ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ
Սովորաբար գործի ու մեծ գաղափարների տէր անձինք չեն սիրում հնչեցնել սեփական անունը: Գործի յետեւում կանգնած` նրանք յաճախ մնում են աննկատ, իսկ այդպիսիներին նկատելու եւ նրանց արածը ներկայացնելու գործն էլ մնում է այլոց…
Օգոստոսի 27-ը երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդեան տարեդարձն է, ում բեկում առաջացնող` մտածողութիւն փոխող եւ պատմութեան անիւը շրջող շատ նախաձեռնութիւններ սկզբից մեզ թուացին անսովոր, երբեմն` անընդունելի, բայց ժամանակ անց, երբ դրանք իրականացան, դարձան սովորական, ոչնչով չզարմացնող … եւ կարծես` ի սկզբանէ ընդունելի:
Հիմա միանգամայն ընդունելի է, որ հոգեւորականութիւնը միայն ծիսական արարողակարգերով պէտք չէ սահմանափակուի, եւ որ նա այլ, աւելի առաջնային առաքելութիւն եւս ունի: Այսօր մենք այլեւս բնական ենք համարում, որ Հայաստանի լեռներում գտնուող մեր երբեմնի յուշարձանները վերածւում են հաւատքի գործող հաւաքատեղի-եկեղեցիների: Այժմ բոլորովին զարմանալի չէ, որ կառուցւում են նորանոր եկեղեցիներ այնտեղ, որտեղ դրանք չկան: Ներկայումս ոչնչով չենք խանդավառւում, որ աշխարհը ճանաչում է Հայաստանն իբրեւ քրիստոնէութեան բնօրրան-երկիր: Մեր օրերում արդէն ուշարժան չէ նաեւ, որ այլ եկեղեցիները չեն վիճարկում մեր եկեղեցու առաքելական ծագման եւ դաւանաբանութեան հարցերը…
Ընթացիկ տարուայ ազգային-եկեղեցական մեր կեանքում գրեթէ միաժամանակ տեղի ունեցան երեք կարեւորագոյն իրադարձութիւններ: Վատիկանում, համաշխարհային բազմամիլիոն լսարանի առաջ Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանութեան զոհերին նուիրուած եւ հայոց շարականների ուղեկցութեամբ ընթացող պատարագի մատուցման, Հայ Առաքելական եկեղեցու սրբին համաշխարհային ամենաազդեցիկ կրօնական կառոյցի` Կաթոլիկ եկեղեցու բարձրագոյն պատուին` Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսի շնորհման եւ Ս. Էջմիածնում Ցեղասպանութեան զոհերի սրբադասման աննախադէպ արարողութեան յաջորդական իրադարձութիւնները անջնջելի տառերով պիտի գրուեն հայութեան պատմութեան էջերում:
Եւ ինչպէս պարզւում է, նշուած պատմական երեք իրադարձութիւնների ակունքներում նոյնպէս կանգնած է Գարեգին Ա. Ամենայն Հայոց երանալոյս հայրապետը, առանց ում համարձակ, յաճախ նաեւ դիմադրութիւնների հանդիպող նախաձեռնութիւնների այս դէպքերն այսօր կարող էին եւ տեղի չունենալ: Յիշենք, որ հէնց լուսահոգի վեհափառի գործունէութեան արդիւնքում, նրա աստուածաբանական գիտելիքների, տասնամեակների միջեկեղեցական գերաշխուժ գործունէութեան, միջազգային մեծ յարգանքի եւ, վերջապէս, 1996 թ. առ Աստուած ու Քրիստոս ընդհանուր հաւատքի մասին Հռոմի քահանայապետ Յովհաննէս Պօղոս Բ. պապի հետ ստորագրած համատեղ հռչակագրի շնորհիւ են երկու եկեղեցիների միջեւ հիմնուել ջերմ, բարեկամական, յարգանքի ու փոխըմբռնման հիման վրայ կառուցուած անխախտ յարաբերութիւններ:
