ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեճեփ Էրտողանը մարտի 26-ին ֆրանսական Ֆրանս 24 հեռուստաալիքին տուած հարցազրոյցի ժամանակ, խօսելով Եմէնի դէպքերի մասին, յայտարարել է, որ իրենք կարող են գումակային աջակցութիւն ցուցաբերել Եմէնում Սէուտական Արաբիայի ռազմական միջամտութեանը, ինչպէս նաեւ քննադատութեան է ենթարկել Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնը. «Իրանի դիրքորոշումն անկեղծ չէ, որովհետեւ դրանում առկայ է դաւանաբանական հռետորաբանութիւն: Իրանն ու ահաբեկչական խմբերը պէտք է դուրս գան Եմէնից: Իրանը ձգտում է Իրաքից վտարել «Իսլամական պետութեանը» (ԻՊ), որպէսզի զբաղեցնի նրա տեղը: Իրանը պէտք չէ Մոսուլում փոխարինի ԻՊ-ին»: Փաստօրէն, Էրտողանն իր այս յայտարարութեամբ հաւասարութեան նշան է դնում Իրանի եւ ահաբեկչական խմբերի միջեւ:
Նոյն օրը Փղոսկրեայ Ափունքի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էրտողանը յայտարարել է. «Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանային գերակայութեան: Անհրաժեշտ է, որ նա փոխի իր այդ մօտեցումը եւ Եմէնից դուրս բերի այնտեղ ունեցած բոլոր ուժերը: Իրանը նոյն կերպ պէտք է իր ուժերը դուրս բերի Սիրիայից ու Իրաքից»: Ուշագրաւ է, որ այս ամէնը տեղի ունեցաւ Էրտողանի իրանական այցի շեմին: Այս իրավիճակը յիշեցնում է 2014թ. աշնան իրադարձութիւնները, երբ Միացեալ Նահանգների փոխնախագահ Ճոզըֆ Պայտընը քննադատեց Թուրքիային` արաբական միւս երկրների հետ տարածաշրջանում քաոսային իրավիճակ ստեղծելու համար, ապա մեկնեց այդ երկիր եւ հանդիպում ունեցաւ Էրտողանի հետ:
Էրտողանի քննադատութիւններից յետոյ Իրանը բողոքագիր յղեց Թուրքիային: Իրանում պահանջեցին չեղեալ յայտարարել նրա այցը: Իրանցի 65 պատգամաւոր նամակ գրեց երկրի նախագահ Հասան Ռուհանիին, որպէսզի վերջինս ճնշում գործադրի Էրտողանի վրայ` պաշտօնապէս ներողութիւն խնդրելու համար Իրանի վերաբերեալ իր անհեռատես յայտարարութեան համար: Սակայն Էրտողանը յայտարարեց, որ չի պատրաստւում չեղեալ յայտարարել իրանական այցը եւ ապրիլի 7-ին մեկնեց Իրան, ինչը վերջին 4 տարում Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Իրան (Թուրքիայի վարչապետ Էրտողանն Իրան այցելել է 2014թ. յունուարի վերջին):
Ինչո՞վ էր պայմանաւորուած Էրտողանի նման պոռթկումը: Նախեւառաջ նման պոռթկման առիթ դարձան Եմէնի դէպքերը, որոնք վկայեցին, որ Իրանի վարած տարածաշրջանային քաղաքականութիւնն արդէն լցրել է Էրտողանի համբերութեան բաժակը: Պոռթկման հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան տանուլ է տալիս Մերձաւոր Արեւելքում Իրանի հետ տարածաշրջանային մրցակցութիւնում, որ` Իրանն աստիճանաբար աւելի է ամրապնդում դիրքերը մերձաւորարեւելեան տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիան շարունակ աւելացնում է իր հանդէպ առնուազն անբարեացակամ տրամադրուած տարածաշրջանային երկրների թիւը, ինչն էլ յանգեցնում է տարածաշրջանում նրա ազդեցութեան նուազեցմանը, հնարաւորութիւնների սահմանափակմանը, այդ թւում նաեւ` տարածաշրջանում միջնորդական առաքելութեամբ հանդէս գալու, տարածաշրջանային երկրների կողմից պահանջարկուած լինելու առումով:
Այն բանից յետոյ, երբ Եմէնի շիա ապստամբները 2014թ. սեպտեմբերին իրենց վերահսկողութիւնը հաստատեցին մայրաքաղաք Սանաայում, իրանցի պատգամաւոր Ալիռըզայ Զաքանին յայտարարեց, որ Սանաան Պէյրութից, Դամասկոսից եւ Պաղտատից յետոյ դարձաւ արաբական չորրորդ մայրաքաղաքը, որը գտնւում է Թեհրանի վերահսկողութեան ներքոյ: Սա ցայտուն արտացոլում է Մերձաւոր Արեւելքում ստեղծուած իրավիճակը, եւ այդ տեսանկիւնից Իրանը Թուրքիայի դէմ խաղը շահում է 4-0 հաշուով, քանի որ անկարելի է թուարկել արաբական որեւէ մայրաքաղաք, որին կարելի կը լինէր դասել Թուրքիայի ազդեցութեան ներքոյ գտնուողների շարքում: Բացի այդ, Իրանը մեծ ազդեցութիւն ունի Պահրէյնում, ուր բնակչութեան մեծ մասը կազմում են շիաները, եւ պէտք չէ բացառել, որ ժամանակի ընթացքում կարող է գալ նաեւ Մանամայի հերթը: Այդպիսով, կարելի է փաստել, որ «Արաբական գարուն»-ից յետոյ Իրանը զգալիօրէն ամրապնդել է դիրքերն արաբական աշխարհում, ինչը չի կարելի ասել Թուրքիայի համար, որը «յաջողեցրել» է, Իսրայէլից բացի, յարաբերութիւնները վատթարացնել նաեւ արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Սիրիայի եւ Եգիպտոսի հետ:
Վերջին շրջանում Թուրքիայի համար քիչ թէ շատ դրական փոփոխութիւնը գրանցուել է Իրաքում, որի ներկայիս շիա վարչապետ Հայտար Ապատին այդ երկրի հետ առայժմ ունի բնական յարաբերութիւններ եւ դէմ չէ նրա հետ ուժանիւթային համագործակցութեանը` այդ երկրի տարածքով համաշխարհային շուկաներ իրաքեան քարիւղի արտահանմանը: Մինչդեռ Թուրքիան վատ յարաբերութիւնների մէջ էր Իրաքի նախկին (2006-2014թթ.) վարչապետ Նուրի Մալիքիի հետ, որն Միացեալ Նահանգների ճնշման ներքոյ հարկադրուած եղաւ իր թեկնածութիւնը չառաջադրել երրորդ անգամ` Իրաքի վարչապետ դառնալու համար:
Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնում Թուրքիային զայրացնում է նրա դիրքորոշումը Սիրիայի հարցում: Վերջին 3,5 տարում Թուրքիան ձգտում է հասնել իր հետ յարաբերութիւնները վատթարացրած Սիրիայի նախագահ Պաշշար Ասատի վարչակարգի տապալմանը, սակայն Իրանը խոչընդոտում է դրան` ռազմական եւ այլ աջակցութիւն ցուցաբերելով նրան: Այստեղ պէտք է յիշատակել 2014թ. նոյեմբերի վերջին Թուրքիայում Էրտողանի եւ Պայտընի հանդիպումը, որի ժամանակ Էրտողանն առաջարկեց Սիրիայում ստեղծել թռիչքազերծ գօտի, սակայն Պայտընը բացասական պատասխան էր տուել` նշելով, որ Իրանը դէմ է դրան: Զայրացած Էրտողանն էլ յայտարարել էր, թէ այդ դէպքում ինչո՞ւ են իրենք այդ հարցով բանակցում հէնց Միացեալ Նահանգների եւ ոչ թէ Իրանի հետ:
Մերձաւորարեւելեան տարածաշրջանում Էրտողանի պոռթկմանը կարող էր նպաստել նաեւ այն, որ ամփոփիչ փուլ էին թեւակոխել իրանական միջուկային ծրագրի վերաբերեալ Իրանի եւ «Վեցնեակի» բանակցութիւնները: Էրտողանը, թերեւս, զգում էր, որ կողմերը մօտ են շրջանային եւ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, ինչը պէտք է նշանակէր Իրանի դէմ սահմանուած տնտեսական պատժամիջոցների վերացում: Իսկ դա, իր հերթին, կը նպաստի իրանական քարիւղի արդիւնահանման եւ արտահանման ծաւալի մեծացմանը, Իրանում օտարերկրեայ ներդրումների աճին եւ, հետեւաբար, Իրանի տնտեսական հզօրացմանը, ինչը բնականաբար, իր արտացոլումը կ՛ունենայ երկրի տարածաշրջանային քաղաքականութեան վրայ:
Բացի այդ, Միացեալ Նահանգների եւ Իրանի յարաբերութիւնների կարգաւորումը, նրա հետ համագործակցելը չեն կարող չմտահոգել կամ նախանձի զգացում չառաջացնել Թուրքիայում, որը ԻՊ-ի դէմ պայքարի հարցում բաւական խոչընդոտներ է յարուցում Միացեալ Նահանգների համար` դժգոհելով, որ Միացեալ Նահանգներ նախապատուութիւնը չի տալիս Ասատի տապալմանը:
Բացի այդ, Էրտողանն ունի նաեւ տնտեսական բնոյթի մի շարք դժգոհութիւններ` կապուած Իրանի հետ: Մասնաւորապէս 2014թ. աշնանն ու ձմրանն Իրանի եւ Թուրքիայի միջեւ բռնկուեց այսպէս կոչուած «բեռնատարների պատերազմը»: Թուրք-իրանական եւ իրանա-թուրքմենական սահմաններին գոյացան թուրքական մեծածաւալ բեռնատարների հսկայական հերթեր, ինչը մեծ վնաս հասցրեց Կենտրոնական Ասիայում Թուրքիայի տնտեսական ծաւալապաշտութեան: Սա վկայում է նաեւ Կենտրոնական Ասիայում Իրանի եւ Թուրքիայի տարածաշրջանային մրցակցութեան մասին:
1994 թ. Թեհրանի եւ Անգարայի միջեւ ստորագրուած համաձայնագրի համաձայն, թուրք բեռնափոխադրողները վճարում են տարանցման համար եւ բեռնակառքերի վառելիքի արժէքի տարբերութեան դիմաց: Ընդ որում, փաստաթղթի ստորագրման ժամանակ իրանական կողմին յաջողուել է հասնել նրան, որ նման կարգը չտարածուի նաեւ հակառակ ուղղութեամբ: Վերջին տարիներին Իրանը թուրքական բեռնատարներից գանձել է 750 տոլար տարանցիկ վճար, մինչդեռ իրանական բեռնատարները Թուրքիայի տարածքով երթեւեկել են անվճար (վերջին 10 տարում թուրքական բեռնատարների տարանցումից Իրանի պիւտճէն լցուել է մէկ միլիառ տոլարով): Թուրքական կողմը 2014թ. հոկտեմբերի սկզբին որոշեց շտկել իրավիճակը եւ իրանական բեռնատարների հանդէպ սահմանեց տարանցման նոյն չափի վճար: Դա արուեց նրա համար, որպէսզի Իրանին հարկադրեն նուազեցնել թուրքական բեռնատարների տարանցման գումարը: Սակայն Իրանը հոկտեմբերի 10-ից տարանցման վճարի չափը հասցրեց մինչեւ 1500 ամ. տոլարի, ինչը դժուար վիճակի առջեւ կանգնեցրեց թուրքական փոխադրական ընկերութիւններին, որոնք օգնութեան խնդրանքով դիմեցին երկրի իշխանութիւններին, որպէսզի նրանք վերջ դնեն իրանական կողմի թելադրանքներին: Ընդ որում, չի բացառւում, որ առաջիկայում իրանական կողմն այդ վճարի չափը կարող է հասցնել մինչեւ 2250 ամ. տոլարի:
Իրանի Ճանապարհների եւ ճանապարհային փոխադրամիջոցների կազմակերպութեան ներկայացուցիչ Մոհամետ Ճեւատ Աթրչիեանը յայտարարել է, որ թուրքական բեռնատարները կարող են գտնել Իրանի տարածքը շրջանցելու երթուղիներ, սակայն դրանք կը լինեն թանկարժէք, մինչդեռ Իրանի համար Թուրքիային այլընտրանք կարող են լինել Հայաստանը, Ազրպէյճանն ու Ռուսաստանը: Թուրքիայի տնտեսական զարգացման նախարար Ճեւտեթ Եըլմազի խօսքերով, Թուրքիան Իրանի համար դարպաս է դէպի Արեւմուտք, իսկ Իրանը Թուրքիայի համար` դարպաս դէպի Արեւելք:
Իրանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրներ կան կազային ոլորտում: Թուրքական կողմը 2012թ. հայց է ներկայացրել Միջազգային միջնորդ դատարան` պահանջելով 25 առ հարիւրով նուազեցնել իրանական կազի գինը: Թուրքիայի ուժանիւթի եւ բնական պաշարների նախարար Թաներ Եըլտըզի խօսքով, դատարանն իր որոշումը հրապարակելու է մայիսին: Հարկ է նշել, որ Թուրքիան ամենաէժան գնով կազը ձեռք է բերում իր երրորդ հիմնական կազամատակարար երկրից` Ազրպէյճանից: Թուրքիան 2015թ. առաջին եռամսեակում 1000 խորանարդ մեթր իրանական կազի համար վճարում է 431 ամ. տոլար, ազրպէյճանական կազի համար` 290 ամ. տոլար, իսկ ռուսական կազի համար` 377 ամ. տոլար:
Եւ այսպէս, Էրտողանը, ինչպէս նախատեսուած էր, ապրիլի 7-ին այցելեց Իրան, ուր հանդիպումներ ունեցաւ այդ երկրի նախագահ Հասան Ռուհանիի եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենէիի հետ, ինչպէս նաեւ մասնակցեց թուրք-իրանական բարձրամակարդակ համագործակցութեան խորհրդի 2-րդ նիստին: Էրտողանն Իրանում բարձրացրեց կազային զեղչ ստանալու հարցը. «Թուրքիան ամենաթանկ գնով կազը ձեռք է բերում Իրանից: Այն ունի իրանական կազի կարիքը եւ ընդունելի գնի դէպքում պատրաստ է մեծացնել դրա ներկրումը, քանի որ մեր երկրի զարգացած արդիւնաբերութեանն անհրաժեշտ է կազ: Իրանական կազի 90-95 առ հարիւրը արտահանւում է Թուրքիա, դա շատ մեծ ծաւալ է: Մենք եղբայրական երկու երկրներ ենք, եւ եթէ մենք չկարողանանք պայմանաւորուել միմեանց հետ, ապա ընդհանրապէս ո՞ւմ հետ կարող ենք պայմանաւորուել»:
Էրտողանն իրանական կողմին առաջարկեց հաշիւներ վարելիս անցում կատարել ազգային արժոյթներին. «Մենք չենք ցանկանում մնալ տոլարի կամ եւրոյի ճնշման եւ նրանց փոխարժէքի ազդեցութեան տակ: Մենք պայմանաւորուել ենք, որ մեր միջեւ գործեն թուրքական եւ իրանական ազգային արժոյթները: Դա յաւելեալ ուժ կը հաղորդի մեր երկրներին: Թուրքիան եւ Իրանը նպատակադրուել են ապրանքաշրջանառութեան ծաւալը հասցնել 30 միլիառ ամ. տոլարով (ներկայումս 14 միլիառ է): Ցաւօք, վերջին շրջանում որոշակի յետընթաց է գրանցուել»: Յիշեցնենք, որ աւելի վաղ յայտարարուել էր, թէ Թուրքիան եւ Իրանը ծրագրել են մինչեւ 2023թ. (Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակ) ապրանքաշրջանառութեան ծաւալը հասցնել մինչեւ 100 միլիառ ամ. տոլարի, ինչին կարող է նպաստել Իրանի դէմ սահմանուած տնտեսական պատժամիջոցների վերացումը:
Ռուհանիի հետ հանդիպումից յետոյ Էրտողանը յայտարարեց. «Տարածաշրջանը կրակի մէջ է: Մենք քննարկել ենք այդ խնդիրները: Սիրիայում զոհուել է 300.000 մարդ, իսկ Իրաքում պատմութիւն է ոչնչացւում: Ես զոհերին չեմ տարանջատում սիւննիների եւ շիաների: Ինձ հետաքրքրում են մուսուլմանները: Մենք պէտք է հանդէս գանք միջնորդական առաքելութեամբ եւ բանակցային սեղանի շուրջ նստեցնենք պատերազմող կողմերին»: Միջնորդական առաքելութեամբ հանդէս գալու մասին Էրտողանի այս առաջարկը վկայում է Իրանում նրա տոնի փոփոխման մասին: Ուշագրաւ է, որ Իրանից վերադառնալուց յետոյ Էրտողանը հեռախօսազրոյցներ ունեցաւ Սէուտական Արաբիայի թագաւորի եւ Քաթարի էմիրի հետ` իրազեկելով իր իրանական այցի արդիւնքների մասին: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամատ Ճաւատ Զարիֆն, իր հերթին, Օմանից մեկնեց Փաքիստան եւ կոչ արեց չընդունել Եմէնում տարուող ռազմական գործողութեանը միանալու մասին սէուտական առաջարկը:
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թրքագէտ
«Նորավանք»
(Շարունակելի)