ԳԱԳԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«Նորավանք» ԳԿՀ տնօրէն
Արդի Տեղեկատուական
Պատերազմների Եղափոխութիւնը
Տեղեկատուական գործողութիւնների արդի բովանդակութիւնը եւ եզրաբանութիւնը սկսել են ձեւաւորուել 1991թ.: 1998թ. արդէն մշակուեց Միացեալ Նահանգների պաշտպանութեան նախարարութեան «Տեղեկատուական գործողութիւնների միաւորուած հայեցակարգը»: Այդ փաստաթղթում, որի հիմքում դրուեցին «Ռանտ» ընկերակցութեան («Ուղեղային կենտրոն») մշակումները, ներկայացուած են, մասնաւորապէս, «տեղեկատուական գործողութիւն» եւ «տեղեկատուական պատերազմ» հասկացութիւնների հետեւեալ սահմանումները.
– Տեղեկատուական են համարւում այն գործողութիւնները, որոնք ձեռնարկւում են հակառակորդի տեղեկատուական համակարգերի կողմից տեղեկատուութեան հաւաքումը, մշակումը, փոխանցումն ու պահպանումը դժուարացնելու նպատակով` սեփական տեղեկատուութիւնն ու տեղեկատուական համակարգերը պաշտպանելիս,
Տեղեկատուական պատերազմը համալիր ներգործութիւնն է դիմակայող կողմի պետական կառավարման համակարգի եւ նրա ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ, որն արդէն խաղաղ ժամանակ կարող է յանգեցնել տեղեկատուական պատերազմ վարող երկրի համար նպաստաւոր որոշումների ընդունման, իսկ զինուած հակամարտութեան ընթացքում կարող է լրիւ կաթուածահար անել հակառակորդի կառավարչական ենթակառուցուածքի գործառնութիւնը:
Բերուած ձեւակերպումից հետեւում է, որ տեղեկատուական պատերազմը թեքնիք եւ հոգեւոր-հոգեբանական տիպի սպառնալիքների իրագործումն է: Մշակումներն այս ուղղութեամբ շարունակւում են, եւ ներկայում գործնական հարթութիւն է տեղափոխուել «երկրորդ սերնդի» տեղեկատուական պատերազմների հայեցակարգը: Եւ եթէ առաջին սերնդի պատերազմը դիտարկւում է որպէս կարեւոր բաղադրիչ` աւանդական միջոցների կողքին, ապա երկրորդ սերնդի ժամանակ այն ձեռք է բերում ինքնուրոյն նշանակութիւն: Այն խնդիրների շարքում, որոնք ենթադրւում է լուծել նման տիպի տեղեկատուական պատերազմների օգնութեամբ, առանձնացնենք հետեւեալները.
– Հոգեւորութիւնից եւ բարոյականութիւնից զուրկ մթնոլորտի, հակառակորդի մշակութային ժառանգութեան հանդէպ բացասական վերաբերմունքի ձեւաւորում,
– Հանրային գիտակցութեան եւ երկրի բնակչութեան ընկերային խմբերի քաղաքական կողմնորոշման խարդաւանք` քաղաքական լարուածութիւն եւ քաոս ստեղծելու նպատակով,
– Անվստահութեան եւ կասկածամտութեան տարածում, քաղաքական պայքարի թէժացում կուսակցութիւնների միջեւ, փոխոչնչացման հրահրում,
– Ազգի եւ պետութեան կենսականօրէն կարեւոր շահերի վնասում քաղաքական, տնտեսական, պաշտպանական եւ այլ ոլորտներում:
Դժուար չէ նկատել, որ այդ սերնդի տեղեկատուական պատերազմների որոշ դրոյթներ յիշեցնում են Սուն Ցուի «ռազմահնարքները»: Յայտնի է նաեւ, որ տեղեկատուական պատերազմների մեթոտաբանութիւնը լայնօրէն կիրառւում է «գունաւոր» յեղափոխութիւններում, երբ ներգործող կողմը, մարտական գործողութիւնների չդիմելով, լուծում է իր առջեւ կանգնած քաղաքական կամ գաղափարախօսական խնդիրները: Հարկ է ընդգծել, որ հզօր եւ չվերահսկուող տեղեկատուական հոսքերի առկայութեան պարագայում, որոնք նոյնպէս հանրային գիտակցութիւնում «անշօշափելի քաոս» են ստեղծում, գրեթէ անհնար է արգելող (կամ` միայն արգելող) մեթոտներով դիմակայել տեղեկատուական սպառնալիքներին: Արդիւնաւէտ հակազդեցութիւնը հնարաւոր է միայն տուեալ հանրութեան հոգեմտաւոր միջոցների բախտորոշ ճգնաժամային զանգուածի առկայութեան եւ այդ միջոցները նաեւ տեղեկատուական անվտանգութեան պարունակում լաւագոյն կերպով օգտագործելու կարողութեան պարագայում: Այլ խօսքով` յեղափոխութիւնները հնարաւոր են լոկ այն երկրներում, որոնցում մտաւորական միջոցները սակաւ են, իսկ գաղափարախօսական եւ ընկերային-տնտեսական կառավարման համակարգը գործում է անարդիւնաւէտ:
Միեւնոյն ժամանակ, ԻԱ. դարում «ռազմահնարքների» տեսութիւնը եւ փորձը սրընթաց զարգանում են, եւ այսօր աշխարհում ի յայտ են եկել նոր, արդէն երրորդ սերնդի տեղեկատուական պատերազմներ:
Ինքնաֆինանսաւորող Հոգեբանա-Թմրանիւթային
Պատերազմներ Ընդդէմ Ներքին Թշնամու
Քայլում են ոչխարները, զարկում են թմբուկները,
դրանց կաշին տալիս են իրենք` ոչխարները:
Պերթոլտ Պրեխթ (1898-1956)
Տեղեկատուական գործողութիւններն ուղղուած են ընդդէմ արտաքին թշնամու, եւ դրանց հիմնական նպատակն իրականութեան պատշաճ ընկալումը խափանելն է եւ դրանով իսկ հակառակորդին այնպիսի արարքներ պարտադրելը, որոնք ուղղուած են ընդդէմ սեփական շահերի: Յայտնի է, որ գրեթէ նոյն արդիւնքի կարող է յանգեցնել ոչ միայն բանաւոր կամ հոգեբանական, այլեւ հոգեմետ ներգործութիւնը: Նման այլ միջոց են թմրանիւթերը, եւ այս պարունակում բաւական ուսանելի են Բրիտանիայի «աֆիոնային պատերազմները» Չինաստանի դէմ ԺԹ. դարում: Ոմանք այդ պատերազմները դիտարկում են որպէս առեւտրային հակամարտութիւն, իբր` բրիտանացիները դրանով իսկ ուզում էին ընդամէնը Չինաստանից իրենց ներմուծումը հատուցել աֆիոնի արտահանուող մատակարարումներով: Բայց առաւել խոհեմ հետազօտողները նշում են, որ չինական շուկայի «բացումը» թմրանիւթերի մատակարարման առջեւ (ինչին ընդդիմանում էին չին կայսրերը) նպատակ ունէր «բթացնել եւ քայքայել» թմրանիւթերի օգտագործման հակում ունեցող չին դիւանակալներին եւ չինական հասարակութեանն ընդհանրապէս: Իսկ ռազմավարական նպատակը Չինաստանի քաղաքական ենթարկեցումն էր: Աֆիոնային պատերազմների ժամանակակից բրիտանացի դիւանագէտն արտայայտւում էր այն ոգով, թէ «քանի դեռ Չինաստանը մնում է թմրամոլների ազգ, մենք պէտք չէ վախենանք, որ այդ երկիրը կը վերածուի լուրջ ռազմական տէրութեան»: Աֆիոնային պատերազմների յատկանշական գծերից մէկն էլ այն էր, որ ռազմատնտեսական արշաւը Չինաստանի դէմ հիմնականում մղւում էր ի հաշիւ թմրանիւթերի այդ նոյն մատակարարումների, այսինքն որոշակի իմաստով պատերազմն «ինքնաֆինանսաւորուող» էր: Աւելի պարզեցուած ձեւով նման գաղութային քաղաքականութիւն վարւում էր ապորիժիններին (Աւստրալիոյ բնիկները) «կրակէ ջուր» (ուիսքի) վաճառելիս:
Յայտնի է, որ այսօր էլ աշխարհաքաղաքական մրցակիցների դէմ կիրառւում են նման մեթոտներ: Ռուսաստանի Թմրանիւթերի շրջանառութեան վերահսկման դաշնային ծառայութեան տուեալներով, ամերիկեան զօրքերի Աֆղանստան մտնելուց յետոյ աֆիոնի կակաչի արտադրութիւնն աւելացաւ գրեթէ 40 անգամ: Թմրանիւթերու մագսանենգումի հիմնական ուղղութիւնները դարձան Կենտրոնական Ասիան եւ Ռուսաստանը: Մի շարք հրապարակումների համաձայն, մաքսանենգային գործողութիւններին նպաստում են ամերիկեան յատուկ ծառայութիւնները:
Սակայն վերջին ժամանակներս արեւմտեան հասարակութիւններում «բացայայտել են», որ արտաքինից բացի` գոյութիւն ունեն նաեւ «ներքին» թշնամիներ: Սոյն «բացայայտումը» կապուած է հետեւեալ հանգամանքների հետ. այսօր աշխարհը գտնւում է յեղափոխական փոփոխութիւնների շէմին, եւ դա միայն բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւաւորումը չէ: Մի շարք խոշոր ընկերաբանների, քաղաքագէտների եւ փիլիսոփաների կարծիքով, այսօր ճգնաժամ է սկսւում ընդհանրապէս դրամատիրական համակարգում, եւ նրա ոչ հեռու ապագան բեմագրութիւնների մեծամասնութիւնում լաւատեսութիւն չի ներշնչում: Բնական է նաեւ այն, որ այս միտումների իրագործման տխուր արդիւնքները բաւական պատշաճ է ընկալում նաեւ արեւմտեան հասարակութեան ողջախոհ հատուածը, որը սպառողական հասարակութեան արժէքների բացարձակացման եւ տեղեկատուական ամբողջատիրութեան պայմաններում սկսում է սուր արձագանգել հասարակական-քաղաքական ոլորտներում վատթարացող իրավիճակին: Արդիւնքում` ընդլայնւում են բողոքի շարժումները եւ դժգոհութեան այլ դրսեւորումները, ինչը չի կարող չանհանգստացնել իշխանութեան ղեկին գտնուողներին: Սակայն պարկեշտութեան անգամ խիստ արժէզրկուած «յետժողովրդավարական» կանոնները թոյլ չեն տալիս բացայայտ ճնշել բողոքողներին: Դրա հետ մէկտեղ, պարզապէս արդէն անհնար է դարձել «ներքին թշնամիների արարքները» հանդուրժելը: Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այլախոհութեան դէմ պայքարի համար սկսել են կիրառել նաեւ թմրանիւթերը. չէ՞ որ մարդիկ դրանց ազդեցութեան տակ այլ իրականութիւն են տեղափոխւում, որտեղ աւելի քիչ են խնդիրներն ու աւելի շատ են հաճելի զգացողութիւնները: Նկատենք, որ աւելի վաղ հասարակութեան զարգացման միջաշառաւիղը կենսա-դեղաբանական արհեստագիտութիւնների միջոցով փոփոխելու հնարաւորութեան մասին նշել է նաեւ Ֆրենսիս Ֆուքույաման:
Այս ամէնի պարունակում ուշագրաւ է այն փաստը, որ վերջին տարիներին ամէնուրեք տեղի է ունենում «թեթեւ թմրանիւթերի» օրինականացում ինչպէս Եւրոպայում, այնպէս էլ Միացեալ Նահանգներում (համապատասխան օրէնքներ են ընդունուել արդէն աւելի քան 20 նահանգում): Այնինչ, 1937թ. մարիխուանայի օգտագործումն այս երկրում արգելուած էր դաշնային կառավարութեան կողմից: Նշենք, որ թմրանիւթերն ասես «յաւելւում» են ուղեղների մշտական «լուացումներին», իսկ նման համագործնական եւ բազմակողմանի յարձակմանը բաւական դժուար է դիմանալ: Այլախոհութեան դէմ պայքարի նման մեթոտը պէտք է բաւական արդիւնաւէտ համարել, եւ նախատեսւում է «առաջաւոր» տեղեկատուա-թմրանիւթային փորձը տարածել նաեւ այլ երկրներում: Միլիառատէր Ռիչըրտ Պրենսոնի կարծիքով` այս իմաստով բաւական հեռանկարային է թւում Ուքրանիան:
Յայտնի է, որ տեղեկատուական պատերազմներ վարելը բաւական թանկ եւ ծախսատար գործ է: Մինչդեռ, ինչպէս եւ Չինաստանի դէմ «աֆիոնային պատերազմների» դէպքում, նոր տեսակի թմրա-տեղեկատուական պատերազմները (հնարաւոր է` դրանք արդէն պէտք է վերագրել երրորդ սերնդին) նոյնպէս ինքնաֆինանսաւորուող են եւ մեծ շահոյթներ են բերում: Յայտնի է, որ համաշխարհային թմրամիջոցների մաքսանենգումը գնահատւում է ամէն տարի աւելի քան 0.8 թրիլիոն ամ. տոլար, այսինքն համադրելի է քարիւղի շրջանառութեան շուկային: Հաշուարկուած է նաեւ, որ եթէ տեղի ունենայ մարիխուանայի օրինականացում Ամերիկայի բոլոր նահանգներում, ապա «արդէն առաջիկայ տարիներին մարիխուանայի արտադրութեան ընդհանուր շուկայական արժէքը կը հասնի 36,8 միլիառ ամ. տոլարի 3 միլիառ ամ. տոլարով գերազանցելով օրկանական սննդարդիւնաբերութեան շուկայի ծաւալը»: Ինչպէս տեսնում ենք, ինչպէս եւ «աֆիոնային պատերազմներ»-ի ժամանակ, քաղաքական գործիչների եւ թմրավաճառների շահերը լիովին համընկնում են:
( Վերջ )