«ԱՐՄ ՈՒԻՔԼԻ ՆԻՈՒԶ»
Թուրքիայում յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ստեղծուեց պատմական մի իրավիճակ, երբ միայն Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրութիւններին քրտական կուսակցութեան 80 պատգամաւորները յաջողեցին մտնել Մեծ մեճլիս եւ այդ երկրի կառավարման համակարգի վրայ լուրջ ազդեցութիւն ակնկալել:
Անկախ նրանից, թէ առաջիկայում ի՛նչ քաղաքական գործընթացներ կը գնան Թուրքիայում, ի՞նչ կարգով կառավարութիւն կը ձեւաւորուի, Թուրքիան այլեւս նոյնը չի լինի ինչ էր յունիսի 6-ին, 10 տարի առաջ, 50 տարի առաջ… եւ այլն:
Նոյնը չի լինի, բայց նաեւ դժուար է կանխատեսելը, թէ ի՛նչ կարգի պետութիւն կը լինի: Քրտական քաղաքական յաղթանակը ի չիք դարձրեց Աթաթուրքի կողմից հիմնադրուած եւ տասնեակ տարիներ շարունակուող քրտերի ուծացման ծրագրին եւ դրանով իսկ վերջ է դրուելու նաեւ արհեստածին թուրք ինքնութեանը:
Պետութեան անունը կը լինի Թուրքիա, սակայն ոչ հեռու ապագայում այնտեղ ապրողներին այլեւս թուրքեր չեն անուանի, այլ` Թուրքիայի քաղաքացիներ:
Անգամ Եւրոպայի փորձառու դիւանագէտները չեն կարողանում կանխատեսել, թէ ի՛նչ Թուրքիա պետութիւն է լինելու մօտ ապագայում:
Երեւում է թուրքագիտութիւնը սկսելու ենք զրոյից:
Շուէտի նախկին արտաքին գործերի նախարար Քարլ Պիլտթը վերլուծական յօդուած է հրապարակել «Փրոժէքթ Սինտիքէյթ» պարբերականում, ուր նա յստակ նշում է, որ յունիսի 7-ի ընտրութիւններից յետոյ Թուրքիան մտաւ «չքարտեսագրուած աշխարհագրութեամբ քաղաքական տարածք»: Երեւի աւելի յաջող հնարաւոր չէր բնութագրել իրավիճակը:
Սակայն Քարլ Պիլտթը նաեւ զգուշացնում է, որ ինչ կարգի պետութիւն էլ որ լինի Թուրքիան եւ ինչ կառավարութիւն էլ որ այն կառավարի, պարտաւոր է բարելաւել յարաբերութիւնները Հայաստանի հետ: Ինչն էլ իր հերթին թոյլ կը տայ: խաղաղութիւն հաստատել Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ:
Քարլ Պիլտթը նաեւ զգուշացնում է Թուրքիային, որ շարունակուող շրջափակումը (Հայաստանի) եւ ռազմական դիմակայութիւնը կարող է ոչ ցանկալի զարգացումներ ունենալ, ինչը չի բխում թուրքական շահերից` երկարաժամկէտ հեռանկարում, եւ կարող է շատ լուրջ եւ բացասական ազդեցութիւն ունենալ Թուրքիայի վրայ:
Եթէ փոքր-ինչ խորանանք եւրոպացի դիւանագէտի վերլուծութեան մէջ, ապա Հայաստան-Ազրպէյճան ռազմական բախումից լուրջ տուժող կողմ է լինելու նաեւ Թուրքիան: