«Հայաստան» դաշինքն իր ցաւակցութիւնն է յայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթիւնի զոհերի ընտանիքներին, հարազատներին:
Վշտակցում ենք, սգում եւ կիսում այս աղէտի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցաւը: Ապաքինում ենք մաղթում վիրաւորում ստացած անձանց:
Պատկան մարմինները պարտաւոր են բոլոր ջանքերը գործադրել` բազմակողմանի եւ առարկայական քննութեան միջոցով բացայայտելու այս աղէտի բոլոր պատճառներն ու մեղաւոր անձանց եւ միջոցներ ձեռնարկել` կանխելու հետագայ համանման աղէտները:
Հանրութեան կողմից ողջամտօրէն բարձրաձայնուել է այն հարցադրումը, թէ ինչո՞վ էր պայմանաւորուած ուժային, յատկապէս ոստիկանական ուժերի` ամբողջ ծաւալով օգտագործման բացակայութիւնը փրկարարական աշխատանքների մէջ:
Հանրութեանը չդադարող ահաբեկման մէջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղէտների յանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կը սթափեցնէր իշխանութեանը, որի ապաշնորհ կառավարման հետեւանքով հանրային միջոցները առաջնահերթ ծախսւում են ոչ թէ երկրի ու ժողովրդի իրական անվտանգութիւնը երաշխաւորելուն, այլ` բացառապէս իշխանութիւնը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկեցնելուն:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
17 օգոստոս 2022


