ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
1991 թուականի սեպտեմբեր 2-ից` Արցախի անկախութեան հռչակումից ընդամէնը մէկուկէս ամիս առաջ, Լեռնային Ղարաբաղի մարզի այն ժամանակուայ ղեկավարութիւնը եւ քաղաքական վերնախաւը բոլորովին այլ խնդիրներով էր զբաղուած: Պատմութիւնը «եթէ»-ներ չի սիրում, բայց եթէ չլինէր Մոսկուայի օգոստոսեան ձախողուած խռովութիւնը, ապա Արցախում այսօր կարող էր լինել այլ սթաթիւս քօ եւ այլ քաղաքական իրավիճակ:
1991-ի գարնանը Խորհրդային Միութեան բանակի օժանդակութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ Ազրպէյճանը իրականացրել էր «օղակ» գործողութիւնը` գրաւելով եւ իրենց տներից արտաքսելով հայկական 24 գիւղերի հազարաւոր բնակիչների: Արցախում եւ Հայաստանում տիրում էր հիասթափութեան, տագնապի եւ անորոշութեան մթնոլորտ: Այդ օրերին Ազրպէյճանը յայտարարել էր, որ ամբողջովին հաւանութիւն է տալիս Խորհրդային Միութեան նախագահ Միխայիլ Գորբաչովի քաղաքականութեանը եւ կողմ է Խորհրդային Միութեան պահպանմանը, մինչդեռ Հայաստանը ընտրել էր անկախութեան եւ Խորհրդային Միութիւնից դուրս գալու ուղին:
Դեռ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանը ընդունել էր Անկախութեան հռչակագիր եւ ձեռնամուխ էր եղել Խորհրդային Միութիւնից դուրս գալու օրինական, իրաւական գործընթացին, մինչդեռ Ազրպէյճանը մտադիր էր մնալ Խորհրդային Միութեան կազմում: Երբ Գորբաչովը 1991-ի մարտին կազմակերպեց Խորհրդային Միութեան պահպանման հանրաքուէ, Ազրպէյճանը խորհրդային ութ այլ հանրապետութիւնների հետ մասնակցեց քուէարկութեանը եւ կողմ արտայայտուեց Խորհրդային Միութեան հետագայ գոյութեանը: Հայաստանը, ինչպէս նաեւ Վրաստանը, Մոլտովան ու պալթեան երեք հանրապետութիւնները` Լիթվա, Էսթոնիա, Լաթվիա, չմասնակցեցին հանրաքուէին: Հայաստանը յայտարարեց, որ ընտրել է անկախութեան ուղին, իսկ նոյն տարուայ աշնանը` սեպտեմբերի 21-ին, կ՛անցկացնի անկախութեան ի՛ր հանրաքուէն:
Գորբաչովը շնորհակալութիւն յայտնեց Մութալիպովին եւ ազրպէյճանցի ժողովրդին, քանի որ Ազրպէյճանը, ինչպէս նշեցինք, 1991-ի մարտին մասնակցել եւ «Այո» էր քուէարկել Խորհրդային Միութեան պահպանման հանրաքուէին: Արդէն ապրիլ-մայիս ամիսներին Պաքուն Քրեմլինի աջակցութեամբ իրականացրեց «օղակ» գործողութիւնը, որը պետական ահաբեկչութեան եւ ցեղային զտման օրինակ էր:
Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերնախաւը ուղիներ էր փնտռում Մոսկուայի ու Պաքուի հետ լեզու գտնելու, որպէսզի Արցախի հայ ազգաբնակչութեան նկատմամբ ցեղային զտումների եւ արտաքսման քաղաքականութեանը վերջ դրուի:
Ահա այս պայմաններում Մոսկուան եւ Պաքուն Արցախի ղեկավարութեանը եւ ժողովրդին առաջարկում են հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրութիւններից եւ մասնակցել սեպտեմբերին սպասուող Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններին: Յուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկւում է Արցախի` Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններին մասնակցելու առաջարկութիւնը: Մարզխորհուրդը, որը ղեկավարում էր Լէոնարդ Պետրոսեանը (սպաննուել է 1999թ. հոկտեմբերի 27-ին` Հայաստանի Ազգային ժողովում իրականացուած ահաբեկչութեան արդիւնքում) մերժում է ընտրութիւններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է միւս առաջարկը` մեկնել Պաքու եւ Մոսկուա, բանակցել Ազրպէյճանի եւ Խորհրդային Միութեան ղեկավարութեան հետ:
Արցախում միակ ուժը, որ հրապարակաւ եւ միանշանակ դէմ արտայայտուեց Պաքու պատուիրակութիւն ուղարկելուն, ՀՅԴ-ն էր: Միւս բոլոր ուժերն ու քաղաքական գործիչները, այդ թւում` Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը, կտրուկ դէմ չարտայայտուեցին Պաքու եւ Մոսկուա պատուիրակութիւն ուղարկելու Ազրպէյճանի առաջարկին: Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը եւ անձամբ Լեւոն Տէր Պետրոսեանը եւս դէմ չարտայայտուեցին: Աւելի՛ն. նրանք Արցախի ղեկավարութեանը յորդորում էին լեզու գտնել Ազրպէյճանի հետ:
Աւելի՛ն. յուլիսի 15-16-ին Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավէճեր այն հարցի շուրջ, թէ պէ՞տք է Արցախի պատուիրակութիւնը մեկնի Պաքու: Հարցը դրուեց քուէարկութեան: Հայաստանի խորհրդարանի 260 պատգամաւորներից միայն 10-ը դէմ արտայայտուեց, իսկ 18-ը` ձեռնպահ: Միւսները, այդ թւում` խորհրդարանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, այսօր արտաքին գործերի նախարար Շաւարշ Քոչարեանը եւ տասնեակ այլ պատգամաւորներ կողմ քուէարկեցին այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարութիւնը պատրաստակամութիւն էր յայտնում «քաղաքական բանակցութիւններ սկսել Ազրպէյճանի իշխանութիւնների հետ եւ փոխզիջումային լուծումներ որոնել Խորհրդային Միութեան սահմանադրութեան եւ օրէնքների շրջանակներում»:
Յուլիսի 20-ին արցախեան 6 հոգանոց պատուիրակութիւնը, որը գլխաւորում էր Լէոնարդ Պետրոսեանը, Ստեփանակերտից մեկնեց Պաքու, հանդիպում ունեցաւ Ազրպէյճանի նախագահ Այազ Մութալիպովի հետ: Պաքու մեկնած պատուիրակութեան անդամներից մէկը` Վալերի Գրիգորեանը, երեք շաբաթ անց սպաննուեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով` հայի կողմից արձակուած կրակահերթից: Պաքու մեկնած պատուիրակութեան միւս անդամները եւս, այդ թւում` Լէոնարդ Պետրոսեանը, մեղադրւում էին Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալու, անգամ` դաւաճանութեան մէջ:
Իսկ Ազրպէյճանը եւ նրա ղեկավար Մութալիպովը ցնծութեան մէջ էին: Նրանց թւում էր, որ հայերը պատրաստւում են հրաժարուել Արցախի եւ Հայաստանի միացման գաղափարից: Բայց տեղի ունեցաւ Մոսկուայի յեղաշրջումը, որն ամբողջովին փոխեց իրադարձութիւնների հետագայ ընթացքը:
Երբ 1991-ի օգոստոսի 19-21-ին ձախողուեց յեղաշրջման փորձը Մոսկուայում, Խորհրդային Միութեան փլուզման գործընթացն աւելի արագացաւ: Մէկը միւսի յետեւից իրենց անկախութիւնը հռչակեցին խորհրդային հանրապետութիւնները: Օգոստոսի 30-ին, երբ Ազրպէյճանը հռչակեց իր անկախութիւնը, Արցախին այլ բան չէր մնում, քան նոյնպէս հռչակել ի՛ր անկախութիւնը:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցաւ ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունուեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի «Խորհրդային Միութեան կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու կարգի» մասին օրէնքը: Այդ օրէնքի առանցքը Խորհրդային Միութեան կազմից դուրս գալու հանրաքուէի գաղափարն էր: Եթէ միութենական հանրապետութիւնը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միութեան կազմից, ինչը թոյլատրում էր սահմանադրութեան 72-րդ յօդուածը, ապա ընթացակարգը հանրաքուէն` ժողովրդական քուէարկութիւնը:
Արցախում ամիսներ անց` 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցաւ անկախութեան հանրաքուէ:
Այսպիսով, 24 տարի առաջ Արցախն իր անկախութիւնը հռչակեց տէ ժիւրէ գոյութիւն ունեցող Խորհրդային Միութեան օրէնսդրութեան տառին ու ոգուն համապատասխան` չխախտելով որեւէ օրէնք եւ ընթացակարգ:
ԱՆԻ կենտրոն