ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Պաշտօնական Անգարան ոչ մի կերպ չի հակազդում եւ արձագանգում Պրազիլի խորհրդարանի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութեանը: Թուրքիայի այս պահուածքը անհասկանալի է` հաշուի առնելով այն իրողութիւնը, որ թուրքերը անմիջապէս եւ բուռն են արձագանգում, երբ որեւէ երկիր կամ խորհրդարան ճանաչում, դատապարտում կամ ուղղակի յայտարարութիւն է ընդունում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:
Երեքշաբթի, յունիս 2-ին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ հայ ժողովրդին աջակցութեան խնդրանքը ներկայացուել էր Պրազիլի դաշնային ծերակոյտ: Համաձայն Պրազիլի Դաշնային ծերակոյտի կայքի, աջակցութեան խնդրանքը ստորագրել էին 46 ծերակուտականներ:
Ծերակոյտի լրատուական գործակալութիւնը իր տարածած հաղորդագրութեան մէջ նշում է 55 թիւը, մինչդեռ ծերակոյտի քարտուղարութիւնը նշել է 46 անուն` մէկ առ մէկ գրելով ծերակուտականների անունները:
Այսպիսով, խնդրանքը ընդունուել է:
Չնայած պաշտօնական Անգարայի բանեցրած ճնշումներին, Պրազիլի Դաշնային ծերակոյտը յունիսի 2-ին ընդունեց (առանց քուէարկութեան) Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ հայ ժողովրդին աջակցող յայտարարութիւն:
Պրազիլի հայ համայնքից եւ Հայ դատի յանձնախմբից մենք տեղեկացանք, որ մէկ շաբաթուայ ընթացքում` մայիսի 26-ից (երբ դաշնային ծերակոյտի օրակարգ մտցուեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման նախաձեռնութիւնը երկու ծերակուտականների կողմից) մինչեւ յունիսի 2-ը, Պրազիլում Թուրքիայի դեսպանութիւնը փորձեց ճնշումներ բանեցնել հարաւամերիկեան այս երկրի կառավարութեան վրայ, որպէսզի գործադիրի միջամտութեամբ չընդունուի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը, սակայն, դեռեւս չի արձագանգել: Թուրքական մամուլը եւս չի անդրադառնում այս իրադարձութեանը: Որպէսզի հասկանալի լինի, թէ որքա՛ն տարօրինակ է Անգարայի այս կեցուածքը, ներկայացնենք, թէ նախորդ ճանաչումների դէպքում, լինեն` յայտարարութեան կամ բանաձեւի տեսքով, ինչպիսի հապճեպութեամբ է արձագանգել թուրքական արտաքին քաղաքական գերատեսչութիւնը:
Մայիսի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը տարածեց յայտարարութիւն` դատապարտելով Լիւքսամպուրկի խորհրդարանի կողմից նախօրէին` մայիսի 6-ին, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու բանաձեւի առիթով: Աւելի՛ն. Թուրքիան յետ կանչեց այդ երկրում իր դեսպան Լեւենթ Շահինքայային` ի պատասխան Լիւքսամպուրկի խորհրդարանի ընդունած բանաձեւի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը իւրայատուկ մրցանիշ սահմանեց 2015-ի ապրիլի 24-ին` տարածելով միանգամից չորս յայտարարութիւն` դատապարտելով կամ քննադատելով Ֆրանսայի, Միացեալ Նահանգների, Գերմանիայի եւ Ռուսաստանի նախագահների յայտարարութիւնները:
Դրանից երկու օր առաջ` ապրիլի 22-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը տարածել էր մէկ այլ յայտարարութիւն` այս անգամ դատապարտելով Աւստրիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնը: Անգարան յետ կանչեց Աւստրիայից իր դեսպան Հասան Կեոկիւշին:
Թէ ինչո՛ւ Թուրքիան յետ չի կանչում Պրազիլում իր դեսպանին կամ արտաքին գործերի նախարարութիւնը չի տարածում յայտարարութիւն, մնում է միայն ենթադրութիւններ անել:
Հնարաւո՞ր է, որ Թուրքիան բառի բուն իմաստով խառնուած է յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններով եւ Պրազիլում ժամանակը չունի:
Ուշագրաւ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը որեւէ կերպ չարձագանգեց, երբ 2014-ի նոյեմբերին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող յայտարարութիւն ընդունեցին Պոլիվիայի խորհրդարանի երկու պալատները: Թուրքական լրատուամիջոցները եւս գրեթէ չանդրադարձան:
Հնարաւո՞ր է, որ թուրքերն էլ չեն հասկանում, թէ իրականում ի՛նչ է կատարուել Պրազիլի խորհրդարանում մայիսի 27-ից յունիս 2-ն ընկած օրերին:
Իրականում ամէն ինչ այնքան յստակ չէր, ինչպէս շտապեցին ներկայացնել Հայաստանի պաշտօնեաները: Մայիսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը տարածեց հաղորդագրութիւն, ըստ որի` «Պրազիլի դաշնային ծերակոյտը միաձայն ընդունել է ծերակոյտի արտաքին յարաբերութիւնների եւ ազգային պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ, դաշնային ծերակուտական Ալոիզիօ Նունես Ֆերէյրա Ֆիլեոյի եւ դաշնային ծերակուտական Ժոզէ Սերայի հեղինակած բանաձեւը, որով պաշտօնապէս ճանաչւում է Հայոց ցեղասպանութիւնը»: Երկու օր անց արտաքին գործերի նախարարութիւնը տարածեց նախարար Էդուարդ Նալբանդեանի յայտարարութիւնը, որ` «այս բանաձեւի ընդունմամբ Պրազիլը նշանակալից քայլ կատարեց` ի նպաստ ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ նոր յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղուած միջազգային հանրութեան ջանքերին»: Նոյն օրը ֆեյսբուքեան իր էջում գրառում կատարեց նաեւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նախագահ Վիգէն Սարգսեանը. «Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումը շարունակւում է: Պրազիլի դաշնային խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւ»:
Առաջինը հայկական մամուլում տողերիս հեղինակն էր, ով հետեւողական հրապարակումների շնորհիւ կարողացաւ պարզաբանել, որ մայիսի 27-ին Պրազիլի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող որոշում, այլ երկու ծերակուտականներ շրջանառութեան մէջ են դրել բանաձեւի նախագիծ: Ապա ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը «Ազատութիւն» ռատիոկայանի հետ զրոյցում հաստատեց, որ եղել է շփոթ եւ Լատինական Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի տեղեկութիւններով` «բանաձեւի նախագիծը տակաւին չի հասել քննարկման եւ քուէարկութեան ծերակոյտին լիագումար նիստին»:
Այս պահի դրութեամբ պարզ չէ` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ հայ ժողովրդին աջակցութեան խնդրանքը, որ առանց քուէարկութեան ընդունուել է Պրազիլի խորհրդարանում, առաջիկայում արդեօք դրուելո՞ւ է քուէարկութեան, թէ՞ ամէն բան աւարտուել է յունիսի 2-ի ընթացակարգով, այն է` ծերակուտականների ստորագրութիւնով:
ԱՆԻ կենտրոն