Ստորեւ կու տանք Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Աշոտ Քոչարեանի խօսքը` Վահան Յովհաննիսեանին նուիրուած յիշատակի հանդիպումին ընթացքին:
Բոլորիս համար ծանր լուր էր եւ սրտի ցաւ, երբ Ամանորի նախաշեմին տեղեկացանք, որ ծանր հիւանդութեան պատճառով կեանքից վաղաժամ հեռացաւ անուանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, մեր գործընկեր Վահան Յովհաննիսեանը:
Նրա կեանքի անցած ուղին շատ բազմաբնոյթ, բազմածաւալ եւ բազմաբովանդակ էր: Վահանի հետ ծանօթացանք 70-ականներին, երբ սովորում էինք նոյն Բրիւսովի անուան ռուսաց եւ օտար լեզուների հիմնարկում` Վահանը բանասիրական, ես` անգլո-ռուսական բաժանմունքում: Հետագայում նա տեղափոխուեց Մոսկուա, ստացաւ բարձրագոյն կրթութիւն, վերադարձաւ Երեւան, աշխատեց որպէս գիտաշխատող, գիտահետազօտական բաժնի վարիչ «Էրեբունի» թանգարանում, Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի գիտաշխատող, ստացաւ պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան:
Վահան Յովհաննիսեանի ներկայութիւնը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թէ՛ արցախեան ազատամարտի, Հայաստանի Հանրապետութեան պետականութեան կայացման տարիներին, թէ՛ դրանից յետոյ` Հայաստանի Ազգային ժողովում: Նա նորանկախ երկրի պետականութեան հիմունքները կերտողներից էր: Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում երկար տարիների ընթացքում ծաւալել էր համապարփակ գործունէութիւն, լինելով Ազգային ժողովի փոխնախագահ, Ազգային ժողովի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի անդամ, ղեկավարել է Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական պատուիրակութիւնները ՕԹԱՆ-ի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, ԵՒՐՈՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում: Մինչեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան նշանակուելը եղել է Ազգային ժողովի Առողջապահութեան, մայրութեան եւ մանկութեան հարցերի, Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովների եւ բարոյագիտութեան ժամանակաւոր յանձնաժողովի անդամ, Ազգային ժողովի հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամութեան խմբի անդամ: Հնարաւորութիւն եղաւ նրա հետ հանդիպել նաեւ Պէյրութում 2010-ին, երբ նա Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պաշտօնական պատուիրակութեան անդամ էր:
Վահան Յովհաննիսեանը եղել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի խորհրդական տեղական ինքնակառավարման հարցերով, վերջապէս առաջադրուել է նախագահի թեկնածու: Դասաւանդել է տարբեր ուսումնական հաստատութիւններում, լինելով հոյակապ դասախօս եւ մանկավարժ:
Արժանացել է տարբեր պետական պարգեւների: Տասնեակ գիտական աշխատանքների հեղինակ էր: Իրօք, վերին աստիճանի պատրաստուած եւ կրթուած, իւրայատուկ եւ սուր հիւմըրին տիրապետող անձնաւորութիւն:
Վահան Յովհաննիսեանի մահը մեծ կորուստ է իր կուսակցական զինակիցների եւ բոլորիս համար: Կորցրեցինք գաղափարական մարտիկի, կիրթ մտաւորականի, պետական ու կուսակցական գործչի, լաւ հռետորի եւ վառ անհատականութեան: Անգամ հիւանդութեան օրերին լաւատես էր, մտածում էր ապագայ ծրագրերի եւ հայրենիքի մասին:
Կրկին անգամ խորին ցաւակցութիւն եմ յայտնում անուանի գործչի, մեր գործընկերոջ հարազատներին, մերձաւորներին, նրա զինակիցներին, բոլոր ներկաներին:
Վահան Յովհաննիսեանի մասին վառ յիշատակը միշտ կը մնայ մեր սրտերում: