ԱՆԺԵԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Ազգերը գոյատեւում են ոչ միայն իրենց տարածքով, բանակով կամ տնտեսութեամբ, այլեւ, առաջին հերթին, իրենց յիշողութեամբ եւ երազանքով:
Երբ ժողովուրդը կորցնում է իր պատմական յիշողութիւնը, նա սկսում է մոռանալ, թէ ո՛վ է ինքը, որտեղի՛ց է գալիս, իսկ երբ նրան զրկում են երազանքից, նա դադարում է պատկերացնել, թէ ո՛ւր պիտի գնայ:
Այսօր հայ ժողովրդի առջեւ ծառացած վտանգը միայն տարածքային կորուստները, անվտանգային սպառնալիքները կամ էլ քաղաքական մարտահրաւէրները չեն: Աւելի խորը եւ երկարաժամկէտ վտանգ է ազգային դիմագծի խեղումը, ազգի ինքնութեան, պատմական յիշողութեան թուլացումը եւ ազգային երազանքի վերացումը: Եթէ ժողովրդի գիտակցութեան մէջ սերմանւում է այն միտքը, որ` նրա հազարամեայ պատմութիւնը երկրորդական է, որ նրա պատմական հայրենիքը պարզապէս անցեալի էջ է, իսկ ազգային նպատակներն ու ձգտումները վտանգաւոր կամ աւելորդ են, ապա հարուած է հասցւում հէնց ազգի գոյութեան հիմքերին: Սա իր հերթին բերելու է ապագայի հանդէպ հաւատի թուլացման` դարձնելով հասարակութեանը հեշտ կառավարելի անդէմ գոյազանգուած:
Պատմական յիշողութիւնը պարզապէս անցեալի մասին գիտելիք չէ: Այն ժողովրդի ինքնաճանաչումն է: Երբ հայը խօսում է Հայաստանի մասին, նա նկատի չունի միայն ներկայիս պետական սահմանները, այլ նաեւ` հազարամեակների ընթացքում ձեւաւորուած քաղաքակրթական տարածքը, մտքով գնում է Հայկական Լեռնաշխարհ, Մեծ Հայք, որտեղ ստեղծուել են հայկական պետականութիւններ, մշակոյթ եւ հոգեւոր արժէքներ: Երբ հայը խօսում է Արարատի մասին, նա չի յիշում սոսկ այն, ինչը հիմա Թուրքիայի տարածքում է, այլեւ` այն, որ հայի հպարտութեան ու փառքի եւ Հայաստանի կարեւորագոյն խորհրդանիշներից մէկն է: Երբ հայն ասում է Արցախ, մտքով գնում է Մեծ Հայքի Արցախ աշխարհ ու վերարժեւորում է իր հայրենիքը, իր երբեմնի ունեցածն եւ իր պատմականին ու իրաւականին տէր լինելու միտքն ու հոգեբանութիւնն արթնանում են նրա մէջ: Նոյնը` Սեւանի մասին, նա չի յիշում միայն ներկայիս լիճը, այլ նաեւ` Գեղամայ ծովը, եւ այսպէս շարունակ, այսինքն` դարերի ընթացքում ձեւաւորուած մշակոյթը, պատմութիւնը եւ աւանդոյթները:
Իսկ հիմա մեր երկրում պետական մակարդակով վարւում է քաղաքականութիւն` փոխելու հայի հայեցի, հայկական մտածելակերպը, ինչը ոչ թէ պարզապէս վտանգաւոր է, այլ` աղէտաբեր, քանի որ նման մօտեցումը փորձ է կտրելու ազգին իր պատմական խորքից եւ սահմանափակել նրա ինքնութիւնը միայն ներկայի նեղ շրջանակներում: Ազգը, որը կորցնում է իր պատմական յիշողութիւնը, աստիճանաբար թուլացնում է նաեւ իր մշակութային, հոգեւոր եւ ազգային դիմադրողականութիւնը: Պատմութիւնը, լեզուն, մշակոյթը եւ ազգային արժէքները պարզապէս անցեալի յիշողութիւններ չեն, այլ այն հիմքերն են, որոնց վրայ կառուցւում է ժողովրդի ներկան ու ապագան: Երբ հասարակութեանը ներկայացւում է, թէ ազգային ինքնագիտակցութիւնը պէտք է զիջի տեղը պատմական արմատներից զերծ աշխարհահայեացքին, վտանգւում է ոչ միայն մշակութային ժառանգութիւնը, այլեւ սերունդների կապը` սեփական ինքնութեան հետ: Ուստի ազգային մտածողութեան պահպանումը չի նշանակում ապրել անցեալով, այլ նշանակում է յենուել սեփական արմատների վրայ` վստահութեամբ կառուցելու համար ապագան: Ազգը, որը հրաժարւում է իր անցեալից, դժուար թէ կարողանայ վստահօրէն կառուցել իր ապագան:
Հայ ժողովրդի համար իր այդ պատմական յիշողութեան կարեւոր բաղադրիչ է հէնց Արցախը: Անկախ քաղաքական իրադարձութիւններից` Արցախը հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան մասն է: Կորուստը կարող է ցաւ պատճառել եւ ստիպել վերանայելու անցեալը, բայց չի կարող վերածուել ուրացման: Ժողովուրդը կարող է կորցնել տարածք, սակայն չի կարող կորցնել յիշողութիւն, եթէ չի հրաժարւում իր ինքնութիւնից: Բայց այսօր` Արցախի կորստից յետոյ, մեզ` հայերիս, պարտադրւում է ոչ միայն համակերպուել փաստի հետ, այլ նաեւ` վերանայել սեփական յիշողութիւնը, ուրանալ` բղաւելով` ինչո՞վ է Արցախը մերը եղել: Մէկ բան է կորուստը, մէկ այլ բան` ուրացումը: Ժողովուրդը կարող է կրել ծանր պարտութիւն, կարող է ժամանակաւորապէս կորցնել իր պատմական տարածքների նկատմամբ վերահսկողութիւնը, սակայն եթէ սկսում է ժխտել սեփական պատմական ներկայութիւնը, սեփական մշակութային հետքը կամ սեփական յիշողութիւնը, ապա վտանգւում է ոչ միայն տարածքը, այլեւ` ինքնութիւնը, յետոյի պահանջատիրական իրաւունքը եւ գոյութիւնը:
Իսկ ներկայիս հակահայ իշխանութիւնը հէնց ուրացում է սերմանում հայի մէջ, ուրացում` իր արմատներից, ինչն անում է սպառնալիքով եւ հասարակութեան մէջ ազգային հարցերի շուրջ վախի մթնոլորտ ձեւաւորելով: Երբ փորձ է արւում փակել Արցախի թեման կամ այն ներկայացնել որպէս արգելուած քննարկման առարկայ, ժողովուրդը ոչ միայն աստիճանաբար հեռացւում է իր պատմական յիշողութիւնից եւ ազգային ինքնութեան կարեւոր բաղադրիչներից մէկից, այլեւ` ազգային երազանք փայփայելուց, որը փոխանցւում է սերնդէ սերունդ` որպէս յիշողութեան, յոյսի եւ ինքնութեան մի մաս` ապագայում հասնելու համար պատմական արդարութեան վերականգնմանը:
Պատմութեան մէջ բազմաթիւ են ժողովուրդները, որոնք պահպանել են իրենց ազգային նպատակները եւ երազանքը` նոյնիսկ ամենադժուար պայմաններում: Եւ այսօր աշխարհում տարբեր պետութիւններ գիտակցաբար ձեւաւորում են իրենց ազգային գաղափարախօսութիւնները եւ երկարաժամկէտ նպատակները` դրանք փոխանցելով հասարակութեանը, որպէս միասնական ուղղութիւն: Ազգային երազանքն այնտեղ դիտւում է ոչ թէ որպէս վերացարկուած գաղափար, այլ` որպէս պետական-քաղաքական ռազմավարութեան հիմք: Այդ գաղափարի իրագործման մէջ իրենց ուրոյն տեղն ունեն կրթութիւնը, գիտութիւնը, մշակոյթը, եւ այս ոլորտներում ներդրուած յստակ ռազմավարութեան միջոցով յաջորդ սերունդներին է փոխանցւում սեփական տեսլականը: Այդպէս է վարւում Չինաստանը, որը մինչ օրս փայփայում է երազանք` ստեղծելու Մեծ Չինաստան` համարկելով Թայուանը: Թուրքիան ունի իր երազանքը` ստեղծելու Մեծ Թուրանը: Ազրպէյճանն ունի իր երազանքը` ստեղծելու Արեւմտեան Ազրպէյճան, որի իրագործմանը դեռ վաղուց տարուող գաղափարական գործընթացներն այսօր արդէն բացայայտ զարգանում եւ դրսեւորւում են` պատմական խօսոյթն ու երազանքը վերածելով քաղաքական նպատակադրումների եւ դրանցից բխող տեսանելի քայլերի:
Ազրպէյճանի պետական եւ ակադեմական շրջանակներում «Արեւմտեան Ազրպէյճան» գաղափարը ներկայացւում է որպէս պետական օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանի Հանրապետութեան տարածքի որոշ հատուածներ ներկայացւում են որպէս «պատմական հայրենիք»: Այդ մօտեցումն ուղեկցւում է գիտաժողովներով, հրապարակումներով եւ կրթական ծրագրերով, մի ողջ սերնդի պատրաստում են այդ մտածելակերպով եւ հոգեբանութեամբ , շեշտում, որ կրթութեան եւ գիտութեան այսօրուայ հիմնական ուղղութիւններից մէկը հէնց Արեւմտեան Ազրպէյճան թեման է: Պետական մակարդակով յայտարարւում է, որ Արեւմտեան Ազրպէյճանի հարցն իրենց ազգային օրակարգի կարեւոր ուղղութիւններից մէկն է, եւ Ազրպէյճանը շարունակելու է իր ազգային շահից բխող այդ քաղաքականութիւնը:
Ի հակադրումն Ազրպէյճանի բացայայտ զաւթողական այդ ազգային քաղաքականութեան` մեր երկրում պետական մակարդակով որդեգրուած է կեղծ ու պատրանքային խաղաղութեան օրակարգ, ոչ մի պարագայում հակամարտութեան չգնալու քաղաքականութիւնը: Ընդհուպ երբ անգամ աւերւում են հայկական պատմամշակութային ժառանգութիւնները Արցախում` հիմնաւորելով, որ Ազրպէյճանի ինքնիշխան տարածքն է, ինչ կ՛ուզի, այն էլ կ՛անի (երբ դրա իրաւունքը պարզապէս չունի), նոյնպէս արդարացւում է մերօրեայ հակահայ իշխանութիւնների կողմից: Եւ ստրուկի այս պատուազուրկ կարգավիճակն ու հոգեբանութիւնն էլ երեւի վերջինների պատկերացմամբ մեր ազգային շահն է, իսկ ցանկացած սեփական ազգային հարցի եւ իրաւունքի արծարծում դիտւում է որպէս սպառնալիք` այդ կեղծ խաղաղութեանը:
Բայց խաղաղութիւնը միակողմանի զիջումների գործընթաց չէ, այլ կողմերի փոխադարձ վստահութեան եւ յարգանքի դրսեւորում` միմեանց պետականութեան, ինքնիշխանութեան, ազգային ինքնութեան եւ պատմական յիշողութեան հարցերում: Ուստի այսօր ստեղծուած իրավիճակը խաղաղութիւն կոչելը ոչ թէ միամտութիւն է, այլ ուղիղ սպառնալիք մեր ազգային գոյութեանը: Եւ այսօր ոչ միայն այս վտանգաւոր խաղաղութիւնն են փորձում փաթաթել մեր վզին, այլեւ արգելում են մեզ` որպէս ազգի, յիշել ու երազել, եւ հէնց մեր այդ ազգային երազանքը դիտում են սպառնալիք` բայց որը մեր գոյութեան հիմքն է:
Այդպէս չեն վարւում, սակայն, ազգերը, որոնք ունեն երազանք: Վերը նշեցինք չիների օրինակը, որոնք մէկ Մեծ Չինաստան ունենալու համար իրենց հասարակութեանն ու սերունդներին դաստիարակում են այդ գաղափարախօսութեամբ: Թուրքիան Մեծ Թուրանը` իր վաղեմի երազանքը իրագործելու համար տարիներ շարունակ իր սերունդներին եւ հասարակութեանը պատրաստում է այդ գաղափարախօսութեամբ, վերահսկում բոլոր դասագրքերի բովանդակութիւնը, յատկապէս պատմութեան վերաբերեալ ունի յստակ մշակած կրթական ռազմավարութիւն:
Նոյն կերպ է վարւում Ազրպէյճանը` իր երազած Արեւմտեան կամ Պատմական Ազրպէյճան երազանքի համար եւ այդ «պատմական» բառն այնքան է շեշտում, որ այն արտառոց է հնչում նորածիլ եւ արհեստածին մի պետութեան համար: Իսկ մենք, որ մեր անունով կոչուող Հայկական Լեռնաշխարհի բնիկներն ենք ու հազարաւոր տարիների պատմութիւն ունենք, ոչ միայն չունենք մեր երազանքը, այլեւ զրկւում ենք այն ունենալու իրաւունքից, որովհետեւ մեր երկրում մէկը պետական մակարդակով մատ է թափ տալիս ասելով` Ղարաբաղի հարցը փակուած է, այդ հարցը բարձրացնողն ինձ հետ գործ կ՛ունենայ: Այսինքն, հա՛յ, մտքիդ ծայրով անգամ չանցկացնես, որ դու կարող ես երազանք ունենալ:
Ու մենք թերեւս ոչ միայն երազանք չունենք, այլեւ հաւաքականօրէն գաղափարախօսութիւն էլ չունենք: Մենք ունենք մեր սերունդներին կրթելու, զիջելու, տալու, փոխանցելու գաղափարախօսութիւն, որի անունն է Խաղաղութիւն: Որովհետեւ այն ամէնը, ինչ որ հայրենասիրական ու ազգային է, կոչւում է ուռա-հայրենասիրութիւն հէնց կրթութեան նախարար Ժաննա Անդրէասեանի կողմից: Ու մեզ մնում է երեւի Հայաստանի դպրոցներում վերջերս մեծ տարածում գտած «Լաւ՛ սովորիր, որ լաւ ապրես» կոչ-ուղենիշը, թերեւս` որպէս մեր գաղափարախօսութեան կարեւոր հիմնասիւն: Այսօր այդ գաղափարախօսութեամբ կրթում են սերունդներին: Նախկինում քարոզւում էր լաւ սովորել` դառնալու համար պիտանի ու լաւ մարդ-քաղաքացի առաջին հերթին երկրի համար, ներդրում ունենալ քո պետութեան ու հայրենիքի զարգացման գործում, յետոյ արդէն աւելի մեծ նպատակներ ու գաղափարներ ունենալ` մարդկութեան, աշխարհի հետ կապուած:
Այսօր դա չէ մեր երկրի կրթական ոլորտի գաղափարախօսութիւնը, որդեգրուել է նոր ռազմավարութիւն` ստամոքսի մակարդակի իջեցուած «Լաւ՛ սովորիր, որ լաւ ապրես»-ը, որում կարեւորւում է միայն ազգային ինքնութիւնն անտեսող անդէմ անհատի ես-ը, նրա լաւ ապրելը եւ ամէն բան ծառայեցւում ու տարւում է այդ ես-ի` որպէս սպառողի ցանկութիւնների գոհացմանը, բնաւ կարեւոր չէ, թէ որտեղ կ՛ապրես, քո ապրած տեղը Հայաստան կը կոչուի, թէ Արեւմտեան Ազրպէյճան, կամ էլ, ինչ կարեւոր է, դու հայ կը կոչուե՞ս, թէ՞ ոչ: Կարեւորը լաւ ապրելն է: Այս պարագայում աւելորդ է խօսել ազգային երազանքից, ազգային նպատակներից, սերունդ աճեցնել այդ մտածողութեամբ եւ հոգեբանութեամբ:
Մենք մեր սերունդներին դաստիարակում ենք զիջելու, յանձնելու, համակերպուելու պարտուողական հոգեբանութեամբ` սերմանելով վախ ու յարմարուողականութիւն, ինչը հասարակութեանը դիմադրողականութիւնից զրկելու եւ կառավարելի դարձնելու միջոց է: Պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ վախի վրայ կառուցուած հասարակութիւնները երկար ժամանակ չեն պահպանում իրենց ինքնութիւնը:
Գարեգին Նժդեհը գրել է. «Այն օրը, երբ հայը կը վախենայ մահից, օտարը կը թագաւորի մեր հայրենիքում»: Այս խօսքերը վերաբերում են ոչ միայն ռազմական իրավիճակին, այլ նաեւ` ազգային կամքին, ինքնավստահութեանը եւ պատասխանատուութեանը: Եթէ մենք չունենք մեր երազանքը, փոխարէնը` մեր երկրում ունենք թշնամու երազանքը իրագործողներ, որոնք կրթութեան ոլորտում կոչւում են առարկայական նոր չափորոշիչներով դասագրքերը ձեւողներ եւ կարկատողներ, իսկ իշխանական ոլորտում դա արդէն մի ողջ քաղաքացիական կուսակցութիւն է, օրնիբուն լծուած նրան, որ հայն ուրանայ իր ինքնութիւնը, մոռանայ իր պատմութիւնը: Թերեւս դա է միակ ճանապարհը խոչընդոտելու, որ հայը երազանք ունենայ, շեղուի միակ ուղուց, որով գնալով` հայը կը մնայ ազգային ուրոյն ինքնութիւն ունեցող ազգային միաւոր, դադարի պահանջատէրը լինելուց այն ամէնի հարցում ինչն իրենն է:
Եւ մենք, որ Հայկական Լեռնաշխարհի կոչուող հազարամեայ տէրերն ենք, մերը սուսուփուս տալիս ենք, երկրի ղեկավարի մակարդակով յայտարարում, որ չգիտենք, թէ ո՛րն է զիջելու կարմիր գիծը` պատճառաբանելով, որ թոյլ ենք, հնար չունենք, խաղաղութիւն ենք ուզում` վերածուելով Չարենցի ասած «անուղի ու անդէմ» ժողովրդի» («Պատմութեան քառուղիներով»):
Բայց մենք ո՛չ թոյլ ենք, ո՛չ անուղի եւ ո՛չ էլ անդէմ: Մենք պարզապէս պիտի գիտակցենք, որ հազարամեայ պատմութիւն ունեցող ժողովուրդ ենք, եւ այդ պատմութիւնը մեզ ոչ միայն յուշեր ու դասեր է տալիս, այլեւ ` իրաւունք եւ ամենակարեւորը, պարտաւորութիւն սերունդների առջեւ: Մենք ժառանգութիւն պիտի թողնենք սերունդներին, մենք պատասխանատու ենք նրանց առջեւ:
Ազգին կարելի է զրկել տարածքից, բայց եթէ նա պահպանում է իր յիշողութիւնն ու երազանքը, նա շարունակում է ապրել: Իսկ եթէ նրան զրկում են յիշողութիւնից եւ երազանքից, ապա անգամ սեփական բնօրրանում առյաւէտ խաթարւում է նրա գոյութիւնը:
Ուստի այսօր, առաւել քան երբեւէ, անհրաժեշտ է պահպանել պատմական յիշողութիւնը, ամրացնել ազգային ինքնութիւնը եւ ձեւաւորել ապագայի այնպիսի երազանք, որը կը ծառայի ոչ միայն ներկային, այլեւ` գալիք սերունդներին: Դա քաղաքական ընտրութիւն չէ, դա գոյութեան հրամայականն է:


