Պաշտօնական այցելութեամբ Մեծն Բրիտանիա գտնուող Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան Լոնտոնի Միջազգային յարաբերութիւններու թագաւորական հիմնարկին մէջ (Chatham House) խօսած է ներկայիս Միջին Արեւելքի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն մասին` դիտել տալով, որ անոնք կը յիշեցնեն Հայոց ցեղասպանութեան սարսափը: Ան անդրադարձած է նաեւ այդ տարածաշրջանին մէջ ապրող հայերուն` շնորհակալութիւն յայտնելով Հայոց ցեղասպանութեան ճողոպրածներուն ապաստան տուող երկիրներուն:
«Այն, ինչ կատարւում է այսօր Մերձաւոր Արեւելքում, յիշեցնում է Հայոց ցեղասպանութեան սարսափը: 1915թ. հայերին բռնահանում էին դէպի այն անապատները, որտեղ այսօր իրականացւում են այսպէս կոչուած «Իսլամական պետութեան» ահաբեկչական գործողութիւնները, որտեղ ոչնչացւում են եզիտիները, քրիստոնեաները, այլ փոքրամասնութիւններ եւ հնագոյն քաղաքակրթութիւնների հետքերը: 1894-96թթ. հայերի դէմ կատարուած ոճրագործութիւնների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանգի բացակայութիւնը եւ անպատժելիութիւնը յանգեցրին 1915թ. Ցեղասպանութեանը: 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծն Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսան, ընդունեցին յատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործութիւն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատուութեան կ՛ենթարկուեն «Թուրքիայի կողմից իրականացուած մարդկութեան եւ քաղաքակրթութեան նկատմամբ այս նոր յանցագործութիւնների համար»: Այնուամենայնիւ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխուէր շատ աւելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանութիւնները կրկնուեցին վաղ նախազգուշացման մեքանիզմների եւ կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով», յայտնած է նախարարը:
«Միջազգային հանրութեան ուշադրութիւնն այսօր սեւեռուած է Մերձաւոր Արեւելքում եւ դրա շուրջ հակամարտութիւնների, ճգնաժամերի, ահաբեկչական ցանցերի տարածման եւ նրանց պատճառած աւերածութիւնների վրայ: Ուքրանական ճգնաժամը, անկայունութիւնը երկրագնդի շատ այլ հատուածներում ցոյց են տալիս, որ աշխարհն անցնում է ցնցումների միջով: Երէկ, երբ ես Փարիզից Լոնտոն էի գալիս, Եւրոսթար գնացքը հարկադրուած էր շուրջ երկու ժամ կանգ առնել` կապուած փախստականների հետ առնչուող իրավիճակի հետ: Այն, ինչ կատարւում է հազարաւոր մղոններ հեռու, թակում է Եւրոպայի դռները: Մենք այլեւս չենք կարող խօսել մեկուսացուած խնդիրների մասին: Հակամարտութիւնների եւ աւերիչ պատերազմների վաղ ահազանգումը եւ կանխարգելումը պէտք է մշտապէս առաջնայնութիւն լինեն ոչ միայն նրանց համար, ում դրանք անմիջականօրէն առնչւում են, այլ նաեւ` ողջ միջազգային հանրութեան համար», ըսած է նախարար Նալբանդեան:
Ըստ անոր, հայ ժողովուրդը դարեր շարունակ եղած է Մերձաւոր Արեւելքի մշակութային բազմազանութեան ուրոյն մասնիկներէն մէկը: «Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մէկ դար առաջ ապաստան տուեցին Հայոց ցեղասպանութիւնից փրկուած հարիւր հազարաւոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգուած է տարածաշրջանի ժողովուրդների կեանքը, ցեղային ու կրօնական համայնքների գոյութիւնը, մեր բարոյական պարտքն է կանգնել նրանց կողքին:
«Այս բռնութիւններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական յարձակումների զոհ են դարձել, աւերուել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատութիւններ: Ինչպէս հարիւր տարի առաջ, տասնեակ հազարաւոր հայեր, Մերձաւոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր եւս ստիպուած բռնել են գաղթի ճամբան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում», յայտնած է ան:
Էդուարդ Նալբանդեան դիտել տուած է, որ պատահական չէ, որ ահաբեկչական խմբաւորումները պատերազմ յայտարարած են այս տարածաշրջանի ժողովուրդներու մշակութային ժառանգութեան դէմ: «Պատմութեան եւ հաւաքական յիշողութեան միջոցով են սերունդներին փոխանցւում այն համամարդկային արժէքները, որոնց վրայ խարսխւում է քաղաքակրթութիւնը, հանդուրժողականութիւնը, համակեցութիւնը, յարգանքը այլոց մշակոյթի եւ կրօնի նկատմամբ: Արժէքներ, որոնք հակադրւում են ահաբեկիչների կողմից քարոզուող այլատեացութեան եւ խտրականութեան գաղափարախօսութիւններին: Բազմաթիւ իսլամական սրբավայրերի, հնամեայ Փալմիրի եւ Նիմրութի մշակութային կոթողների աւերումը, Հայոց ցեղասպանութեան բազմաթիւ զոհերի մասունքներն ամփոփող Տէր Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագութիւնները քաղաքակրթութեան դէմ գործուած յանցանքներ են»:
Ան կարեւոր նկատած է շուտափոյթ կերպով գործընթացներ մշակելու, որպէսզի ահաբեկչական խմբաւորումները զրկուին նիւթական մատակարարումէ, եւ անոնց գործունէութիւնը սանձուի: «Միջազգային իրաւունքը պատասխանատուութիւն է սահմանում ոչ միայն մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրագործման, այլեւ` յանցակցութեան համար, եւ այս իրողութիւնը երբեւէ պէտք չէ մոռանան նրանք, ովքեր փորձում են ժխտել եւ արդարացումներ փնտռել անցեալի ոճրագործութիւնների համար եւ խրախուսում են ներկայիս բռնութիւնները: Այս տարի նշւում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Ոգեկոչման միջոցառումները հսկայական միջազգային ուշադրութեան արժանացան: Այստեղ` Մեծն Բրիտանիայում եւս, առաջատար լրատուամիջոցները լայնօրէն լուսաբանում էին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհուրդը», յայտնած է նախարարը:
«Մենք` հայերս, որպէս 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւն վերապրածներ, բարոյական պատասխանատուութիւն ենք զգում մարդկութեան դէմ նոր յանցագործութիւնների կանխարգելման գործում: Մենք ՄԱԿ-ում ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ բանաձեւեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում եւ վճռական ենք տրամադրուած` մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանութեան կանխարգելման միջազգային հանրութեան ջանքերում», եզրափակած է Էդուարդ Նալբանդեան: