«ՆԻՈՒԶ»
Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալէպում ձերբակալուած ահաբեկիչները խոստովանել են, որ մարտական պատրաստութեան մարզումներ են անցել Թուրքիայի յատուկ ռազմական ճամբարներում, որտեղ նրանց մարզել են Միացեալ Նահանգներու, Թուրքիայի եւ Քաթարի ռազմական մասնագէտները:
Ահմատ Մուսթաֆա Մասթարի անունով ահաբեկիչը Սիրիայի պետական հեռուստատեսութեան եթերում խոստովանել է, որ ինքը Համա նահանգից է: Հաւաքագրուելուց 4 ամիս անց իրեն ուղարկել են Իտլիպ նահանգի Սիլքին աւան, որից յետոյ` Թուրքիա: Նա մէկ ամիս մարտական պատրաստութիւն է անցել Թուրքիայում, որից յետոյ նրան ուղարկել են Հալէպ` նշանակելով Սալահէտտին թաղամասի դիրքերի ղեկավար:
Զաքարիա Շըրաքըլ Զէյթ անունով մէկ այլ հալէպցի ահաբեկիչ խոստովանել է, որ հաւաքագրուել է «Թաուհիտ» խումբ եւ մասնակցել այսպէս կոչուած «Հալէպ» գործողութեանը:
Մոհամետ Աքիլ անունով ահաբեկիչը պատմել է, որ իրեն նոյնպէս հաւաքագրելուց յետոյ ուղարկել են Իտլիպ, որտեղ ինքը մարտական պատրաստութիւն է անցել Մ. Նահանգների, Թուրքիայի եւ Քաթարի մասնագէտների ենթակայութեան տակ: Յետոյ իրեն ուղարկել են Թուրքիա` «վերապատրաստման»: Սիրիա վերադառնալուց առաջ բոլոր վարձկանները 200 ամ. տոլար պարգեւ են ստացել: