Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկական Սփիւռքի Մերօրեայ Մարտահրաւէրը

January 27, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի
կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Երբ 20-րդ դարի առաջին քառորդի վերջում հայ գաղթաշխարհը, շնորհիւ Հայաստանի Ա. Հանրապետութեան պետական այրերի, քաղաքականացւում էր ու վերածւում սփիւռքի, վերջինիս առջեւ ծառացած բազմաթիւ մարտահրաւէրներից մէկն էլ ազգային-պետական իտէալների պահպանումն էր, զարգացումը եւ նոր սերունդներին փոխանցումը: Սա կատարւում էր այն հաւատով, որ վաղ թէ ուշ, հայրենի պետութեան վերականգնումից եւ միջազգային նպաստաւոր իրավիճակի ձեւաւորումից յետոյ հնարաւոր կը լինէր նորովի հետապնդել մեր իրաւունքների վերատիրացման պայքարը: Հայաստանի անկախութեան բացակայութեան պայմաններում հայկական սփիւռքը, ե՛ւ քաղաքական ե՛ւ համայնքային առումներով ինքնակազմակերպուեց, պետականութեան բացակայութեան պայմաններում շուրջ 7 տասնամեակ վառ պահեց պայքարի ոգին, հունաւորեց Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման աշխատանքները, ամէն կերպ սատար կանգնեց ղարաբաղեան շարժմանն ու նպաստեց Հայաստանի ընկերային-տնտեսական զարգացմանը: Արդէն անկախութեան շրջանում սփիւռքը, գոնէ` դրա քաղաքականապէս գործունեայ մասը, նեցուկ ու զօրակից էր նորանկախ հայրենիքին:

2020 թ. արցախեան պատերազմը, ապա 2023 թ. ցեղային զտման ցեղասպան քաղաքականութիւնը խիստ բացասական ազդեցութիւն ունեցաւ նաեւ հայկական սփիւռքի վրայ` վերջինիս մօտ խորացնելով յուսահատութիւնը, ընկճուածութիւնը եւ հայրենազրկման ցաւը: Այդ ամէնին գումարուեց նաեւ Հայաստանի Հանրապետութեան` որպէս պետութեան թուլացումն ու ազգային իտէալների դէմ պայքարի ելած ապաշնորհ իշխանութիւնները:

Անկեղծութեան համար, սակայն, պէտք է նշել, որ հայկական սփիւռքի գոնէ քաղաքական հատուածը շատ աւելի արագ ու արդիւնաւէտ յաղթահարեց ցնցումը, քան Հայաստանի Հանրապետութեան քաղաքական դաշտը, յատկապէս` իշխանական:

Այսօր արդէն հայկական սփիւռքի հիմնական քաղաքական կազմակերպութիւնների քաղաքական առաջնահերթութիւնների ու գործունէութեան հիմնական ուղղութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ հայկական սփիւռքը սթափ քաղաքական գնահատումների ու գործնապաշտ մօտեցումների կարողականութիւն ունի, ինչի որոշ արդիւնքների ու սփիւռքին պարտադրուած նոր մարտահրաւէրներին կ՛անդրադառնանք ստորեւ:

Քանիցս առիթ ունեցել ենք Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը բնորոշել որպէս հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեան հիմնական դերակատար, ուստի հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեանը կ՛անդրադառնանք Հայ դատի համակարգի դիտանկիւնից:

Ի հարկէ կարող ենք երկար խօսել Հայաստանի Հանրապետութեան, դրա շուրջ ստեղծուած ռազմաքաղաքական իրավիճակի, իշխանութիւնների ապաշնորհութեան եւ առհասարակ պետութեան միջազգային ազդեցութեան վերաբերեալ, սակայն սոյն յօդուածում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետութիւնն ընդունել այնպէս, ինչպէս որ այն այժմ կայ եւ փոխարէնը` կեդրոնանալ հայկական սփիւռքի նոր մարտահրաւէրի վրայ,  այն է, Հայաստանի Հանրապետութեան առարկայական ու ենթակայական կաշկանդուածութեան պայմաններում իրապէս իրականացնել ազգային նպատակների միջազգային հետապնդումը, մինչեւ` Հայաստանում եւ արտաքին ասպարէզում համեմատաբար բարենպաստ իրավիճակի ձեւաւորումը:

Ընդհանրապէս քաղաքական գիտութեան մէջ ընդունուած է կարծել, որ սփիւռքները գրեթէ միշտ հանդէս են գալիս ազգային շահի ընկալման, մեկնաբանման ու հետապնդման ինքնուրոյնութեամբ: Այդ ինքնուրոյնութիւնը դրսեւորւում է ինչպէս ընդունող, այնպէս էլ հայրենի պետութիւններից: Նաեւ դա է պատճառը, որ արդի միջազգային յարաբերութիւններում սփիւռքները հանդէս են գալիս որպէս անդրազգային անկախ քաղաքական դերակատարներ, որոնց սահմանած քաղաքական հայեցակարգերը յաճախ կարող են ուղենշային մակարդակի բարձրանալ` էապէս տարբերուելով ազգային շահի` հայրենի պետութեան մեկնաբանումից: Վերջին շրջանում քիչ չեն իրադարձութիւնները, որոնք լինելով հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեան արդիւնք` յանգեցրել են միջազգային յարաբերութիւններում հայկական խնդիրները շօշափող այնպիսի հարցերի քննարկման, որոնք դուրս են Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան շրջանակից, բայց անվիճելիօրէն բխում են հայութեան ազգային-պետական շահերից:

Վերջին երկու ամիսների ընթացքում, օրինակ, ասուածի իրականութիւնը վկայող բազմաթիւ փաստեր կան: Նախ` Քանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի առթիւ հանդէս եկաւ յատուկ յայտարարութեամբ, ինչին նախորդել էր Հայ դատի Քանատայի յանձնախումբի պաշտօնական հաղորդակցութիւնը նախարար Ժոլիի հետ: Ի թիւս այլ հարցերի`  նախարարը նկատել էր, որ Քանատան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին` այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում: Ըստ Ժոլիի, դա պէտք է ենթադրի` հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը:

Աւելի ուշ, ՀՀ անկախութեան օրուայ առթիւ, ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել էր ուղերձ` ուղղուած ամերիկահայութեանը: Դրանում Հարիսը աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի` իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»: Դեմոկրատական թեկնածուն նաեւ նկատել է. «Մենք երբեք պէտք չէ մոռանանք Հայոց ցեղասպանութիւնը», ինչպէս նաեւ յանձնառու է` «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգող կայուն խաղաղութեանը հասնելուն»:

Արդէն օրեր անց, նախագահի հանրապետական թեկնածու եւ արդէն իսկ ընտրուած նախագահ Տոնալտ Թրամփն էր նախ ընկերային ցանցերում գրառում կատարել` օգտագործելով «Արցախ» բառն ու կատարուածը որակելով որպէս ցեղային զտում, ապա եւ հեռախօսազրոյց ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի հետ: Համաձայն Անթիլիասի մայրավանքի յայտարարութեան, նախագահ Թրամփի ու Արամ Ա.-ի հեռախօսազրոյցի ընթացքում վերջինիս կողմից բարձրացուել է ԱՄՆ առաջիկայ կառավարութեան կողմից արցախահայութեան վերադարձի ու ինքնորոշման իրաւունքներին զօրակցութեան կարեւորութիւնը, ինչպէս նաեւ ընդգծուել է արցախահայութեան դէմ իրագործուած ցեղասպանական գործողութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը: Կաթողիկոսի կողմից նաեւ անհրաժեշտ է նկատուել նոր կառավարութեան մէջ ունենալ ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ:

Ուշագրաւ է, որ Արամ Ա.-ն առաջարկել է բարձրացուած հարցերի վերաբերեալ խորհրդակցել ինչպէս ԱՄՆ երկու ափերի ազգային առաջնորդարանների, այնպէս էլ Հայ դատի Ուաշինկթընի գրասենեակի պատասխանատուների հետ:

Տեղափոխուելով Եւրոպա. միայն հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում համաեւրոպական մակարդակում արձանագրուել են արցախահայութեան իրաւունքների իրացման պահանջով մի քանի կարեւոր իրադարձութիւններ` քաղաքական եւ քարոզչական բնոյթի:

Նախ` հոկտեմբերի 22-ին Եւրոպական խորհրդարանի Սթրազպուրկի լիագումար նիստի ընթացքում խորհրդարանի աւելի քան 30 պատգամաւորներ իրենց ելոյթներում անդրադարձել են Արցախում ազրպէյճանական ցեղասպան քաղաքականութեանը: Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից, ի թիւս այլնի, կարեւորուել են` հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, արցախցիների` արժանապատիւ ու ապահով վերադարձի իրաւունքի իրացումը: ՔՈՓ 29-ին ընդառաջ` խստօրէն քննադատուել է Ալիեւի վարչակարգի յանցագործ քաղաքականութիւնը: Մի շարք պատգամաւորներ հանդէս են եկել Ազրպէյճանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, ԵՄ ուժանիւթային համագործակցութիւնը դադարեցնելու պահանջներով: Կարեւոր էր նաեւ Պաքուի կողմից միջազգային կառոյցներում փտածութեան սխեմաներ ստեղծելու եւ օտարերկրեայ պաշտօնեաներին կաշառելու կամ շանթաժի ենթարկելու դրսեւորումների մասին պատգամաւորների զգուշացումներն ու յայտարարութիւնները:

Արդէն հոկտեմբերի 24-ին խորհրդարանն ընդունեց «Ազրպէյճանում տիրող իրավիճակի, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտման ու Հայաստանի հետ յարաբերութիւնների մասին» բանաձեւը, որի նախաբանում Եւրոպական խորհրդարանը գտնում է, որ Ազրպէյճանի կողմից մարդու իրաւունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում ՔՈՓ-29-ի անցկացման հետ: Նաեւ արձանագրւում է Ազրպէյճանում մարդու իրաւունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրաւունքի կոպիտ խախտումները, այդ թւում` Հայաստանի հանդէպ յարձակողապաշտ պահուածքը, քաղաքացիական հասարակութեան եւ լրատուամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եւրոպական պաշտօնեաներին կաշառելու` «խաւիարային դիւանագիտութեան» արատաւոր մեքանիզմները, 2023 թ. Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրաւունքի խախտմամբ իրականացուած յարձակումը, ցեղային զտումները, 23 հայերի, այդ թւում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի բռնագրաւումը: Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ ԵՄ-ն պէտք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիքական անձի եւ կազմակերպութեան նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը.

Բանաձեւի բնագրում խորհրդարանը, ՔՈՓ 29-ին ընդառաջ, խստօրէն դատապարտում է Ալիեւի վարչակարգին, գործադիր իշխանութեանը կոչ է անում կասեցնել Ազրպէյճանի հետ ուժանիւթային յուշագիրը, յորդորում է դուրս բերել զինուած ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ յարձակումը, ողջունում է որոշ անդամ պետութիւնների կողմից Հայաստանին տրամադրուող պաշտպանական ռազմական օժանդակութիւնը: Խորհրդարանը պահանջում է արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացում, արցախահայութեան հետ անկեղծ ու թափանցիկ երկխօսութեան մեկնարկ` վերջիններիս իրաւունքների պաշտպանութեան համար երաշխիքների տրամադրման շուրջ:

Խորհրդարանը նաեւ կարեւորում է Արցախի դէմ կատարուած պատերազմական յանցագործութիւնների անկախ յետաքննութեան, ինչպէս նաեւ` Արցախի գրաւումից յետոյ ձերբակալուած անձանց ազատ արձակման անհրաժեշտութիւնը: Յատուկ անդրադարձ կայ Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեանը, ինչի պարունակում պահանջւում է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համապատասխան առաքելութեան մուտքը տարածաշրջան:

Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների շրջանում, Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ծաւալուն աշխատանքների արդիւնքում, որոնք ՔՈՓ 29-ին ընդառաջ միտուած էին բարձրացնելու նրանց իրազեկուածութիւնը Ազրպէյճանում մարդու իրաւունքների եւ բնապահպանական խնդիրների վերաբերեալ, խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը ներկայացնող թուով 52 պատգամաւորներ հոկտեմբերի վերջին ու նոյեմբերի սկզբին ստորագրել են յայտարարութիւն, որով Ազրպէյճանին կոչ են անում` անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխաւորել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, ազրպէյճանական զինուժը դուրս բերել ՀՀ բռնագրաւուած տարածքներից:

Աւելի ուշ` նոյեմբերի 5-ին Եւրոպական խորհրդարանի կիպրացի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի համատեղ աշխատանքի արդիւնքում Եւրոպական խորհրդարանում, անցկացուել է «ՔՈՓ 29-ը Պաքւում. քողարկելով ցեղային զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին` Եւրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամաւորներ, պելճիքացի քաղաքական գործիչներ, դիւանագէտներ, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ, լրագրողներ եւ պելճիքահայ համայնքի ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի նպատակն էր կեդրոնանալ Ազրպէյճանում ՔՈՓ 29-ի անցկացմանն առնչուող տարբեր խնդիրների վրայ` Արցախի ցեղային զտումների ետնապատկերում: Խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է կատարուել Արցախի հայութեան բռնի տեղահանումը պարտակելուն միտուած` Ազրպէյճանի կառավարութեան շարունակական արշաւին, ինչպէս նաեւ` մարդու իրաւունքների խախտումների եւ շրջակայ միջավայրի հանդէպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքին: Ընդհանուր առմամբ, քննարկումները ծաւալուել են քաղաքական, բնապահպանական եւ մարդու իրաւունքների ոլորտներում Ազրպէյճանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Այսպիսով, ակնյայտ է, որ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների կատարած նպատակադրուած աշխատանքի արդիւնքում, որոնք վերջին ամիսների ընթացքում շեշտադրւում էին նաեւ Պաքւում ՔՈՓ 29-ի անցկացման ընդհանուր պարունակում, հայութեան համար առանձնակի կարեւորութիւն ունեցող խնդիրները, յատկապէս` վերադարձի իրաւունքը, արցախահայութեան հաւաքական այլ իրաւունքների խնդիրները, ռազմագերիների եւ գերիների ազատ արձակումը, Արցախի պատմամշակութային ժառանգութեան պահպանումը, Ազրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, միջազգային յարաբերութիւններում Ազրպէյճանի նկատմամբ առարկայական իրազեկուածութեան բարձրացումը եւ այլն բարձրացան քննարկումների ամենաբարձր մակարդակներ: Փաստ է, որ վերոգրեալը Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները չեն եւ նոյնիսկ արտաքին յարաբերութիւնների օրակարգում էլ չեն: Փաստ է նաեւ, որ հայկական սփիւռքը միայնակ կարողացել է այս հարցերը դարձնել միջազգային քննարկման առարկայ` դրանով լուծելով ներկայ ժամանակաշրջանի համար ռազմավարական կարեւորութեան մէկ խնդիր` ղարաբաղեան հակամարտութիւնը պահել միջազգային օրակարգում: Ըստ մեզ, հէնց սա է հայկական սփիւռքի նորօրեայ մարտահրաւէրը` ամէն գնով չլուծուած հակամարտութիւնը պահել միջազգային ասպարէզում, մինչեւ որ հայրենիքում եւ արտերկրում քաղաքական զարգացումները թոյլ կը տան աւելի նպաստաւոր դիրքերից հետապնդել այս խնդիրը:

 

 

 

 

Նախորդը

Սկսած Են «Զարմանազան 2025»-ի Դիմումները Ընդունուիլ

Յաջորդը

Պատմութիւն Եւ Պատերազմ, Ուրուական Եւ Ունայնութիւն

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.