Թարգմանութիւնը` ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆԻ
Օրեր առաջ ներկայիս Թուրքիայի քրտաբնակ Ճիզրէ (հայկական` Գզիրա) քաղաքում գայթակղեցուցիչ միջադէպ էր տեղի ունեցել: IMC հեռուստաընկերութեան հրապարակած տեսանիւթում ականատես եղանք, թէ ինչպէս է զայրացած թուրք ոստիկանը քրտերին անպատուելու համար նրանց հայ անուանում: «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլո՛րդ հայ էք: Հա՛յ էք», ասում էր նա:
Ոստիկանի յայտարարութիւնը շարունակում է մեծ արձագանգ ունենալ: T24-ի սիւնակագիր Նուրճան Պայսալն ուշագրաւ յօդուած է հրապարակել թուրք ոստիկանների գայթակղեցուցիչ յայտարարութիւններից յետոյ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ճիզրէում պետութեան ոստիկանութիւնը պաշտօնական մեքենաներից յայտարարում է բնակչութեանը, թէ` «հայերը ձեզնով հպարտանում են, բոլորդ հայ էք, հա՛յ…»:
Այդ խղճուկ ոստիկանները, որոնք կարծում են` այդպիսով վիրաւորել են քրտերին, ակնյայտ է` նրանց բացարձակապէս չեն ճանաչում: Մինչդեռ քրտերը վերջին տասը տարում Հայոց ցեղասպանութեան եւ այդ ժամանակ կատարուածի վերաբերեալ լուրջ հարցադրումներ են արել, ընդունել, որ ցեղասպանութիւն է տեղի ունեցել, ամաչել այդ ցեղասպանութեան մէջ մաս ունենալու համար եւ հայերից հազարաւոր անգամներ ներողութիւն խնդրել: Մի կողմ թողնենք ուսեալին, քաղաքաբնակին, այսօրուայ դրութեամբ քրտական որ գիւղն էլ մտնէք, կը պատմեն հայերի դէմ իրագործուած գազանութեան եւ կատարուածի կապակցութեամբ իրենց զգացած տխրութեան մասին: Դատուան գիւղում, ուր տարիներ շարունակ աշխատել եմ, այնքան էին ամաչում իրենց պապերի` հայերի դէմ իրագործած ցեղասպանութիւնից, որ ամէն անգամ այդ մասին խօսելիս ասում էին. «Նրանք այնքան գեղեցիկ էին, որ բոլորը նրանցով զմայլւում էին… Նրանք այնքան բարի էին, որ բոլոր որբերին կերակրում էին: Նրանք այնքան տաղանդաւոր էին, որ ամենադժուար քարն անգամ շատ նուրբ տաշում էին: Այստեղ ի՛նչ գեղեցիկ բան կայ, մնացել է հայերից»:
Սակայն քրտերի մօտ կատարուած այս վերափոխումը, դժբախտաբար, չենք կարող ասել, որ տեղ ունի նաեւ թուրքերի շրջանում եւ Թուրքիայի արեւմուտքում: Իրենց ճենթլմեն համարողներն անգամ չկարողացան այս հարցը խելամտօրէն քննարկել: Հրանդի յուղարկաւորութեան ժամանակ ծնուած յոյսը շատ արագ մարեց. հայերը երկչոտ աղաւնիների պէս դեռ շարունակում են ապրել այս երկրում:
Վերոյիշեալ յայտարարութիւնն արած տգէտներին երկու խօսք ունեմ:
Մենք հայ ենք, յոյն, ալեւի, սուրիացի փախստական, եզիտի, քիւրտ… Կարճ ասած` այն ամէնը, ինչը դու ատում ես: Եւ մենք հպարտանում ենք մեր ինքնութեամբ: Եթէ դադարեցնէք ճնշումն ու ձեր իշխանութիւնը պարտադրելը, թուրք էլ կը լինենք: Այս ինքնութիւններից ոչ մէկը մեզ համար խնդիր չէ, սակայն ձեզ նման ցեղապաշտ-ֆաշականները խնդիր են ամբողջ աշխարի համար:
Հայերը մեր եղբայրներն էին, ձեզ նման թուրքերն ու քրտերը ոչնչացրեցին նրանց: Երանի մի օր մեզ ներեն եւ, ինչպէս դուք էք ասում, մեզնով հպարտանան… Վստահ եղէք` կարօտով սպասում եմ այդ օրուան, երբ հայերը մեզ դարձեալ որպէս եղբայր կ՛ընդունեն:
Այո՛, մենք հայ ենք:
Իսկ արած դաժանութիւնների պատճառով, վախից երեսը մինչեւ աչքերը ծածկելով, հասարակութեան մէջ դուրս չեկողներդ, ջրցաններից մարդկանց վրայ ջուր ցանողներդ, թաքստոցներից մարդկանց վրայ կրակողներդ, հացը ձեռքին` 75-ամեայ ծերունուն սպաննողներդ, տների վրայ ռումբ նետողներդ, քնած մարդկանց սպաննողներդ, փոքրիկների դիակները պղծողներդ…, դո՛ւք, դուք ովքե՞ր էք»: