ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Որպէսզի ԹԶՈւ-ն դառնայ աւելի ազդեցիկ ռազմական ուժ, անհրաժեշտ է, որ սպայակոյտը կենտրոնանայ բուն ռազմական խնդիրների վրայ, իսկ գործողութիւններու եւ մարտավարական մակարդակներից դուրս գտնուող մնացեալ հարցերը թողնի պաշտպանութեան նախարարին: Պաշտպանութեան ղեկավարման ամբողջականութեան համար անհրաժեշտ է, որ պաշտպանութեան նախարարը, սպայակոյտը եւ զօրատեսակների հրամանատարութիւնները կենտրոնացուեն մէկ ճամբարում, ինչպէս որ Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի պարագայում է: Առաջարկւում է, որ խաղաղ եւ պատերազմական ժամանակներում ԹԶՈւ ղեկավարումը զօրատեսակների հրամանատարութիւնների օգնութեամբ իրականացնի սպայակոյտը, իսկ պաշտպանութեան նախարարը իրականացնի ԹԶՈւ-ին աջակցելու, մատակարարելու, զօրակոչի, առողջապահական, պիւտճէական, շինարարական եւ նմանատիպ այլ գործունէութիւն: ԹԶՈւ-ն պատերազմի պատրաստելու գործառոյթն էլ դրուելու է զօրատեսակների հրամանատարութիւնների վրայ:
Ռազմական ծախսեր- Զեկոյցում անհրաժեշտ է համարւում պաշտպանական արդիւնաբերութիւնն ու արհեստագիտութիւնը զարգացնելը: Նպատակայարմար է համարւում ռազմական ծախսերը երկրի Համախառն ներքին արտադրութեան առնուազն 2.5%-անոց մակարդակի վրայ պահելը: Պաշտպանական ոլորտի ծախսերի համար առաջարկւում է մի տարբերակ, որի դէպքում քաղաքացիական իշխանութիւնները (խորհրդարան, Հաշուիչ պալատ) ամբողջովին կը վերահսկեն այդ գնումների գործընթացը: Ընդգծւում է, որ գործող օրէնսդրութեան համաձայն, ռազմական ծախսերը ենթակայ չեն հասարակական ստուգման: Ռազմական գնումների հետ կապուած` նշուած է, որ Մեծն Բրիտանիայի, Ֆրանսայի եւ Գերմանիայի նման զարգացած երկրների ԶՈւ-ում ռազմական սարքերի գնման գործունէութիւնն իրականացնում է պաշտպանութեան նախարարութեան կից առանձին կառոյցը: Թուրքիայի համար անհրաժեշտ է համարւում նմանատիպ կառոյց ստեղծելը: Զեկոյցում թոյլատրւում է ֆինանսական առումով թանկարժէք, սակայն միեւնոյն ժամանակ երկրի պաշտպանութեան համար խիստ կարեւոր նախագծերի իրագործման նպատակով արտաքին վարկեր վերցնելը: Այդ նախագծերի թւում նշուած են միասնական հարուածային կործանիչը (JSF, նկատի է առնւում F-35-ը), մեծ հեռահարութեան հակաօդային հրթիռներու համալիրները, ազգային կործանիչը, TF 2000 թուրքական արտադրութեան մարտանաւը:
Յիշեցնենք, որ Սթոքհոլմում գործող Խաղաղութեան ուսումնասիրութեան միջազգային հիմնարկի տուեալներով, 2014թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 22.6 միլիառ ամ. տոլար, որով եւ Թուրքիան զբաղեցրել է 15-րդ տեղը (2013թ. Թուրքիայի արդիւնքները կազմել են համապատասխանաբար 20.6 միլիառ ամ. տոլար եւ 14-րդ տեղ):
Պարտադիր եւ արհեստավարժ զինծառայութիւն – Ռազմական բարեփոխումները պէտք է ուղղուած լինեն ռազմական 3 ծառայութեան` ցամաքային, օդային եւ ծովային համատեղ գործողութիւններու կարողութեան մեծացմանը: Ներկայ պայմաններին եւ պահանջներին համապատասխանելու համար առաջարկւում է փոփոխութիւններ կատարել զինծառայութեան մասով: Անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել արհեստավարժ զինծառայութեանը` հաշուի առնելով երկրի մարդուժն ու տնտեսական հնարաւորութիւնները: Եւ այնուամենայնիւ, նշւում է, որ դա տեղի կ՛ունենայ երկարաժամկէտ հեռանկարում: Դրա հետ կապուած` առաջարկւում է բանտերի արտաքին անվտանգութեան ապահովումը հանել պատերազմական ժամանակներում սպայակոյտի ենթակայութեան տակ անցնող ոստիկան-զօրքերի վրայից եւ յանձնել արդարադատութեան նախարարութեանը, իսկ երկրի ցամաքային սահմանների անվտանգութեան հարցը ԹԶՈւ-ից յանձնել ներքին գործերի նախարարութեան: Անհրաժեշտ է համարւում ԹԶՈւ-ն հաւասարակշռուած ուժի վերածելը: Առաջարկւում է կրճատել ցամաքային ուժերի թուակազմը, սակայն դրա հետ մէկտեղ այն դարձնել աւելի շարժուն: Նախատեսւում է մեծացնել օդուժի եւ ծովուժի հնարաւորութիւնները, ընդլայնել յատուկ նշանակութեան զօրքերի ներուժն ու կարողութիւնները: Վերջնական նպատակն աւելի ազդեցիկ, ուժեղ եւ արդիւնաւէտ ԹԶՈւ ունենալն է»:
Զեկոյցի վերջաբանում նշուած է, որ, չնայած առաջարկուող բարեփոխումները կրում են համապարփակ բնոյթ, այնուամենայնիւ, անհնար է իւրաքանչիւր խնդրի համար վերջնական լուծում առաջարկել: Բարեփոխումների յաջող իրագործման գրաւական է համարւում քաղաքական իշխանութիւնների, զինուորական ղեկավարութեան եւ հասարակութեան համախմբուածութիւնը:
2015թ. ապրիլի վերջին «ԹԶՈւ-ն 2033թ. վերակազմաւորելու» նախագծի շրջանակներում Թուրքիայում անցկացուեց ընթացիկ տարուայ առաջին խորհրդաժողովը: Երկօրեայ խորհրդաժողովին մասնակցեցին Նեճտեթ Օզելը, ցամաքային զօրքերի հրամանատար, բանակի զօր. Հուլուսի Աքարը, Կրթութեան եւ գաղափարախօսութեան հրամանատարութեան ղեկավար, բանակի զօր. Քամիլ Պաշօղլուն, Եգէական բանակի հրամանատար, բանակի զօր. Կալիփ Մենտին, Ա. բանակի հրամանատար, բանակի զօր. Սալիհ Զեքի Չոլաքը, Բ. բանակի հրամանատար, բանակի զօր. Ատեմ Հուդութին, Գ. բանակի հրամանատար, բանակի զօր. Ումիթ Տիւնտարը, Անգարայի կայազօրում ծառայող զօրավարներ եւ սպաներ:
Խորհրդաժողովի արդիւնքներով յայտարարուեց, որ «ԹԶՈւ-ն մինչեւ 2033թ. վերակազմաւորելու» նախագծի շրջանակներում շեշտը դրուելու է հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) եւ հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) համակարգերի, ելեկտրոնային պատերազմի, համացանցային պատերազմի թեմաների վրայ: ԹԶՈւ գործողութիւններ կատարելու ներուժը մեծանալու է F-35 մարտական ինքնաթիռի, ԱԹԱՔ հարուածային ուղղաթիռի, ԱԼԹԱՅ հրասայլի, ՄԻԼԿԵՄ ռազմանաւի, ԱՆՔԱ անօդաչու թռչող սարքի հաշուին: Նախատեսւում է, որ ԹԶՈւ-ն անցում է կատարելու «տիեզերական դարաշրջանին»: «Տիեզերքից միջամտելու» համար արուելու են անհրաժեշտ քայլեր, թափ են հաւաքելու տեղական արհեստագիտութեամբ պատրաստուած արբանեակների եւ իրազեկման համակարգերի շրջանակներում տարուող «տիեզերական աշխատանքները»: Նպատակ է դրւում այդ ճանապարհով վերջ դնել արբանեակային հետախուզութիւնում առկայ արտաքին կախուածութեանը: Թուրքական արբանեակները տիեզերք է արձակելու Անգարայի նահանգի Քազան շրջանում կառուցուող Արբանեակային համակարգերի համարկման եւ փորձարկման կենտրոնը:
Հուլուսի Աքարը յիշեցրել է, որ նախկինում նմանատիպ խորհրդաժողովներ անցկացուել են Երզնկայում (Կարին), Ատանայում, Պոլսում եւ Անգարայում, որոնցից 3-ին մասնակցել է սպայակոյտի պետը: Աքարի խօսքերով, դրանցում առաջ են քաշւում սեփական նախագծեր, որոնք թարգմանուած եւ փոխառուած չեն արտերկրից ու ամբողջովին համապատասխանում են երկրի կարիքներին եւ խնդիրներին. «Մեր կարգախօսն է` ունենալ ազդեցիկ, զսպիչ եւ յարգուած ՑԶ»:
Թուրքական մամուլն այս խորհրդաժողովի հետ կապուած` ուշադրութիւն է հրաւիրել նրա վրայ, որ ԹԶՈւ-ն, ինչպէս արդէն նշուեց, 2033թ. թեւակոխելու է «տիեզերական դարաշրջան»: Դրանից ամիսներ առաջ` 2014թ. դեկտեմբերին, թուրքական մամուլը գրել էր, որ տիեզերքում ազդեցիկ ուժի վերածուելու նպատակներ հետապնդող Թուրքիան նպատակադրուել է մինչեւ 2020թ. հիմնել «տիեզերական քաղաք», որը նման կը լինի ամերիկեան ՆԱԶԱ-ի խարիսխին: Ընդգծւում է, որ «տիեզերական քաղաքի» շնորհիւ «տիեզերքի դռները» կը բացուեն Թուրքիայի առջեւ, եւ որ «տիեզերական քաղաքը» հանդիսանալու է Թուրքիայի «82-րդ նահանգը» (ԹՀ-ն ունի 81 նահանգ): Տիեզերական կենտրոնում գտնուելու են արբանեակներ, արձակման համակարգեր, տիեզերական արհեստագիտութիւններ, տիեզերական սարքերի արտադրութեան աջակցման գիտաշխատանոցներ: Ծրագրաւորուած է նախագծի առաջին փուլի շրջանակներում 2015թ. մասնագիտական պատուիրակութիւն գործուղել ՆԱԶԱ եւ Է.Զ.Ա. (Եւրոպական տիեզերական գործակալութիւն), ուր կը պատրաստուեն թուրք մասնագէտները: Թուրքիան նախատեսում է 2030թ. թուրքական արտադրութեան տիեզերանաւ եւ թուրք տիեզերագնացներ ուղարկել տիեզերք:
2014թ. փետրուարին հաղորդուել էր, որ ԹԶՈւ-ում ստեղծուելու է «տիեզերական հրամանատարութիւն», որը կը կցուի ՌՕՈւ հրամանատարութեանը կամ էլ կը գործի որպէս անկախ հրամանատարութիւն: Դա պէտք է իրականացուի առաջիկայ 5 տարում` մինչեւ 2023թ., երբ կը լրանայ ԹՀ հիմնադրման 100-ամեակը: «Տիեզերական հրամանատարութեան» ստեղծման նպատակը ցամաքային, ծովային եւ օդային ամէն տիպի շարժերին աջակցելն է, այդ շարժերի ազդեցութիւնը մեծացնելը, ինչպէս նաեւ հետախուզական, դիտարկման, իրազեկման, վաղ ահազանգման եւ զգուշացման, ելեկտրոնային աջակցման, դիրքաւորման, ժամանակային կարգաւորման, արբանեակների արձակման ու գետնից տիեզերական դիտարկումների ոլորտներում սեփական հնարաւորութիւններն ընդլայնելը: Դրա շրջանակներում որպէս առաջին քայլ դիտարկւում է Հետախուզական եւ դիտարկման արբանեակների հրամանատարութեան հիմնումն ու 2012թ. դեկտեմբերի 18-ին Կէօքթիւրք-2 արբանեակի արձակումը:
