ՍԻՎԻԼՆԵԹ
Փետրուար 21-ի գիշերը թուրքական բանակը «Իսլամական պետութեան» կողմից շրջափակուած Սուրիայի Քարակոզակ գիւղի մօտ գտնուող Սուլէյման Շահի դամբարանում տեղակայուած իր զինուորներին դուրս հանեց եւ դամբարանը տեղափոխելու համար սկսեց նոր գործողութեան: Այս մասին տեղեկացնում է «Նիւ Եորք թայմզ» միջազգային պարբերականը` յղում տալով թուրք պաշտօնատարների եւ թուրքական լրատուամիջոցներին:
Օսմանական կայսրութեան հիմնադիրի մեծ հայր Սուլէյման Շահի դամբարանը գտնւում է Սուրիայի տարածքում` Թուրքիա-Սիրիա սահմանից 20 քմ. հեռաւորութեան վրայ: Սակայն այս տարածքը, ըստ 1921-ին Թուրքիայի եւ Ֆրանսայի միջեւ կնքուած պայմանագրի, համարւում է Թուրքիայի գերիշխանութեան ենթակայ տարածք: «Շահ ֆըրաթ» անունը կրող այս գործողութեանը մասնակցել են 572 զինուոր, 39 հրասայլ, 57 զրահապատ մեքենայ եւ 100 այլ մեքենայ: Նրանք Սուրիա մուտք են գործել քրտական Արաբունարի, որը քրտերը վերջերս են ազատագրել «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբից: Թուրքական բանակը աճիւնը տեղափոխել, ապա ոչնչացրել է շիրիմն ու յարակից բոլոր շինութիւնները, որպէսզի հետագայում այլ զինեալներ չօգտուեն դրանցից:
Թուրքիայի վարչապետ Տաւութօղլուն յայտարարել է, թէ 1921-ի պայմանագրի համապատասխան Սուրիայի քրտական հսկողութեան տակ գտնուող Ռոժաւայ շրջանի Աշմէ աւանում նոր դամբարան է կառուցւում Սուլէյման Շահի համար: Թուրքական հեռուստաընկերութիւններն արդէն տարածում են Թուրքիայի դրօշներով լի նոր դամբարանի նկարները:
Ամերիկեան «Տը Տէյլի Պիսթ» թերթը հաղորդում է, որ Թուրքիայում ազգայնական եւ ընդդիմադիր շրջանակների կողմից նոյնպէս քննադատւում է գործողութիւնը ազգային յաղթանակ ներկայացնելու փորձերը: Պարբերականը գրում է, որ հասունացել է Էրտողանին ծաղրանքով «նոր օսմանացի»է կոչելու մի առիթ եւս: Ըստ թերթի` աշխարհահռչակ նախկին ֆութպոլիստ եւ Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամաւոր Հաքան Շիւքուրն ասել է. «էրտողանը պատասխանատու է Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան ընթացքում տեղի ունեցած առաջին տարածքային կորստի համար»: Իսկ Էրտողանի իսլամական կուսակցութեան անդամ եւ մշակոյթի նախկին նախարար Էրթուղրուլ Կիւնայը տեղի ունեցածը ամփոփել է հետեւեալ կերպ. «Կատարուածը կարճ նկարագրելու համար կարելի է ասել, որ մեր նախահայրերն իրենց դագաղներում շուռ են գալիս»:
Թուրքիայում ընդդիմութիւնը քննադատում է, ասելով, որ թեքնիքապէս յաջող գործողութիւնը իրականում նահանջ էր Թուրքիայի համար, աւելին` պարտութիւն: Թուրքական «Հիւրրիյէթ» թերթում Մուրատ Եթքինը գրում է, որ բանակի այս գործողութիւնը պէտք է դիտարկել որպէս Թուրքիայի կառավարութեան երկրորդ նահանջը «Իսլամական պետութեան» դէմ: (2014թ. յունիսին «Իսլամական պետութիւնը» Իրաքի Մուսուլ քաղաքում թուրքական հիւպատոսարանը գրաւելուց յետոյ պատանդ էր վերցրել Թուրքիայի 46 քաղաքացու եւ երեք իրաքցու: Նրանք երեք ամիս յետոյ ազատ արձակուեցին` չյայտարարուած պայմաններով փոխհամաձայնութեամբ. «Տը Տէյլի Պիսթ»-ը գրում է: Ամերիկեան եւ եւրոպական որոշ աղբիւրներ յայտնում են, թէ Անգարան դրա փոխարէն «Իսլամական պետութեան» մի շարք ձերբակալուած զինեալների ազատ է արձակել: Յայտնի միջազգային պարբերականը յայտնում է, որ Թուրքիան իր բանտերից ազատ է արձակել նաեւ մի շարք եւրոպացի ճիհատականների, որոնցից ամենայայտնին վերջերս Քոփենհակենում ահաբեկչական գործողութիւն կատարեց: Սիվիլնեթ)
Դեռ յայտնի չէ` թուրքական ուժերը բախուե՞լ են շիրիմը շրջապատող զինեալների հետ, թէ` ոչ, սակայն Թուրքիայի վարչապետ Ահմետ Տաւութօղլուն շտապել է յայտարարել, որ ոչ մի բախում տեղի չի ունեցել գործողութեան ժամանակ, իսկ մի զինուոր զոհուել է ճանապարհային արկածի պատճառով: Նա նաեւ յայտնել է, որ դամբարանի բոլոր արժէքաւոր իրերը, ներառեալ` պատմական աճիւնը, տեղափոխուել են Թուրքիա:
Տաւութօղլուն ասել է, որ Սուրիայի կառավարութիւնը եւս տեղեկացուել է գործողութեան մասին, ինչպէս ընդդիմադիր զինեալների ղեկավարները եւ «Իսլամական պետութեան» դէմ պայքարող միջազգային դաշինքի ուժերը: Սուրիայի կառավարութիւնն իր հերթին յայտարարել է, թէ Թուրքիայի մարտական գործողութիւնը «Կոպիտ նախայարձակումի» դրսեւորում է, քանի որ վերջինս չի սպասել Դամասկոսի համաձայնութեանը: Իսկ Սուրիայի կառավարութիւնը գործողութեան յաջողութեան հիմքում տեսնում է իսլամական ծայրահեղականների Թուրքիային ցուցաբերած օգնութիւնները:
2014թ. մարտին Տաւութօղլուն յայտարարել էր, որ` «Սուրիայի վարչակարգի կամ ծայրահեղական խմբերի կողմից որեւէ յարձակման դէպքում Թուրքիան հաւասարազօր պատասխան է տալու»: Այդ յայտարարութիւնից անմիջապէս յետոյ դամբարանի պահակ զինուորներին փոխարինել են յատուկ ջոկատայինները:
Սուլէյման Շահը խեղդամահ է եղել Եփրատում, 1236 թուականին եւ նրա աճիւնը երբեք չի գտնուել: 1516-ին, երբ սուլթան Սէլիմը գրաւել է Սուրիան, նրա մահուան վայրում կառուցել է մի խորհրդանշական դամբարան, որը հետագայում բազմաթիւ անգամ տեղափոխուել է Եփրատի տարբեր տարածքներ: Վերջին տեղափոխութիւնը տեղի է ունեցել 1970-ին` Ասատի անուան ջրամբարի կառուցման պատճառով: