Մայիսի 14-ին Հնդկաստանի վարչապետ Նարենտրա Մոտին մեկնեց Չինաստան` նախագահ Չի Ժինփինկի հետ բանակցութիւնների: Եռօրեայ այցի ընթացքում Մոտին մտադիր է բեկում մտցնել Չինաստանի հետ յարաբերութիւններում, ինչին առայսօր խանգարում էին փոխադարձ տարածքային պահանջները: Եւ դատելով անուղղակի նշաններից` այցը կարող է արմատապէս փոխել իրավիճակը Տելհիի եւ Փեքինի յարաբերութիւններում:
Դատէք ինքներդ: Չինաստանում գտնուելու ծրագիրն այնպէս է կազմուած, որպէսզի Մոտին ընդունուի ամենաբարձր մակարդակով: Գագաթաժողովը տեղի է ունենալու Զիանում` Չի Ժինփինկի հայրենի քաղաքում, ինչը կարելի է գնահատել որպէս անկեղծութեան նշան: Յետոյ Հնդկաստանի վարչապետը կ՛ուղեւորուի Փեքին` հանդիպելու Չինաստանի վարչապետ Լի Քեքիանկի հետ: Իսկ այցը կ՛աւարտուի Շանկհայում, որտեղ հնդկական պատուիրակութիւնը բանակցութիւններ կը վարի չինական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
«Ես վաղուց անհամբերութեամբ սպասում էի Չինաստան գալուն: 21-րդ դարը պատկանում է Ասիային: Յոյս ունեմ, որ իմ այցելութիւնը ոչ միայն կ՛ամրապնդի չին-հնդկական բարեկամութիւնը, այլեւ նոր խթան կը հանդիսանայ Ասիայի զարգացող երկրների եւ ողջ աշխարհի յարաբերութիւններում», ասել է Մոտին շրջագայութեան նախօրէին:
Ռուսաստանի համար Հնդկաստանի եւ Չինաստանի մերձեցումը նոյնպէս գերկարեւոր հարց է: Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան ռազմավարական եռանկիւնու վաղեմի գաղափարը մինչեւ վերջին ժամանակներս այնքան էլ կենսունակ չէր թւում. չին-հնդկական հակասութիւններն անլուծելի էին թւում: Գլխաւոր խոչընդոտը Եւրասիայում տնտեսական համարկման ճանապարհին այժմ, հաւանաբար, արդէն գոյութիւն չունի: Նշանակում է` Մոսկուայի առջեւ Արեւելքում նոր հեռանկարներ են բացւում:
Յատկանշական է, որ Չինաստան կատարելիք այցից մէկ օր առաջ տեղի էր ունեցել Հնդկաստանի վարչապետի հեռախօսազրոյցը Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Ինչպէս տեղեկացնում է Քրեմլինի մամուլի ծառայութիւնը, Մոտին հաստատել է իր մասնակցութիւնը ՊՐԻՔՍ-ի (Պրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարաւափրիկեան Հանրապետութիւն) եւ Շանկհայի համագործակցութեան կազմակերպութեան յուլիսին Ուֆայում կայանալիք գագաթաժողովին, ինչպէս նաեւ Ռուսաստանի առաջնորդի հետ քննարկել է ռուս-հնդկական արտօնեալ ռազմավարական գործընկերութեան ընդլայնման հարցերը: Իսկ դրանից հաշուած օրեր առաջ Փութինը Մոսկուայում ընդունել էր Չինաստանի նախագահ Չի Ժինփինկին. գագաթաժողովի արդիւնքներով ստորագրուել է աւելի քան 30 համաձայնագիր:
Մի խօսքով, աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում արմատապէս փոխւում է: Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի համար Ասիայի երկու առաջատար տնտեսութիւնների մերձեցումը:
– Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան եռանկիւնու գաղափարն առաջ է քաշել Եւկենի Փրիմաքովը 1990-ականների վերջին,- յիշեցնում է Ժողովուրդների բարեկամութեան ռուսաստանեան համալսարանի Չինաստանի ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն, տնտեսագիտութեան բարձրագոյն դպրոցի Ազգային հետազօտական համալսարանի արեւելագիտութեան բաժնի վարիչ Ալեքսէյ Մասլովը:- Բայց այն ժամանակ համարւում էր, թէ Ռուսաստանը «եռանկիւնում» առաջատար դեր է խաղալու: Հիմա ակնյայտ է, որ առաջատար դեր խաղում է Չինաստանը, եւ դա փոխում է ընդհանուր իրավիճակը:
Հարկաւոր է հասկանալ. «Եռանկիւնու» ամրապնդումը տեղի է ունենում չինական «Մեծ մետաքսի ճանապարհ» նոր հայեցակարգի հովանու ներքոյ: Այլ խօսքով, Չինաստանը միաւորում է երկրները փոխադարձ, առաջին հերթին` տնտեսական շահի հիման վրայ:
«ՍՎՈՊՈՏՆԱՅԱ ՓՐԵՍԱ».- Ի՞նչ շօշափելի նախագծեր կարող էին միաւորել Հնդկաստանը, Չինաստանն ու Ռուսաստանը:
Ա. ՄԱՍԼՈՎ.- Դա, առաջին հերթին, անցումն է միասնական արժոյթով հաշուարկներին: Հասկանալի է, որ այդ արժոյթը վաղը չի ծնուելու, լաւագոյն դէպքում` 5-6 տարի յետոյ, բայց դա շատ գրաւիչ նախագիծ է: Բացի այդ, մեր երեք երկրները կարող են մտցնել իրենց նախընտրութիւնները փոխադարձ առեւտրում եւ համատեղ ձեռնարկութիւններ ստեղծելիս: Մենք կարող ենք զարգացնել օդային եւ երկաթուղային փոխադրումների ընդհանուր ցանց:
Ըստ էութեան, այսօր Չինաստանը ձեւաւորում է նոր քաղաքական իրականութիւն, հէնց Փեքինն է հանդիսանում այդ իրականութեան չափաւորիչը: Բայց այդ ճանապարհին շատ բան կախուած է այն բանից, թէ ինչպէ՛ս Չինաստանը կը կարողանայ կարգաւորել յարաբերութիւնները Հնդկաստանի հետ: Դա հեշտ չէ` նկատի ունենալով կողմերի տարածքային պահանջները եւ դրանով պայմանաւորուած որոշ փոխադարձ մերժողականութիւնը, որը դրսեւորուել է հնդկա-չինական նախկին բանակցութիւնների ընթացքում:
«Ս. Փ.».- Դուք կարծում էք, որ դա Փեքինին կը յաջողուի՞:
Ա. Մ.- Կարծում եմ` Մոտիի այցի ընթացքում էլ հէնց կը կնքուի համաձայնագիրը, որը կը սառեցնի տարածքային վէճերը: Կարծում եմ` Չինաստանը նաեւ ընդառաջող տնտեսական քայլեր կ՛անի` Հնդկաստանին վարկեր կը տրամադրի արդիւնաբերութեան զարգացման համար:
Պէտք է ասել, որ Հնդկաստանն այսօր Չինաստանի բնական մրցակիցն է արտադրանքի ինքնարժէքի գծով: Հնարաւոր է` Չինաստանը հնդկական տարածք կը տեղափոխի իր ձեռնարկութիւնների մի մասը: Դրան գումարած` առաջիկայում չինական ներդրումներով Հնդկաստանի հիւսիսում կը սկսուի ճանապարհաշինարարութիւն` թէ՛ երկաթուղային, թէ՛ ճանապարհային:
Ըստ էութեան, «Մեծ մետաքսի ճանապարհի» հայեցակարգի շրջանակներում Փեքինը յոյս ունի ստանալ հսկայական տարածքի վերահսկողութիւնը` հարաւարեւելեան Ասիայից մինչեւ Անդրկովկաս: Նշեմ, որ այդ հայեցակարգը ենթադրում է` տնտեսական համարկում, ֆինանսական եւ քաղաքական փոխգործակցութիւն, ընդհանուր գումակ եւ ենթակառուցուածք:
Առայժմ այդ հայեցակարգն ընդգրկում է Չինաստանի ներքին հատուածը, գումարած մերձակայ երկրները` կենտրոնաասիական հանրապետութիւնները եւ հարաւարեւելեան Ասիայի մի շարք երկրներ: Ռուսաստանն առայժմ չի միացել հայեցակարգին, բայց յայտարարել է, որ պատրաստ է փոխգործակցել երկու միութիւնների` «Մետաքսի ճանապարհի» եւ Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում:
«Ս. Փ.».- Կարելի՞ է արդեօք ասել, թէ նման պայմաններում Ռուսաստանին յատկապէս շահաւէտ է շրջադարձը դէպի արեւելք:
Ա. Մ.- Այսօր Ռուսաստանը խոշոր երկիր է, որը սատարում է Չինաստանի «ընդլայնման» քաղաքականութեանը: Մի կողմից` դա ուժեղացնում է մեր քաղաքական եւ տնտեսական դիրքերը: Միւս կողմից` ապագայի համար մի շարք վտանգների եւ հակամարտութիւնների հիմքերն է դնում, որոնք կարելի կը լինի լուծել միայն այն դէպքում, եթէ Ռուսաստանը կարողանայ հաւասար չափով փոխգործակցել ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Արեւելքի հետ…
Փեքինի եւ Տելհիի միջեւ տարածքային խնդիրներ կան, որոնք առաջացել են 1962թ. չին-հնդկական սահմանային պատերազմից յետոյ,- նշում է Ռուսաստանի Հեռաւոր Արեւելքի հիմնարկի փոխտնօրէն, Չինագէտների եւրոպական ընկերակցութեան անդամ Անտրէյ Օսթրովսքին:- Արդիւնքում` Հնդկաստանը հիմա զբաղեցնում է չինական տարածքի մի մասը` Արունչալ-Փրատեշի նահանգը, իսկ Չինաստանը` հնդկական տարածքի մի մասը Աքսայ Չինի բարձրաւանդակում: Քանի դեռ տարածքային խնդիրները չեն լուծուել, այս երկրների բնականոն յարաբերութիւններին բաւական դժուար կը լինի հասնել:
Սակայն նման հարցերը կարելի է լուծել աստիճանաբար, բանակցութիւնների միջոցով: Վերցնենք, օրինակ, ռուս-չինական յարաբերութիւնները: Երբ 1964թ. Մաօ Ցէ Թունկն առաջին անգամ դրեց 1,5 միլիոն քառ. քիլոմեթրի ճակատագրի հարցը, որը ցարական Ռուսաստանը խլել էր Չինաստանից, այդ հարցը բաւական հեռու էր լուծում ունենալուց: Բայց արդէն 2004թ.` 40 տարի անց, կատարուեց ռուս-չինական սահմանի սահմանագծում: Սա վկայում է այն մասին, որ բարի կամքի առկայութեան պարագայում երկրները կարող են լուծել սահմանային հարցերը: Հէնց որ կարգաւորուեն տարածքային վէճերը Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ, անմիջապէս կը լուծուեն նաեւ քաղաքական բոլոր հարցերը:
Պէտք է ասել, որ կարգաւորման խնդիրը վաղուց արդէն հասունացել է, քանի որ տնտեսական կապերը Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ բաւական արագ են զարգանում: Հնդկա-չինական արտաքին առեւտրի ծաւալն արդէն համադրելի է ռուս-չինական արտաքին առեւտրի ծաւալի հետ` մօտ հարիւր միլիառ ամ. տոլար: Կարեւորն այն է, որ Հնդկաստանի եւ Չինաստանի խնդիրները կարելի կը լինի լուծել ոչ միայն ՊՐԻՔՍ ձեւաչափով, այլ նաեւ` Շանկհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) շրջանակներում, որտեղ Ռուսաստանը պատկառելի դերակատարում ունի:
Ինչպէս յայտնի է, Տելին Շանկհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկիր դառնալու յայտ է ներկայացրել: Եւ միանգամայն հնարաւոր է, որ Ուֆայում 2015թ. յուլիսին կայանալիք կազմակերպութեան գագաթաժողովում Հնդկաստանի յայտը բաւարարուի:
«Ս. Փ.».- Ո՞րն է Հնդկաստանի եւ Չինաստանի փոխադարձ տնտեսական շահը:
Ա. Մ.- Երկու երկրների շուկաները: Դրանք հսկայական են: Ըստ էութեան, Չինաստանում արտադրուող գրեթէ ամբողջ աւելցուկային արտադրանքը կարող է իրացուել Հնդկաստանի տարածքում, եւ հակառակը: Ընդ որում, կան ապրանքներ եւ ծառայութիւններ, որոնք արտադրւում են միայն Հնդկաստանում կամ միայն Չինաստանում: Հնդկաստանում դրանք, առաջին հերթին, տեղեկատուական ծառայութիւններն են` ծրագրային ապահովումը: Իսկ Չինաստանը կարող է Հնդկաստանում կառուցել բարձրարագ երկաթուղային ցանց:
«Ս. Փ.».- Ինչպիսի՞ն կը լինի Ռուսաստանի տեղն այդ երկու տնտեսութիւններում:
Ա. Մ.- Մեր տեղը Չինաստանի տնտեսութիւնում յստակ երեւում է այն 32 համաձայնագրերից, որոնք ստորագրուել են մայիսին Չինաստանի նախագահ Չի Ժինփինկի Մոսկուա կատարած այցելութեան ընթացքում: Ինչպէս հետեւում է այդ փաստաթղթերից, Չինաստանը ներդրումներ կը կատարի ենթակառուցուածքի զարգացման մեր ծրագրերում: Բացի Մոսկուա-Փեքին բարձրարագ երկաթուղուց, որը պէտք է կառուցուած լինի 2023թ., կը լինեն նաեւ ենթակառուցուածքային նախագծեր Ասիայի տարածքում` Քիզիլ-Քուրակինօ երկաթուղի եւ հեռաւորարեւելեան ծովային նաւահանգիստ: Գումարած այն, որ Չինաստանը Ռուսաստանին է տրամադրում վարկային գծեր: Իսկ մենք մեր կողմից Չինաստանին կը մատակարարենք կազ արեւմտեան երթուղով եւ «Սուխոյ Սուփըրճեթ 100» ինքնաթիռներ:
Ռուսաստանի կազով հետաքրքրուած են նաեւ Հնդկաստանում. այն մեծ տարածք ունի, ուժանիւթի աղբիւրները չեն բաւականացնում: Այո, կան խնդիրներ նաեւ մատակարարումների կազմակերպման հարցում. օրինակ, տեղանքի բարդ մակերեւոյթը: Բայց, ինչպէս ցոյց է տալիս Թիպէթ տանող բարձրարագ երկաթուղու շինարարութեան չինական փորձը, դրանք լրիւ յաղթահարելի դժուարութիւններ են…