Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ազրպէյճանը Այս Պահին Պատրաստ Չէ Պատերազմի». Թաթուլ Յակոբեանի Զրոյցը Թոմաս Տէ Վաալի Հետ

July 12, 2013
| Հայ Դատ, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Բրիտանացի Թոմաս տէ Վաալը Ուաշինկթընի Քառնեկի հիմնադրամի աւագ փորձագէտ է, արցախեան հակամարտութեան մասին «Սեւ այգի» հատորին հեղինակը: Գիրքը թարգմանուել է ռուսերէն, անգլերէն եւ ազրպէյճաներէն, իսկ մի քանի օր առաջ` որոշ փոփոխութիւններով վերահրատարակուել անգլերէնով: Նրա հետ զրուցեցի Երեւանում:

Հ.- Թոմ, տասը տարի անց դու վերահրատարակել ես «Սեւ այգի» գիրքը: Ուզում եմ հարցնել` ի՞նչ է փոխուել այս վերջին տասը տարիների ընթացքում ղարաբաղեան հակամարտութեան հարցում եւ, ընդհանրապէս, գրքում:

Պ.- Գիրքը հիմնականում նոյն գիրքն է: Կարծում եմ, դու` Թաթուլ, միակ միւս մարդն ես, որ վերջին տասը տարիների ընթացքում որեւէ էական գիրք է գրել Ղարաբաղի մասին, եւ սա ակնյայտօրէն միակ գիրքն է անգլերէնով, որը նկարագրում է հակամարտութիւնը` օգտագործելով թէ՛ հայկական, թէ՛ ազրպէյճանական աղբիւրներ: Խօսելով իմ հրատարակիչների հետ` մենք որոշեցինք, որ աւելացումների ու թարմացումների տեղ կայ: Ես որոշեցի աւելացնել վերջին տասը տարիների իրադարձութիւնները` Մատրիտեան սկզբունքները, Ազրպէյճանի նաւթային պումը, հայ-թուրքական արձանագրութիւնները, մի քանի նոր լուսանկարներ, երկու նոր քարտէզ: Ի՞նչ է փոխուել: Կարելի է ասել` ոչինչ: Ես գիրքը մռայլ կերպով անուանում եմ` «Աւելի սեւ այգի». հակամարտութեան կարգաւորումն աւելի բարդ է դարձել, քան տասը տարի առաջ:

Հ.- Վերջերս Ռուսաստանը մօտ 1 միլիառ տոլարի զէնքի մատակարարումներ իրականացրեց Ազրպէյճանին, ինչը անհանգստութիւն պատճառեց Հայաստանին: Ի՞նչ ես կարծում, սա կարո՞ղ է շրջանում բերել ուժերի հաւասարակշռութեան ակնյայտ փոփոխութեան ` յօգուտ Ազրպէյճանի:

Պ.- Կարծում եմ` Ռուսաստանը շահագրգռուած է Ղարաբաղում ռազմական հաւասարակշռութեան  մէջ: Վստահօրէն  Ռուսաստանը չի ցանկանում նոր պատերազմ տարածաշրջանում, ինչը վերջինիս հսկայական խնդիրների առաջ կը կանգնեցնէր: Նա ստիպուած կը լինէր հաշուի առնել իր ռազմական դաշինքը Հայաստանի հետ, եւ հակամարտութիւնում ոեւէ մէկի կողմը բռնել: Իսկ Ռուսաստանը չի ցանկանում ոեւէ մէկի կողմը բռնել նոր հակամարտութիւնում: Այս գործարքի հետեւում եղածը կարող է տարբեր կերպ մեկնաբանուել: Ոմանք կարող են ասել, որ սա լուրջ ակնարկ է` ուղղուած Հայաստանին, որ ժամանակն է միանալ Մաքսային միութեանը, սակայն սա թերեւս Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան ընդհանուր առեւտրականացման մասն է, որտեղ Մոսկուան աւելի շատ հաշուի է առնում փողը: Ընդհանուր առմամբ` վստահ եմ, որ Վլատիմիր Փութինի վերադարձը Քրեմլին յետընթաց քայլ է ղարաբաղեան խաղաղութեան գործընթացի համար: Տմիթրի Մետվետեւը բաւական շատ ժամանակ ու ջանք ներդրեց հակամարտութեան լուծման փորձերում, իսկ Փութինի յետագիծն այս հակամարտութեան հարցում աւելի շնական է: Հաւանաբար կը յիշէք այն յայտնի ասուլիսը, կարծեմ` 2007-ին, երբ նա սկսեց խօսել Աղտամի գինու մասին, կատակելով` արդեօք հայերն ու ազրպէյճանցիները վերակառուցել ե՞ն Աղտամի գինու գործարանը: Դա բաւական էժանագին կատակ էր, եւ կարծում եմ` սա ի մի է բերում Փութինի անլուրջ վերաբերմունքը այս հակամարտութեան նկատմամբ:

Հ.- Թոմ, քո ասածից կարող եմ ենթադրել, որ, այնուամենայնիւ, ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանալին աւելի շատ գտնւում է հէնց Մոսկուայում:

Պ.- Ես բացարձակապէս այդպէս չեմ կարծում: Մոսկուան, ի հարկէ, այս տարածաշրջանում ազդեցութիւն ունի, թուլացող ազդեցութիւն, եւ ակնյայտօրէն մեծ ազդեցութիւն` Երեւանի վրայ, սակայն Հայաստանի ու Ազրպէյճանի համար այս կենաց ու մահու` Ղարաբաղի հարցում, հէնց հայերն ու ազրպէյճանցիներն են կայացնում որոշումները: Եւ մենք դա տեսնում ենք Մինսքի խմբի կառուցուածքում` Մինսքի խմբի համանախագահները կարծես խմբավարներ են, նրանք են պահում  երաժշտութեան չափը, իսկ Հայաստանի ու Ազրպէյճանի նախագահները որոշում են` ինչ են ուզում, ինչ` ոչ, նրանք են որոշում բանակցութիւնների կշռոյթը: Երբ հայերը կամ ազրպէյճանցիներն ասում են` «օ՜, ամբողջը Միացեալ Նահանգներն ու Ռուսաստանն են», դրա մէջ կայ մի փոքր ճշմարտութիւն, բայց դա նաեւ հիմնականում խնդրի լուծման` սեփական պատասխանատուութիւնից խուսափելու միջոց է:

Հ.- Ինչքա՞ն են հակամարտութեան կողմերը մօտ կամ հեռու պատերազմից, եւ ընդհանրապէս, Հայաստանի եւ Արցախի բնակիչները ինչքանո՞վ պէտք է մտահոգուած լինեն Իլհամ Ալիեւի հետեւողական ռազմական հռետորաբանութիւնից:

Պ.- Սա բաւական բարդ հարց է, քանի որ անհրաժեշտ է հաւասարակշռութիւնը ճիշդ պատկերացնել: Մի կողմից` ոչ մէկի շահերից չի բխում պատերազմը: Ազրպէյճանը լինելով աւելի հաւանական պատերազմ վերսկսող կողմը` որպէս պատերազմում պարտուած կողմ, ինչո՞ւ վտանգի տակ պէտք է դնի միլիառաւոր այն տոլարները, որ աշխատել է: Վտանգի տակ դնել մի ռազմական գործողութիւնում, եւ հնարաւոր է` կորցնես այդ ամբողջը մէկ շաբաթում: Միւս կողմից, առկայ է այս շատ անառողջ միտումը, հակումը: Չեխովն ասում էր. «Եթէ ներկայացման սկզբում պատից զէնք է կախուած, ապա մինչեւ ներկայացման աւարտը այն պէտք է կրակի»: Եթէ նայենք հակամարտութեան աշխարհագրութեանը, առկայ է շփման գիծ քսան հազար զօրքով սահմանի երկու կողմերում` առանց երկու կողմերի հրամանատարների միջեւ շփումների: Առկայ է  մեծաքանակ յարձակողապաշտ հռետորաբանութիւն, խաղաղութեան գործընթացում ոչ մի առաջընթաց: Մի գուցէ ոչ հիմա, սակայն մի քանի տարուայ ընթացքում կարող է ինչ-որ բան սանձազերծուել: Սթաթուս քուոն յաւիտեան չի տեւի, եւ այն կարող է որեւէ տեսակի ռազմական գործողութեամբ աւարտուել: Տարբեր բեմագրութիւններ կան: Իմ պատասխանն է` ես չեմ կարծում, որ դա տեղի կ՛ունենայ հիմա, դա տրամաբանական չէ, սակայն մենք պէտք է լինենք աչալուրջ, քանի որ յիմար բաներ են տեղի ունենում այս աշխարհում, եւ նոյնը կարող է պատահել Ղարաբաղի հետ:

Հ.- Այնուամենայնիւ, Թոմ, մենք չենք կարող բացառել, ինչպէս դու ակնարկեցիր` նոր պատերազմի հաւանականութիւնը: Ուզում եմ հարցնել` ե՞րբ կարող է սկսուել նոր պատերազմը, այսինքն, ե՞րբ կարող է գալ այն պահը, երբ Ազրպէյճանը կը սկսի նոր պատերազմ:

Պ.- Չեմ կարծում, որ Ազրպէյճանը այս պահին պատրաստ է պատերազմի կամ խաղաղութեան: Ռազմական փորձագէտները նշում են, որ Պաքուն մեծ քանակի զինապաշար ունի, սակայն  բանակի մասնագիտական մակարդակը չի համապատասխանում այդ զէնքերի լաւ օգտագործմանը: Ի հարկէ, դա ենթակայ է փոփոխութեան ապագայում: Կարծում եմ, Ազրպէյճանը դեռ գտնւում է, աւելի ճիշդ` աւարտում է հսկայական հարստութեան ձեռքբերման փուլը: Երբ առաջին անգամ այցելեցի Ազրպէյճան, 1995-ին,համախառն ներքին արդիւնքը 3 միլիառ տոլար էր, իսկ այժմ այն կազմում է աւելի քան 70 միլիառ տոլար: Կարծում եմ` նրանք իսկապէս դեռ չեն մտածել յաջորդ փուլի մասին:

Հ.- Այս տարի Կովկասում ընտրութիւնների տարի էր, Հայաստանը ունեցաւ իր նախագահական ընտրութիւնները, հոկտեմբերին նախագահական ընտրութիւններ են սպասւում նաեւ Ազրպէյճանում եւ Վրաստանում: Վրաստանում իրավիճակը բարդ է, մինչդեռ Ազրպէյճանում ամէն ինչ պարզ է կարծես: Սակայն ուզում եմ հարցնել` Ալիեւի իշխանութեանը կա՞յ վտանգ:

Պ.- Այս տարածաշրջանում վերջին մի քանի տարիների քաղաքականութեան առումով, եւ միգուցէ կարելի է ներառել նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան, ոչ միայն Հայաստանը, Վրաստանն ու Ազրպէյճանը, դասը այն է, որ ինչ տեսնում ես մակերեսում, այնքան էլ միգուցէ կայուն չէ, որքան երեւում է: Հանրային կարծիքը բաւական արագ կերպով կարող է փոփոխուել, եւ ամէն ինչ շատ արագ այլ տեսք կը ստանայ: Մենք դա տեսանք Վրաստանում, որտեղ Սահակաշվիլին համոզուած էր, որ յաղթանակ կը տանի ընտրութիւններում: Վրաստանի ընդդիմութիւնը յանկարծ վերագտաւ իր ձայնը, իր առաջնորդին, եւ յանկարծակի կերպով այն բոլոր դժգոհութիւնները, որ տարբեր տեղերում առկայ էին, ի մի եկան եւ ուղղորդուեցին Սահակաշվիլիի դէմ: Ի հարկէ, այնտեղ աւելի ժողովրդավար ընտրութիւններ կայացան, եւ նա պարտուեց: Հայաստանում, ընտրութիւններից մօտ մէկ ամիս առաջ, կարծում եմ, Րաֆֆի Յովհաննէսեանն ունէր 10 տոկոս վարկանիշ` հարցման արդիւնքների համաձայն, եւ յանկարծ ընտրութիւններում նա ստանում է  37 տոկոս, միգուցէ` նոյնիսկ աւելին, այսինքն` մեծ աջակցութիւն: Փութինն ու Էրտողանը նոյն խնդրի առջեւ կանգնեցին: Այսպիսով, կարծում եմ, ի հարկէ, Ազրպէյճանը շատ հարուստ է, դեռ առաջ է գնում այդ նաւթային պումի հաշուին, սակայն մենք տեսանք դժգոհութիւնների առաջին նշանները այնտեղ այս տարուայ ընթացքում տարբեր վայրերում` Իսմայիլիում, Պաքւում: Հաստատ է, որ այս ընտրութիւնները Ազրպէյճանում այնպէս հարթ չեն ընթանայ, ինչպէս ակնկալում էր իշխող վերնախաւը մէկ տարի առաջ:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

 

Նախորդը

Լոյս Տեսաւ «Դարի Կողոպուտը. Հայերի Ունեզրկումը Օսմանեան Կայսրութիւնում 1914-1923» Գիրքը

Յաջորդը

Նոր Օսմանացիներուն Գործակալները Կը Նպատակադրեն Արտագաղթի Մատնել Ու Ոչնչացնել Քրիստոնեաները Առ Հասարակ. «Սուրիան Ճակատագիրն Է Սուրիահայերուն Ու Անոր Ապագան Անոնց Ապագան Է» Կ՛ըսէ Լեւոն Զեքի Ետալեան

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.