ՊԵՐԻԼ ԷՍՔԻ
Սելիմ Աքտաշը 24 տարեկան է: Ծնուել է Պաթմանի Սասուն գաւառում եւ մեծացել որպէս քիւրտ: Սելիմը 16 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին:
Դպրոցից տուն վերադառնալով` իրենց տանը տեսել է մի կնոջ` դստեր հետ, որոնք անգլերէն են խօսում, վզներին էլ խաչ են կրում: Սելիմը մօրը հարցրել է, թէ հիւրերն ովքեր են, մայրն էլ պատասխանել է. «Մեր ազգականներն են, Ամերիկայից են եկել»: Սելիմը կարեւորութիւն չի տուել քրիստոնեայ ազգականներ ունենալու հանգամանքին:
Այդ օրը մայրը պատմել է իրականութիւնը: Իր ազգականները 1915 թ. Ամերիկա են գաղթել եւ տարիներ անց իրենց գտնելու համար են եկել: Իսկ իրենց ընտանիքը, որպէսզի կարողանայ մնալ Սասունում, իսլամ է ընդունել` ոչ մէկին չասելով, որ իրենք հայ են:
Սելիմն իր ընտանիքի պատմութիւնն այսպէս է ներկայացնում.
– 1915 թ. պապիկիս հօրը` Յակոբին, գիւղի արաբները թաքցրել են, որից յետոյ Յակոբը նոյն գիւղում մէկ այլ տուն է կառուցել եւ այնտեղ սկսել ապրել: Գիւղ անընդհատ դրսից արաբ ընտանիքներ են բերել: Իմանալով, որ հայ են, պետութիւնը նրանց Տիգրանակերտ է ուղարկել:
Տիգրանակերտում բնակութիւն հաստատած Յակոբը գիւղի կարօտին չի դիմացել եւ 3 ամիս անց գիւղ է վերադարձել:
Սասուն Վերադառնալու Համար 2 Աղջիկ Են Տուել,
Մուսուլման Են Դարձել
Սակայն քանի որ իրենց գիւղերը դարձրել են պաշտպանիչ գիւղեր, չեն կարողացել այնտեղ վերաբնակուել: Նրանք էլ բնակուել են կողքի քրտաբնակ Պեքսէ գիւղում:
Գիւղ մտնելը հեշտ չի եղել: Սելիմն ասում է, որ իր ընտանիքը, որպէսզի կարողանայ գիւղ մտնել, քրտերին երկու աղջիկ է տուել, յետոյ էլ իսլամացել է: Միայն այս պայմաններով կարող էին գիւղում մնալ:
Ասում է, որ գիւղում հաստատուելուն պէս պետութիւնը ընտանիքին դաշտ է տուել, ապրուստն այստեղից են ապահովել:
Որպէս մուսուլման ապրել շարունակող ընտանիքում իրենց հայկական ծագման մասին խօսելը թապու էր, երեխաների հետ այդ մասին չէին խօսում:
Ընտանիքը շարունակում է այդ գիւղում ապրել: Սակայն ներքին ամուսնութիւններով փորձում են պահպանել իրենց հայկական ինքնութիւնը: Ըստ էութեան, Սելիմի ծնողները եւս եղբօր երեխաներ են, օրօրոցում են նշանադրել:
Սելիմն ասում է, որ իր ընտանիքը վախենում է, Սասունում մնալու համար իսլամացել է եւ թաքցրել իր հայկական ինքնութիւնը:
Լա՛ւ, 1915 թ. վերապրած ընտանիքը, որը ստիպուած է եղել հեռանալ իր գիւղից, աղջիկներին տալ եւ մուսուլման դառնալ, ինչու՞ է յամառօրէն ուզում մնալ:
Սելիմը պատասխանում է.
– Չեն ցանկանում հրաժարուել իրենց հողերից:
Հարցնում եմ.
– Դու նրանց կարողանո՞ւմ ես հասկանալ:
– Հայաստան գնալուց յետոյ կարողանում եմ հասկանալ: Այստեղի ազգականներիս հետ հանդիպելուց յետոյ նրանց հետ խօսելով աւելի լաւ եմ հասկանում: Ինձ հետ խօսելիս լացում են: Ասում են, որ ցանկանում են միայն Սասունը, իրենց պապերի գիւղը տեսնել: Մտածում եմ` եթէ նրանց Սասուն տանեմ, ինչպէ՞ս եմ մեր պապիկի գիւղ տանելու, որովհետեւ այնտեղ արդէն արաբներ են ապրում, հին տները չեն մնացել, եկեղեցին էլ որպէս գոմ են օգտագործում:
Դէ Պատմիր, Տեսնենք Գանձերը Որտե՞ղ Են Թաղուած
Երբ Սելիմն սկսեց վերադառնալ իր հայկական ինքնութեանը, ընտանիքն էլ աւելի ամուր փարուեց իր ինքնութեանը, որոշ բաներ լուսաւորուեցին Սելիմի գլխում.
– Պապս հովուութիւն անելիս անընդհատ նոյն լերան գագաթն էր բարձրանում, մենք էլ անընդհատ հարցնում էինք, թէ ինչո՞ւ ենք միշտ նոյն տեղը գալիս: Դու մի ասա` լերան գագաթից երեւում էր իրենց նախկին գիւղը, պապիս հայեացքը առաւօտից երեկոյ իր հօր տանն էր հառուած: Անընդհատ այնտեղ էր գնում, քանի որ կարօտում էր իր գիւղը:
Մերոնք մտածելով, թէ յետ են վերադառնալու իրենց տուն, տատիկիս ուլունքները թասերի, թաւաների մէջ թաղել էին: Երբ իրենց նախկին գիւղից հիւր էր գալիս, տատիկս տխրում էր` իր ուլունքները նրանց վզին տեսնելով:
Սելիմն ասում է, որ երբ գիւղում իմացան, որ ինքն ու իր ընտանիքը հայ են, գիւղում գանձերի մասին զրոյցներ ծաւալուեցին.
– Գիւղացիներն ինձ լաւ են ընդունում, ճաշի են հրաւիրում: Որոշ ժամանակ անց էլ կատակով ասում են. «Դէ ասա, տեսնենք գանձերը որտե՞ղ են: Քարտէզ կա՞յ»: Այդ ժամանակ եմ հասկանում, թէ ինչո՞ւ են ինձ լաւ վերաբերւում:
Սելիմի ինքնութեան փնտռտուքի այսօրուայ կանգառը Հայաստանը դարձաւ: Վերջին 7ամիսը Հայաստանում է ապրում, այստեղ հայերէն է սովորում` փորձելով հայկական ինքնութեան հետ աւելի մօտիկից ծանօթանալ:
Հայաստան է գնացել Հայաստանի սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ:
– Անցեալ տարի առաջին անգամ Թուրքիայի մուսուլման հայերից բաղկացած մի խումբ Հայաստան տարան: 18 օրեայ ծրագիր էր: Մեր կազմակերպիչը Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու նախագահն էր: Ես եկայ ե՛ւ Հայաստանը տեսնելու, ե՛ւ ազգականներիս գտնելու:
22 Տարի Անց Նամակը Հասաւ Այն Գրած Անձին
Լա՛ւ, իսկ Հայաստանի իր ազգականների մասին Սելիմն ինչպէ՞ս իմացաւ: Ըստ էութեան, իր բարեկամներին գտնելու պատմութիւնն սկսում է 22 տարի առաջ իր ընտանիքին ուղարկուած մի նամակից:
Սելիմի պապի` Կենճօ Աքտաշի ընկերը, որ Սասունի մի այլ գիւղից իսլամացած հայի ընտանիքից է, հետագայում կրկին դառնում է քրիստոնեայ: Այս ընտանիքը գնում է Հայաստանում գտնուող իրենց ազգականներին այցելութեան: Եւ այցելած գիւղում գտնում է նաեւ Միթոյի ընտանիքին: Միթոյին Սելիմի ընտանիքի ազգանունն է նախքան իսլամ ընդունելը: Կենճօ Աքտաշի ընկերը իմանում է այս մասին, եւ զրոյցի ընթացքում պարզւում է, որ Աքտաշ ընտանիքի ազգականներն են:
Հայաստանաբնակ ազգականները Կենճոյին նամակ են գրում եւ տոհմածառն ուղարկում: Նամակի մասին միայն պապը` Կենճօ Աքտաշն ու Սելիմի հայրը` Սապրի Աքտաշը գիտէին: Տարիներ շարունակ նամակը որպէս գաղտնիք թաքցնում են, սակայն այն բանից յետոյ, երբ Սելիմն իմանում է իր ինքնութեան մասին եւ որոշում վերադառնալ իր ինքնութեանը, նամակը նրան են յանձնում: Իսկ Հայաստանում իր ազգականներին գտնելու պատմութիւնը Սելիմն այսպէս է ներկայացնում.
Հայաստան գալու երրորդ օրը ճանապարհուեցի նրանց գտնելու: Հետս վերցրեցի նաեւ թարգմանչին ու Տիգրանակերտից եկած տարէց մի հօրեղբօր:

Երթուղային մեքենայ նստելուն պէս թարգմանիչ Գէորգն ասել է, որ փնտռում են Սելիմի ազգականներին եւ ցոյց տուել նամակը: Վարորդն այդ հասցէն իմացել է: Շէնքի վերելակը չէր աշխատում, տունն էլ 11-րդ յարկում էր: Տիգրանակերտցի հօրեղբօրն ասել են` դու մի՛ բարձրացիր, մնա՛, սակայն նա առաջինն է բարձրացել: Չի ցանկացել բաց թողնել Սելիմի` ազգականների հետ հանդիպելու պահը:
– Դուռը բացող կնոջ աչքերը լցուեցին թարգմանչի հետ խօսելիս: Երբ իմացաւ, թէ ես ով եմ, ճիչ արձակելով ներս վազեց: Միւս ազգականներին զանգեց եւ տուն կանչեց: Մենք մնացինք դռան շեմին, չիմացայ` ինչ անել: Յետոյ վերադարձաւ եւ փաթաթուեց ինձ:
Սելիմն ասաց, որ կէս ժամուայ ընթացքում մօտ 25 հոգի եկան:
– Այս ամէնից յետոյ ի՞նչ զգացիր:
– Երջանիկ, միեւնոյն ժամանակ նաեւ տխուր էի: Նրանց գտել էի, սակայն չգիտէի նրանց լեզուն, չէի կարողանում խօսել:
Սա մեծ ազդեցութիւն է ունենում Սելիմի` հայերէն սովորելու որոշման վրայ: Սելիմն ասում է, որ ցանկանում է ամռանն իր հօրը Հայաստանի ազգականների հետ ծանօթացնել եւ թարգմանիչն էլ հէնց ինքը լինի:
– Ընտանիքիս համար եմ հայերէն ուզում սովորել: 100 տարի անց մեր ազգականներին գտանք: Ուզում եմ օգոստոսին հօրս տանել եւ ազգականների հետ ծանօթացնել: Նրանք էլ յետոյ Սասուն են գալու: Ընկերներն ասում են, որ իրենք կը թարգմանեն, սակայն հայրս ուզում է, որ թարգմանիչն իր արիւնակիցը լինի:
Քրտական Ինքնութիւնից Հրաժարուելու Համար
Ժամանակ Էր Պէտք
Սելիմը այդքան էլ հեշտութեամբ չի վերագտել իր հայկական ինքնութիւնը: Մինչեւ 20 տարեկանն իրեն քիւրտ է համարել.
– Վերջ ի վերջոյ մեծացել եմ քրտերէն խօսելով, քրտական մշակոյթի մէջ: Ժամանակ էր հարկաւոր, որ հրաժարուէի դրանից:
Սակայն հայկական ինքնութեանը հիմնականում մերուել է հայ լինելու համար արհամարհական վերաբերմունքի արժանանալուց յետոյ:
– Երբ իմացայ, որ հայ եմ, հարցեր առաջացան` որտեղի՞ց են եկել մեր քրիստոնեայ ազգականները, ո՞ւր են գնացել, մենք ո՞վ ենք, ինչո՞ւ ենք մուսուլման դարձել… Սրանց մասին հարցրեցի ընտանիքիս: Պարզ ասացին, որ պատճառը վախն է եղել: Յետոյ հասկացայ, որ պատասխաններն, ըստ էութեան, դրսում էին տալիս, կեաւուր Յակոբի թոռ էին ասում: Դու մի ասա` Յակոբը հայկական անուն է: Ես չգիտէի, երբեք չէի հարցրել:
Սասունում արաբները, քրտերը իրենց լեզուով են խօսում: Համալսարանում թուրքերն իրենց մայրենի լեզուով են խօսում, իրենց մշակոյթով ապրում, սակայն, օրինակ, հայրս արաբերէն, քրտերէն եւ հայերէն (թուրքերէն գրութիւնում հաւանաբար վրիպակ է եղել, հեղինակը նկատի է ունեցել թուրքերէն, «Ակունք»-ի խմբ.) է խօսում, սակայն չի կարող հայերէն խօսել: Մարդու համար սա շատ դժուար է: Նա, ով սրա միջով չի անցել, դժուար կը հասկանայ: Պատմելն անգամ հեշտ չէ:
Համալսարանի «Հայ Սելիմը»
Հետագայում Սպարտայի «Սուլէյման Տեմիրել» համալսարան ընդունուած Սելիմին այստեղ տեսածն ու ապրածն աւելի ամուր կապերով կապեցին իր հայկական ինքնութեանը:
Հարցնում եմ, թէ համալսարանում թաքցրե՞լ է արդեօք իր հայկական ինքնութիւնը: Պատասխանում է, որ երբեք չի թաքցրել, երբ հարցրել են` ասել է իր հայկական ինքնութեան մասին:
Սելիմը պատմում է, որ ուսանողութեան տարիներին համալսարանում քրտերի եւ ազգայնականների միջեւ մշտապէս լարուածութիւն է եղել, փորձել է երկու խմբի հետ էլ ընկերութիւն անել, երկու խումբն էլ իրեն լաւ են վերաբերուել, անգամ իրար միջեւ լարուածութիւն ծագելու դէպքում, միջնորդի դերով հանդէս գալով, փորձել է հարթել: Ասում է, որ ժամանակի ընթացքում համալսարանում իրեն սկսում են ճանաչել որպէս «հայ Սելիմ»:
Ընկերը, ում հետ տուն էր վարձակալում, ազգայնական էր: Ես էլ հարցնում եմ, թէ որեւէ լարուածութիւն եղե՞լ է, թէ՞ ոչ:
Սելիմը պատասխանում է.
– Երկու սենեկակիցս էլ գիտէին, որ հայ եմ: Նոյն հանրակացարանում էինք: Երբ ասացի, որ վարձով տուն եմ տեղափոխւում, ցանկացան ինձ միանալ: Շատ լաւ էինք իրար վերաբերւում, եթէ իրար պոչ չտրորէինք: Ընկերներ էինք: Երբեմն քաղաքականութեան մասին խօսելիս իրարից նեղանում էինք, 1-2 շաբաթ չէինք խօսում, սակայն յետոյ հաշտւում էինք: Ամէն ինչ միասին էինք անում:
Հետագայում իր հետ ապրող ընկերներից մէկը ազգայնական խմբակ է սկսում յաճախել, սակայն սա այդքան էլ մեծ ազդեցութիւն չի թողում իրենց յարաբերութիւնների վրայ:
Ոստիկանութիւն Է Գնացել,
Երբ Չի Կարողացել Տուն Գտնել
Սելիմը ոչ միայն հայկական, այլեւ քրտական ինքնութեան պատճառով էլ է մինչեւ 20 տարեկանը նեղութիւն կրել.
– Եթէ համալսարանում որեւէ դէպք տեղի ունենար, տարածւում էր նաեւ քաղաքում: 2 ամիս շարունակ տուն չէի կարողանում գտնել, քանի որ ինձ քիւրտ էին համարում: Համաձայնութեան էինք գալիս, սակայն անձնագրիս մէջ տեսնելով, որ Պաթմանում եմ ծնուել, հրաժարւում էին: Թէեւ ընկերներս արեւելքից չէին, սակայն իմ պատճառով նրանց էլ տուն չէին տալիս: Բառացի ասում էին` քիւրտ չեմ ուզում: Արդէն սկսել էի մտածել Սասուն վերադառնալու կամ Պոլիս գնալու մասին:
Վատ տրամադրութեամբ մի օր Սելիմը փողոցով անցնող ոստիկանութեան մեքենան կանգանցնում եւ ասում է, որ չի կարողանում տուն գտնել. «Ինձ տուն չեն տալիս, քանի որ պաթմանցի եմ»: Երբ ոստիկանն ասում է, «Ես ի՞նչ կարող եմ անել», պատսախանում է. «Քաղաքացուն օգնելը ձեր պարտականութիւնը չէ՞, օգնեք»:
Ոստիկանութեան հետ բաժանմունք է գնում, խօսում են, եւ նրա երաշխաւորութեամբ ոստիկանական բաժանմունքի վերին յարկում գտնուող տունը վարձակալում են:
Մուսուլման Հայ Եմ
Հարցնում եմ, թէ արդեօք կրօնը փոխելո՞ւ է:
– Սրա մասին ինձ բարեկամներս էլ են հարցրել: Ասել եմ, որ մուսուլման եմ: Նրանք էլ ասացին. «Եթէ մենք էլ մնայինք Սասունում, մենք էլ էինք մուսուլման դառնալու, եթէ դու գայիր Հայաստան, դու էլ քրիստոնեայ կը լինէիր: Մեզ համար դա ոչինչ չի փոխում»:
Ըստ էութեան, Սելիմն ասում է, որ մի ժամանակ մտածել է կրօնափոխութեան մասին.
– Եթէ անգամ կրօնափոխ լինեմ, ոչինչ չի փոխուի: Մուսուլման եմ, սակայն չեմ հետեւում իսլամին: Կարծում եմ, որ ինքնութեան մէջ կրօնն այդքան էլ ազդեցութիւն չունի:
Երեւանում կազմակերպուած ոգեկոչման արարողութիւններին մասնակցած Սելիմին հարցնում եմ, թէ 1915 թ. 100-ամեակի վերաբերեալ ի՞նչ է զգացել: Պատասխանում է, որ երջանիկ է` ապրիլի 24-ին այստեղ է եղել: Սելիմն իր պատմութիւնը միշտ ժպտալով է պատմում, պատմում է, որ երբեմն տխրում, կոտրւում, շատ դժուարանում է.
– Ուրախ եմ, որ այս ամէնը իմ հետ կատարուեց: Լաւ է, որ այս ամէնը վերապրեցի, որովհետեւ այս ամէնն ինձ իմ հայկական ինքնութեանն աւելի մօտեցրեց:
Այսօր Սասունում քրիստոնեայ 4 ընտանիք կայ: Սելիմն ասում է, որ իրենց գիւղում 3 իսլամացած հայկական ընտանիք կայ, սակայն չգիտի, թէ Սասունի շրջակայքում, որքան իսլամացած հայկական ընտանիք կայ:
«Պի. Պի. Սի. Թիւրք» եւ «Տեմոքրաթհապէր»
Թարգմանեց` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»