ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՒԱՆԵԱՆ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Սոչիի անձրեւային եղանակը շատ խորհրդանշական ստացուեց: Փաշինեան-Փութին-Ալիեւ եռակողմ բանակցութիւններում Ալիեւը սեփական անձրեւանոցով էր պաշտպանուել թրջուելուց, իսկ Փաշինեանը` Փութինի անձրեւանոցով:
Ինքնիշխանութիւնից խօսող Փաշինեանն անձրեւանոց է փնտռում, որ տակը մտնի: Պրիւքսելում մտնում է Միշելի անձրեւանոցի տակ, Փարիզում` Մաքրոնի, Ուաշինկթընում` Պայտընի, Սոչիում` Փութինի, հոգու խորքում` Էրտողանի:
Սոչիի բանակցութիւնները Փութինի համար շատ ծանր էին: Ծանր էին, քանզի դժուար է պաշտպանել Ռուսաստանի շահը (նաեւ Հայաստանի շահը` մնացորդային սկզբունքով) եւ միաժամանակ պահել իրաւավարի կարգավիճակն այն դէպքում, երբ Հայաստանն «էն գլխից» լուացել է ձեռքերն Արցախից ու համաձայնել ազրպէյճանական առաջարկներին:
Դժուար է իրաւավարութիւն անել ու դիւանագիտական հաւասարակշռութիւն պահպանել մի դէպքում, երբ կողմերից մէկը կռիւ չի տալիս ու շատ յաճախ հանդէս է գալիս հակառակ կողմին ձեռնտու դիրքորոշմամբ: Ստացւում է` երկուսը մէկի դէմ:
Սոչիում Հայաստանը ոչ թէ թղթէ շերեփով էր, այլ` առանց շերեփի: Փաշինեանը նախապէս էր յայտարարել, որ ինքն օգտուելու է ռուսական շերեփից. ինչ թափուի դրանից ու տակն ինչ մնայ, ինքը գոհ կը լինի:
Ի՞նչ արձանագրուեց Սոչիում ու ի՞նչ է սպասւում:
- Նիկոլ Փաշինեանը Փութինի հետ արարողակարգային հանդիպման ընթացքում կարդում էր նախապէս գրուած գրութիւնը, որպէսզի իր ծրագրաւորածից աւել-պակաս բաներ չասէր, համ էլ` հայկական լսարանի առաջ հետագայում հակառուսական ձեռնածութիւնների ու սեփական «շրջադարձների» հնարաւորութիւն ստանար:
- Հայաստանը Սոչիում գործնականում ներկայացուցիչ չունէր, քանզի Փաշինեանը տարբեր հարթակներում Արցախի հարցում «Այո» է ասել Ալիեւի բոլոր պահանջներին` այդպիսով զրկելով Հայաստանին բանակցային գործօն լինելուց ու լրջագոյն խնդիրներ առաջացնելով Ռուսաստանի համար:
Բացի այդ` Փաշինեանը նախապէս յայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել այն, ինչն առաջարկել է Ռուսաստանը, եւ մնում է, որ Ռուսաստանը կարողանայ դա անցկացնել: Այսինքն լուաց ձեռքերը ու քաշուեց մի կողմ:
- Եռակողմ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի նիւթը ընդամէնն արձանագրւում է անուղղակիօրէն` 2020-ի նոյեմբերի 9-ի յայտարարութեանը յղում անելով:
Արցախում խաղաղապահների ժամկէտի երկարաձգման հարց չկայ: Գերիների վերադարձման հարցն անուղղակի է շօշափուած («մարդասիրութեան» նիւթով), եւ Ազրպէյճանը զերօ պարտաւորութիւն է վերցրել իր վրայ: ՀՀ տարածքից ազրպէյճանական զօրքերի դուրս բերման հարց չկայ: Այսինքն Սոչիում ոչ մի էական հարց Երեւանը չի լուծել: Լուծել է Պաքուն` անցանկալի ձեւակերպումներից ու պարտաւորութիւններից խուսափելով: Լուծել է Ռուսաստանը` արձանագրելով իր դերակատարումը եւ «փչացնելով» ուաշինկթընեանը:
- Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ Ազրպէյճանին ամէն ինչ պարտադրի իր ուզածով (Փութինը յայտարարեց, որ համատեղ յայտարարութեան նախնական տարբերակից որոշ բաներ հանուել են. դժուար չէ կռահել, թէ յատկապէս ինչին է դէմ եղել Ալիեւը), բայց այնքան թոյլ չէ, որ իր իշխող դերակատարումը հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում չընդունեն Հայաստանն ու Ազրպէյճանը:
Փութինի թուլութիւնն Ալիեւի հետ բանակցութիւններում պայմանաւորուած է Փաշինեանով: Վերջինս համաձայնել է Ալիեւի առաջարկած սկզբունքներին, համաձայնել է, որ Արցախը պէտք է լինի Ազրպէյճանի կազմում ու բաւական հեռու է գնացել ուաշինկթընեան տարբերակի ուղղութեամբ:
Ինչպէս յայտնի է, Ալիեւն Ասթանայում յայտարարեց, որ Փրակայում Փաշինեանի, Մաքրոնի, Միշելի ներկայութեամբ ինքն արձանագրել է, որ Ղարաբաղի նիւթը այլեւս փակուած է, այն Ազրպէյճանինն է, եւ ղարաբաղցիների հետ Պաքուն կը յարաբերուի իր ներքին օրէնսդրութեան շրջանակներում: Ալիեւը յատուկ շեշտեց, որ Փրակայում ոեւէ մէկի մօտ իր ասածները տարընթերցման տեղիք չեն տուել: Սա նշանակում է, որ Փութինի ցանկացած պահանջ եւ առաջարկ, որոնք կարող էին նաեւ հայկական կողմին ձեռնտու լինել, Սոչիի բանակցութիւններում հանդիպել է Ալիեւի հակադարձմանը` «Նիկոլը համաձայնել է Ղարաբաղը ճանաչել որպէս Ազրպէյճանի մաս, ինչո՞ւ պէտք է ես համաձայնեմ, որ Ղարաբաղի խնդիր դեռ կայ, կամ ինչո՞ւ պէտք է համաձայնեմ ռուս խաղաղապահների ժամկէտի երկարացմանը, երբ այդ տարածքը Նիկոլը ճանաչում է ազրպէյճանական» նիւթերով:
Ալիեւի յաղթաթուղթը Սոչիում եղել է Նիկոլ Փաշինեանը, որ ասում է, որ եթէ Մոսկուան Պաքուին համոզի, ապա ինքը ամէն ինչի տակ կը ստորագրի: Իսկ դա նշանակում է, որ բանակցութիւններում Երեւանը կրաւորական է եղել, ինչն էականօրէն թուլացրել է Փութինի բանակցային դիրքերը:
- Գոնէ այս պահին Փութինին յաջողուել է, ՌԴ շահերից ելնելով, կանգնեցնել հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների կարգաւորման ուաշինկթընեան ծրագիրը: Թէ ի՛նչ կը լինի առաջիկայում, մեզանից է կախուած:
Արցախն իր միասնական «Ոչ»-ն ասաց Ազրպէյճանի կազմում յայտնուելու եւ Հայաստանի պետականութեան կորստի հեռանկարին: Խօսքը հիմա Հայաստանինն է: Նոյեմբերի 5-ին նշանակուած հանրահաւաքի գլխաւոր պատգամը հէնց դա է լինելու` միասնութիւն դրսեւորել Արցախի ժողովրդի հետ եւ «Ոչ» ասել Հայաստանի ոչնչացման ծրագրին:
Սոչիում Հայաստանը ստացաւ որոշակի ժամանակահատուած` ներքաղաքական փոփոխութիւնների հասնելու համար: Եթէ այդ ժամանակահատուածում փոփոխութիւններ չլինեն, ապա կրկին կը լինեն սահմանային միջադէպեր, ու կրկին առաջ կը գայ ուաշինկթընեան ծրագիրը: Ամէն ինչ դեռեւս հայ ժողովրդի ձեռքերում է:


