ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Ձմեռ էր, հայկական լեռնաշխարհի խստաշունչ ձմեռ, ամիսն էր դեկտեմբեր, տարին շնչահատ էր լինում: Մեռնո՞ւմ էր այն, ո՜չ, տարիները սահում են դէպի յաւիտենականութիւն, դառնում պատմութիւն, սիրոյ ու բերկրանքի անուշ յուշեր, յաղթանակների ու տիեզերական իմաստնութեան լոյսի կրակով բոցավառուած հանճարների ծնունդի փառատօներ: Նաեւ վշտի ու տառապանքի տարիներ են եղել, որոնք անզօր էին մարելու ապրողաց կեանքի յուշերը, անզօր մարելու Արմին-Հայի ոգու բոցերը, անզօր մարելու նրա տաղանդի հրակէզ լոյսի ջահերը, անզօր մարելու արարչական այդ մարդկանց յարատեւելու կամքի հեքիաթը:
Ցրտաշունչ դեկտեմբերի առաջին տասնօրեակից յետոյ, բազմամարդ էին լինում մայր ոստան Երեւանի խանութները: Շուկաներում, կանայք ու տղամարդիկ ծանր պայուսակներով մի տեղամասից միւսն էին շտապում: Շուկաներ, նախկինում «ԿոլխոզՇուկայ» էին ասում:Դրսում ցուրտ ու մռայլ, կարծես արեւը խռովել էր հայոց աշխարհից, իսկ ներսում արեւի լոյսով արբեցած, նրա հրաշէկ կրակի բոցերով վառուած, ռանչպարի արդար քրտինքով ցօղուած, Գեղամայ ծովակի լոյսոտ ջրերը ըմպած հայոց հողի բարիքներն էին: Հայ շինականները, իրենց կորովի ոգով, հայրենի հողի զօրութեամբ, Մայր Անահիտի արարելու շունչով մայրացած ծառերի ու հողի բարիքն էին բրգացրել վաճառասեղաններին: Նրանց կողքի յենակներին չորացրած մրգերի շարաններ, ընկոյզի կոյտեր, գնորդներին առինքնող կախաններին սաթեայ, արեւի կրակի կարմիրով ժպտացող, Աստղիկի լուսափայլ ոտքերից հոսած արեան կարմիրով վարդացած արեւահամ խաղողի ողկոյզներ: Ամպերի արցունքներով յորդացած Ակնայ լճի լուսոտ ջրերի նման վճիտ հոգիներով հայոց շէների մարդիկ Նոր տարուայ բարի մաղթանքներ էին յղում գնորդներին: Ինչո՞ւ էին այդքան շտապում, Հայ շինականի արարած բարիքը Մոսկովին էլ կը հերիքէր: Հայոց հին աստուածները բերքի ու բարիքի առատութիւն էին հոսել հայոց աշխարհին, իրենց տիեզերական տաճարներից հազար-հազար բոյսեր բերել արարչական Արմինա-Հայաստան լեռնաշխարհ, արեւորդիներին երկրագործութեան իմաստնութիւնն էին բաշխել:
Մայր ոստանի փողոցները, մայթերը թող սառոյցով պատած լինէին, թող ձիւն տեղար, թող բուք ոռնար, հոգ չէր, իրենց հոգիներն էին տաք շունչով լեցուն: Տարբեր խանութներ էին այցելում, իրենց սիրասուն մանչերին, ազգականներին ու բարեկամներին նուէրներ, խաղալիքներ, դպրոցական մանչերին գրքեր պիտի գնէին, այո գրքեր: Գիրք ընթերցելը աղօթքի խորհուրդի նման էր, իրենց նախնիները գրքեր էին պաշտել: Թուղթ չունէին, մագաղաթների վրայ գրեցին, վանքերի խուցերում սիրոյ ու ողբերգութեան մատեաններ, Գողթան աշխարհի հոգեզմայլ երգեր, Վարդանների հերոսապատումներ, Հայկազուն ցեղի պատմութիւն, Մաշտոցի «Վարք» գրեցին, հելլէն իմաստունների մտքի լոյսը բերին Արմինա-Հայաստան: Այդ զարմանալո՞ւ է, ո՛չ, իրենց հայկեան զարմիարարչական ցեղի ոգու վսեմութեան, նախնիների Տիր աստուծոյ տիեզերական իմաստնութեան ջահի հրաբորբ լոյսի առկայծումն էր:
Ոստանի բացատներում Դիլիջանի կուսական անտառների եղեւնիների կոյտերի շուրջն էին խմբուել: Մշտադալար եղեւնիները իրենց տները կանաչ լոյսով պիտի լցնէին, նրանց պիտի պճնէին նորահարսի պէս, իրենց նախնիների հոգիների լոյսը այնտեղ պիտի վառուէր: Իրենցից շատ հեռու գերմանների աւանդութիւնն էր հասել երկիր, հոգ չէ, ամբողջ աշխարհն էր այն որդեգրել:
Ինչո՞ւ էին այդքան շտապում, իւրաքանչիւրի համար ինքնասիրութեան հարց էր, ետ չմնալ դրացիից, բարեկամից, ազգականից, անհրաժեշտ էր ժամանակից շուտ լցնել տունը: Մրցակցութիւն չէր, ընտանիքի պարծանքի ու հպարտ հայու ոգու թեւածումն էր այն: Պարէնային խանութներն բազմամարդ էին, արկղներով ու քիլոկրամներով գնում էին` հանքային ջրեր, արեւից շիկնած, արեւի լոյսով արբեցած խաղողից քամուած աստուածների խմիչք` հայոց գինի, Զանգեզուրի անտառների կաղնու փայտի տակառներում լեռների բոյրի համբոյրը ըմպած Մարգարի քոնեակ, խմիչքներ պէս-պէս, «Արջուկ», «Սկիւռիկ» կոնֆէտներ: Առաւօտեան սառնամանիքին, խանութների առաջ կրակ էին վառում, ինչո՞ւ, իրենց նախնիների աստուածների մեհեանների առաջ Նաւասարդեան խրախճանքի հրավառութեան յուշերի կրա՞կն էր իրենց խինդը ջերմացնելու, թէ՞ կանուխ հերթերի շարան կազմելու համար խանութներից հաւ, Հնդկաստանի հաւ, մսեղէն գնելու: Ի՜նչ զարմանահրաշ մարդիկ են Արմէն-հայերը, ամէն ինչ շատ-շատ, որ նոր տարին առատ լինէին սեղանները, թէկուզ ծանրութիւնից չոքէին: Այդ բոլորը «ծանօթ»-ով, իսկ երբեմն էլ նոյնիսկ…:
Շտապում էին նաեւ փափկասուն տիկնայք հայոց ոստանի, իրենց այրերի բերած բարիքից համադամ ճաշեր, խորտիկներ, տեսակ-տեսակ խմորեղէններ պիտի պատրաստէին: Այդ յոգնատանջ աշխատանքը խինդով ու հրճուանքով էին կատարում, իրենց շնորհքից էր կախուած տօնական սեղանի հմայքը, տեսքը, փայլը: Արմէն-հայերի Վանատուր աստուծոյ ջերմ հիւրընկալութեան սիրով այցելուներին պիտի առաջարկէին ճաշակելու խորտիկները, որ նրանց գովքը շոյէր իրենց կանացի ինքնասիրութիւնը, դէմքերը փայլատակէին հպարտութեան լոյսի շողերով:
Վերջապէս, տարուայ աւարտի օրն էր արդէն, արարիչի վառած կանթեղը իր վերջին շողերն էր սփռում, սակայն, մայր ոստանը վառւում էր… լոյսի հեղեղով, շէնքերը կրակէ շապիկներ հագել, մերկացած ծառերը լոյսի հրդեհով բռնկել, հրապարակներում բազմահարիւր լոյսերի կանթեղներ հրավառւում, որոնց կրակի բոցերը շատրուանում երկինք, խաւարը պատռում, գնում հայոց աստուածների տաճարներ` աւետելու Արմէն-հայերի յարատեւման հեքիաթի խրախճանքը: Ոստանի լոյսի հրավառութիւնից հեռու-հեռու աստղերի աչուկներն էին փակուել: Մայր ոստան էին իջել բոցածին «Վահագն Յարթագողի Ճանապարհ»-ի աստղերը, որ իրենց աստուածները Նաւասարդեան խարոյկներ հրավառէին, լոյսի կարմիր բոցերով վառուէր ոստանը… լոյսի տաճար էր մայր ոստանը:
Արմէն-հայերի ոստանի վարդակերտ հրապարակում վեր էր խոյացել Նոր տարուայ տօնածառ` հսկայ եղեւնին: Տրդատ, Մանուել, Մոմիկ ճարտարապետների արարման ոգու լոյսով յորդած նոր դարերի Հայկեան հանճար` Թամանեանի, մտքի թռիչքով էին բարձրացել նրան գրկած սիւնազարդ-կամարակապ շէնքերը: Հայոց Հայկ-Խալդի աստուծոյ Մուսասիրի մեհեանն է այն: Բաբելոնեան աշտարակից աւելի բարձր էր, վառւում լոյսի հազար գոյներով, ծիածան գօտի կապել մէջքին, հեքիաթների պատումների դրուագներով նախշազարդ բազում կրպակներ կանգնել նրա շուրջ բոլորը: Տասներեք օրեր գիշեր-ցերեկ պիտի վառուէր, փոքրերը նրա շուրջը իրենց մանկական հրճուանքի պարերը պիտի բռնէին, Ձմեռ պապին գրկած պիտի լուսանկարուէին:
Հիւրասենեակների սեղաններն էին առատ, ինպէ՜ս չէին ընկողմանում այդ ծանր բեռի տակ: Ոստանի ամէն բնակարանի դիմաց Արարատն է` մարդկութեան վերածնունդի խորհրդանիշը, Արմէն-հայերի քարէ սիրտը, ցեղի ոգու պաշտամունքը, իրենց լեռների ու աշխարհի սրբազան գմբէթը: Արմէն-հայերի հոգիներից պոկուած «Լեառն Արեգաճեմ», սպիտակ լոյսով է ժպտում Արմիա-Հայաստան աշխարհին, գիշերները անուշ լուսնեակն է այցի գալիս նրան, արեւն է ծագում նրա գագաթից: Սպիտակ պատմուճան է հագել, Արմէն-հայերի հետ Նոր տարի-Նաւասարդ տօնախմբելու: Վաչկատուն մի ցեղ տիրել է նրան, երկրի նոր տէրերը այն պատնէշել են երկաթ փշերով: Իրենց նախնիների Արգիշտի-Արամայիս արքայի Արաստ որդու անունով Մայր Արաքսն է վշտի խռովքից ալեկոծուած, անցնում քայլամոլոր: Միհր արեւ աստուծոյ մի լուսաբացին,Արազը կը գայ Արմինա աշխարհը գրկած, Արարատի լանջերին ժայթքած ձնծաղիկների բոցերով կը հրավառի հայոց անկախացած երկիրը, իրենց հին աստուածները կ՛իջնեն նրա գագաթից հայոց ոստանում Նոր տարի-Նաւասարդ տօնախմբելու: Երանի նրանց ովքեր մասնակիցը կը լինէին աստուածների այդ խնճոյքին:
Սեղանի կեդրոնում, խոշոր սկուտեղի վրայ բազմել էր խոզուկը, ականջներին ուլունքներ, բերանին կանաչ շիւղ, ակներին արեւի հուրով բոսորած խաղողի հատիկներ: Փռերում եփած համով-հոտով հաւեր ու Հնդուստանի հաւէին խոզուկի կողքին: Աղանդերներ նրբահամ, անուշահամ խմորեղէններ էին շարուած սեղանին: Տանտիկնոջ շնորհքն էր շողում այնտեղ: Նրա վերջնամասում դրուած անօթներն էին տրաքում ծիածանափայլ պտուղներով, որոնց վրայից կախուել էին նախնիների պաշտած արեւի ու լոյսի համով ու ծիծաղով խաղողի ողկոյզներ: Նրանց կողքին շարան-շարան քոնեակի, օղու, զովացուցիչ ջրերի, կարմիր գինիի շշեր: Այդ գիշեր խրախճանքի, բերկրանքի յոյզեր պիտի պայթէին իրենց հոգիներում:
Նոր տարին դիմաւորելու պատրաստ էին արդէն, բոլորը-բոլորը զուգուել զարդարուել էին տօնական հանդերձներով: Հեռուստատեսիլի դիմացի բազմոցներին էին, ոստանի բարձրադիր աշտարակը ալեասփռում էր տօնական հանդէսի հաղորդումներ` զուարճալի բեմադրութիւններ, քաղցրահունչ երգեր, որոնք հրճուանքի բամբեր էին որոտում իրենց հոգիներում, ծիծաղ պայթում նայուածքներից: Մանրապատումների դերասաններ` Քոթանճեան Ռաֆայել, Երիցեան Կիմ, Մելինէ Մոմճեան, Կարագէօզեան Արամայիս, Աշոտ Ղազարեան, Խոստիկեան Արմէն, օ՜հ այդ դերասանը, նոյնիսկ առանց խօսքի, միայն դէմքի արտայայտութեան թռիչքը դիտողի հոգին զեղում էր զուարթութեամբ: Ոստանի երգիչները, երգի ու պարի համոյթները, բոլորը-բոլորը պիտի երգէին, պարէին, նուագէին իրենց նախնիների հոռովելները, իրենց երգահանների մեղեդիները եւ ինչպէ՜ս թունդ չելնէին իրենց սրտերը, թօթափում էին հին տարուայ օրերի խոնջանքը, նոր աւիւն հաղոդում մանուկ Նոր տարուայ երանելի սպասումներին:
Մանչերը աւելի էին շտապում, նրանք հաւատում էին, որ Ձմեռ պապը նուէրներով ու խաղալիքներով լիքը տոպրակը շալակին, հեռու ցուրտ երկրներից կը ժամանէր իրենց ոստան եւ անպայման նաեւ իրենց տներ: Դրան զանգն էր հնչում, ուրախ աղաղակներով բոլորը վեր էին ցատկում, փոքրերը ուրախութիւնից թէ վախից մայրերի փէշերից էին կախւում, ծանր պարկը շալակին Ձմեռ պապն էր ներս գալիս: Հերթով հարցնում էր մանչերի անունները, հարցնում արդեօք հնազա՞նդ էին եղել հայրիկին ու մայրիկին: Պահանջում էր երգէին կամ մի ոտանաւոր արտասանէին, որ նուէրներ ստանային: Տան լոյսերը մարած էին լինում, որ յանկարծ չճանաչէին ծպտուած Ձմեռ պապին: Տօնածառն էր վառւում հազար ու մի լապտերիկներով, շողում գոյնզգոյն նախշերի խաղալիքներով, արդեօք այդտեղ չէի՞ն իջել նաեւ իրենց նախնիների ստուերները, եւ այդ լոյսերի մէջ չէին ժպտում աստղերի լոյսերով վառուած նրանց ակները: Մանչերը արդէն սրտապնդուած, Ձմեռ պապիի հետ պար էին բռնում տօնածառի շուրջ բոլորը, միաբերան երգում տօնածառի գովքը.
Տօնածառ ջան, տօնածառ,
Այդ ինչքան լաւն ես ու պայծառ:
Կարծես հիմա նորից իմ մանչերի հետ, իմ հայրենի սրտակէզ օճախի տօնածառի լոյսերի մէջ պար եմ բռնում, արի ու մի արբենայ, թէ՞ խենթանայ… ինչո՞ւ այսպէս եղեւ:
Հեռուստատեսիլի պաստառի վրայ ժամացոյցի սլաքների վերջին պտոյտներն էին, կարմիրով լեցուն բաժակները որպէս ջահեր վեր պահած, ոտքի էին բոլորը: Հեռուստատեսիլի պաստառը պայթում էր երգով`
Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Լցնենք ընկերներ,
Բաժակները լիքը,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:
Զանգեր տասներկու անգամ` դամբ, դամբ… ալեհեր անցնող տարին սահնակով սուրում էր պատմութեան բաւիղներ, մանուկ Նոր տարին զուարթ ճախրանքով գալիս երկիր, իր հետ բերելով խինդ ու խաղաղութիւն: Օճախն էր յորդում տիեզերական սիրոյ ու խաղաղութեան համբոյրների շշնջիւնով, բաժակների զրնգուն ձայներով, Նոր տարուայ բարի մաղթանքների կանչերով: Տանտիկնոջ բացուած սրտի նմանառատ սեղանին էին, ճաշակում համեղ կերակուրները, համադամ խորտիկները, խմում ով ինչ ցանկար, հոգ չէ, նորի գալստեան արթնած երջանկութիւնից թէկուզ գինովնային… անշուշտ պիտի գինովնային նաեւ:
Մի ժամ յետոյ, բռնի խորհրդայնացած երկիրներու մայրաքաղաք Մոսկուայի Նոր տարուայ գալուստն էլ պիտի դիմաւորէին: Հեռուստատեսիլի պաստառի վրայ Աստանկինոյի աշտարակի համերգային սրահի Նոր տարուայ խրախճանքի հեքիաթային «Օգանյոկ»-ի հանդէսն էին դիտելու: Այնտեղ էին լինում երկրի բոլոր ստրկացուած ժողովուրդների արուեստների լաւագոյն դերակատարները: Արամի «Դիմակահանդէս»-ի «ՎԱԼՍ»-ը, սպիտակ կարապների ճախրանքով էր փոթորկում սրահը, Հայուհի Գաիանէի «Սուսսէրների պար»-ի արծաթափայլ հրավառութիւն էր, ամէն ինչ հրաշալի, դրսում բուք ու սառնամանիք, ներսում լոյսի ու արեւի խրախճանք: Մօտենում էր նրանց տասներկուսը, վերեւ պահած բիւրեղեայ բաժակները փրփրում էին շամփայն գինու խռովքից, լուսոտ փրփուրներ ըմպելով Նոր տարուայ գալուստն էին աւետում: Հրավառ լոյսերի հեղեղ էր հոսել Աստանկինոյի աշտարակին: Այդ գիշեր, ամէն դժնին մոռացած, նորի գալուստի հրճուանքի հեքիաթով պիտի արբենային, հոգին թունդ անող խմիչքներով պիտի գինովնային, տօնահանդէսը շարունակուելու էր մինչեւ արեւագալ:
Արմէն-հայերը Նոր տարուայ շնորհաւորանքները, բարի մաղթանքները պիտի յղէին նաեւ դրացիներին, բարեկամներին, ազգականներին: Տան բոլոր-բոլոր լոյսերը վառ պիտի պահէին, նոյնիսկ տան դռները առանց կողպելու: Այդ գիշեր, նորի լոյսը, գող մարդկանց հոգիներին խաղաղութիւն էր ցօղում: Դռների զանգերն էին հնչում, դրացիներն էին գալիս, անպայման որեւէ խմիչքի նուէրով: Սեղան էին նստում, Նոր տարուայ բարի մաղթանքների բաժակաճառեր ասում, որին հայը աշխարհում ամենավարպետն ու ամենաճարտարն է: Իրենք էլ փոխադարձում էին նման նուէրերով ու գալիք տարուայ սրտայոյզ մաղթանքներով: Այդպէս էր ընդունուած, նոր տարուայ սեմին անպայման այցելել դրացիին, տուն մտնել լիքը ձեռքով, որ գալիք տարում այնտեղ առատութիւն հոսէր: Իրենց նախնիների Միհր աստուծոյ լոյսով էին բոցավառուել բոլորի տները, այն պոռթկում էր պատուհաններից, շքամուտքերից, իրենց սրտերից: Այդ գիշեր, ուշ, շատ ուշ պիտի քնանային, լոյսի ու նոր գալիքի արթնած հրճուանքից իրենց հոգիները զեղում էին խինդով, ջահել ու ահել ամուսինները այդ գիշեր իրար փարած պիտի քնէին, ամբողջ Նոր տարին սիրոյ ջերմութեամբ իրար վայելելու համար:
Սակայն Նոր տարուայ տօնախմբութիւնը միայն այդ գիշերուայ տօնակատարութեամբ չէր աւարտուելու: Լաւ էր, որ իշխանութիւնները աշխատանքային օրերը փոխանակում էին ոչ աշխատանքային օրերի հետ, երկարացնելով տօնախմբութիւնների ժամանակահատուածը: Նորէն ծիծաղով, տաք շնչով, իրենց նայուածքներից շողած արեւալոյս ժպիտներով էր յորդում ոստանը: Գնում էին ծնողներին, ազգականներին, բարեկամներին Նոր տարուայ մաղթանքներ յղելու: Նորէն շտապում էին, չէ որ իրենց տներում էլ փոխադարձ շնորհաւորաքների էին սպասում, էլ ինչո՞ւ համար հայոց աշխարհի բարիքները լցրել էին իրենց տօնական սեղաններին:
Կարծում էիք վերջացա՞ւ Նոր տարուայ տօնակատարութիւնը, ոչ, այն դեռ պիտի շարունակուէր աշխատավայրերում: Տարուայ առաջին օրը կորչէր աշխատանքը, տներից բերած խորտիկներով, խմիչքներով գրասեղանների վրայ «սեղան» էին բացում, խմում գալիք նոր տարուան իրենց արեւավառ առողջութեան կենացը, խմում իրենց ձեռնարկութիւնների բարգաւաճման կենացը, խմում «շառից ու փորձանքից» հեռու լինելու: Այդ մաղթանքը «միլիցիայից ու օրգաններից» հեռու լինելն էր… Աստուած հեռու պահէր: Վարդալոյս շէնքերի հրապարակում, դեռ տասներեք օրեր պիտի շարունակէր վառուել գերմանների երկրի սովորութեան տօնածառը:
Խորտակուած գաղափարախօսութեան ու փլած կայսրութեան տիրակալութեան ժամանակների գովքը չէր, որ արեցի, սակայն, արդար կը լինէր նաեւ չմեղանչել պատմութեանը: Խաղաղութիւն եղաւ մի փշուր մնացած Արմինա-Հայաստան աշխարհում, շատ-շատ պանդուխտ հայեր երկիր վերադարձան, գիտութիւնների ու արուեստների, արարում եղեւ, աշխարհաճանաչ հանճարների ծնունդ եղեւ, անմեղ զոհերի յուշարձան խոյացաւ ոստանին նայող բլուրին, աշխարհի հետ մրցող արդիւնաբերական հսկաների ծնունդ եղեւ, շէնացաւ երկիրը: Մի խումբ անծանօթ ու ապիկար մարդիկ սխալ ընկալեցին «անկախութիւնը», փլեցին երկրի տնտեսութիւնը,տիրեցին հայու եօթանասուն տարիների «արարումը»,երկրին անյարիր տնտեսակարգ կիրարկեցին, շատ-շատ «Հայ»-եր փախան երկրից, այդպէս «բա՞ն» կը լինի, ափսոս եղեւ…:
Արմին-հայերի Ամանոր աստուծոյ Նոր տարուայ տօնակատարութիւնը, Արմին-հայերի հեթանոս նախնիների Նաւասարդեան տօների խրախճանքի անթեղուած յուշերի կրակների հրավառութիւնը չէ՞ր արդեօք…:
ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Քալիֆորնիայի Հայ գրողների Միութեան անդամ
Կլենտէյլ, դեկտեմբեր 2013

