Դ. ՅԱՐՈՒԹԻՒՆՈՎ
Օգոստոսին յայտնի դարձաւ, որ Սէուտական Արաբիայի բանակային խոշոր ուժեր մտել են Եմէնի կենտրոնական Մաարիպ, ինչպէս նաեւ հիւսիսային Սաատա նահանգներ: Այս քայլը եմէնեան ճգնաժամին Սէուտական Արաբիայի ներգրաւման եւս մէկ դրսեւորումը դարձաւ: Աւելի վաղ` մարտին, թագաւորութիւնը կենտրոնական դեր էր խաղացել Ծոցի մի շարք պետութիւններում շիական «Անսար ալլահ» շարժման (որը 2014թ. ամռանից իր վերահսկողութեան տակ էր վերցրել երկրի մայրաքաղաքը, իսկ յետոյ նաեւ Եմէնի մեծ մասը) ուժերին օդային հարուածներ հասցնելու գործում:
Ռիատում «Անսար ալլահ»-ի շիա-հուսիներին համարում են ուժ, որը վայելում է Իրանի աջակցութիւնը: Սէուտական զօրքերի մուտքին նախորդել էր բեկումը Եմէնի հակամարտութեան մէջ. «Արաբական քոալիսիոն»-ի զօրքերի աջակցութիւնը վայելող, երկրի պաշտօնական կառավարութեանը եւ նախագահ Ապտ Ռապպօ Մանսուր Հատիին հաւատարիմ զօրքերը յուլիսին հարաւային Ատեն քաղաքից դուրս մղեցին շիաների ուժերը: Դրան յաջորդեց վերջինների յաղթանակների շարքը հուսիների հանդէպ երկրի հարաւային եւ կենտրոնական շրջաններում:
Եմէնում երկարաձգուող մարտական գործողութիւնների բեկմանը նպաստող գործօններից մէկը դարձաւ Պարսից ծոցի միապետութիւնների կողմից կառավարամէտ ուժերին ցուցաբերուող կենտրոնացուած ռազմական օգնութիւնը, ինչպէս նաեւ երկրի տարածք Արաբական Միացեալ Էմիրութիւնների կողմից խոշոր ռազմուժ մտցնելը: Այնուհետեւ իրենց դերը խաղացին նաեւ «Արաբական քոալիսիոն»-ի մարտի վերջից շարունակուող օդային հարուածները, ինչպէս նաեւ Եմէնի շրջափակումը, ինչը մերձաւորարեւելեան այդ աղքատագոյն երկրին հասցրեց մարդասիրական աղէտի եզրին: Իրենց դերն են խաղացել նաեւ սէուտցիների եւ նրանց դաշնակիցների դիւանագիտական ջանքերը Եմէնի նախկին նախագահ Ալի Ապտալա Սալեհի եւ հուսիների միջեւ դաշինքի պառակտման ուղղութեամբ. շիաների պարտութիւնները ժամանակի առումով համընկան յուլիսին Սալեհի ներկայացուցիչների եւ Միացեալ Նահանգների, Մեծն Բրիտանիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների դիւանագէտների միջեւ անցկացուող բանակցութիւններին: Հնարաւոր է, որ այդ շփումներից յետոյ նախկին նախագահին հաւատարիմ ուժերի մի մասը դադարել է աջակցել հուսիներին:
Նշուած յաղթանակներից յետոյ գործող նախագահ Հատիի կողմնակիցներն անցան պայքարի Եմէնի կենտրոնական շրջանների համար. մասնաւորապէս, ներկայում դաժան մարտեր են մղւում Թաիզ քաղաքի համար: Զուգահեռաբար, նրանք պատրաստւում են զաւթել երկրի մայրաքաղաք Սանան եւ իրենց վերահսկողութեան տակ վերցնել երկրի` շիաներով բնակեցուած եւ «Անսար Ալլահ» շարժման յենարանը հանդիսացող հիւսիսային շրջանները: Սակայն հէնց այստեղ էլ թաքնուած են վտանգները կառավարամէտ ուժերի համար, որոնք կարող են գործնականում երկար ժամանակով ամրագրել պառակտումը Եմէնում եւ նպաստել հարեւան Սէուտական Արաբիայի ապակայունացմանը:
Խնդիրներն առաջին հերթին կապուած են մարտական գործողութիւնների` դէպի հիմնականում շիաներով բնակեցուած հիւսիսային շրջաններ տեղափոխուելու հետ, ինչն անխուսափելիօրէն առաջ կը բերի հուսիների դիմակայութեան աշխուժացում: Եւս մէկ գործօն կարող է դառնալ Իրանի ռազմական օգնութիւնը շիաներին, ինչը նոյնպէս կը նպաստի նրանց դիմակայութեան երկարաձգմանն ու արդիւնաւէտութեանը: Արդիւնքում` Եմէնի հիւսիսի լիակատար անցումը կառավարութեանը հաւատարիմ ուժերի վերահսկողութեան տակ սակաւ հաւանական է թւում` հաշուի առնելով հուսիների արդիւնաւէտ դիմակայելու կարողութիւնը եւ Եմէնի հիւսիսի բնակչութեան աջակցութեան գործօնը:
Կառավարամէտ ուժերի արդիւնաւէտութեան վրայ անխուսափելիօրէն կ՛ազդի նաեւ դրանց կազմը: Հաւատարիմների հարուածային ուժերից մէկը մինչեւ այժմ Եմէնի հարաւային շրջանների աշխարհազօրն էր, որտեղ գերիշխում են անջատական ուժերը, որոնք փորձում են անջատել երկրի հարաւը: Իրենց նպատակին հասնելով (հուսիներին քշելով հարաւից)` նրանք, ամենայն հաւանականութեամբ, այնքան էլ մեծ հաճոյքով չեն պայքարի Եմէնի մնացած շրջանների համար: Եւ վերջապէս, լուրջ ռազմական խնդիր կը դառնայ մայրաքաղաք Սանաայի գրաւումը, քանի որ մինչ այդ Ատենի համար մղուող մարտերն ի ցոյց էին դրել կառավարամէտ ուժերի ցածր հարուածային հնարաւորութիւնները, ինչի պատճառով Սանաայի գրոհը կարող է նոյնպէս վերաճել բազմամսեայ երկարաձիգ մարտերի: Իսկ ընդհանուր առմամբ, ամենայն հաւանականութեամբ, կառավարական ուժերը չեն կարողանայ հասնել լուրջ եւ երկարատեւ յաջողութեան հիւսիսային շրջաններում եւ, բախուելով շիաների դիմադրութեանը, կը վերադառնան հարաւ, ինչը կ՛ամրագրի Եմէնի արդէն տեղի ունեցած փլուզումը:
Ինչպէս արդէն նշուել է, Սէուտական Արաբիան լրջօրէն «խրուել» է Եմէնի ճգնաժամում, ինչը բացասաբար կ՛ազդի քարիւղի խոշորագոյն արտահանողի կայունութեան վրայ: Թագաւորութեան ուղղակի ռազմական ներգրաւուածութիւնը հակամարտութիւնում չէր համապատասխանում Էր Ռիատի` սովորաբար աւելի զգուշաւոր քաղաքականութեանը, որը նախընտրում էր գործել ուրիշի ձեռքերով եւ ի հաշիւ իր ֆինանսական միջոցների: Սակայն սէուտցիների գործողութիւնները Եմէնում արտացոլում են թագաւորութեան նոր արտաքին քաղաքական գիծը` տարածաշրջանում Իրանի հետ կոշտ առճակատման առումով: Ներքաղաքական մակարդակում պատերազմը Եմէնում նպատակ ունի ծառայել Սէուտական Արաբիայի թագաւոր Սալման պըն Ապտըլ Ազիզի քլանի ներկայացուցիչների դիրքերի ամրապնդմանը: Մասնաւորապէս, խօսքը ներքին գործերի նախարար Մուհամետ պըն Նայիֆի մասին է, որն ապրիլին թագաւորի հրամանով նշանակուել է թագաժառանգ, նաեւ պաշտպանութեան նախարար Մուհամետ պըն Սալմանի մասին, որը հէնց այդ ժամանակ էլ դարձել էր թագաժառանգի տեղակալ:
Այնինչ, օդային յարձակումները եւ ներխուժումը Եմէն` նրա հետագայ փլուզման հեռանկարով, անվտանգութեան լուրջ սպառնալիքներ են պարունակում հէնց թագաւորութեան համար: Խօսքն առաջին հերթին հուսիների հանդէպ ռազմական յաղթանակի հասնելու դժուարութեան մասին է` այն պայմաններում, երբ Էր Ռիատն արդէն ունի նրանց դէմ պայքարի անյաջող փորձ (2009-10թթ.): Բացառութիւն չեղաւ նաեւ ներկայիս իրավիճակը. Սէուտական Արաբիայի եւ Եմէնի սահմանին «Արաբական քոալիսիոն»-ի օդային յարձակումներն սկսուելուց յետոյ հուսիները յաջող գործողութիւններ իրականացրին սէուտական զօրքերի դէմ, վերջին օրերին կորուստներ է կրում նաեւ թագաւորութեան` երկիր մտցուած զօրախումբը, իսկ Սէուտական Արաբիայի տարածքի վրայ Եմէնից արձակուել են հեռահաս հրթիռներ: Այնուհետեւ շիաների հետ հակամարտութիւնը տեղափոխուեց թագաւորութեան տարածք. մայիսին սէուտական հարաւային Նաճրան նահանգի ցեղերի կողմից ստեղծուեց «Ահրար Նաճրան» շարժումը, որը խոշոր գործողութիւններ իրականացրեց սէուտական զօրքերի դէմ: Նահանգը բնակեցուած է հիմնականում շիաներով եւ ժամանակին հակամարտութեան առարկայ էր Եմէնի եւ Սէուտական Արաբիայի միջեւ:
Եւ վերջապէս, երկրորդ սպառնալիքը արմատական իսլամականներն են, մասնաւորապէս` Քայիտայի եմէնեան բաժանմունքը եւ «Իսլամական պետութեան»` երկրում ուժ հաւաքող խմբաւորումը: Ապրիլին Քայիտայի գրոհայինները զաւթեցին եմէնեան Հատրամաութ նահանգը, յետոյ հարաւում «Իսլամական պետութիւն»-ը մի շարք խոշոր ահաբեկչական գործողութիւններ իրականացրեց շիաների դէմ: Օգոստոսին յայտնի դարձաւ Քայիտայի գրոհայինների կողմից Ատենի շրջաններից մէկի զաւթման մասին: Այսպիսով, ժիհատականները, ըստ էութեան օգտուելով Եմէնում իշխանութեան բացակայութենէն, երկրում լուրջ յենակէտ զաւթեցին, եւ նրանց յաջորդ նպատակը, հաւանաբար, լինելու է Սէուտական Արաբիան, որտեղ «Իսլամական պետութիւն»-ը եւ Քայիտան ամենայն հաւանականութեամբ, փորձելու են սիւննի-շիա հակամարտութիւն սադրել:
Մայիսին «Իսլամական պետութիւն» խմբաւորումը կոչ արեց շիաներից մաքրել Արաբական թերակղզին, ինչից յետոյ Սէուտական Արաբիայում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական գործողութիւններ շիաների եւ թագաւորութեան անվտանգութեան ուժերի դէմ: Ժիհատականների համար Սէուտական Արաբիան ամենագերակայ նպատակն է` քարիւղային հարստութիւնների պատճառով, որոնց զաւթումը թոյլ կու տայ արմատական իսլամականներին ամրապնդել իրենց դիրքերը եւ, Իրաքի ու Սիրիայի նման, ապահովել իրենց կողմից ստեղծուող գրեթէ պետական կառոյցների գոյատեւումը:
Այսպիսով, արդէն այժմ Եմէնի ճգնաժամին արտաքին միջամտութեան արդիւնքները բաւական մռայլ են թւում: Հակամարտութիւնում արաբական միապետութիւնների միջամտութիւնը աշխուժացրել է այդ երկրի փլուզումը, ինչպէս նաեւ մօտեցրել արմատական իսլամականութեան եւ ապակայունացման սպառնալիքն անմիջապէս Սէուտական Արաբիայի եւ նրա դաշնակիցների սահմաններին:
«Կոլոս Արմենի»