ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ազրպէյճանական կողմից արցախեան բանակի խոցուած ուղղաթիռի շուրջ զարգացումները Պաքուին դրել են դժուարին եւ անյարմար կացութեան մէջ: Ազրպէյճանից հնչող ջղաձիգ, սին, երբեմն սպառնալից յայտարարութիւնները` ուղղուած միջազգային կազմակերպութիւններին, երրորդ երկրներին ու կարգաւորման միջնորդներին (հայերին սպառնալը նրանց համար սովորական է), խօսում են այն մասին, որ Պաքուն դիւանագիտական իմաստով ոչ շահեկան վիճակում է յայտնուել: Հայաստանն ու Արցախը մի կողմից, իսկ Ազրպէյճանը (Թուրքիայի հետ միասին) միւս կողմից գտնւում են դիւանագիտական պատերազմի մէջ, եւ ստեղծուած իրավիճակից հայկական կողմը պէտք է փորձի դուրս գալ հնարաւորինս շահեկան վիճակում:
Նախ, ի՞նչ պէտք չէ անեն Հայաստանն ու Արցախը: Առաջին եւ ամէնից գլխաւորը. որեւիցէ ձեւով Ազրպէյճանի հետ չգնալ սակարկութեան եւ խոցուած ուղղաթիռի երեք զոհուածների մարմինները ստանալու դիմաց չվերադարձնել այն երկու խափանարարներին, որոնց դատավարութիւնը շարունակւում է Ստեփանակերտում: Անկասկած, Արցախի եւ Հայաստանի իշխանութիւնների, բայց առաջին հերթին` զոհուած օդաչուների ընտանիքների համար պատուի հարց է ստանալ զոհերի աճիւնները եւ արժանապատուօրէն հողին յանձնել, սակայն պէտք է հասկանալ նաեւ, որ երկու խափանարարներին հետ վերադարձնելը անընդունելի կը լինի հայկական բանակի հազարապետ Սերգեյ Աբրահամեանի եւ Քարվաճառի 17-ամեայ բնակիչ Սմբատ Ցականեանի ընտանիքների համար: Արցախեան կողմից արդէն իսկ հնչել են հաւաստիացումներ, որ նման փոխանակութիւնը բացառւում է, իսկ խափանարարները պէտք է պատժուեն օրէնքի ողջ խստութեամբ:
Աբրահամեանը եւ Ցականեանը սպաննուել են այս տարուայ յունիսին, երբ ազրպէյճանական երեք խափանարարներ ներթափանցեցին Արցախ: Նրանցից մէկը սպաննուեց յատուկ գործողութեան արդիւնքում, իսկ երկուսը ձերբակալուեցին: Ազրպէյճանական լրատուամիջոցները եւ խափանարարների հարազատները բազմիցս գրել են, որ Իլհամ Ալիեւը անձամբ է հետեւում երկու ազրպէյճանցիներին ողջ եւ առողջ վերադարձնելու հարցում: Այս խափանարարների վերադարձը Ազրպէյճան կ՛աւարտուի նրանով որ ինչպէս Ռամիլ Սաֆարովը, այնպէս էլ նրանք կ՛արժանանան համաժողովրդական հիւրընկալութեան եւ հերոսացման:
Երկրորդ, հայկական կողմը թէեւ խոստացել է, որ խոցուած ուղղաթիռի դիմաց արժանի եւ ցաւալի հարուած է հասցնելու Ազրպէյճանին, սակայն այս պայմաններում պէտք չէ գնալ նման քայլերի եւ կատարել գործողութիւններ, որոնք շուռ կը գան հայկական կողմի դէմ: Դա պէտք չէ անել երկու պատճառով: Նախ` ազրպէյճանական կողմին հարուած հասցնելը կարող է դառնալ նոր պատերազմի առիթ եւ սկիզբ` իր անկանխատեսելի եւ աղէտալի հետեւանքներով: Բացի այդ, ուղղաթիռ խոցելու պատճառով ազրպէյճանական կողմը յայտնուել է դիւանագիտական անյարմար վիճակում եւ պէտք է օգտագործել այդ վիճակը եւ Ազրպէյճանին հասցնել միայն դիւանագիտական հարուածներ:
Երբ ազրպէյճանական կողմը թոյլ չի տալիս (կարդալ` կրակում է), որպէսզի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասպրչիքն ու նրա դաշտային օգնականները մօտենան այն վայրին, որտեղ խոցումից յետոյ ընկել է հայկական Մի-24-ը, ապա դա բոլորովին էլ չի խօսում Ազրպէյճանի արդար դիրքորոշման եւ իր ազգային շահերը արժանապատուօրէն պաշտպանելու մասին: Գուցէ ազրպէյճանական ներքին լսարանը ծափահարում է եւ հպարտանում համազգային առաջնորդ Ալիեւով, սակայն միջազգային մակարդակում նման քայլերը միայն բացասաբար են ընկալւում: Աւելի՛ն. ազրպէյճանական կողմի արարքը` կրակոցներով թոյլ չտալ մօտենալ զոհուած օդաչուներին, միայն ու միայն խօսում է նրանց թերարժէքութեան ու վրէժխնդրութեան մասին:
ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը նոյեմբերի 19-ին տարածեց կոշտ յայտարարութիւն հէնց այն պատճառով, որ Ազրպէյճանը կրակի տակ է պահում խոցուած ուղղաթիռի վայրը: Այսպիսով, միջազգային մակարդակում ոչ միայն եւ ոչ այնքան ուղղաթիռի խոցումն է դատապարտւում, որքան դրանից յետոյ Ազրպէյճանի որդեգրած դիրքորոշումն ու պահուածքը: Մինսքի խմբի համանախագահները ընդգծեցին, որ Ազրպէյճանի զինուած ուժերի կողմից խոցուած ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի բացուել:
Շատ հայեր այնքան էլ գոհ չէին Մինսքի խմբի յայտարարութիւնից` ասելով, որ միջնորդները խիստ չեն դատապարտել Ազրպէյճանին: Իրականում Մինսքի խմբի յայտարարութիւնը բաւականին կոշտ էր` հաշուի առնելով, որ նրանք միջնորդներ են եւ միշտ էլ փորձում են հաւասարաչափ մեղադրել կողմերին եւ հաւասարութեան նշան դնել: Հակառակ դէպքում` նրանք կ՛ընկալուեն ոչ թէ միջնորդներ, այլ` կողմերից մէկի կամ միւսի պաշտպաններ: Վերջին յայտարարութեան մէջ, բացայայտ կերպով նշւում էր միակ մեղաւորի անունը: Եւ հէնց այդ կոշտութեան պատճառն էր, որ ստիպեց Պաքուին հապշտապ, ջղաձիգ յայտարարութիւններ տարածել, այս անգամ` ընդդէմ հէնց Մինսքի խմբի: Խորհրդարանի մակարդակով Մինսքի խմբի յայտարարութիւնը որակուեց սադրանք, իսկ Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութեամբ ընդգծեց, որ «Մինսքի խմբի յայտարարութիւնը ծառայում է հայկական կողմի շահերին»: «Դէպքի վայրում կրակը դադարեցնելու եւ տարածքը ականազերծելու միջնորդների կոչերը հիմքեր չունեն եւ ծառայում են հայկական կողմի շահերին: Դա իրականութիւն կը դառնայ միայն մէկ դէպքում, եթէ Հայաստանի զինուած ուժերը ամբողջութեամբ եւ անվերապահօրէն դուրս բերուեն գրաւեալ տարածքներից», ասւում էր Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական յայտարարութեան մէջ: Ապա արտաքին գործերի նախարարութիւնը հաղորդագրութիւն տարածեց, որտեղ նշւում էր, որ Մինսքի խմբի կողմից «չէզոք տարածք» արտայայտութեան օգտագործումն անընդունելի է, քանի որ հայկական ուղղաթիռը «ոչնչացուել է Հայաստանի կողմից գրաւած Ազրպէյճանի Աղդամի շրջանի տարածքում»:
Վաղ թէ ուշ, Ազրպէյճանը ստիպուած է լինելու ենթարկուել միջազգային խաղի կանոններին եւ թոյլատրել, որպէսզի դուրս բերուեն հայ օդաչուների մարմինները: Որքան Ազրպէյճանը ձգձգի, այնքան աւելի շատ հարուածներ կը ստանայ: Պաքուն, ինչպէս Ռամիլ Սաֆարովի դէպքում, ընդունել է մի կեցուածք, որը միջազգային որեւէ կազմակերպութեան եւ որեւէ երկրի կողմից չի արժանանալու հաւանութեան: Անգամ բարեկամ եւ դաշնակից Թուրքիան չի կարողանալու աջակցել Ազրպէյճանին: Նոյեմբերի 12-ից ի վեր, երբ խոցուեց հայկական ուղղաթիռը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը պաշտօնական ութ յայտարարութիւն է տարածել, որոնցից եւ ոչ մէկը չի վերաբերում ղարաբաղեան հակամարտութեանը:
Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն
Յատուկ «Ազդակ»-ի համար


