Մեծարգո՛յ նախագահներ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների,
Վեհափա՛ռ հայրապետներ, հոգեւոր հայրեր, յարգելի գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք դրական ենք գնահատում պատրաստուած հռչակագիրը եւ մեր համաձայնութիւնն ենք տալիս նրա բովանդակութեանը: Ինչպէս յանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք` հաշուի առնելով ժողովի պատկառելի ներկայացուածութիւնը, հռչակագիրը կարող է խօսել համայն հայ ժողովրդի անունից եւ ձեւակերպել յստակ եւ համահայկական տարողութեան հիմնահարցեր:
Մեր գնահատումով, հռչակագրի ներկայ` վերջնական բովանդակութեամբ դա իրագործուել է: Հռչակագիրը տալիս է մեր յանձնաժողովի «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի ամբողջական բացատրութիւնը, ինչն էլ հանդիսանում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի քաղաքական պարունակը:
Մնում է մենք բոլորս, պետական յանձնաժողովը` որպէս այդպիսին եւ յանձնաժողովի իւրաքանչիւր անդամը` որպէս հայ ժողովրդի այս կամ այն հատուածի ներկայացուցիչ, համակարգուած ծրագրով եւ համադրուած ճիգերով կեանք տանք այդ քաղաքականութեանը:
Մենք աշխատանք ենք տարել ներազգային ճակատում հատուցման հարցով տեսակէտների բիւրեղացման եւ միջազգային իրաւունքի ու կանոնների համաձայն թղթածրարի պատրաստման ուղղութեամբ:
Պատուիրել ու արդէն հրապարակել ենք Հայոց ցեղասպանութեան հատուցումների ուսումնասիրման խմբի վերջնական զեկոյցը` «Արդարացի լուծում-հատուցումներ Հայոց ցեղասպանութեան դիմաց»: Զեկոյցում ներկայացուած է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանութեան հատուցումների հարցի իրաւական, պատմական, քաղաքական եւ բարոյական կողմերին առնչուող աննախադէպ համապարփակ վերլուծութիւնը: Զեկոյցում ներառուած են նաեւ հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերեալ յստակ առաջարկութիւններ:
Կարեւորում ենք նաեւ ուրիշների կողմից այս ուղղութեամբ տարուող աշխատանքները: Ասել ենք արդէն, որ այս ուղղութեամբ կարեւոր նախաձեռնութիւն էր Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի գլխաւորած հայ իրաւաբանների խորհրդաժողովի որոշումը` ստեղծելու յատուկ յանձնախումբ, Հայոց ցեղասպանութեան հիմնախնդիրների իրաւական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով: Այսօր լսելու ենք այդ աշխատանքների մասին զեկոյց:
Մենք կրկնում ենք 2012 թուականի սեպտեմբերին` յանձնաժողովի երկրորդ նիստին մեր ներկայացրած առաջարկը. Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նախաձեռնութեամբ հիմնադրել յատուկ կենտրոն, որը պէտք է իր աւարտին հասցնի միջազգային իրաւունքի եւ օրէնքների համաձայն Հայոց ցեղասպանութեան հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրաւունքների ձեռքբերման հարցով ամբողջական թղթածրարի պատրաստումը եւ մշակի այն իրականացնելու համար ճանապարհային քարտէս:
Մեր այս առաջարկի մասին կարելի է մանրամասն քննարկել ձեր սկզբունքային համաձայնութեան դէպքում:
Չի կարելի չանդրադառնալ Թուրքիայի իշխանութիւնների արդէն լկտի պահուածքին, այն է` Կալիփոլիի ճակատամարտի 100-ամեակը ապրիլի 24-ին նշելու եւ այդ առթիւ 102 պետութիւնների ղեկավարներին հրաւիրելու քայլին: Թուրքիայի այս քայլին համարժէք պատասխանը կը լինի Հայ-թուրքական արձանագրութիւններից Հայաստանի ստորագրութեան հետ վերցնելը:
Յարգելի՛ ներկաներ, այսօրուայ իմ խօսքում կ՛ուզէի անդրադառնալ մի կարեւոր հարցի եւս:
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը պէտք է առիթ հանդիսանայ ոչ միայն ճշմարտութիւնը աշխարհին հասցնելու, այլեւ մէկ այլ կարեւորութեան ճշմարտութիւն ինքներս գիտակցելու համար, որ` միայն ներազգային համախմբումը կարող է ճանապարհ բացել մեր նպատակների իրականացման առջեւ: Առանձին-առանձին խմբաւորուած, մասնատուած ու ծուատուած մենք ոչնչի չենք կարող հասնել:
Մեզ առաւել քան անհրաժեշտ է ներազգային համախմբում յատկապէս իրադարձութիւնների ներկայ փուլում, երբ մեր հանդէպ ցեղասպանութիւն իրականացնողի կրտսեր եղբայրը նորից մեզ պատերազմ է պարտադրում: Իրեն բնորոշ ճղճիմ ու ողորմելի դաւադրութիւններով Ազրպէյճանը փորձում է շեղել աշխարհի ու իր հասարակութեան ուշադրութիւնը իր ներքին խնդիրներից եւ, ինչո՞ւ չէ, հէնց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցից: Թէ որքանով է դա նրան յաջողւում, այլ հարց է, բայց կարեւորն այն է, որ Ազրպէյճանի այդ թշուառ կեցուածքի պատճառով մենք պարբերաբար զինուորներ ենք կորցնում:
Այո՛, մեր զինուորները տալիս են իրենց կեանքը` պաշտպանելու համար մեր հայրենիքը: Իսկ ի՞նչ ենք անում մենք այստեղ: Ազգի համար այս ճակատագրական պահին ինչո՞վ ենք զբաղուած: Ո՞ւր են մեզ տանելու ինքնանպատակ բախում-պայքարները, որոնք առճակատման, ներքին պառակտման վերաճելու ներուժ են պարունակում իրենց մէջ:
Երբեք դրա ժամանակը չէ, բայց առաւել եւս դրա ժամանակը չէ հիմա: Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է:
Այսօր մենք պէտք է ամէնուր դատապարտենք Ազրպէյճանին: Պէտք է միջազգային համայնքին ասենք, որ Ազրպէյճանը փաստացի սկսել է պատերազմ, մաշեցնող պատերազմ` Հայաստանի ու Արցախի դէմ: Յատկապէս համանախագահող պետութիւններից պէտք է պահանջենք սաստել Ազրպէյճանին, որպէսզի դադարեցնի իր կամայականութիւնները:
Բոլորս պարտաւոր ենք բացառել ներքին առճակատումը, երբ այն` առճակատումը առկայ է մեր սահմանի վրայ եւ մէկ մարդու պէս կանգնել պետութեան կողքին:
Սակայն պետութիւնն էլ իր հերթին պարտաւոր է հոգ տանել, որ այս բախտորոշ փուլում ժողովուրդն իրեն զգայ ոչ միայն պաշտպանուած արտաքին թշնամուց, այլեւ պաշտպանուած` ներքին ապօրինութիւններից, անարդարութիւններից ու կամայականութիւններից:
Երբ մենք միասնական ենք եղել, ունեցել ենք միմիայն յաղթանակներ: Նման միասնականութեան արդիւնք է եղել նաեւ մեր վերջին յաղթանակը:
Մենք սա ենք պարտաւոր ասել մեր ժողովրդին:
Ու մենք պարտաւոր ենք ասել, որ այս պահից եւ այսուհետ մենք միահամուռ ենք ու հաստատակամ` արտաքին վտանգը դիմագրաւելու հարցում, մեր ազգային իղձերն իրականացնելու խնդրում:
Եւ պարտաւոր ենք ասել այնպէս, որ ժողովուրդը մեզ հաւատայ ու վստահի:
*ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ելոյթը` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած նախաձեռնութիւնները համակարգող պետական յանձնաժողովի 5-րդ նիստին: