Փետրուարի 5-ին հրապարակուեցին Պաքուի կողմից պատանդառուած Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների, հայ գերիների դէմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռներ»-ը:
Անշուշտ, նման վճիռները բոլորովին անսպասել չէին, սակայն պէտք է արձանագրենք, որ Պաքուի «դատարաններ»-ի որոշումները ոչ միայն իրաւական որեւէ արժէք չունեն, այլեւ հերթական անգամ հաստատում են, որ գործ ունենք քաղաքական հաշուեյարդարի եւ վրէժխնդրութեան համակարգուած քաղաքականութեան հետ:
Բոլորովին պատահական չէ, որ հէնց այս օրերին, արդէն 5 տարի ժողովրդի խաղաղութիւնը խլած Փաշինեանն` արժանանում է խաղաղութեան մրցանակի, թուացեալ խաղաղութեան համար: Ժամանակային այս համընկնումը պարզապէս զուգադիպութիւն չէ, այլ` խորհրդանշական եւ ցաւալի:
Մի կողմում Արցախի ընտրուած ղեկավարներն են, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են իրենց ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքը եւ այսօր կանգնած են շինծու մեղադրանքների առաջ` ազրպէյճանական բանտերում:
Միւս կողմում` Հայաստանի իշխանութեան ղեկավարը, որ պարգեւատրւում է այն քաղաքականութեան համար, որի պատճառով Արցախը դատարկուեց, իսկ նրա ղեկավարները դարձան պատանդներ:
«Զայետ» մրցանակը ներկայացւում է որպէս խաղաղարար ջանքերի գնահատում: Սակայն ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը, երբ այդ «խաղաղութեան» գինը Արցախի կորուստն է, հազարաւոր զոհերը, ժողովրդի տեղահանութիւնը եւ ազգային արժանապատուութեան ոտնահարումը: Առանց արդարութեան իրաւունքների վերականգման` խաղաղութիւնը չի կարող լինել իրական:
Պաքուի շինծու դատավարութիւնները պէտք է դառնան ոչ թէ յուսահատութեան, այլ պայքարի ազդակ: Որքան էլ փորձեն լռեցնել` մինչ մեր հայրենակիցները կանգնած են թշնամու դատարանների առաջ եւ Արցախի ժողովուրդը զրկուած է իր հայրենիքից, եւ խաթարուած է մեր ազգային կեանքը` մենք լռելու իրաւունք չունենք:
Պայքարը հայ պատանդների ազատութեան, Արցախ վերադարձի եւ ազգային արժանապատուութեան համար պէտք է լինի` հաստատակամ եւ անդադար:
6 փետրուար 2026