Յիշեցնենք, որ Կէօքթիւրք-2 արբանեակի (օգտագործւում է ռազմական եւ հետախուզական նպատակներով) արձակումից յետոյ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Էրտողանը յայտարարեց, որ Թուրքիան կառուցելու է սեփական տիեզերակայան` իր արբանեակների արձակման համար: Էրտողանի խօսքերով, աշխարհում միայն 11 երկիր է ունակ արբանեակ ուղարկել ուղեծիր, եւ որ Թուրքիան արդէն ընդգրկուել է սեփական արբանեակ արտադրած 25 երկրների թւում:
Ներկայումս յայտնի է, որ Թուրքիայի տիեզերական ծրագրերի իրագործմանը նպաստելու է Ուքրանիան: Կողմերի միջեւ համապատասխան պայմանաւորուածութիւնը ձեռք է բերուել ընթացիկ տարուայ մարտի երկրորդ կէսին` Էրտողանի ուքրանական այցի ժամանակ: Ուքրանիայի նախագահ Փիոթր Փորոշենքոն այդ այցի արդիւնքներով յայտարարել է, որ Ուքրանիան եւ Թուրքիան պայմանաւորուել են բազմամիլիառանոց տիեզերական ծրագրի շուրջ, ինչը կը նպաստի ուքրանիական համապատասխան ձեռնարկութիւնների զբաղուածութեանը: Փորոշենքոն ընդգծել էր, որ ներկայ փուլում մանրամասներ ներկայացնել չի կարող:
2015թ. մայիսին Պոլիսում անցկացուած IDEF-2015 12-րդ միջազգային ռազմական ցուցահանդէսի ժամանակ Էրտողանը յայտարարեց, որ Թուրքիայում շարունակւում են արբանեակների նախագծման, արտադրման եւ դրա հետ մէկտեղ` արբանեակների արձակման կենտրոնի (տիեզերակայանի) ստեղծման աշխատանքները: Անդրադառնալով Ա. եւ Բ. կուսակցութեան իշխանութեան տարիներին պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտի զարգացմանը` Էրտողանը յայտարարեց, որ իրենք հասել են ԹԶՈւ-ն սեփական արտադրութեան ռազմական սարքերով եւ սպառազինութեամբ համալրելու 54%-անոց մակարդակի: Էրտողանը յիշեցրել է, որ 2002թ. իրենց իշխանութեան գալու ժամանակ տուեալ հարցում Թուրքիայի կախուածութիւնը կազմել է 80%: Էրտողանի խօսքերով, Թուրքիան ծրագրել է մինչեւ 2023թ. ամբողջովին հրաժարուել ռազմական սարքեր եւ սպառազինութիւն ներկրելուց. «Այսօր աշխարհում պաշտպանական ոլորտի 100 ամենամեծ ընկերութիւնների թւում են նաեւ 2 թուրքական ընկերութիւն: Նախորդ տարի պաշտպանական արդիւնաբերութեան արտադրական ուժը հասցրել ենք 5 միլիառ ամ. տոլար: Պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտի գիտահետազօտական մշակումների համար տարեկան յատկացնում ենք մէկ միլիառ ամ. տոլարի: Պաշտպանական արդիւնաբերութիւնը դարձել է մեր տնտեսութեան առաջնահերթ ոլորտներից մէկը, որին բաժին են ընկնում ամենամեծ ներդրումները»:
Յիշեցնենք, որ 2010-2014թթ. Թուրքիան ամենաշատ զէնք ներկրած երկրների թւում զբաղեցրել է 7-րդ, իսկ ամենաշատ զէնք արտահանած երկրների թւում` 17-րդ տեղերը: Ինչ վերաբերում է սպառազինութիւն ներկրելուց լրիւ հրաժարուելու` Էրտողանի լաւատեսական յայտարարութեանը, դրա հիմքում, թերեւս, ընկած է այն հաշուարկը, որ Թուրքիան մինչեւ 2023թ. պէտք է իւրացրած լինի հիմնական զինատեսակների (հրասայլ, ինքնաթիռ, ուղղաթիռ, անօդաչու թռչող սարք, հակօդային հրթիռների համալիր, հրետանային համակարգ, ռազմանաւ, հրաձգային զէնք եւ այլն) եւ դրանց տարբեր տիպերի արտադրութեան արհեստագիտութիւնները:
Այսպիսով, պէտք է նշել, որ ԹՀ-ում վերջին աւելի քան կէս դարում առաջին անգամ պատրաստւում են ձեռնարկել համապարփակ ռազմական բարեփոխումներ եւ վերափոխումներ: 1960, 1971, 1980թթ. ռազմական յեղաշրջումների եւ 1997թ., 2007թ. հակակառավարական յուշագրերի հեղինակ զինուորականները, որոնք այդ ամէնի շնորհիւ մեծ լիազօրութիւններ եւ ազդեցութիւն են ձեռք բերել երկրում, ամէն գնով զերծ են մնացել ռազմական արմատական բարեփոխումներ իրականացնելուց:
Իրավիճակը որոշակիօրէն փոխուեց 2002թ. Թուրքիայում Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ: Դրան յաջորդած ժամանակահատուածում իրականացուեցին ռազմական եւ անվտանգութեան ոլորտին առնչուող մի շարք բարեփոխումներ, սակայն դրանք եղել են մակերեսային եւ ոչ թէ համապարփակ բարեփոխումներ: Ընդ որում, անգամ այդ բարեփոխումներին հասնել յաջողուել է հիմնականում Եւրոպական Միութեան Թուրքիայի անդամակցութեան գործընթացի շրջանակներում, քանի որ յայտնի է, որ անդամակցութեան համար Թուրքիային ներկայացուած պահանջների թւում եղել են այնպիսի պահանջներ, որոնք միտուած էին երկրում զինուորական ղեկավարութեան դերակատարութեան նուազեցմանը: Էրտողանին յաջողուել է այդ մակերեսային փոփոխութիւնների միջոցով իրեն ենթարկեցնել զինուորականներին եւ անգամ յայտարարել, որ Թուրքիայում անցել են զինուորական յեղաշրջումների ժամանակները:
Հէնց դա էլ ներկայումս հնարաւոր է դարձրել համապարփակ ռազմական բարեփոխումներ անցկացնելու հարցի առաջքաշումն ու կենսագործումը: Ռազմական ոլորտում համապարփակ բարեփոխումների անհրաժեշտութեան հիմքում ընկած են Պաղ պատերազմի աւարտն ու դրան յաջորդած նոր իրողութիւնների առաջացումը տարածաշրջանում եւ ընդհանրապէս աշխարհում, ժամանակի ռազմական պահանջներին զուգընթաց քայլելու, արդի ԶՈւ ունենալու ձգտումը, Թուրքիայի աճող տարածաշրջանային եւ միջազգային յաւակնութիւնները: Բացի այդ, համապարփակ ռազմական բարեփոխումներն էլ աւելի կը նպաստեն ԶՈւ-ն քաղաքացիական վերահսկողութեան տակ առնելուն, ինչն էլ, իր հերթին, կարող է դրական ազդեցութիւն ունենալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթացի վրայ:
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թուրքագէտ
«Նորավանք»
(Վերջ)