Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիա-2014. Ամփոփելով Տարին

Յունուար 27, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

ԹՈՒՐՔԱԳԷՏ ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

12715_TUR2014 թուականը ծանր տարի էր Թուրքիայի համար, որտեղ արդէն աւանդական քրտական յուզումներին գումարուեց «Իսլամական պետութիւն» գլուխկոտրուկը, երկիրը ցնցեցին հանքերում հարիւրաւոր մարդկանց մահուան պատճառ դարձած աղէտները: Տարին հետաքրքրական էր նաեւ հայկական տեսանկիւնից. Էրտողանը հանդէս եկաւ ապրիլ քսանչորսեան ուղերձով, ինչպէս նաեւ շարունակեց 2013-ի դեկտեմբերից ընթացող պայքարը կիւլենականների դէմ:

Թուրքիայում անցնող տարում արձանագրուած կամ ընթացող կարեւորագոյն զարգացումներն ու իրադարձութիւններն առաւել մանրամասնօրէն քննենք:

Էրտողանի Ապրիլքսանչորսեան Ուղերձը

2014 թուականի ապրիլի 24-ի նախօրեակին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրտողանի անունից տարածուեց աղմուկ բարձրացրած հաղորդագրութիւնը, որտեղ «ցաւակցութիւն էր յայտնւում հայերին»: Յայտարարութիւնը եօթ լեզուով էր, ինչն էլ վկայում էր, որ այն ուղղուած է ոչ միայն թուրքական եւ հայկական լսարաններին, այլ նաեւ միջազգային խնդիրներ է լուծում: Էրտողանի ուղերձը մի շարք լրատուամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպէս «ցաւակցութիւն» Ցեղասպանութեան համար, սակայն այնտեղ Ցեղասպանութեան որեւէ յիշատակում չկար: Միջազգային մի շարք կառոյցներ շտապեցին Էրտողանի քայլը դրական առաջընթաց որակել, սակայն իրականում թուրքական իշխանութիւնների այս քայլը Ցեղասպանութեան հարցում ժխտողական քաղաքականութեան արտացոլումն էր: Պաշտօնական Անգարան վերջին տարիներին փոխել է մարտավարութիւնը, փորձում է խիստ ժխտումից անցում կատարել աւելի ժամանակակից եւ արդիւնաւէտ միջոցների, այն է` Ցեղասպանութիւնը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն աշխուժօրէն կիրառում է «ընդհանուր ցաւի» թեզը, որն ամբողջովին արտացոլուեց նաեւ Էրտողանի ուղերձում: Ըստ «ընդհանուր ցաւի» թեզի, «Ա. Աշխարհամարտի տարիներին ցաւալի դէպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաեւ` թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցաւը բոլորինն է»: Այսպիսով, Թուրքիան խուսափում է հայերի զանգուածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանութիւն, ինչպէս նաեւ փորձում է հայերի «ցաւը» տեղաւորել Ա. Աշխարհամարտի շրջանակներում եւ հաւասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որեւէ աղերս չունի իրականութեան հետ:

Այսպիսով, թուրքական կողմը կարողացաւ հասնել իր խնդիրներից մէկին, այն է` միջազգային ասպարէզում ժխտման այս նոր մոտելը ներկայացնել որպէս ցաւակցութիւն եւ դրական քայլ: Այս քաղաքականութիւնն էլ Անգարան շարունակելու է 2015 թուականին:

Թուրքիա-«Իսլամական Պետութիւն»
Յարաբերութիւններն Ու Քրտական Յուզումները

Մերձաւոր Արեւելքը 2014 թուականի յունիսից ռազմաքաղաքական տեսանկիւնից այլեւս նախկինը չէ: «Իսլամական պետութիւն» իսլամական խմբաւորումը, որ մինչ այդ աշխուժ գործում էր Սիրիայում, իր գործողութիւնները յաջողութեամբ շարունակեց Իրաքի հիւսիսային սիւննիաբնակ հատուածում` իր վերահսկողութեան տակ վերցնելով քարիւղով հարուստ շրջաններ: Այսպիսով, ԻՊ-ը ոչ միայն հարեւան է Թուրքիային Սիրիայի հետ սահմանի հակառակ կողմում, այլ նաեւ` Իրաքի հատուածում:

Սիրիայի ներքին հակամարտութեան գրեթէ սկզբից Անգարայի եւ ԻՊ-ի միջեւ ձեւաւորուել էին արտաքինից թշնամական յարաբերութիւններ: Եւ եթէ կային փաստեր, թէ, ասենք, հակաասատական այլ խմբաւորումներն աջակցութիւն էին ստանում Թուրքիայից, ԻՊ-ի դէպքում պատկերն այլ էր:

Այնուամենայնիւ, Միացեալ Նահանգների Ծերակոյտի մակարդակով խօսակցութիւններ էին շրջանառւում, թէ Թուրքիան ոչ միայն գնում է քարիւղ ԻՊ-ից, այլեւ հանդիսանում է տարանցիկ երկիր այդ քարիւղի համար: Թուրք-ԻՊ ընդհանուր շահերում է տեղաւորւում նաեւ քրտական հարցը: Յայտնի է, որ երկու այս ուժերի համար ընդհանուր թշնամի են քրտերը:

Թուրքիայի` Սիրիայի քրտաբնակ Քոպանիի (Արաբ Բունար) համար պայքարում, մեծ հաշուով, ԻՊ-ին աջակցող եւ հակաքրտական մօտեցման պատճառով 2014-ի հոկտեմբերին Թուրքիայում սկիզբ առան քրտերի յուզումները: Քրտերը մեղադրում էին Անգարայի ԻՊ-ին աջակցելու եւ քրտերի դէմ հերթական քայլերն իրականացնելու համար: Անգարան փակել էր Արաբ Բունարին մօտ սահմանի հատուածը եւ թոյլ չէր տալիս քրտական ուժերին աջակցել սահմանից այն կողմ իսլամականների դէմ պայքարող իրենց հայրենակիցներին: Այս ամէնից վրդովուած քրտերի բախումները թուրք իրաւապահների հետ դարձան շուրջ 4 տասնեակ զոհերի պատճառ:

Այսպիսով, կարելի է ասել, որ թէեւ Թուրքիան, տուրք տալով միջազգային հանրութեանը, իր արեւմտեան դաշնակիցների հետ յարաբերութիւններին, ունի արտաքնապէս լարուած եւ վատ յարաբերութիւններ ԻՊ-ի հետ, բայց եւ Թուրքիայի ու «խալիֆայութեան» ճանապարհները խաչւում են, երբ խօսքը գնում է Ասատի` իշխանութիւնից հեռացնելուն, քարիւղին եւ քրտերին:

Հարիւրաւոր Զոհեր` Ածխահանքերում

2014 թուականի մայիսի 13-ին Թուրքիայի հիւսիսարեւմտեան Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքներից մէկում պայթիւն գրանցուեց, ինչին յաջորդեց հրդեհը: Միջադէպին իբրեւ հետեւանք` 300-ից աւել մարդ մահացաւ, հարիւրից աւել հանքափորներ տարբեր աստիճանի վնասուածքներ ստացան եւ միայն մի քանի տասնեակը կարողացաւ խուսափել դաժան ճակատագրից:

Թուրքիայում աշխատանքային անվտանգութեան վատթար վիճակի հերթական դրսեւորումը պատճառ դարձաւ, որ կառավարութեան դէմ հասարակական բողոքի խոշոր ալիքը տարածուի: Սոմայի ողբերգութիւնն իր ծաւալներով աննախադէպ էր Թուրքիայի համար եւ մեծ արձագանգ առաջ բերեց ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ սահմաններից դուրս:

Ժամանակը ցոյց տուեց, որ Սոմայի դէպքը 2014-ի համար նմանատիպ միակ դժբախտութիւնը չէր: Հոկտեմբերի 18-ին Էրմենեքի ածխահանքերից մէկը մնաց ջրի տակ. պատահարի պատճառով  մահացածների թիւը կազմեց 18 հոգի:

Սա դժգոհութեան եւս մէկ ալիք առաջ բերեց, եւ թուրքական կառավարութիւնը կրկին քննադատուեց` աշխատողների անվտանգութիւնը յաւուր պատշաճի չկազմակերպելու համար:

Էրտողան-Կիւլեն Հակամարտութիւնը

2013 թուականի դեկտեմբերին կիւլենականները Թուրքիայի կառավարութեան դէմ լայնածաւալ գրոհ նախաձեռնեցին, սակայն Էրտողանն ու համախոհները ոչ միայն կարողացան յաջողութեամբ դիմակայել ճնշմանը, այլեւ անցան հակագրոհի, որը շարունակւում է մինչ օրս եւ կարող է ոչ այնքան շուտ աւարտուել:

Վերջին շրջանում Էրտողանին խանգարում էր կիւլենականների տարբերուող դիրքորոշումը մի շարք առանցքային հարցերում, ինչպիսիք են` Իսրայէլի հետ յարաբերութիւնները, Կեզիի դէպքերը, Թուրքիայի ժողովրդավարութեան վիճակը, իսկ Կիւլենի շարժման անդամներն էլ ցանկանում էին ազդեցութեան շարունակական ընդլայնում: Հակամարտութիւնն առաւել սուր բնոյթ ընդունեց 2013 թուականի դեկտեմբերի 17-ին, երբ համացանցում յայտնուեցին Էրտողանի կառավարութեան փտածութեան գործողութիւնների ապացոյցներ, այդ մեղադրանքով ձերբակալուեցին գործարարներ, ինչպէս նաեւ կաշառակերութեան համար մեղադրուեցին մի շարք թուրք նախարարներ: Ձերբակալութիւններն իրականացրին Կիւլենի շարժման անդամ ոստիկանները:

Հարուածը բաւական ուժգին էր, սակայն ինչպէս ցոյց տուեց ժամանակը, այն ի զօրու չէր տապալել ամուր արմատներով իշխանութեանը կառչած Էրտողանին եւ նրա գլխաւորած կուսակցութեանը: Դեկտեմբերեան ցնցումից յետոյ նախաձեռնութիւնը սկսեց անցնել Էրտողանի կողմը, ով, փոխելով հեղինակազրկուած նախարարներին, նախաձեռնեց այս յանդուգն յարձակման յետեւում կանգնած կիւլենականների զանգուածային որսը: Էրտողանի հակաքայլերի արդիւնքում յաջորդող ամիսների ընթացքում ձերբակալուեցին տասնեակ ոստիկաններ, անվտանգութեան համակարգի աշխատակիցներ, աշխատանքից ազատուեցին հարիւրաւոր իրաւապահներ, որոնք այս կամ այն կերպ կապուած էին կիւլենական համայնքին: Ձերբակալուած կամ աշխատանքից ազատուած ոստիկանների մի մասը բաւական պատասխանատու պաշտօններ էին զբաղեցնում: Ձերբակալուեցին նաեւ կիւլենական «Զաման» թերթի գլխաւոր խմբագիր Էքրեմ Տումանլըն եւ «Սամանեոլու» հեռուստատեսութեան ղեկավար Հիտայեթ Քարաճան:

Էրտողան-Կիւլեն հակամարտութեան մէկ տարուայ արդիւնքները ցոյց տուեցին, որ որոշակիօրէն գերագնահատուած էր կիւլենական համայնքի ազդեցութեան չափը Թուրքիայում, եւ կիւլենականներն ունակ չէին հեռացնել իրենց հակառակորդին իշխանութիւնից: Էրտողանն ու նրա համախոհներն, իրենց հերթին, ցոյց տուեցին, որ ունակ են դիմակայել նման հուժկու հարուածների:

Պատմական Նախագահական, Կարեւորագոյն
Տեղական Ինքնակառավարման Մարմինների
Ընտրութիւններ

Թուրքիայում 2014 թուականի տեսանկիւնից առանձնակի կարեւորութիւն էին ներկայացնում երկու ընտրութիւնները` տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական: Երկու ընտրութիւններում էլ վստահ յաղթանակ տարան Թայիփ Էրտողանն ու նրա գլխաւորած չափաւոր իսլամամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը (ԱԲԿ):

Մարտի 31-ին Թուրքիայում ՏԻՄ ընտրութիւնները փորձութիւն էին իշխող ԱԲԿ-ի համար, քանի որ դրան նախորդել էր կատաղի առճակատումը կիւլենականների հետ, փտածութիւն մեղադրանքները եւ այլն: Բացի այդ, ՏԻՄ ընտրութիւնները լաւագոյնս կարող էին ցուցադրել, թէ Էրտողանն օգոստոսի նախագահական ընտրութիւններում ինչպիսի հնարաւորութիւններ կ՛ունենայ: Եւ փորձը ցոյց տուեց, որ Կեզիի դէպքերը, կիւլենականների հետ ընդհարումներն ունակ չէին խանգարել ԱԲԿ-ին հերթական յաղթանակը տանել: Ընդ որում, ԱԲԿ-ն հաւաքեց ձայների շուրջ 43 տոկոսը` 2009-ի համեմատ ապահովելով ձայների 5 տոկոսանոց աճ: Գլխաւոր մրցակիցը` քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը բաւարարուեց ձայների 25 տոկոսով:

Օգոստոսի 10-ին արդէն նախագահական ընտրութիւններն էին, որտեղ բացայայտ հաւանական շահողը գործող վարչապետ Թայիփ Էրտողանն էր: Ընտրութիւնները բացառիկ էին, քանի Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ նախագահին ընտրում էին ժողովրդական քուէարկութեան միջոցով, այլ ոչ` Թուրքիայի խորհրդարանում, ինչպէս մինչ այդ էր:

Ընտրութիւններում յաղթողի հետ կապուած միակ հարցը, որ օրակարգում էր մնում, ոչ թէ Էրտողանի յաղթանակն էր, այլ այն` նա առաջի՞ն, թէ՞ երկրորդ փուլում կը յաղթի: Էրտողանը յաղթեց ձայների մօտ 52 տոկոսով առաջին իսկ փուլում: Էրտողանի հետ մրցում էին Թուրքիայի խոշորագոյն երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի` Ազգայնական շարժում եւ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնների միասնական թեկնածուն` Էքմելէտտին Իհսանօղլուն (շուրջ 38 տոկոս) եւ քրտական ուժերի ներկայացուցիչ Սելահէտտին Տեմիրթաշը (շուրջ 10 տոկոս):

Կառավարութիւնում վարչապետի թափուր պաշտօնը զբաղեցրեց արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն, ում պաշտօնն էլ անցաւ Մեւլութ Չաւուշօղլուին: Էրտողանի կառավարութեան կազմի ճնշող մեծամասնութիւնը պահեց իր պաշտօնը նաեւ Տաւութօղլուի կառավարութիւնում: Միեւնոյն ժամանակ ԱԲԿ-ի նախագահ ընտրուեց Տաւութօղլուն, քանի որ թուրքական օրէնքներով երկրի նախագահը չի կարող կուսակցական լինել, եւ Էրտողանը զիջեց իր հիմնադրած կուսակցութեան նախագահի պաշտօնը: Թէեւ նախագահ Էրտողանը տը ժիւրէ ԱԲԿ-ի հետ առնչութիւն չունի, սակայն տէ ֆաքթօ հէնց նա է շարունակում գլխաւորել այդ քաղաքական ուժը: Իսկ յաջորդ ընտրութիւնները 2015 թուականի ամրանը կայանալիք խորհրդարանական ընտրութիւններն են, որոնք իրենց նշանակութեամբ կարեւորագոյնն են Թուրքիայում:

ԹՈՒՐՔԱԳԷՏ ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
«Թուրքագիտական փորթալ»
Եփրատ ուսումնասիրութիւնների կենտրոն

 

 

Նախորդը

«Տը Նիւ Եորք Թայմզ»-ը` Ալիեւի «Երկու Երեսների» Մասին

Յաջորդը

Հարցազրոյց` Դոկտ. Արա Սանճեանի Հետ

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In