«ՏԻՓԼՈՄԱԹ»
Ամերիկեան «Տը Նիւ Եորք Թայմզ» պարբերականը հանդէս է եկել Ազրպէյճանի առաջնորդ Իլհամ Ալիեւի բռնատիրական իշխանութիւնը քննադատող ծաւալուն յօդուածով:
«Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը վարպետօրէն խաղում է քաղաքական Ճեքըլին եւ Հայտին: Պաքւում Միացեալ Նահանգների դեսպանն իր հաղորդագրութիւններում, որոնք բացայայտուեցին Ուիքիլիքսի միջոցով, նկարագրում է նրան որպէս Մայքլ Քորլէոնէ եւ Սանի Քորլէոնէ` համեմատելով մաֆիայի մասին պատմող «Կնքահայր» (Տը կատֆատըր) շարժապատկերի սառնասիրտ հաշուարկով եւ դաժանութեամբ յայտնի հերոս եղբայրների հետ: Պարոն Ալիեւն Արեւմուտքի կողմից հիացմունքի արժանի «արեւմտամէտ է». նա յարգալից է, լաւ հագնուած եւ խօսում է անգլերէն, նա պատրաստ է ուղարկել իր երկրի քարիւղի եւ կազի պաշարները Եւրոպա եւ Իսրայէլ, նրա իսլամական հայեացքները հաւասարակշռուած են եւ ժամանակակից, նա հիւրընկալում է միջազգային միջոցառումներ, ինչպէս, օրինակ, 2012 թ.-ի Եւրատեսիլը եւ այս տարուայ յունիսին կայանալիք Եւրոպական խաղերը:
Սակայն նա չափազանց խորասուզուել է փտածութեան մէջ, իսկ իր կողմից ղեկավարուող բռնատիրական վարչաձեւն աշխարհում ամենավատ համբաւն ունի մարդու իրաւունքների ոտնահարման առումով»:
Ամերիկեան պարբերականը յիշատակում է Ազրպէյճանում դեռեւս նախորդ տարի անկախ մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների դէմ սկսած արշաւի մասին, այդ թւում` «Ազատութիւն» ռատիոկայանի Պաքուի գրասենեակի խուզարկութիւնը եւ ռատիոկայանի աշխատակիցների ձերբակալութիւնն ու հարցաքննութիւնը, «Ազատութեան» լրագրող Հատիճա Իսմայիլովայի դէմ սկսած հետաքննութիւնը, իրաւապաշտպաններ Լէյլա եւ Արիֆ Եունուսների դէմ մեղադրանքները եւ այլն:
«Պարոն Ալիեւը, ի հարկէ, միակ բռնապետը չէ, ում հմուտ քաղաքականութիւնն ու բնական պաշարների նկատմամբ վերահսկողութիւնը ստիպում են ամերիկեան եւ եւրոպական քաղաքական գործիչներին բախուել, ինչպէս Ուիքիլիքսն էր նշել, «Միացեալ Նահանգների շահերի եւ Միացեալ Նահանգների արժէքների միջեւ սկզբունքային ընտրութեան հետ»: Նրա հայրը` Հայտար Ալիեւը, իշխել է Ազրպէյճանում 1969-ից մինչ մահը` 2003թ., նախ որպէս խորհրդային առաջնորդ, ապա` որպէս նախագահ: Որդին, ով նախագահ է ընտրուել հօր մահուանը յաջորդած եւ կասկած յարուցող երեք ընտրութիւնների արդիւնքում, անշեղօրէն ստեղծում է հօր անձի պաշտամունքը», ասւում է խմբագրականում:
Հեղինակները նշում են, որ, թէեւ Իլհամ Ալիեւը զարգացնում է յարաբերութիւնները Արեւմուտքի հետ, այնուամենայնիւ, նա համոզուած է, որ իր երկրում գործող միջազգային կազմակերպութիւնները, այդ թւում` «Ազատութիւն» ռատիոկայանը, արեւմտեան լրտեսներ են, որոնց միջոցով Արեւմուտքը իբր թէ փորձում է ազատուել Ալիեւից:
«Արեւմուտքը պէտք է հասկանայ, որ բռնապետ պարոն Ալիեւը իրական պարոն Ալիեւն է: Մինչ նա խստացնում է իր արշաւը քաղաքական ընդդիմախօսների եւ ազատութեան դրսեւորումների դէմ, Միացեալ Նահանգները եւ Եւրոպան պէտք է այսուհետ յստակեցնեն, որ անկախ այն փաստից, որ ստիպուած են պիզնըս վարել Ազրպէյճանի հետ, այնուամենայնիւ, Արեւմուտքը պատրանքներ չունի, թէ ո՛վ է նա, եւ որ նա վնաս է հասցնում սեփական երկրին», եզրափակում են հեղինակները: