Վրաստանի խորհրդարանի եւ պետական ու ոչ պետական համալսարանների գրադարանները համալրուել են Ազրպէյճանի կողմից հայերի դէմ իրականացուած ցեղասպանութիւնների մասին պատմող գրքերով: Նախաձեռնութեան հեղինակն է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպութիւնը: Կազմակերութեան ղեկավար Արթուր Միրզոյանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում պատմեց, որ 21 համալսարանի, ներառեալ` Քութայիսիի համալսարանին, յանձնուել է յատկապէս վերջին գրքոյկը, որի մէջ ներառել են վերջին հարիւրամեակում Ազրպէյճանի կողմից հայերի նկատմամբ իրագործուած բոլոր ցեղասպանական դրուագները. գրքոյկի անուանումն է` «Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութիւնը հայերի նկատմամբ` 1918-2023 թուականներին»: Գիրքը տպագրուել է վրացերէնով, այն տպագրուել է Վրաստանի հայ եւ վրացի քաղաքացիներին ֆինանսական աջակցութեան շնորհիւ: Գրքի առաջին եօթը օրինակները նուիրել են Վրաստանի խորհրդարանի գրադարանին:
«Երկար աշխատանք ենք տարել, որ անգլերէնով էլ թարգմանենք գիրքը, մի քանի օր առաջ ենք վերցրել հրատարակչութիւնից, անգլերէն տարբերակն էլ ենք պատրաստւում բաժանել համալսարաններին: Վրաց լեզուով էլ պատրաստել ենք, որպէսզի վրաց հասարակութեան համար այս գիրքը լինի հնարաւորինս հասանելի», ասաց Միրզոյեանը:
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավար Արթուր Միրզոյեանը նշեց, որ գրքոյկում տեղ գտած բոլոր աղբիւրները յատուկ քոտերով են նշուած, որպէսզի ցանկութեան դէպքում կարողանան միանգամից աղբիւր-կայքերը բացել ու տեղում աւելի մանրամասն ծանօթանալ փաստական նիւթերին:
«Բազմաթիւ աղբիւրներ արդէն չեն գործում, որովհետեւ Արցախի պետական աղբիւրներն էին, կամ նախագահի կայքից էր եւ այլն, որոնք հիմա չեն գործում, բայց այն կայքերը, որոնք գործում են, նշուած են աղբիւրների ցանկում, թէ ո՛ր թուականին է այդ աղբիւրը գործել, որովհետեւ երբ գրքի վրայ աշխատում էինք, արդէն սկսել էին արցախեան պետական կայքերը փակուել ու դրա համար ամէն տեղ սկսեցինք նշել, որ այդ օրուայ դրութեամբ այդ կայքերը գործում էին», ասաց Միրզոյեանը:
Նա յաւելեց, որ գրքերի հետ բաժանուել են նաեւ դեռեւս 2011-ին հրատարակուած եւ 1914-1918 թուականներին հայերի դէմ իրագործուած ցեղասպանութիւնների մասին վրացական պարբերականներում անդրադարձների մասին գիրքը:



