ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ
«Արեւավիշապ» պատկերաւոր հումորի միջազգային փառատօնը հիմնադրուել է 2013թ., Հայաստանի երգիծանկարիչների ընկերակցութեան կողմից: Ամէն տարի փառատօնն անցնում է տարբեր խորագրերի ներքոյ: Կազմակերպիչներն ընտրում են յատուկ թեմա` ելնելով ժամանակակից եւ համամարդկային խնդիրներից: «Արեւավիշապ» պատկերաւոր հումորի փառատօնը ոչ միայն լայնածաւալ ցուցադրութիւն է, այլեւ` նոյն թեմայի շուրջ տարբեր մշակոյթներ համարելու եւ միաձուլելու միջոց:
Նկարիչների միութիւնում բացուած «Արեւավիշապ» 2015 «Փանտորայի արկղ» խորագիրը կրող փառատօնը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին:
Հաւանաբար շատերին տարօրինակ կը թուայ ծանր, հոգեցունց այս թեմային ծաղրանկարների, երգիծանկարների «լեզուով» անդրադառնալը, սակայն չմոռանանք նաեւ, որ ծաղրանկարչութիւնը եւս քարոզչութեան լուրջ միջոց է: Ծաղրանկարիչը խարազանում է արատաւոր, ցաւոտ երեւոյթներն ու խնդիրները, համամարդկային չարիքը: Ի վերջոյ, ծաղրանկարը թարգմանել պէտք չէ` այն հասկանալի եւ հասանելի է բոլորին:
Այս տարուայ փառատօնի աշխարհագրութիւնը բաւականին ընդարձակ է` մասնակցում են 141 հեղինակներ 47 երկրներից, ընդ որում` Թուրքիայից մասնակցում է ինը երգիծանկարիչ: Նկարիչների միութեան առաջին յարկի ցուցասրահում ներկայացուած են մրցութային, երկրորդ յարկում` յետահայեաց աշխատանքները` ողբերգական դէպքերին առնչուող միջազգային պարբերական մամուլի («Rire», «Silence»…) էջերում տարբեր ժամանակներում (1875-1920-25թ) տպուած նկարներ եւ պաստառներ: Երրորդ յարկում էլ հրաւիրուած երգիծանկարիչների ցուցահանդէսն է:
Նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանը մեզ հետ զրոյցում շեշտեց. «Այստեղ միայն Հայոց ցեղասպանութեան թեման չէ արտացոլուած, այլ նաեւ անդրադարձ կայ Ողջակիզումին, ընդհանրապէս` պատերազմներին, բռնութեանը, չարիքին, այլատեացութեանը, ահաբեկչութեանը… Այս ամէնը մեր բոլորի ընդհանուր ցաւն է, բոլորի հոգսն ու մտահոգութիւնը: Ծաղրանկարիչը նկարել է այն, ինչ զգացել է, իր պատկերացումներն են, վերաբերմունքը այս ամէնին»:
Տարբեր ժանրերով` երգիծանկար, պատկերաւոր հումոր, հարց արծարծող գծագրութիւն, պաստառ, շարժ, քոմիքս, ստեղծուած գործերում զգում ես արուեստագէտի ցաւը, տեսնում ողբերգութեան խորքային շերտերը եւ նաեւ ցաւագնօրէն գիտակցում` հարիւր տարուայ մէջ գրեթէ ոչինչ չի փոխուել` դարձեալ կեղծիք, խաբէութիւն, ստորութիւն եւ բռնութիւն, ոտնահարուած իրաւունքներ: Եւ պատերազմ. ռազմական մեքենան մէկ վայրկեանում աւերակում է շէն ու ծաղկուն կեանքով լցուած տները, ու մեքենայի դագաղներ են դուրս գալիս (Շահրամ Ռէազի (Իրան), թուրք դահիճը ուզում է կացնահարել պորտալարը դեռ չկտրուած նորածնին (Վալերի Թարասենքօ (Ռուսաստան), փշրուած մանկութիւն` ձեռքը կտրած երեխան արկերի եւ ռումբերի վայրի կաղկանձի տակ շտապում է դպրոց (Ուիսամ Ատել Ասատի (Սիրիա)….
Ուշագրաւ է Պաւել Ճանկիրովի նկարը` Թուրքիան Եւրոպա է ուզում, բայց ոտքի տակ (ասել է` խղճի վրայ) 1915 թուականն է: Դանիացի ծաղրանկարիչ Պօ Եորկենսենի նկարում միամիտ տեսքով, ձեռքերը կողմ պարզած Էրտողանն է, որ հարցնում է` ո՞ւր են հայերը, իսկ յետեւում մէկ այլ թուրք արագ-արագ թաքցնում է հայերի գանկերի բլուրը: Մէկ այլ ծաղրանկարում դահիճը լաց է լինում, իբր` ցաւդ է կիսում, սակայն ներքեւում երեւում է ձեռքի դանակը… Ուքրանացի ծաղրանկարիչ Վլատիմիր Քազանեւսքու գործերից մէկում գլխաւոր հերոսը մահն է, իսկ զօրավարները եկել են խրախճանքի եւ դիտում են թատրոն, որի բեմագրութեան հեղինակները հէնց իրենք են: Ծաղրանկարիչ Արզոյի ստեղծագործութիւններից մէկում արիւնով ներկուած անապատում ընկած գանկի միջից կակաչ է դուրս եկել… Տիգրան Վարդիկեանի (Լեհաստան) նկարում էլ Տրովադայի ձիով յաղթական առաջ է շարժւում թուրքը դէպի Իրաք, Սիրիա, Եւրոպա…
Ծաղրանկարները զգօնութեան կոչ են անում, սթափութեան ահազանգ հնչեցնում: «Ուրիշի վիշտ, ուրիշի ցաւ չկայ,- յուշում է Հեմինկուէյը,-մեր բոլորի մահն է գուժում զանգը, եթէ չսթափուենք…»:
Ցուցասրահի խորհրդանշական Փանտորայի արկղում էլ մեր բոլորի յոյսն է, որ յուսավառ սպասում է, որ մի օր մարդկութիւնը կը սթափուի…

«Հայ զինուոր»

