2015-ին, Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը Հայաստանի Հանրապետութեան Գիտութեան պետական կոմիտէի պատուէրով երկու տարի ժամկէտով (2013-2015) իրականացնում է «Արեւմտահայ ընդարձակ կենսագրական բառարան» ծրագիրը (գիտական ղեկավար` փրոֆ. Սուրէն Դանիէլեան): Աշխատանքն աւարտուելու է այս տարուաա յունիս ամսի վերջին: Բառարանի մէջ ընդգրկուելու են 1850-ից մինչեւ այսօր գիտական, գրական, մշակութային, ընկերային, քաղաքական, կրթական, բժշկական, ռազմական եւ այլ ոլորտներում գործունէութիւն ծաւալած ծագումով արեւմտահայ դէմքեր, անհատներ:
Նոր նիւթերի եւ աղբիւրների ձեռքբերման համար փետրուարի 7-14 Հայաստանի Գիտութեան պետական կոմիտէն Պէյրութ է գործուղելու «Սփիւռք» կենտրոնի աշխատակից, բանասիրական գիտութիւնների թեկնածու Քնարիկ Աբրահամեանին: Այս առաքելութեան մէջ նրա գործընկերն է Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնը:
Դոկտ. Աբրահամեան պիտի ունենայ իր գրասենեակը Հայկազեան համալսարանում, որտեղ պիտի անցկացնի իր հանդիպումները, կատարի հեռախօսազանգերը: Իսկ Հայկազեան համալսարանի «Տէրեան» հայագիտական գրադարանում, Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի մատենադարանում եւ այնտեղ, որտեղ կարիքն զգացուի, պիտի կատարի իր պրպտումներն ու հետազօտութիւնները:
Այսու հրաւիրում ենք լիբանանահայ հանրութիւնը, որ աջակցի այս կարեւոր աշխատանքի յաջողութեան:
Նրա հետ հաղորդակցելու համար կարելի է զանգել Հայկազեան համալսարան` հետեւեալ համարով. 01 349 230, ապա` 136:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոն