«ԱՐՄ ՈՒԻՔԼԻ ՆԻՈՒԶ»
2015 թուականի ապրիլի 24-ի նախորդած եւ յաջորդած ժամանակաշրջանում համայն հայութիւնը կարողացաւ աշխարհին ներկայացնել Թուրքիայի իրական դէմքը, ինչը շատ հեռու է քաղաքակրթական արժէքներից: Սակայն անհրաժեշտ է նաեւ զգուշ եւ ուշադիր լինել այդ «թունաւոր օձի» նկատմամբ, քանի որ չես կարող գուշակել, թէ երբ կը խայթի:
Անգարայի քաղաքապետ Մելիհ Կէօքչէքը փորձել է ելոյթ ունենալ Տիգրանակերտի հեռուստատեսութեամբ, սակայն եօթ հեռուստաընկերութիւններ մերժել են եւ միայն մէկ հեռուստաընկերութիւն է համաձայնել հարցազրոյց հեռարձակել նրա հետ:
Ի՞նչն էր խնդիրը: Կէօքչէքը շարունակում է պնդել, որ Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը նպատակ ունի Թուրքիայի հարաւ-արեւելքում ստեղծել երկու պետութիւն` Քրտստան եւ Արեւմտեան Հայաստան: Նա բազմիցս է կրկնել, որ քրտերի եւ հայերի միջեւ 1984 թուականին կայացել է համաձայնութիւն, որ սկզբում կ՛ազատագրեն Արեւմտեան Հայաստանը եւ յետոյ կ՛որոշեն, թէ ո՞ւմ ի՛նչ տարածք է բաժին հասնելու;
Եւ սա ասում է Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետը:
Չի բացառւում, որ հակահայկական ջղագարութիւնը Թուրքիայում նոր թափ ստանայ եւ այն շաղկապուի քրտական հարցի հետ:
Ուշիուշով պէտք է հետեւել Թուրքիայի ներքին քաղաքականութեանը, քանի որ այդ երկրի իշխանութիւնը շարունակւում է նմանուել «թունաւոր օձի», եւ չես կարող գուշակել, թէ ե՛րբ կը խայթի: