ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Բանասիրական գիտութիւններու դոկտոր
2007-2008 թթ. Գրականութեան եւ արուեստի Ե. Չարենցի անուան թանգարանում ուսումնասիրում էի Արամ Հայկազի (Չէքեմեան, 1900-1986) արխիւում պահուող նամակները` գրքով հրատարակելու համար: Դրանցից մէկը (թուագրուած է` 29 օգոստոս, 1975) հասցէագրուած է Մարգարին եւ Էլիզին, որոնց գրողը շնորհաւորում է ամուսնութեան առիթով, բարեմաղթում. «Ձեր կեանքի բոլոր օրերուն պսակի այս օրուան չափ երջանիկ ըլլաք», եւ` ափսոսում, որ չի կարողանալու ներկայ գտնուել ուրախառիթ այդ հանդիսութեանը: Գրողի արխիւում գտայ երկու նամակ` Մարգար ստորագրութեամբ: Շատերին դիմեցի, բայց չկարողացայ գտնել այն երջանիկ ամոլին, որոնց հասցէագրած նամակը գրողը պահել է իր արխիւում:
Արամ Հայկազի «Նամակներ» հատորը լոյս տեսաւ 2009-ին:
Ամիսներ անց ծանօթացայ Ուշիում ապրող Շարաբխանեան ամուսիններին` պարոն Մարգարին ու տիկին Էլիզին: Երկար զրուցեցինք ու բաժանուեցինք շա՜տ հին ծանօթների պէս: Համագործակցելու լրացուցիչ մի առիթ է այն հանգամանքը, որ Ուշիի Նիկոլ Աղբալեանի անուան դպրոցի հանդիսութիւնների սրահը կրում է Լեւոն Շանթի, գրադարանը` Համաստեղի անունը:
Յետոյ սկսեցի հրատարակել «Արամ Հայկազ. մոռացուած էջեր» գրքի հատորները ու «Հայրենիք» շաբաթաթերթի համարներից մէկում գտայ Արամ Հայկազի «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» հատորի մասին յօդուած` Էլիզ Հասրճեան ստորագրութեամբ: Պարզուեց` տիկին Էլիզը պահել է գրողի նամակները, որոնք սիրով տրամադրեց ինձ (զետեղել եմ «Արամ Հայկազ. մոռացուած էջեր» գրքի Զ. հատորում):
Փա՜ռք Աստծոյ, 40 տարի անց, որպէս Շարաբխանեան ամուսինների ամուսնութեան տարեդարձի նուէր, հրատարակում եմ Արամ Հայկազի շնորհաւորական նամակը (թող նորից ու նորից կրկնուի գրողի բարեմաղթանքը) եւ` յօդուած, որ գրել եմ մէկ տարի առաջ ու չեմ հրատարակել Շարաբխանեանների, յատկապէս տիկին Էլիզի արգելքի պատճառով:
Կարծում եմ` «մեղքս» կը ներուի…
ա) Մարգարին Եւ Էլիզին
29 օգոստոս, 1975
Շա՛տ, շա՛տ սիրելի Մարգար եւ Էլիզ,
Ստացայ ձեր Սուրբ պսակին ներկայ ըլլալու հրաւէրը եւ կարդացի բերկրանքով: Հաւատացէ՛ք, եթէ գոյութիւն չունենային կարգ մը իրաւ արգելքներ, օդանաւ ցատքելով կու գայի իմ ճանչցած եւ սիրած երկու անձերուս «Տէր եւ Տիկին» ըլլալու արարողութեան ներկայ ըլլալու: Ժպիտը դէմքիս` կը հետեւէի արարողութեանց, որոնց աւարտին գորովով կը համբուրէի երկուքիդ ալ խոհուն ճակատները եւ կ՛ըսէի.
– Ձեր կեանքի բոլոր օրերուն պսակի այս օրուան չափ երջանիկ ըլլաք:
Ուրեմն մարմնով հեռու, բայց մտքով ձեր մօտ ու հետ` կը կրկնեմ այս օրհնութիւնը.
– Ձեր կեանքի բոլոր օրերուն պսակի այս օրերուն պէս միշտ երջանիկ ըլլաք:
Արամ Հայկազ
բ) Յամառ Ու Համատեղ Ջանքերի Արդիւնքը
Ուշիի բնակիչ Շարաբխանեան ամուսիններն անվերջ փնտռտուքի ու հոգսերի մէջ են` դպրոցում ինչ-որ բան է պակաս, «մեր երեխաներու» հետ պարապմունքի ժամն է, գիւղի մասին տիկին Էլիզի յօդուածներից տեղեկացած սփիւռքահայերի խումբ է այցելելու… Վերջերս հոգսերին աւելացաւ ամենահաճելին` նորածին թոռնիկի համար նոր բան պէտք է հիւսել…
2014 թ. յունիսի 1-ը գիւղի պատմութեան մէջ կը մնայ որպէս իսկական սխրագործութեան օր. Շարաբխանեան ամուսինների նախաձեռնած ու նրանց միջոցով ընդհանուր գործում ներգրաւուած բարերարների ջանքերով նորոգուած մշակոյթի տունն ընդունեց առաջին հիւրերին:
Շնորհաւորանքների ու նուէրների, աշակերտների ու դպրոցի շրջանաւարտների ելոյթների հերթագայութիւնն անվերջ է թւում. բոլորն են ուզում սրտի խօսք ասել մարդկանց, ովքեր միաւորուել ու անհնարին թուացողը դարձրել են իրականութիւն:
Կրթուած, անձնուրաց ու հայրենասէր մարդն հայրենիքում շատ անելիք ունի:
Իսկ մեզ ուսուցանում էին, թէ պատմութիւն կերտում են ամբոխները:
Պատմութիւն կերտում ու երկիրը հայրենիք են դարձնում հող մշակող, քարը քարին դնող, երեխաներ դաստիարակող համեստ մշակները, ովքեր չեն վախենում դժուարութիւններից ու լաւ գիտեն իրենց անելիքը: Երանի՜ ամէն հայ գիւղ (մանաւանդ` սահմանամերձ) նման մէկ նուիրեալ ունենայ… Երկիրս, որ ամենասիրունն է աշխարհում, կը դառնայ իսկական հայրենիք բոլոր հայերի համար:
Փա՜ռք ու պատիւ մերօրեայ համեստ հերոսներին, որոնց առնչուելն արդէն պատիւ է, էլ չեմ խօսում համագործակցելու հնարաւորութիւնների մասին… Իսկ նորոգ դահլիճում համագործակցութեան բազմաթիւ ծրագրեր ծնուեցին: Տա՜ Աստուած, որ կարողանանաք դրանք իրագործել Շարաբխանեան ամուսինների պէս յամառ ջանքերով ու աննահանջ պատրաստակամութեամբ:
2. 6. 2014