Անդրադառնալով սոյն թուականի ապրիլի 23-ին զոյգ կաթողիկոսութիւնների գահակալների մասնակցութեամբ տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան զոհերի սրբադասման յիրաւի աննախադէպ արարողութեան նախապատմութեանը` նշեմ, որ Հայաստանեայց Սուրբ եկեղեցու պարագայում վեցդարեայ ընդմիջումից յետոյ սրբադասում իրականացնելու եւ այդ սրբադասումը բոլոր նահատակների վրայ տարածելու համարձակ գաղափարը հանդիպում է Գարեգին վեհափառի` դեռեւս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տարիներից: 1985-ին իր «Եօթը ողջոյն նահատակաց եօթանասնամեակին» աշխատութեան մէջ դիմելով նահատակներին` նա իր համոզմունքն է յայտնում այս կապակցութեամբ. «Եւ կու գայ օրը, երբ այլեւս բնականօրէն ճանչցուած ձեր սրբութիւնը կը դառնայ կանոնականացեալ սրբադասում, որուն արժանի էք մեր բոլորի խիղճերուն, քրիստոնէական հաւատքի անկեղծագոյն վկայութեամբը»: Այնուհետեւ, 1989-ին Ս. Էջմիածնում երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման արդիւնքում որոշւում է հայոց նահատակների սրբադասման արարողութիւնն իրականացնել յաջորդ տարի եւ ապրիլի 29-ին ստորագրւում հայ ժողովրդին ուղղուած համատեղ հաղորդագրութիւն, որտեղ ասւում է. «Տրուած լինելով, որ յառաջիկայ տարին 75-ամեակն է մեր նահատակների զոհաբերման, առաջադրում ենք մինչեւ 1990 թուականի ապրիլ ամիսը հարկ եղած նախապատրաստական աշխատանքները յառաջ տանել` իրականացնելու համար նրանց սրբադասումը, ի շարս տօնելի սրբոց Եկեղեցւոյս Հայաստանեայց»: Ճիշդ է, սրբադասումը ինչ-ինչ պատճառով չի կայանում, յետաձգւում է, սակայն, ինչպէս տեսնում ենք, գաղափարը մնում է օրակարգում, որպէսզի այն իրականութիւն դառնայ այսօր:
Իրօք, Գարեգին Ա. վեհափառի բովանդակ կեանքն էր լի ազգաշահ ու եկեղեցաշէն գործունէութեամբ, որոնք յաճախ իրականացւում էին նրա համարձակ, բայց նաեւ բազմակողմանիօրէն կշռադատուած որոշումների հիման վրայ. «Երբ կայացնում ես Եկեղեցուն վերաբերող որոշումներ, դրանք պէտք է լինեն ի շահ ընդհանուրի: Այս սկզբունքով եմ կողմնորոշուել շատ վճիռներ ընդունելիս: Արժէքների սանդղակում զատորոշելու զգացողութիւն է անհրաժեշտ ունենալ: Նա, ով որոշում է կայացնում, պէտք է կարողանայ լաւ տեսնել ամբողջը եւ ընտրել այն, ինչը կարեւոր է: Գուցէեւ դա անմիջապէս չհասկացուի, սակայն պատմութիւնը մեզ սովորեցնում է, որ որոշ վճիռներ, որոնք ընդունուելու պահին ճիշդ չեն հասկացուել, հետագայում առաջնակարգ կարեւորութիւն են ունեցել: Ահա թէ ինչո՛ւ է պէտք համարձակ լինել, որոշումներ կայացնել ըստ խղճի եւ պատասխանատու լինել դրանց հետեւանքների համար», այսպէս է արտայայտւում վեհափառն իր գրքերից մէկում:
«Օրերով կ՛ապրինք, օրերուն հետ կը քալենք, բայց օրերուն հետ չենք կրնար մարիլ: Մարդու եւ հայու մեր պարտքն է օրերէն վե՛ր թեւել, պատմութիւն կերտել եւ դառնալ յաւիտենականութեան ճամբորդ», ասում է Գարեգին Ա. վեհափառը մէկ ուրիշ առիթով:
Եւ թւում է, թէ այս խօսքերը նախեւառաջ վերաբերում են հէնց հեղինակին, ով իր յայտնի ու դեռեւս մեզ անյայտ գործերի ներգործութեամբ պիտի շատ երկար ճամբորդի ժամանակի արահետներով, այնքան երկար, քանի դեռ կան հայութիւնն ու Հայ եկեղեցին, այսինքն` յաւիտեան: