երկրի արեւելքում եւ հարաւ-արեւելքում, որտեղ քրտերը մեծամասնութիւն են կազմում,- շարունակում է Չանտարը: – Սրանք են պայմանները նոյեմբերի 1-ի ընտրութիւններից առաջ, որոնց արդիւնքում Էրտողանն ակնկալում է հասնել նրան, ինչին չի յաջողուել հասնել յունիսին: Սա է այն պարունակը, որը թոյլ է տալիս հասկանալ անցեալ շաբաթ կայացած ԱԲԿ-ի համագումարը»:
Յղում անելով համագումարի մասնակից եւրոպացի մի դեսպանի` Չանտարը գրում է, որ դա, ըստ էութեան, կուսակցական աւագների «մաքրման» ժողով էր` սկսած ԱԲԿ-ի նախկին նախագահ Ապտուլլահ Կիւլից մինչեւ կուսակցութեան նոր առաջնորդ եւ ներկայիս վարչապետ Ահմետ Տաւութօղլու:
Չանտարը յիշեցնում է, որ Ապտուլլահ Կիւլը, Ռեճեփ Թայիփ Էրտողանն ու Պիւլենթ Արընչը (խորհրդարանի նախկին նախագահ) ԱԲԿ-ի երբեմնի եռիշխանութիւնն էին:
Պիւլենթ Արընչը Էրտողանի հասցէին իր քննադատութիւնն ու դժգոհութիւնն արտայայտել է` յայտարարելով. ««Մեր» կուսակցութիւնը վերածուեց «իմ» կուսակցութեան»:
Սեպտեմբերի 17-ին նախկին նախագահ Ապտուլլահ Կիւլը պատկերասփռուած հարցազրոյցներից մէկում նոյնպէս անդրադարձել է Էրտողանի հետ բազմաթիւ հարցերում ունեցած տարակարծութիւններին` «սիրիական» քաղաքականութիւն, քրտական հարց, Թուրքիայում ժողովրդավարութեան պակաս:
«Սակայն ինչո՞ւ են հեռացուել Էրտողանի համախոհները, յատկապէս` Տաւութօղլուն, որը կուսակցութեան առաջնորդի պաշտօնում փոխարինել է Էրտողանին,- հարցադրում է անում Չանտարը:- Տաւութօղլուին չի յաջողուել ներառել իր աջակիցներից եւ ոչ մէկին կուսակցութեան որոշում ընդունող մարմնի` գործադիր խորհրդի 50-հոգանոց ցանկում»:
Չանտարը յղում է անում Տաւութօղլուի խորհրդական Էթյէն Մահճուբեանին, որը «Սի. Էն. Էն. թիւրք»-ի հետ զրոյցում որոշ հանգամանքներ է բացայայտել` ասելով, որ Էրտողանը միջամտել է Տաւութօղլուի ցանկին` մերժելով նրա թեկնածուներին եւ պարտադրելով սեփական ցանկը: Ըստ Մահճուբեանի, «ճակատագրական ընտրութիւնների նախաշեմին յանուն կուսակցական միասնութեան Տաւութօղլուն ստիպուած` նահանջել է»:
Սիւնակագիրը վկայակոչում է նաեւ ԱԲԿ-ի ներսում իր անանուն աղբիւրները եւ գրում, որ Էրտողանն առաջիկայ երկու տարիներին շարունակելու է ուժեղացնել իր ազդեցութիւնը կուսակցութիւնում` օտարելով բազմաթիւ մարդկանց, ինչը մեծացնում է 2019թ. նախագահական ընտրութիւններից առաջ ԱԲԿ-ի տրոհման հաւանականութիւնը:
Մէջբերելով Թուրքիայում մի դեսպանի` Չանտարը նշում է, որ եթէ նոյեմբերի 1-ի ընտրութիւններն ունենան նոյն արդիւնքը, ինչ յունիսին, դա կը մեկնաբանուի որպէս «Էրտողանի ձախողում, նոյնիսկ` պարտութիւն»:
«Թուրքիայի մշուշոտ ապագայում միայն մէկ բան յստակ է` առջեւում անհանգիստ ժամանակներ են»,- եզրափակում է Ճենկիզ Չանտարը: