Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

98-Ամեայ Անհանգիստ Հսկան` Տոքթոր Փրոֆ. Յակոբ Գրգեաշարեան

Բժիշկ, Գիտնական, Հայ Ազգային Գործիչ, Խաղաղութեան Պատգամախօս

November 13, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Աշխարհում հաւանաբար մատների վրայ կարելի է հաշուել գիտութեան եւ միաժամանակ ազգին նուիրուած անձերի, որոնք իրենց համեստ կեցութիւնից չշեղուելով, գլխիկոր, հետեւողականօրէն, առանց աղմուկի` իրենց հարուստ գիտութիւնն ու փորձառութիւնը` ողջ էութեամբ նուիրել են ազգի եւ մարդկութեան յառաջադիմութեանը, խաղաղութեանը:

Այս դարում, երբ մարդկային կեանքն այլեւս արժէք չունի, պատերազմներն ու ժողովուրդներին պատկանող հարստութիւնների կողոպուտը դարձել է հզօրների ամենակալ իրաւունքը, ամէն ինչ վերածուել է էժանագին փառքի, մարդիկ տառապում են ակնյայտ ցուցամոլութեամբ, ձախողումները իբրեւ յաջողութիւն ու  ինքնահռչակ յաղթանակ ներկայացնում, առանց լուրջ վաստակի` ամէնուրեք ճանաչում ու փառք, պաշտամունք փնտռում, չթաքցնելով, նոյնիսկ հպարտօրէն, ցուցադրում են իրենց բացարձակ տգիտութիւնն ու անտաղանդութիւնը եւ այն պարտադրում են` որպէս հռչակ, որպէս չափանիշ, բնականաբար այս մթնոլորտում արժանիները, իրական տաղանդները, գիտութեան իրական նուիրեալները ստուերում են մնում: Եւ մենք մեր սովորական աղմկոտ, կեղծ վաստակով յագեցուած աշխարհում, կատարուող արիւնահեղութեան դէմ կոյր ձեւանալով, այդ հոսանքին տարուելով, աստիճանաբար կորցնում ենք ոչ միայն գնահատման իրական մեր չափանիշը, կորցնում ենք նաեւ մեր ընկալման անկեղծութիւնը, մեր դիմագիծը:

Բայց քանի դեռ ամբողջովին չենք կորցրել այն, ուզում եմ ձեզ ներկայացնել այս ամէնի դէմ իր համեստ ներդրումով պայքարող, ֆիզիքապէս հայրենիքից հեռու ապրող իրական մի մեծութեան, իր  գիտելիքն ու գործունէութիւնը շարունակաբար հայրենիքին եւ մարդկութեան վերելքին նուիրող 98-ամեայ մի բացառիկ հայի: Բացառիկ` իր մարդկային կերպարով, իր զարմանալի համեստ կենցաղով, իր գիտելիքով, իր ներդրումով: Ի վերջոյ, այս բացառիկների ներդրումով հիմնադրուեցին ու կեանք առան գիտութեան ու մշակոյթի մինչ այժմ գործող եւ արժէք ներկայացնող հաստատութիւններ ոչ միայն հայրենիքում, այլ հայրենիքից դուրս` ողջ սփիւռքում, որոնք դեռ շարունակում են նոր նուաճումներ բերել գիտութեանն ու մեր ազգին:

Նրանց կենսագրութիւնն ինքնին մի հանրագիտարան է` ժամանակաշրջանի դիպուածներով, ժողովրդի ապրած ու կրած  կորուստներով, ուր ձեւաւորել են իրենք եւ մի ողջ սերունդ:

Ցեղասպանութիւնից փրկուածների առաջին սերունդն են նրանք, որոնք հասակ առան իրենց ծնողների անվերադարձ կորուստների վշտին ականատես, որոնք լսեցին նրանց պատգամը` հաւատարիմ մնալ իրենց արմատներին, չկորցնել իրենց ազգային դիմագիծը ու ծառայել իրենց ժողովրդին: Նրանցից իւրաքանչիւրը հաւատարմօրէն իրագործեց այդ պատգամը` օտարութեան մէջ միայնակ հարթելով կեանքի դժուարին ճանապարհը, իր բարձրացման հետ մէկտեղ  բարձրացրեց ու առաւել ճանաչում բերեց իր ազգին:

Յակոբ Գրգեաշարեանն է լուսանկարից մեզ նայող անչափ բարի ու իմաստուն` բժիշկ, գիտնական, մեծ մարդասէր, խաղաղութեան պատգամախօս, ազգի նուիրեալ, այս զարմանալի անհատականութեան անունը, որը իր տիտղոսներով ու շքանշաններով, ցուցամոլ, պահանջկոտ Փարիզի աղմկայարոյց մթնոլորտում ապրեց ու շարունակում է ապրել պարզ, անհաւատալիօրէն համեստ, հաւասարակշիռ, չկորցնելով հայի իր անհատականութիւնը, մինչեւ ողն ու ծուծը հայ մնալով, օտարութեամբ չտարուելով, անուան ու փառքի վերամբարձ շքեղութեանը կուլ չգնալով:

Ինքս այն երջանիկներից եմ, որ ճանաչել ու վայելում է իր երկարատեւ ջերմ բարեկամութիւնն ու փոխադարձ յարգանքը, որը իրաւունք է տալիս ինձ` առանց վիրաւորելու իր համեստութիւնը, արդէն երրորդ անգամ գրել իր մասին, այսօր էլ թարմացնել ձեր յիշողութիւնը` իր կենսագրութեանը կրկին անդրադառնալով, իւրաքանչիւր անգամ իր նոր գործունէութեամբ առաւել ծանօթացնելու իր անձին, իր վաստակին, շարունակուող մտայղացումներին, որի հիմնական ակունքը անշուշտ իր ծնողների աւիւնից է գալիս, որով սնուել է ինքը:

Իր կենսագրութիւնը որքան էլ Ցեղասպանութիւնից փրկուած արեւմտահայի կենսագրութիւն է, տարբեր է իր վերելքով, իր հետագայ ձեռքբերումներով:

Մեր Կիլիկիոյ քաղաքներից Հաճըն ծնած հայրը` Գէորգը, աւարտելով Պոլսոյ բժշկական համալսարանի ատամնաբուժութեան ճիւղը, սկսել է աշխատել իր մասնագիտութեամբ, երբ վրայ է հասել 1915թ: Իր մասնագիտութիւնն էլ փրկել է իրեն տեղահանութիւնից եւ կոտորածից: Նրան զինուորագրել են, ուղարկել այդ ժամանակ դեռ Թուրքիային պատկանող Պաղեստին,  օսմանեան բանակում ծառայելու, ուր աշխատել է որպէս բժիշկ եւ այդ մասնագիտութիւնն էլ փրկել է իրեն համատարած սպանդից:

Մայրը` Մարին, ծնուել է Կիլիկիոյ մէկ այլ քաղաքում` Ատանայում, յայտնի փաստաբան Մէյմարեանների ընտանիքում, աւարտել Ատանայի Ամերիկեան քոլեճը: 1915թ. կոտորածին ընտանեօք տարագրուել են, հասել մինչեւ Դամասկոս եւ ճակատագրի բերումով փրկուել է պարզապէս պատերազմի աւարտով:

Գրում եմ այս տողերը ու մտածում, թէ որքա՛ն խորը չբարձրաձայնուած ապրումներ կան այս տողերի տակ, որքա՛ն հրէշաւոր, արիւնոտ պատկերներ, որքան խորտակուած կեանքեր մեր հարազատների կենսագրութիւնում, որը ապրել են իրենք, իսկ մենք միայն թուարկում ու անցնում ենք: Անշուշտ այս մակերեսային դարում հեշտ պիտի լինէր մեզ համար, աւելի հանգիստ պիտի զգայինք, եթէ այլ ազգերի նման, մենք էլ միայն յիշէինք մեր ծնողների անունը` առանց ետ նայելու, առանց անդրադառնալու բիւր կորուստներին, առանց խորը կարօտի ու արիւնոտ յօշոտուած յիշողութեան, առանց յիշատակելու մեր դէմ կատարուած այդ զարհուրելի Ցեղասպանութիւնը, եւ աշխարհն էլ չդառնար մեր քարտէսային բնակավայրը: Բայց քանի որ պատմութիւնը մեզ այդ հնարաւորութիւնը չտուեց, մենք իրաւունքը չունենք նրանց կրածը մոռացութեան մատնելու:

Եւ այսպէս, հայրենիք, ընտանիք, մի ողջ գերդաստան կորցրած երկու հայերը, մէկը Հաճընից` Գէորգը, Մարիամը` Ատանայից, հանդիպում են իրենց ժողովրդին տեղ տուած օտար մի երկրում, Լիբանանի Պէյրութ քաղաքում ու բնաւորւում են այնտեղ:

Պէյրութն էլ դառնում է Յակոբի ծննդավայրը` 1928թ. ապրիլ 13-ին: Փոքրիկ Յակոբը նախ յաճախում է իրենց տան մօտի Հայ կաթողիկէ Հռիփսիմեանց վարժարանի մանկապարտէզը, ուր հազիւ գրաճանաչ է դառնում, ապա նախակրթարանից սկսած մինչեւ միջնակարգի աւարտը` սովորում է ֆրանսական Ֆրերների դպրոցում: Անշուշտ Միջին Արեւելքի ոեւէ հայի համար բնական է այլ լեզուների հետ հայերէնի իմացութիւնը, սակայն Գրգեաշարեանի հայերէնի հարուստ բառապաշարը ինձ մղեց հարցնելու, թէ ո՞ւր է կատարելագործել իր հայերէնը, երբ ընդամէնը գրաճանաչ է դարձել մանկապարտէզում եւ իր պատասխանը առաւել հիացրեց ինձ:  Իր խօսքով, հայերէնի լիարժէք իմացութեան համար պարտական էր հօրը:

Հեռատես հայրը, որը, ըստ իր պատմածի, փայլուն հայերէն է իմացել, մանկապարտէզում հազիւ գրաճանաչ դարձած Յակոբին ստիպել է աշխատանքից յետոյ իր համար ամէն օր «Ազդակ» օրաթերթը կարդալ: Անշուշտ, սկզբում հեգելով, աստիճանաբար սահուն, տարիներ շարունակ կարդալով, յղկել, հարստացրել է հայերէնի իր իմացութիւնը եւ միաժամանակ կապուել հայ իրականութեանը, նրա պատմութեանն ու անց ու դարձին: Նա ընդունում է, որ հայերէնի իր կատարեալ իմացութիւնը առաջին հերթին պարտական է հօրը եւ ապա` «Ազդակ»-ին:

Դժբախտաբար հայասէր հայրը չի հասցնում վայելել իր զաւակի իրարյաջորդ յաջողութիւնները, վայելել իր տուածի արդիւնքը: 15 տարեկանին Յակոբը կորցնում է հօրը, ընտանիքը կանգնում է ծանր կացութեան առաջ: Հայոց ցեղասպանութիւնից փրկուած հազարաւոր գաղթականներով ու որբերով, թշուառութեամբ լեցուած Պէյրութի տնտեսական ծանր պայմաններում դժուար էր առանց հօր, առանց եկամուտի ուսում շարունակելը:

Ուսումնատենչ երիտասարդներից շատերն էին իրենց ապագան զոհում ընտանիքի հոգսը իրենց վրայ վերցնելով:  Յակոբը սակայն այն երջանիկներից էր, որ քոյրն է օգնութեան հասնում, ընտանիքի  ծանրութիւնը իր վրայ վերցնում, որպէս ուսուցիչ աշխատելով` հոգում է նաեւ եղբօր ուսումի շարունակմանը: Յակոբը իր գերազանց ընդունակութեամբ հատուցում է քրոջ զոհողութիւնը, նա յատուկ զեղչով եւ երկու տարի կանուխ, գերազանց աւարտում է դպրոցը, ընդունւում եւ աւարտում է Պէյրութի Սուրբ Ժոզեֆ բժշկական համալսարանը` ընդհանուր բժշկագիտութեամբ: Համալսարանը իրեն ուղարկում է Փարիզ` մասնագիտանալու օրթոփեթ-վիրաբուժութեան մէջ, որը դառնում է իր հիմնական մասնագիտութիւնը, եւ որը շարունակում է մինչ օրս:

25 տարեկանին իր ուսումը աւարտած, որպէս օրթոփեթ վիրաբուժ, նաեւ` դոկտոր կոչումին արժանացած, վերադառնում է Պէյրութ, շարունակում է աշխատել իր մասնագիտութեամբ: Զարմանալի մի զուգադիպութեամբ, կարծես` հօր կենսագրութեան հետքով, ամուսնանում է իր մօր քաղաքից` Ատանայից գաղթած Նաճարեան ընտանիքի դուստր, մասնագիտութեամբ մանկական հոգեբան Փոլին Նաճարեանի հետ, 1963-ին, միասնաբար հիմք դնելով իրենց անքակտելի, սիրով լի ընտանիքին: Ունենում են երեք զաւակ, երկու աղջիկ` Մարլին եւ Լիզա, որոնք նոյնպէս հետեւում են բժշկութեան, եւ մէկ արու զաւակ` Գէորգ, որը հետեւում է երաժշտութեան:

Պէյրութում մասնագիտութեան բերումով իր աշխատանքի հետ համատեղ սկսում է մասնակցել տարբեր երկրների բժշկագիտութեան համաժողովներին` Լոնտոն, Քոփենհակըն, Փարիզ, Գերմանիա, կիսել նաեւ իր գիտելիքներն ու իր նորարարութիւնները այդ երկրների մասնագէտների հետ, ամէնուրեք արժանանալով գնահատանքի եւ կոչումների:

Նրա գիտական համբաւը արագօրէն դուրս է գալիս Ֆրանսայի սահմաններից: 1964-ին նշանակւում է` Լոնտոնի բրիտանական Օրթոփեթիք ընկերութեան պատուաւոր անդամ, Համպուրկի Եւրոպական գիտութիւնների, Ռուսաստանի բնական գիտութիւնների, Նիւ Եորքի Գիտութիւնների ակադեմիաների պատուաւոր անդամ:

1969-ին Փարիզում արժանանում է փրոֆեսէօրի կոչման, այնուհետեւ Սոֆիայի, Պալքանեան Գիտութիւնների եւ մշակոյթի ակադեմիաների օրթոփեթ վիրաբուժութեան դոկտորի կոչման, ընտրւում է Վնասուածքաբանութեան ֆրանսական վիրաբուժութեան ընկերութեան պատուաւոր անդամ, հրատարակում իր տեսութիւններն ու նորարարութիւնները, միաժամանակ սկսում հասարակական աշխուժ գործունէութիւնը:

Այս տիտղոսներով բաւարարուելու, իր հանգիստ կեանքը շարունակելու  փոխարէն, ազգային մղումով, հայ բժիշկներին նոյնպէս ներգրաւելու համար աշխարհի նորարարութիւններին, նրանց գիտելիքներն էլ ներդնելու աշխարհի ընդհանուր գիտութեան մէջ: 1974-ին Պէյրութում ստեղծում է Հայ բժիշկների միութիւնը, որը հնարաւորութիւն էր ստեղծում աշխարհի տարբեր ծայրերում գործող հայ բժիշկներին իրենց գիտութիւնն ու նորարարութիւնը միմեանց փոխանցելու, օժանդակելու նաեւ հայրենի բժշկութեան զարգացմանը: Այդ նոյն թուին Պէյրութում նորաստեղծ միութիւնը իր իսկ նախագահութեամբ, որի պատուաւոր նախագահն է մինչ այսօր, առաջին գիտաժողովն է գումարում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում գործող հայ բժիշկները, որը մեծ արձագանգ է գտնում: Ցաւօք, այդ թուին մեր երկրի խորհրդային կարգերը իրաւունք չեն տալիս հայ բժիշկներին մասնակցելու դարի այդ մեծ իրադարձութեանը, սակայն հետագայում նրանցից շատերն են ներգրաւուում այս միութեան մէջ:

Գիտաժողովի յաջողութիւնը նպաստում է, որ այն շարունակի իր գործունէութիւնը մինչ օրս` տարբեր երկրներում գումարելով իր գիտաժողովները:

Վրայ է հասնում Լիբանանի պատերազմը, օրական հարիւրաւոր վիրաւորներ սպասում են բժշկական օգնութեան: Տոքթ. Գրգեաշարեանը ինքնակամ` ձրիօրէն, գիշերն ու ցերեկը իրար խառնած, առանց հանգստի` օգնում, բուժում է ոչ միայն հայ, այլ արաբ, պաղեստինցի եւ այլազգի վիրաւորներին:

Պատերազմի թէժանալու հետ իր ընտանիքի ապահովութեան համար 1979-ին տեղափոխւում է Փարիզ, անմիջապէս աշխատում իր մասնագիտութեամբ, միաժամանակ շարունակում է հրատարակել ընդհանուր եւ օրթոփեթ վիրաբուժութեան վերաբերեալ իր տեսութիւնները` երբեք չկտրուելով իր ժողովրդից:

1988-ին Հայաստանի երկրաշարժին անմիջական բժշկական օգնութիւն է կազմակերպում Ֆրանսայից:

Անշուշտ ընտանիքի հայր լինելով, իր անչափ զբաղուած, պատասխանատու մասնագիտութեան հետ մէկտեղ, անկարող էր այդ ամէնն իրականացնել առանց իր հրաշալի կնոջ` Փոլինի զոհողութեան, որը ընտանիքի ողջ հոգսն ու հոգատարութիւնը իր վրայ վերցնելով` ոչ միայն հնարաւորութիւն էր տալիս իր ամուսնոյն միայն իր մասնագիտութեամբ զբաղուելու, այլ նրա մտայղացումներն ու ծրագրերը իրականացնելուն ինքն էլ իր մասնակցութիւնն ու օգնութիւնն էր ներդնում: Ինքս ականատես եմ եղել, թէ ինչպէ՛ս  իր ամուսնոյն կազմակերպած գիտաժողովներին ամբողջ օրը պատրաստակամ, սիրով, ժպիտով սպասարկում էր հրաւիրեալներին, արձանագրում, իրենց զեկոյցների ժամերն ու սրահները ճշդում, ցուցակագրում: Ահա թէ ինչո՛ւ գիտութեամբ ապրող ու շնչող ամուսինը  կարողանում էր իր անհանգիստ, անվերջ պրպտող մտքի նոր ծրագրերն ազատօրէն իրականացնել:

1986թ. իր եղբօր` փրոֆ. քիմիագէտ Սերժ Գրգեաշարեանի հետ միատեղ Փարիզում հիմնում են «Արարատ» Միջազգային գիտութիւնների ակադեմիան: Դժուարահաճ Փարիզի գիտութեան, մշակոյթի եւ քաղաքական գործիչների հաւանութեանն արժանանալ, նրանց կողմից իրաւունք ստանալն ու ընդունուելը ոչ միայն հեշտ չէր, այլ անկարելի էր, յատկապէս` երկու օտարականների համար, սակայն իրենց վաստակը, գիտութեան մէջ իրենց ներդրումն ու ճանաչումը օգնում են ակադեմիայի ընդունմանը: Այն ոչ միայն ընդունւում, այլ աստիճանաբար բարձրագոյն ճանաչման է արժանանում, վկան` իւրաքանչիւր գիտաժողովներին յատկացուած անուանի հաստատութիւնները, ԵՈՒՆԵՍՔՕ, ՄԱԿ, քաղաքական եւ գիտութեան գործիչների ուղերձներն ու մասնակցութիւնը աշխարհի տարբեր ակադեմիաներից ու համալսարաններից, բժշկական եւ գիտութեան կենտրոններից:

Օտար երկրում, ցեղասպանուած ժողովրդի գիտութեան նուիրուած երկու  զաւակների ստեղծած այս ակադեմիան, որն ի հաստատումն իր ազգի գոյատեւման, կրում է հայութեան նուիրական լերան անունը` «Արարատ», 40 տարի շարունակ իր բարձրորակ գիտաժողովներով աշխարհի տարբեր երկրների գիտութեան ներկայացուցիչների հետ արծարծում է մարդկութեանը, ժողովուրդների իրաւունքներին, հայութեանը յուզող, նրա գոյատեւմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, իւրաքանչիւր անգամ հաստատելով կապը իր երկրի, իր ժողովրդի հետ:

Հայրենի գիտութեան զարգացմանն ու տարածմանը ներդրած աշխատանքի համար փրոֆ. Գրգեաշարեանը գնահատանքի է արժանացել նաեւ հայրենիքում: Պարգեւատրուել է Հայաստանի Բժշկական գիտութիւնների ոսկէ մետալով, արժանացել է Մխիթար Հերացու անուան բժշկական համալսարանի պատուաւոր դոկտորի կոչումին, Հրաչեայ Աճառեանի համալսարանի փրոֆեսէօրի կոչումին:

Նրա գործունէութիւնը միայն բժշկութեամբ չի սահմանափակւում, այն միաժամանակ միաւորում է` բժշկութիւնը, գիտութիւնը, հայապահպանումը, ժողովուրդների իրաւունքների պաշտպանութիւնը, աշխարհի խաղաղութիւնը: 1993-ից սկսեալ նա Փարիզի ԵՈՒՆԵՍՔՕ-ի խորհրդական է, իսկ 1999-ին ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից ընդունուել եւ օգտագործւում է իր  «Ցեղային իրաւունքների պաշտպանութիւնն աշխարհում» իրաւագիրը:

Որպէս Խաղաղութեան դեսպան` նա արժանացել է Խաղաղութեան միջազգային մրցանակին Ամերիկայի Նորթ Քարոլայնայի Մշակութային համագումարում: Ինչպէս տեսնում էք, իր գործունէութիւնը բժշկութեան հետ միաժամանակ ընդգրկում է այն ամէնը,  ինչ անհրաժեշտութիւն է մարդկութեան եւ մեր մոլորակի պահպանման համար:

Տոքթ. Գրգեաշարեանը ողջ էութեամբ նուիրեալն է հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը, Հայ դատին եւ իր կազմակերպած գիտաժողովների ծրագրերում պատահական չէ, որ պարտադրաբար տեղ է յատկացնում Ցեղասպանութեանն ու ժողովուրդների իրաւունքների պահպանմանը: Ինքս բազմիցս  գիտութեան բարձրաստիճան ներկայացուցիչների հետ այդ գիտաժողովներում անգամներ ներկայացրել ենք Հայոց ցեղասպանութիւնն ու նրա թողած, շարունակուող ազդեցութիւնը: Այս տարի,  սեպտ. 18-21 կայացած 18-րդ համագումարում նոյնպէս յատուկ բաժին էր յատկացուած դարի կարեւորագոյն այդ նիւթին, ուր ներկայացուեց ֆրանսացի Ժան Կորտելի «Մուսա Լերան հերոսամարտ»-ի ֆրանսերէնով հրատարակութիւնը հեղինակի կողմից, որը պատմում է ֆրանսական ծովային ուժի օգնութեամբ իր կեանքի համար հերոսաբար պայքարած մուսալեռցիների ազատագրումը, որը միաժամանակ արժանացաւ գիտաժողովի եւ այս արժանապատիւ ակադեմիայի 40-ամեակի մրցանակին:

Աշխարհի այս անկայուն խաղաղութեան շրջանում մեծագոյն անհրաժեշտութիւն է անդրադառնալ պատերազմների աւերներին ու դեռ գործուող ցեղասպանութիւններին, որը ամէն կերպ փորձում են լռութեան մատնել աշխարհի հզօրները:  Այս էին հիմնահարցերը սեպտեմբերին «Արարատ» ակադեմիայի հիմնադրման 40-ամեակին նուիրուած 18-րդ գիտաժողովին, որի մասնակիցները տարբեր երկրների գիտութեան ու մարդկութեան նուիրեալները, իրենց ժամանակն ու մտահոգութիւնները, առաջարկներն ու նորամուծութիւնները կիսեցին:

Գիտութեան, կրթութեան հանդէպ այս զարմանալի հայի նուիրումի մարմնաւորումն է նաեւ իր  հիմնադրած Յակոբ Գրգեաշարեանի անուան գիտական գրադարանը, որն ընդգրկում է 25.000 հատոր, տարբեր լեզուներով իր հաւաքածուն, գիտութեան, բազմազգ մշակոյթների, Ցեղասպանութեան  հիմնահարցերի, խաղաղութեանը, միջավայրի պաշտպանութեանը, տարբեր մարդասիրական գիտութիւններին նուիրուած աշխատութիւններ: Այս գրադարանը գիտութեան նուիրեալի կողմից պարզ ժառանգութիւն չէ, այլ գիտելիքի տարածման, ուսումնասիրման կենտրոն է միաժամանակ, որից օգտուելու են տարբեր ազգերի սերունդները:

Ճակատագրի բերումով հայրենի հողից դուրս գործող, սակայն միշտ իր օգնութիւնն ու օժանդակութիւնը հայրենիքին նուիրաբերող մեր այս անզուգական հային, գիտական մրցանակներից բացի, ֆրանսական կառավարութիւնը բարձր գնահատելով իր վաստակը ոչ միայն գիտութեան, այլ նաեւ`  հասարակութեան ներդրման մէջ, նրան շնորհել է Պրետանիի Էթել քաղաքի պատուաւոր քաղաքացու կոչումը, ուր 1945թ. ստորագրուել էր զինադադար Գերմանիոյ եւ դաշնակից երկրների միջեւ:

Նաեւ ֆրանս-բրիտանական ընկերութեան կողմից արժանացել է «Ֆրանսական վերածնունդ» շքանշանի` Մեծ Սպայի (Grand Officer) աստիճանի:

Այս հսկայական նուաճումներով, տիտղոսներով ու շքանշաններով ծանրաբեռ` նա շարունակում է իր համեստ կեանքը, դժբախտաբար արդէն միայնակ, կորցնելով իր սիրասուն աննման կողակցին, հրաշալի հային` Փոլինին: Սակայն չկորցնելով իր յամառ աշխատասիրութիւնը` դեռ շարունակում է իր ներդրումը բժշկութեան մէջ, այժմ էլ աշխատում է Փարիզի CMIE-ում` որպէս աշխատանքային դժբախտ պատահարների բժշկական փորձագէտ, իր երկարամեայ փորձառութեամբ դեռ օգտակար է լինում մարդկանց, իր անսակարկ օգնութիւնը հասցնում է նաեւ հայրենիքին:

Այդ աշխատանքից դուրս, ինչպէս նշեցի, դեռ շարունակում է կազմակերպել եւ ղեկավարել իր ստեղծած ակադեմիայի գիտաժողովները: Դրա փայլուն ապացոյցը այս տարի սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած  «Արարատ» գիտութիւնների ակադեմիայի 18-րդ գիտաժողովն էր` նուիրուած ստեղծման 40-ամեակին եւ ՀՀ անկախութեան 35-ամեակին, որին մասնակցում էին` աշխարհի տարբեր երկրների գիտութեան, բժշկութեան, արհեստագիտութիւնների, արուեստի բազմաթիւ փրոֆեսէօրներ, քաղաքական-հասարակական գործիչներ, տարբեր ակադեմիաների բարձրաստիճան ներկայացուցիչներ. յիշատակելի է Փարիզի Էյֆելի աշտարակի ճարտարապետ Կուստաւ Էյֆելի ժառանգը` Ֆիլիպ Էյֆելը, որը զբաղւում է իր ընտանիքի եւ ընդհանրապէս պատմական ժառանգութեան պահպանմամբ: Հայ բժիշկների միութեան փոխնախագահ, մանկաբուժ տոքթ. Վարդան Թաշճեանը, փրոֆ. Յովհաննէս Ելանկէօզէանը, փրոֆ. Սերժ Գրգեաշարեանը, տոքթ. Լիզա Գրգեաշարեանը, գլխուղեղի վիրահատման նորարար փրոֆ. Մարք Վան Հիւլէն, փրոֆ. Արի Թօփուզխանեանը` Հայաստանից, Պրիւքսելից մինչեւ Ափրիկէ գիտութեան, արուեստի, արհեստական բանականութեան, բժշկութեան, բնագիտութեան, աշխարհի ներկայ անհանգիստ իրավիճակով, մարդկութեան խաղաղ կեցութեամբ մտահոգ բազմաթիւ անուանի ներկայացուցիչներ:

Գիտութեան այս բոլոր ներկայացուցիչներին միատեղ համախմբելը, օրերով նրանց հետ համագործակցել, գիտաժողովի ծրագիրն ու բովանդակութիւնը ներկայացնելը իրապէս ծանր, մանրակրկիտ աշխատանք է, այն էլ` 98-ամեայ անձի համար, սակայն իր ծիների մէջ բոյն դրած, բնութիւնից մեր հսկային պարգեւած անհատնում եռանդը, աշխատասիրութիւնը, կազմակերպչական կարողութիւնը, մարդասէր, նուրբ բնաւորութիւնը իր ստանձնած բոլոր ձեռնարկները դարձնում են յիշարժան, բովանդակալից, մարդկութեան համար օգտակար ու անմոռանալի:

Հպարտանքով, խորին ակնածանքով խոնարհուելով նախ իր անձի, ապա ազգին, գիտութեանն ու մարդկութեանը նուիրաբերող իւրաքանչիւր վայրկեանի առաջ` մաղթենք իր հզօր մտքին, իր անձին երկարակեցութիւն, նորանոր նուաճումներ` ի փառս մեր ազգին եւ յօգտակարութիւն ողջ մարդկութեանը:

Այո՛, արեւմտահայութեան ցեղասպանուածների սերունդները  շարունակում են իրագործել իրենց ծնողների պատգամը` հաւատարիմ մնալ իրենց արմատներին, չկորցնել իրենց ազգային դիմագիծը, ծառայել իրենց ժողովրդին, օգտակար լինել համայն մարդկութեանը:

18 սեպտեմբեր  2026

Նախորդը

Ապու Տապիի Մէջ Եռակողմ Բանակցութիւնները Աւարտեցան. Ուիթքոֆ Եւ Քուշներ Այսօր Մոսկուա Կ՛այցելեն

RelatedPosts

Հայաստանի Ներքին Խնդիրները Բարդացնում Են Արտաքին Իրավիճակը
Անդրադարձ

Հայաստանի Ներքին Խնդիրները Բարդացնում Են Արտաքին Իրավիճակը

November 12, 2026
Քեսապն… Ու Հեղեղները
Անդրադարձ

Քեսապն… Ու Հեղեղները

November 11, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Հայ Կեանք Եւ Մասամբ Նորին…

November 11, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.